քաղաքացիական եվ քաղաքական իրավունքների ՄԱՍԻՆ միջազգային դաշնագրին կից կամընտիր
ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն
Ընդունվել է Գլխավոր ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձԵՎով ԵՎ բաց է ստորագրելու, վավերացնելու ԵՎ միանալու համար
Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 9-րդ հոդվածին համաձայն
Սույն արձանագրությանը մասնակցող պետությունները,
նկատի ունենալով, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի (այսուհետև` Դաշնագիր) հետագա նպատակներին հասնելու և նրա որոշումները իրականացնելու համար նպատակահարմար է սույն Դաշնագրի IV մասի հիման վրա հաստատված Մարդու իրավունքների կոմիտեին (այսուհետև` Կոմիտե) հնարավորություն ընձեռել ընդունելու և քննության առնելու, ինչպես նախատեսված է սույն արձանագրությամբ, հաղորդումներ առանձին անձանցից, ովքեր հաստատում են, որ իրենք զոհ են Դաշնագրում շարադրված որևէ իրավունքի խախտման,
համաձայնել են ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Դաշնագրի մասնակից այն պետությունը, որ դառնում է սույն արձանագրության մասնակից, ճանաչում է Կոմիտեի իրավասությունը` ընդունելու և քննության առնելու իր իրավասությանը ենթակա այն անձանց հաղորդումները, ովքեր պնդում են, թե իրենք զոհ են Դաշնագրում շարադրված որևէ իրավունքի խախտման` տվյալ մասնակից պետության կողմից: Կոմիտեն չի ընդունում ոչ մի հաղորդում, եթե այն վերաբերում է Դաշնագրին մասնակից մի պետության, որը, սակայն, մասնակից չէ սույն արձանագրությանը:
Հոդված 2
1-ին հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, այն անձինք, ովքեր պնդում են, թե Դաշնագրում թվարկված իրենց որևէ իրավունք խախտվել է, և ովքեր սպառել են իրավական պաշտպանության ներքին բոլոր միջոցները, կարող են գրավոր հաղորդում ներկայացնել Կոմիտեի քննարկմանը:
Հոդված 3
Կոմիտեն կարող է անընդունելի համարել սույն արձանագրության համաձայն ներկայացվող անստորագիր կամ, Կոմիտեի կարծիքով, այդպիսի հաղորդումներ ներկայացնելու իրավունքը չարաշահող և կամ Դաշնագրի դրույթներին անհամատեղելի ամեն մի հաղորդում:
Հոդված 4
1. Կոմիտեն 3-րդ հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, սույն արձանագրության համաձայն ներկայացվող ցանկացած հաղորդման մասին տեղյակ է պահում սույն արձանագրությանը մասնակցող այն պետությանը, որը, ինչպես պնդվում է, խախտում է Դաշնագրի որևէ դրույթ:
2. Ծանուցում ստացած պետությունը վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնում է այդ հարցը պարզաբանող գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ և, եթե դրանք եղել են, այն ցանկացած միջոցառումները, որպիսիք կարող էր ընդունել տվյալ պետությունը:
Հոդված 5
1. Կոմիտեն, 3-րդ հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, ստացված հաղորդումները, հաշվի առնելով առանձին անձանց և շահագրգռված մասնակից պետության ներկայացրած բոլոր գրավոր տվյալները:
2. Կոմիտեն չի քննում անձանցից ստացված և ոչ մի հաղորդում, քանի դեռ չի համոզվել, որ
ա/ այդ նույն հարցը չի քննարկվում միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի համաձայն.
բ/ տվյալ անձն սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներքին միջոցները:
Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի միջոցների գործադրումն անհիմն կերպով ձգձգվում է:
3. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդումները քննելիս Կոմիտեն գումարում է փակ նիստեր:
4. Իր նկատառումները Կոմիտեն հայտնում է համապատասխան մասնակից պետությանը և անձին:
Հոդված 6
Կոմիտեն Դաշնագրի 45-րդ հոդվածով նախատեսված ամենամյա զեկուցման մեջ ներառում է սույն արձանագրությանը համապատասխանող իր գործունեության համառոտ հաշվետվությունը:
Հոդված 7
Այսուհետև` մինչև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1960 թ. դեկտեմբերի 14-ին ընդունած գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին հայտարարությանը վերաբերող 1514 (XV) բանաձևի նպատակներին հասնելը, սույն արձանագրության դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և ՄԱԿ-ի ու նրա մասնագիտացված հիմնարկությունների այլ միջազգային համաձայնագրերով և փաստաթղթերով այդ ժողովուրդներին ընձեռված հանրագիր ներկայացնելու իրավունքը:
Հոդված 8
1. Սույն արձանագրությունն ստորագրելու համար բաց է Դաշնագիրը ստորագրած ցանկացած պետության համար:
2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից: Վավերացված պաշտոնաթուղթը ի պահ է տրվում պահպանման Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն արձանագրությունը միանալու համար բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար:
4. Միացումն իրականացվում է միանալու վերաբերյալ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հանձնելով:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունը ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին հայտնում է ամեն մի վավերացնող պաշտոնաթղթի կամ միանալու վերաբերյալ փաստաթղթի ավանդադրման մասին:
Հոդված 9
1. Դաշնագիրն ուժի մեջ մտնելու պայմաններում սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ վավերացված տասներորդ պաշտոնաթղթի կամ միանալու փաստաթղթի ավանդադրման օրից երեք ամիս անց:
2. Վավերացված տասներորդ պաշտոնաթղթի կամ միանալու փաստաթղթի ավանդադրումից հետո սույն արձանագրությունը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացրած սեփական պաշտոնաթղթի կամ դրան միանալու փաստաթղթի ավանդադրման օրից երեք ամիս անց:
Հոդված 10
Սույն արձանագրության որոշումները` առանց որևէ սահմանափակման կամ բացառության, տարածվում են ֆեդերատիվ պետությունների բոլոր մասերի վրա:
Հոդված 11
1. Սույն արձանագրությանը մասնակցող յուրաքանչյուր պետություն կարող է ուղղումներ առաջարկել և դրանք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն ամեն մի առաջարկված ուղղում հղում է սույն արձանագրությանը մասնակից պետություններին, խնդրելով հայտնել, թե իրենք արտահայտվո՞ւմ են, արդյոք, մասնակից պետությունների կոնֆերանս հրավիրելու օգտին` այդ առաջարկությունները քննարկելու և դրանք քվեարկելու նպատակով: Եթե այդպիսի կոնֆերանս հրավիրելու օգտին արտահայտվում է մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը, ապա Գլխավոր քարտուղարը հրավիրում է կոնֆերանս` Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Կոնֆերանսին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ամեն մի ուղղում հաստատման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեա:
2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հաստատվելուց և սույն արձանագրությանը մասնակցող պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո` համաձայն այդ պետությունների սահմանադրական ընթացակարգի:
3. Ուղղումներն ուժի մեջ մտնելուց հետո դրանք դառնում են պարտադիր` ուղղումներն ընդունած մասնակից պետությունների համար, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում իրենց իսկ ընդունած սույն արձանագրության որոշումները և ամեն մի նախորդ ուղղում:
Հոդված 12
1. Մասնակից պետություններից ամեն մեկը ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցումով կարող է հրաժարվել սույն արձանագրությունից: Հրաժարումն ուժի մեջ է մտնում նշված ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից երեք ամիս անց:
2. Հրաժարումը չի խանգարում, մինչև այն ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 2-րդ հոդվածի համաձայն, շարունակելու ներկայացված ամեն մի հաղորդման վերաբերյալ սույն արձանագրության դրույթների իրագործումը:
Հոդված 13
Անկախ սույն արձանագրության 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արված ծանուցումների, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Դաշնագրի 48-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալը.
ա/ 8-րդ հոդվածի համաձայն ստորագրելու, վավերացումների և միանալու մասին.
բ/ 9-րդ հոդվածի համաձայն` սույն արձանագրությունը և 11-րդ հոդվածի համաձայն` ամեն մի ուղղում ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.
գ/ 12-րդ հոդվածի համաձայն` հրաժարման մասին:
Հոդված 14
1. Սույն արձանագրությունը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն բնագրերը հավասարապես նույնական են, ենթակա է ի պահ հանձնման Միավորված ազգերի կազմակերպության արխիվին:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն արձանագրության վավերացված պատճեններն ուղարկում է Դաշնագրի 48-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|