Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-638
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.06.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
16.06.2006
Дата вступления в силу
16.06.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ  ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 

16 հունիսի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի,  Կ. Բալայանի,  Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2006 թվականի մայիսի 29-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա բազմակողմ համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 12-ին Մոսկվայում` ԱՊՀ տարածքում միջպետական լիզինգային գործունեության խթանման, ԱՊՀ մասնակից պետություններում տեխնիկայի և սարքավորումների փոխշահավետ լիզինգի համար արդյունավետ, հավասար և միջազգային լիզինգի համաշխարհային փորձին համապատասխանող իրավական պայմանների ստեղծման նպատակով: 

2. Համաձայնագրի շրջանակներում Հայկական կողմը պարտավորվում է.

- ազգային օրենսդրության շրջանակներում նախատեսել իրավական, ֆինանսական և կազմակերպական բարենպաստ պայմաններ միջպետական լիզինգի զարգացման և լայն կիրառման համար,

- լիզինգային գործունեության բնագավառում ազգային օրենսդրության ներդաշնակեցման  և միասնականացման ընթացքում օգտագործել «Լիզինգի մասին» մոդելային օրենքի նորմերը,

- երաշխավորել իր տարածքում միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտների համար իրավական պաշտպանություն,

- ապահովել միջպետական լիզինգի առարկաների գույքային անձեռնմխելիությունը՝  ազգային օրենսդրությանը համապատասխան,

- խրախուսել առևտրային կառույցների, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցների համախմբումը,

-քայլեր ձեռնարկել լիզինգային գործունեության համար տնտեսական պայմանների, հարկման կարգի և մաքսային ձևակերպումների օպտիմալացման ուղղությամբ,

- սատարել միջպետական լիզինգի զարգացմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքի` ինքնաֆինանսավորման սկզբունքներով ձևավորման ապահովմանը,

- աջակցել ԱՊՀ-ում լիզինգային գործունեության վիճակագրական դիտարկումներին, տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ կազմակերպությունների միջև լիզինգային գործունեության հարցերով տեղեկատվության ազատ փոխանակմանը:

Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից:

Համաձայնագրում սահմանվում են վերջինիս ուժի մեջ մտնելու կարգը և գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, վեճերի լուծման, ինչպես նաև դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը: 

3. Համաձայնագրի միտումը` ստեղծելու ևս մեկ գրավական՝ լիզինգային գործունեության մեջ ընդգրկված սուբյեկտների սեփականության իրավունքի պաշտպանության համար, միանգամայն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և բխում է դրա 8 հոդվածից։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
 

1. 2005 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Նախագահող

Գ. Հարությունյան


16 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ-638