Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-641
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
30.06.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
30.06.2006
Дата вступления в силу
30.06.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

30 հունիսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում` կոռուպցիան կանխարգելելու և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսման և ուժեղացման, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսման, դյուրացման և օժանդակման, պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսման նպատակով: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ՀՀ իրավական համակարգի սկզբունքներին համապատասխան մշակել և իրականացնել կամ վարել հանրության մասնակցությանը և օրենքի գերակայության սկզբունքների արտացոլմանը, պետական գործերի և պետական գույքի պատշաճ կառավարմանը, ազնվությանը և անկաշառությանը, թափանցիկությանը և պատասխանատվությանը նպաստող` կոռուպցիայի հակազդման արդյունավետ, համակարգված քաղաքականություն,

- ձգտել սահմանել և խրախուսել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված պրակտիկայի տեսակները, պարբերաբար գնահատել համապատասխան իրավական փաստաթղթերը և վարչական միջոցները` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տեսանկյունից դրանց համարժեքությունը որոշելու նպատակով,

- փոխգործակցել մասնակից այլ պետությունների և համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ կոնվենցիայում նշված միջոցառումների մշակման և իրականացման գործում, այդ թվում մասնակցել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջազգային ծրագրերին և նախագծերին,

- ձգտել ստեղծել, պահպանել և ամրապնդել քաղաքացիական ծառայողների և, համապատասխան դեպքերում, ոչ ընտրովի այլ պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունման, հավաքագրման, ծառայություն անցկացնելու, ծառայողական առաջխաղացման և պաշտոնաթողության անցնելու համակարգեր,

- քննարկել համապատասխան օրենսդրական և վարչական միջոցները՝ պետական պաշտոններում թեկնածուների և ընտրությունների չափանիշները սահմանելու համար,

- խրախուսել պաշտոնատար անձանց շրջանում անկաշառությունը, ազնվությունը և պատասխանատվությունը` ձգտելով ենթակառուցվածքային և իրավական համակարգերի շրջանակներում կիրառել վարքագծի կանոնագրքեր և ստանդարտներ՝ պետական գործառույթների ճշգրիտ, բարեխիղճ և պատշաճ իրականացման համար,

- քննարկել այնպիսի միջոցներ և համակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնք նպաստում են, որ պաշտոնատար անձինք ՀՀ համապատասխան իրավասու մարմիններին հայտնեն իրենց գործառույթների իրականացման ժամանակ նրանց հայտնի դարձած կոռուպցիոն դեպքերի մասին,

- սահմանել այնպիսի միջոցներ և համակարգեր, որոնք պաշտոնատար անձանց կպարտավորեցնեն ՀՀ համապատասխան մարմիններին ներկայացնել հայտարարագրեր, մասնավորապես, արտածառայողական գործունեության, զբաղմունքի, ներդրումների, ակտիվների մասին և էական նվիրատվությունների կամ օգուտների մասին, որոնց հետ կապված կարող է շահերի բախում առաջանալ` որպես պաշտոնատար անձ նրանց գործառույթների առնչությամբ,

- կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից արդյունավետ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գնումների պատշաճ համակարգեր ստեղծելու համար` թափանցիկության, մրցակցության և որոշումների ընդունման օբյեկտիվ չափանիշների հիման վրա,

- միջոցներ ձեռնարկել պետական ֆինանսների կառավարման թափանցիկությանը և հաշվետվությանը նպաստելու ուղղությամբ, որոնք պետք է ներառեն ազգային բյուջեի ընդունման ընթացակարգերը, մուտքերի և ծախսերի մասին ժամանակին զեկուցումը, հաշվապահական հաշվառման ստանդարտների համակարգը և ստուգման ու դրա հետ կապված հսկողության համակարգը, ռիսկերի և ներքին վերահսկողության կառավարման արդյունավետ և ներգործուն համակարգերը,

- պետական վարչակազմում թափանցիկության մեծացման համար ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում դրա կազմակերպման, գործունեության և, համապատասխան դեպքերում, որոշումների կայացման գործընթացների առնչությամբ,

- հաշվի առնելով դատական իշխանության անկախությունը և կոռուպցիայի դեմ պայքարում նրա որոշիչ դերը, առանց դատական մարմինների անկախությանը վնասելու` միջոցներ ձեռնարկել դատական մարմինների աշխատակիցների ազնվության մեծացման ուղղությամբ և նրանց շրջանում կոռուպցիայի հնարավորությունները բացառելու համար: Այդպիսի միջոցները կարող են ներառել դատական մարմինների աշխատակիցների գործողություններին վերաբերող կանոնները,

- միջոցներ ձեռնարկել մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելման, մասնավոր հատվածում հաշվապահական հաշվառման ստանդարտների և աուդիտի ուժեղացման և, համապատասխան դեպքերում, այդպիսի միջոցների չպահպանման համար արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատժամիջոցների սահմանման ուղղությամբ,

- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք, ՀՀ օրենսդրությանը և հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվության ներկայացման, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտները կարգավորող կանոններին համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել չգրանցված հաշվետվության ստեղծումը, չհաշվառված կամ ոչ ճիշտ գրանցված գործարքների կատարումը, գոյություն չունեցող ծախսերի հաշվառումը, առանց նպատակի ճշգրիտ սահմանման պարտավորությունների ներառումը, կեղծ փաստաթղթերի օգտագործումը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներից շուտ հաշվապահական փաստաթղթերի միտումնավոր ոչնչացումն արգելելու համար, որոնք իրականացվում են իրավախախտումներից որևէ մեկը կատարելու համար` համաձայն կոնվենցիայի,

- անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պետական հատվածից դուրս առանձին անհատների և խմբերի, ինչպես, օրինակ, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների և համայնքների հիմքի վրա գործող կազմակերպությունների, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում ակտիվ մասնակցությանը նպաստելու համար և հասարակության կողմից կոռուպցիայի առկայության փաստի, դրա պատճառների և վտանգավորության բնույթի, ինչպես նաև դրա կողմից ստեղծվող սպառնալիքների գիտակցումը մեծացնելու համար,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ կոնվենցիայում հիշատակված հակակոռուպցիոն մարմինները հայտնի լինեն հանրությանը, և ապահովել մատչելիությունը դեպի այդ մարմինները, այդ թվում անանուն ձևով` ամեն մի դեպքի մասին նրանց հաղորդումներ տրամադրելու համար,

- սահմանել կարգավորման և հսկողության համապարփակ ներքին ռեժիմ` համապատասխան դեպքերում, իր իրավասության սահմաններում՝ այն մարմինների նկատմամբ, որոնք փողերի լվացման տեսակետից հատկապես խոցելի են, փողերի լվացում թույլ չտալու և դրա բոլոր ձևերը բացահայտելու նպատակներով, ինչպես նաև ապահովել, որ փողերի լվացման դեմ պայքարելու համար նշանակված մարմիններն ընդունակ լինեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններով ազգային և միջազգային մակարդակներում համագործակցություն իրականացնել և տեղեկատվություն փոխանակել` այդ նպատակով քննարկելով ֆինանսական օպերատիվ տեղեկատվության գծով ստորաբաժանում հիմնելու հարցը,

- քննարկել կանխիկ դրամական միջոցների և համապատասխան շրջանառու գործիքների` ՀՀ սահմաններով տեղափոխումները բացահայտելու և այդպիսի տեղափոխումները վերահսկելու ուղղությամբ պրակտիկ հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը,

- ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ քրեական իրավախախտում ճանաչվեն այնպիսի արարքները, ինչպիսիք են պաշտոնատար անձանց, օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կաշառելը, պաշտոնատար անձի կողմից գույքի հափշտակումը, ապօրինի յուրացումը կամ այլ` ոչ նպատակային օգտագործումը, ազդեցության չարաշահումը, լիազորությունների չարաշահումը, ապօրինի հարստացումը, կաշառքը՝ մասնավոր հատվածում, գույքի հափշտակությունը մասնավոր հատվածում, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացումը, պարտակումը՝ այնպես, ինչպես դրանք սահմանված են կոնվենցիայում,

- տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին օրենքների տեքստերը, որոնք ապահովում են կոնվենցիայի (հ. 23) իրականացումը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունները,

- ձեռնարկել միջոցներ կոնվենցիայում ամրագրված իրավախախտումներին մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն (քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչական) սահմանելու համար` ապահովելով պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձանց նկատմամբ արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քրեական և ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատժամիջոցների կիրառումը: Ընդ որում, նման պատասխանատվությունը չպետք է վնասի իրավախախտումներ կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը,

- ընդունել օրենսդրական և այլ միջոցներ, որոնցով քրեորեն պատժելի արարք կճանաչվի ցանկացած բնույթի մասնակցությունը, օրինակ, հանցակցի, օժանդակողի կամ դրդիչի կարգավիճակով մասնակցությունը որևէ իրավախախտմանը, որն այդպիսին է ճանաչվել կոնվենցիային համապատասխան,

- կոնվենցիայում սահմանված իրավախախտումների առնչությամբ վարույթ հարուցելու համար սահմանել վաղեմության երկար ժամկետ և սահմանել վաղեմության ավելի երկար ժամկետ կամ վաղեմության ժամկետի կասեցման հնարավորություն այն դեպքերում, երբ հանցագործության կատարման մեջ կասկածվողը խուսափում է արդարադատությունից,

- կազմել հանձնաժողով, որը պատասխանատու կլինի, կոնվենցիայի համաձայն, իրավախախտումների համար պատժամիջոցների կիրառման համար` հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը,

- հաշվի առնել համապատասխան իրավախախտումների վտանգավորության աստիճանն այդպիսի իրավախախտումների համար դատապարտված անձանց վաղաժամկետ կամ պայմանական ազատման հնարավորության հարցը քննելիս,

- քննարկել այնպիսի ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնց օգնությամբ պաշտոնատար անձը, որը մեղադրվում է կոնվենցիայի համաձայն կատարված իրավախախտման համար, համապատասխան դեպքերում կարող է պաշտոնազրկվել, ժամանակավորապես ազատվել ծառայողական պարտականությունների կատարումից կամ համապատասխան մարմնի կողմից փոխադրվել այլ պաշտոնի` հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը,

- քննարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված որոշակի ժամկետով` դատարանի որոշմամբ կամ ցանկացած այլ պատշաճ միջոցների օգնությամբ այն անձանց պետական պաշտոն զբաղեցնելու կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն պետության սեփականության ներքո գտնվող ձեռնարկությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքներից զրկելու համար ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնք դատապարտվել են կոնվենցիային համապատասխան ճանաչված իրավախախտումների համար,

- անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կոնվենցիայով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վկաների, փորձագետների, ինչպես նաև, համապատասխան դեպքերում՝ նրանց հարազատների և մերձավոր այլ անձանց նկատմամբ հնարավոր վրեժից և վախեցնելուց արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար,

- կարող է սույն կոնվենցիան դիտարկել որպես իրավական հիմք ցանկացած իրավախախտման կապակցությամբ հանձնման համար, եթե մյուս Մասնակից պետության հետ չունի հանձնման պայմանագիր,

- ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնել այն մասին, թե արդյոք սույն կոնվենցիան օգտագործելու է որպես իրավական հիմք հանձնման հարցերում մյուս Մասնակից պետությունների հետ համագործակցության համար,

- ձգտել ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան, առանց վնասելու սեփական քննությունը, քրեական հետապնդումը և դատաքննությունը, առանց նախնական խնդրանքի` կոնվենցիային մասնակից մյուս պետությանը տեղեկատվություն ուղարկել այն իրավախախտումներից ստացված եկամուտների մասին, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ այդպիսի տեղեկատվության բացահայտումը կարող է այն ստացող՝ կոնվենցիայի մասնակից պետությանն օժանդակել քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն հարուցելու կամ վարելու գործում, կամ կարող է հանգեցնել, կոնվենցիային համապատասխան, այդ պետության կողմից խնդրանքի ուղարկմանը,

- մյուս մասնակից պետությունների հետ համագործակցել այն իրավախախտումներից ստացված եկամուտների փոխանցումները կանխարգելելու և դրանց դեմ պայքարի, ինչպես նաև այդպիսի եկամուտների առգրավման ուղիների և եղանակների օգտագործմանն օժանդակելու նպատակներով, որոնք այդպիսին են ճանաչվել կոնվենցիային համապատասխան, և այդ նպատակներով քննարկել օպերատիվ ֆինանսական տեղեկատվություն հավաքելու համար ստորաբաժանում ստեղծելու հարցը, որը պետք է պատասխանատվություն կրի կասկածելի ֆինանսական գործառնությունների մասին հաղորդումներ ստանալու, վերլուծելու և իրավասու մարմիններին ուղարկելու համար,

- նախաձեռնել, մշակել կամ կատարելագործել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատվություն կրող անձնակազմի նախապատրաստման որոշակի ուսուցողական ծրագրեր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2         կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


30 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ-641

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան