Գլխավոր տեղեկություն
Номер
N 269-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.17/21(230) Հոդ.266
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.06.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.06.2006
Дата вступления в силу
27.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006232

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հունիսի 2006 թ.

N 269-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, 181-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետը, 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1 Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը հաստատելու մասին»:

1.2 Ուղեցույցի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույց»:

1.3 Ուղեցույցի 1-ն կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 181-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի բանկի կանոնադրական հիմնադրամում այլ մասնակցություն ձեռք բերելու համար դիմած անձի դիմումը մերժվում է, եթե սույն ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ գործարքի հետևանքով կարող են առաջ գալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, հեղինակության կամ գործարար համբավի վարկաբեկման միտումներ:»:

1.4 Ուղեցույցի 2-րդ կետի «բանկում ղեկավար պաշտոն զբաղեցնել չեն կարող» բառերը փոխարինել «բանկի ղեկավար չեն կարող լինել» բառերով:

1.5 Ուղեցույցի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն ուղեցույցի իմաստով՝ ղեկավար են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասով սահմանված անձինք:»:

1.6 Ուղեցույցի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին և 2-րդ կետերի կիրառման նպատակով սահմանվում է, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ բանկի ղեկավար գրանցվելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Կենտրոնական բանկի խորհրդի նիստում և կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ որպես բանկի ղեկավար գրանցելու դիմումները մերժելու համար:»:

1.7 Ուղեցույցի 4-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցի» հիման վրա անձին ղեկավար համարելու դեպքում, եթե առկա է սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից առնվազն մեկը, և Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այդ անձը չի կարող հանդիսանալ ղեկավար, ապա բանկը Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը բանկին հանձնելու օրվանից 10-օրյա ժամկետում պետք է վերոնշյալ անձին ազատի զբաղեցրած պաշտոնից կամ սահմանափակի այդ անձի իրավասությունների շրջանակները այնպես, որ նա Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով այլևս չհամարվի բանկի ղեկավար:»:

1.8 Ուղեցույցի 5-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

ա) 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են այն անձանց կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու վերաբերյալ հարցերը, որոնք.»,

բ) 5-րդ կետի 5.3 ենթակետը «որոնց պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում» բառերից հետո լրացնել «իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով» բառերը,

գ) 5-րդ կետը լրացնել նոր 5.11, 5.12 և 5.13 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«5.11. բանկում այլ մասնակցության ձեռք բերման արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է առաջ բերել բանկի հեղինակազրկման կամ հեղինակության կամ գործարար համբավի անկման.

5.12 բանկում այլ մասնակցության ձեռք բերման արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է հանգեցնել բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների խախտմանը, կորպորատիվ կառավարման որակի վատթարացմանը.

5.13. նշանակալից մասնակցության կամ այլ մասնակցության ձեռք բերման գործարքը կամ գործարքի նախնական գրավոր համաձայնությունը կասկածելի է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով»:

1.9 Ուղեցույցի 6-րդ կետը «նշանակալից մասնակցություն ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «, այլ մասնակցություն ձեռք բերելու» բառերով, իսկ «ղեկավար պաշտոն զբաղեցնելու» բառերը փոխարինել «որպես ղեկավար գրանցվելու»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան