Գլխավոր տեղեկություն
Номер
N 83
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.03.1997-24.10.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.03.1996
Дата вступления в силу
23.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 մարտի 1996 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


23 մարտի 1996 թվականի N 83

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 99-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
մարտի 23-ի N 83 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ  Ա Վ Ո Ր  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը Երևանի քաղաքապետն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի միջոցով:

2. Երևանի քաղաքապետարանը հաշվետու և պատասխանատու է Երևանի քաղաքապետի առջև:

3. Երևանի քաղաքապետարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:

4. Երևանի քաղաքապետարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, բանկային հաշիվ և ձևաթղթեր:

5. Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Երեվանի քաղաքապետարանի խնդիրներն ու գործառույթները

 

6. Երևանի քաղաքապետարանի հիմնական խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը:

7. Երևանի քաղաքապետարանն իր հիմնական խնդրին համապատասխան`

ա) ապահովում է քաղաքապետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.

բ) պարբերաբար վերլուծում է Երևան քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը և այդ մասին նախապատրաստում առաջարկություններ.

գ) նախապատրաստում է Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծերը և Երևանի քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ ներկայացնում վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր.

դ) նախապատրաստում է Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման, աշխատանքային և այլ ծրագրերի նախագծերը, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

ե) ապահովում է Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը և այդ մասին առաջարկություններ ներկայացնում Երևանի քաղաքապետին.

զ) ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության ուսումնասիրությունը և այդ մասին առաջարկություններ ներկայացնում Երևանի քաղաքապետին.

է) նախապատրաստում է Երևան քաղաքի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման հետ կապված առաջարկություններ.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ իրավասություններ:

 

III. Երեվանի քաղաքապետարանի աշխատանքի կազմակերպումը

 

8. Երևանի քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարում է Երևանի քաղաքապետը:

9. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

10. Երևանի քաղաքապետարանի կազմի մեջ մտնում են Երևանի քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի քարտուղարը և բաժինները:

11. Երևանի քաղաքապետի տեղակալը կատարում է Երևանի քաղաքապետի հանձնարարականները և փոխարինում Երևանի քաղաքապետին` նրա բացակայության ընթացքում:

12. Երևանի քաղաքապետի տեղակալին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Երևանի քաղաքապետի հետ:

13. Երևանի քաղաքապետարանի քարտուղարը պատասխանատու է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, այլ պաշտոնեական փաստաթղթերի նախապատրաստման ու հրապարակման, Երևանի քաղաքապետարանի գործավարության, նամակագրության, կադրային և արխիվային գործերի կազմակերպման համար:

14. Երևանի քաղաքապետարանի քարտուղարը կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմումների ու գանգատների սահմանված կարգով քննարկումը, կապը հասարակության հետ:

15. Երևանի քաղաքապետարանի բաժինների միջոցով Երևանի քաղաքապետը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված բնագավառների աշխատանքները, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

16. Երևանի քաղաքապետարանի բաժիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համապատասխան բաժնի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Համապատասխան Հանրապետական գործադիր մարմիններ ունեցող Երևանի քաղաքապետարանի բաժինների համար պարտադիր է այդ մարմինների` իրենց իրավասության շրջանակներում տրված ցուցումների և գիտամեթոդական հրահանգների կատարումը:

17. (կետն ուժը կորցրել է 04.02.97 N 18)

18. Հանրապետական գործադիր մարմիններն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնելու Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների, նրանց ենթակա կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումներ:

19. Երևանի քաղաքապետարանի քարտուղարին, Երևանի քաղաքապետարանի բաժինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանին ենթակա կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի բաժինների աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Երևանի քաղաքապետը:

20. Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:

21. (կետն ուժը կորցրել է 04.02.97 N 18)

22. Երևանի քաղաքապետարանի բաժինների կառուցվածքներն ու կանոնադրությունները հաստատում է Երևանի քաղաքապետը:

23. (կետն ուժը կորցրել է 04.02.97 N 18)

 

IV. Երեվանի քաղաքապետարանի գործունեության կազմակերպումը

 

24. Երևանի քաղաքապետարանի գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան:

25. Երևանի քաղաքապետարանի աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար` հունվար-դեկտեմբեր ամիսների ընդգրկմամբ:

Տարեկան ծրագրերը կազմվում են ըստ եռամսյակների:

26. Երևանի քաղաքապետարանի աշխատանքային ծրագրերը քննարկում և հաստատում է Երևանի քաղաքապետը:

27. Երևանի քաղաքապետարանի աշխատանքային ծրագրերում Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է կատարել փոփոխություններ:

28. Երևանի քաղաքապետարանի աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստումը և հաստատված աշխատանքային ծրագրերի կատարման ստուգումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի քարտուղարը:

29. Երևանի քաղաքապետարանի քարտուղարը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախապատրաստում և Երևանի քաղաքապետին տեղեկանք է ներկայացնում տվյալ եռամսյակում աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ:

Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի քարտուղարը Երևանի քաղաքապետին հաշվետվություն է ներկայացնում քաղաքապետարանի տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ:

 

V. Երեվանի քաղաքապետի քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգը

 

30. Երևանի քաղաքապետի քննարկմանը հարցեր ներկայացնում են Երևանի քաղաքապետի տեղակալը, Երևանի քաղաքապետարանի քարտուղարը և բաժինների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում` Երևանի քաղաքապետարանի քարտուղարի միջոցով:

31. Երևանի քաղաքապետի քննարկմանը հարցերը ներկայացվում են, որպես կանոն Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծի ձևով:

32. Երևանի քաղաքապետի որոշումներն ընդունելու համար քաղաքապետը կարող է հրավիրել խորհրդակցություն` շաբաթն առնվազն մեկ անգամ:

33. Երևանի քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների ժամանակացույցը, ներառյալ օրակարգը, հաստատում է Երևանի քաղաքապետը:

34. Երևանի քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների մասնակիցներին, ըստ անհրաժեշտության, որոշում է Երևանի քաղաքապետը:

35. Երևանի քաղաքապետի քննարկմանը կարող են ներկայացվել միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

36. Երևանի քաղաքապետի քննարկմանը ներկայացվող հարցերի հիմնավորվածության, դրանց որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատու են հարցեր ներկայացնողները:

37. Երևանի քաղաքապետի քննարկմանը ներկայացվող որոշումների և կարգադրությունների նախագծերը նշագրվում են Երևանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի կողմից:

38. Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները գրանցվում, հաշվառվում և համարակալվում են Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների գրանցման մատյաններում` դրանց տալով հերթական համարներ:

39. Յուրաքանչյուր տարվա համար որոշումների և կարգադրությունների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին որոշմամբ ու կարգադրությամբ և ավարտվում դեկտեմբեր ամսվա վերջին որոշմամբ ու կարգադրությամբ:

40. Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները, դրանք կայացնելուց հետո, եռօրյա ժամկետում առաքվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին` Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված կարգով:

41. Երևանի քաղաքապետի նորմատիվ բնույթ կրող որոշումներն ու կարգադրություններն իրավաբանական ուժ են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո:

 

VI. Գործավարության կազմակերպումը

 

42. Երևանի քաղաքապետարանի գործավարության կազմակերպումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի քարտուղարը:

43. Գործավարության կարգը հաստատում է Երևանի քաղաքապետը` Երևանի քաղաքապետարանի քարտուղարի ներկայացմամբ:

(կանոնադրությունը փոփ. 04.02.97 N 18)