Գլխավոր տեղեկություն
Номер
N 234
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.08.1998-10.12.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.04.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.1996
Дата вступления в силу
22.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1996 թ. N 234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

(1-ին կետն ուժը կորցրել է կառուցվածքի մասով 31.03.98 N 163)

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության խորհրդի անդամների թվաքանակը` 7 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մասին» N 68 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
ապրիլի 22-ի N 234 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան, որպես Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի կառավարման կենտրոնական մարմին, իրականացնում է միասնական մաքսային քաղաքականությունն ու մաքսային գործի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 08.07.98 N 400)

2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Վարչությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ընդլայնման ու հաստատման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների, գործառույթների ու պարտականությունների կատարման համար:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում, որպես պաշտոնատար անձ, կարող է աշխատել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց շնորհվում են հատուկ կոչումներ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսվում է ծառայողական համազգեստ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կանոնները` վարչությունը:

6. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:

 

II. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

7. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության և տնտեսական անվտանգության, հանրապետական ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.

բ) մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրականացման ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս` մաքսասակագնային մեխանիզմի իրականացման, ապրանքների ու այլ առարկաների ներմուծման և արտահանման թույլտվության կարգի արդյունավետ կիրառման, մաքսատուրքերի, ակցիզային հարկի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ հարկերի հավաքման ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծման ապահովումը.

դ) մաքսային հսկողության ու ձևակերպման մեխանիզմների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

ե) մաքսանենգության ու Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս` մաքսանենգության ու մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը, միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին աջակցումն ու միջազգային տրանսպորտային հաղորդակցության միջոցների գործունեությանն ապօրինի միջամտության կասեցումը.

զ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրանյութերի, զենքի, զինամթերքի, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների մշակութային ու պատմական ժառանգության առարկաների, ինտելեկտուալ սեփականության և այլ առարկաների ապօրինի շրջանառության դեմ պայքարը.

է) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը.

ը) ներմուծվող ապրանքների հայրենական սպառողների շահերի պաշտպանության միջոցառումների իրականացմանն աջակցումը.

թ) մաքսային գործին վերաբերող հարցերին պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների իրազեկության և դրա համար մասնագետների պատրաստման ապահովումը.

ժ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ապահովումը մաքսային գործին վերաբերող մասերում, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային գործով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

ի) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության ապահովումը.

լ) մաքսային գործի վերլուծական, հետազոտական և խորհրդատվական աշխատանքների կատարումը.

խ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան մաքսանենգության գործերով հետաքննության կատարումը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննումը.

ծ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսանենգության գործերով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը.

կ) մաքսային գործի բնագավառում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների, համաշխարհային փորձի ուսումնասիրումն ու արմատավորումը.

հ) աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, աշխատողների գիտելիքների ու փորձի լավագույնս օգտագործման համար պայմանների ստեղծումը.

ձ) աշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովումը.

ղ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Վարչության աշխատանքների կազմակերպումը

 

8. Վարչությունը, նրան ենթակա մաքսատները և մաքսային կետերը (մաքսային մարմիններ) կազմում են վարչության համակարգը:

9. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն անմիջականորեն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:

10. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրավապահ մարմիններ են, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան` մաքսանենգության գործերով հետաքննության մարմիններ:

11. Հայաստանի Հանրապետության մաքսատներն ու մաքսային կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:

12. Վարչությունը մաքսային համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասությունների սահմաններում և պարտավոր է պահպանել գործող օրենսդրությունը:

13. Վարչությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն, նրանց հետ համատեղ հրապարակում հրամաններ ու հրահանգներ:

14. Վարչությունն ապահովում է իր համակարգի պետական սեփականության պահպանությունը և դրա նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

15. Վարչությունը`

ա) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ և, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է մաքսային մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար և ստուգում դրանց կատարումը.

բ) ապահովում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործը, համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները.

գ) ընդհանրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան իրեն հանձնարարված բնագավառում, դրա կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

դ) մասնակցում է մաքսային քաղաքականության և մաքսային գործին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը, ինչպես նաև կնքում է ոլորտին վերաբերող միջազգային միջգերատեսչական պայմանագրեր (համաձայնագրեր):

16. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(16-րդ կետը փոփ. 08.07.98 N 400)

17. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին վարչությանը ենթակա մաքսատների և մաքսային կետերի ղեկավար աշխատողներին (մաքսատան պետի տեղակալ, մաքսատան բաժնի պետ, մաքսային կետի պետ, մաքսային կետի պետի տեղակալ, մաքսատան գլխավոր հաշվապահ, մաքսային կետի գլխավոր հաշվապահ), ինչպես նաև վարչության համակարգի այն աշխատողներին, որոնց գործող օրենսդրությանը համապատասխան կարող են շնորհվել հատուկ կոչումներ, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում վարչության պետը, իսկ մաքսային մարմինների մյուս աշխատողներին աշխատանքի են ընդունում և աշխատանքից ազատում մաքսատների պետերը` համաձայնեցնելով վարչության պետի հետ:

Վարչության պետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մաքսատների պետերին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

(17-րդ կետը փոփ. 10.06.96 N 344, լրաց. 08.07.98 N 400)

18. Վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում, սահմանում վարչության բաժինների և մյուս ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները.

գ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.

դ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը, ինչպես նաև վարչության խորհրդի անդամների թվաքանակը և խորհրդի անդամների անհատական կազմը.

ե) հաստատում է վարչության ծառայությունների, մաքսատների և մաքսային կետերի կանոնադրությունները.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մաքսատների և մաքսային կետերի պաշտոնատար անձանց կողմից ընդունված, գործող օրենսդրությանը հակասող հրամաններն ու որոշումները.

է) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ. 08.07.98 N 400)

19. Վարչությունը համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

20. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ են մտնում վարչության պետը (նախագահ), վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, մաքսային համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

21. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում համակարգի գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների և այլ ստորաբաժանումների, մաքսատների ու մաքսային կետերի հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Խորհրդի նախագահի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:

(21-րդ կետը փոփ. 08.07.98 N 400)

22. Հայաստանի Հանրապետությունում մաքսանենգային հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերով սահմանված այլ խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն առընթեր գործում է մաքսասակագնային խորհուրդ: Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

23. Վարչության և վարչության համակարգի պահպանման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Վարչությունն ունի պահուստային ֆոնդ, որի միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 45 հոդվածի պահանջներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 282 որոշմանը համապատասխան օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի զարգացման նպատակով:

24. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի մարմինների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

25. Վարչությունն իրականացնում է համակարգի մարմինների գործունեության օրինականության վերահսկողությունը:

26. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` մաքսային մարմինների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

27. Վարչությունում գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
ապրիլի 22-ի N 234 որոշմամբ

 

 

 

 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(Կառուցվածքն ուժը կորցրել է 31.03.98 N 163)