ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 հուլիսի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիան ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովում անդամ պետությունների կողմից՝ 2005 թվականի հոկտեմբերի 20-ին` Փարիզում:
Կոնվենցիայի նպատակն է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը և խրախուսումը, տարբեր մշակույթների ազատ փոխազդեցության համար պայմանների ստեղծումը, մշակույթների միջև երկխոսությանն աջակցումը, միջազգային համագործակցության և համերաշխության ամրապնդումը:
Կոնվենցիան նախատեսում է մասնակից պետությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության ամրապնդում` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով:
Համաձայն կոնվենցիայի` հիմնվում է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ և սահմանվում դրա միջոցների օգտագործման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- կոնվենցիան իրացնելիս ճանաչել և երաշխավորել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, բոլոր մշակույթների հարգման և հավասար արժեվորման, միջազգային համերաշխության և համագործակցության, զարգացման տնտեսական և մշակութային ասպեկտների փոխլրացման, կայուն զարգացման, հավասար մատչելիության, բաց լինելու և հավասարակշռության սկզբունքները, ճանաչել և հարգել մյուս պետությունների կողմից իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանը և խրախուսմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու և քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունքը,
- չորս տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` իր զեկույցում ներկայացնել մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մակարդակով ձեռնարկված միջոցների մասին,
- ջանքեր գործադրել ստեղծագործության խթանման և կրթական ծրագրերի ու մշակութային արդյունաբերության ոլորտում մասնագիտական պատրաստվածության ու փոխանակումների ծրագրերի մշակման ճանապարհով արտադրական ներուժի ամրապնդման ուղղությամբ` առանց թույլ տալու բացասական ազդեցություն արտադրության ավանդական ձևերի վրա,
- նշանակել կոնվենցիային վերաբերող տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու համակարգող,
- կոնվենցիայի մյուս մասնակիցների հետ փոխանակել մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման վերաբերյալ տեղեկատվություն,
- ճանաչել կոնվենցիայի` միջազգային այլ պայմանագրերի հետ հավասարազորությունը` խրախուսելով փոխադարձ աջակցության հարաբերությունները կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի միջև, որոնց մասնակից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերը մեկնաբանելիս և կիրառելիս կամ միջազգային այլ պարտավորություններ ստանձնելիս հաշվի առնել կոնվենցիայի համապատասխան դրույթները և այլն:
3. Սույն կոնվենցիան կնպաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրով և համընդհանուր ճանաչման արժանացած այլ փաստաթղթերով հռչակված իրավունքների ապահովմանը և մշակութային քաղաքականության բնագավառում միջազգային համագործակցությանն առավել արդյունավետ ինտեգրմանը:
Կոնվենցիայում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9, 11, 40, 41 և 48 հոդվածներին և հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լայնորեն կիրառել մշակութային և գիտական նվաճումներից օգտվելու, մշակութային ժառանգությանը հաղորդակից լինելու իրենց սահմանադրական իրավունքը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում ընդունված՝ Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|