«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50006164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
27 ապրիլի 2006 թ. |
N 640-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով.
1. Հաստատել`
1.1 «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները» (հավելված 1):
1.2 «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները» (հավելված 2):
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և իրավաբանական վարչությանը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու պաշտոնական հրապարակումը:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և Երևանի թաղային համայնքների վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գ. Մելքումյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Ե. Զախարյան |
Հավելված 1 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով (այսուհետ` Կանոններ) սահմանվում է Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի (այսուհետ` գովազդ) տեղաբաշխման (տեղադրման) կարգը: Կանոնները ընդունվել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
2. Արտաքին գովազդը (այսուհետ` գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է բնակավայրերում գովազդի միջոցներով (վահանակների, գրաժապավենների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների և այլն) անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի հ. 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունը արտաքին գովազդ չի համարվում: Արտաքին գովազդ են համարվում «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչներով» (այսուհետ՝ Չափորոշիչներ) սահմանված մակերեսից ավելի մակերեսով տեղադրվող ֆիրմային նշանները և գովազդվող ապրանքանշանները:
3. Կանոնները տարածվում են բոլոր այն տարածքների և տրանսպորտային միջոցների վրա, որտեղ պետք է տեղադրվի արտաքին գովազդը:
4. Պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա գովազդի միջոց տեղադրելու համար ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևանի թաղային համայնքին տրամադրվում է համապատասխան հողամաս՝ լիազորելով թաղային համայնքի ղեկավարին` ՀՀ հողային օրենսգրքի համաձայն հատկացված հողամասը օգտագործման իրավունքով դիմում ներկայացրած գովազդատուին (գովազդակրին) հանձնելու՝ միաժամանակ կնքելով հողօգտագործման համապատասխան պայմանագիր, հետագայում տվյալ կողմի հետ նախապատվության իրավունքով երկարացնելու պայմանով:
5. Այն դեպքում, երբ գովազդի միջոցը տեղադրվում է պետական սեփականություն չհանդիսացող տարածքում (կամ դրանց օգտագործմամբ), ապա գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվությունը (կից Ձևը) (այսուհետ` թույլտվություն), տալիս է համայնքի ղեկավարը` տվյալ տարածքի սեփականատիրոջ կամ տարածքի օգտագործողի համաձայնության առկայությամբ: Ընդ որում, գովազդատուի (գովազդակրի) և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերով:
6. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համար հողամասի հատկացման որոշումներում հաշվի են առնվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների համաձայնությունները:
6.1 Սիզամարգերում և այլ կանաչ տարածքներում բարեկարգման տարրերի, ինչպես նաև էլեկտրասյուների հետ առնչվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության.
6.2 Վերգետնյա էլեկտրատրանսպորտի և տրանսպորտային այլ օբյեկտների հետ առնչվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության.
6.3 Մայրուղիների և փողոցների երթևեկելի մասի կենտրոնական-բաժանարար գոտիներում՝ անկախ դրանց լայնությունից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության:
7. Երևան քաղաքի արտաքին տեսքի պատշաճ ձևավորման նպատակով Չափորոշիչներին և Կանոններին համապատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, ինչպես նաև Երևանի թաղային համայնքների առաջարկների հիման վրա Երևանի քաղաքապետը.
7.1 հաստատում է Երևան քաղաքում գովազդային վահանակների տեղադիրները.
7.2 սահմանում է այն կոնկրետ տեղադիրները, որտեղ չի թույլատրվում արտաքին գովազդի տեղադրումը:
8. Գովազդի տեղադրումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, Չափորոշիչների և Կանոնների պահանջներին:
9. «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, Չափորոշիչներին և Կանոններին համապատասխան Երևանի թաղային համայնքները որոշում են արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները:
ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10. Թույլտվությունը (հետագայում` թույլտվություն) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և Կանոններով սահմանված կարգով տրվում է թաղային համայնքի ղեկավարի կողմից:
11. Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն (գովազդակիրը) հայտ է ներկայացնում թաղային համայնքի ղեկավարին` նշելով իր անունը, գտնվելու վայրը, գովազդի տեղադրման վայրը և ժամկետը, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները:
Հայտին կցվում է համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները:
12. Թաղային համայնքը գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից (գովազդակրից) հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո պարզում է գովազդային միջոցի համապատասխանությունը Չափորոշիչների և Կանոնների պահանջներին (եթե այն թերի է, հետ է վերադարձվում թերությունը վերացնելու և նորից 15-օրյա ժամկետում ներկայացնելու համար), և 15 օրվա ընթացքում թաղային համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման (տեղադրման ) թույլտվություն, որում նշվում են` գովազդատուի (գովազդակրի) անվանումը, գովազդի չափերը, տեղաբաշխման (տեղադրման) ձևը, գովազդային նյութերի անվանումը, թույլտվության գործողության ժամկետը:
13. Կանոնների 4-րդ կետին համապատասխան հատկացված տարածքի նույն հասցեում գովազդ տեղադրելու համար մեկից ավելի գովազդատուների (գովազդակիրների) հայտերի առկայության դեպքում Երևանի թաղային համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարարում և անց է կացնում մրցույթ, որի արդյունքներով մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն:
14. Թույլտվությունը հանդիսանում է հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է թաղային համայնքի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են թաղային համայնքի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:
15. Գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ գովազդատուի (գովազդակրի), հայտը 15-օրյա ժամկետում կարող է մերժվել այն դեպքում, եթե`
15.1 ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Չափորոշիչների և Կանոնների պահանջներին.
15.2 խախտվում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ այլ իրավական ակտերի պահանջները.
15.3 գովազդի միջոցի տեղադրմամբ խոչընդոտվում է ճանապարհային երթևեկությունը կամ քաղաքացիների անցուդարձը, խախտվում են անձանց օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը:
16. Գովազդային միջոց տեղադրելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը:
17. Գովազդային նյութերը գովազդային միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն (գովազդակիրը) մինչև գովազդային նյութերի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է թաղային համայնքին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են նաև գովազդի արտաքին չափերը: Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ:
18. Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, Չափորոշիչների, Կանոնների և ՀՀ այլ իրավական ակտերի պահանջներին:
19. Գովազդի տեղադրման միջոցի մոնտաժային աշխատանքները կատարվում են հայտատուի պատվերով` մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ համաձայնեցված նախագծով: Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գովազդի տեղադրման միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար:
20. Գովազդատուն (գովազդակիրը) իրավասու չէ արտաքին գովազդի տեղադրման համար իրեն տրված թույլտվությունը փոխանցել կամ օտարել այլ անձի:
21. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետը լրանալու կամ երկարացնելու, պայմանագրով նախատեսված հիմքերով այն վաղաժամ դադարելու (լուծելու) դեպքում գովազդատուն (գովազդակիրը) պարտավոր է ողջամիտ ժամկետում իր միջոցներով ապամոնտաժել գովազդը և դրա տեղաբաշխման միջոցները, իսկ զբաղեցրած տարածքը բերել նախկին վիճակին:
22. Կանոններով նախատեսված պարտավորությունը գովազդատուի (գովազդակրի) կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Երևանի քաղաքապետի որոշման համաձայն գովազդի (գովազդային միջոցի) ապամոնտաժումն իրականացվում է թաղային համայնքի կողմից` օրենքով սահմանված կարգով գովազդատուից (գովազդակրից) ստանալով համապատասխան փոխհատուցում:
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Թաղային համայնքի ավագանին համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
24. Այն դեպքում, երբ թույլտվության և պայմանագրի գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, գովազդատուն (գովազդակիրը) վճարումը կատարում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված համապատասխան դրույքաչափերով:
25. Կանոններով նախատեսված հողօգտագործման վճարի չափը սահմանվում է թաղային համայնքի ավագանու կողմից:
26. Կանոններին համապատասխան վճարված գումարներն ուղղվում են համապատասխան թաղային համայնքի բյուջե:
27. Գովազդատուի (գովազդակրի) կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում` Երևանի քաղաքապետը գովազդի մասին օրենսդրության խախտման դադարեցման և հակագովազդի իրականացման վերաբերյալ գրավոր նախազգուշացնում է գովազդատուին (գովազդակրին) և այդ մասին Երևանի համապատասխան թաղային համայնքի ղեկավարին տեղեկացնում է 10-օրյա ժամկետում:
28. Գովազդատուները (գովազդակիրները) իրավասու են օրենքով սահմանված կարգով դատական կարգով բողոքարկել գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կապակցությամբ Երևանի քաղաքապետի, ինչպես նաև Երևանի համապատասխան թաղային համայնքի ղեկավարի որոշումներն ու գործողությունները:
29. Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի թաղային համայնքի ղեկավարը, իսկ գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ Երևանի քաղաքապետը:
30. Գովազդային օրենսդրության պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Երևանի քաղաքապետարանի |
Ս. Կոշեցյան |
Ձև1 ԵՐԵՎԱՆԻ _______________ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
Կ.Տ. Երևանի թաղային համայնքի ղեկավար` __________________
|
Հավելված 2 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները (այսուհետ` Չափորոշիչներ), մշակվել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնների» (այսուհետ` Կանոններ) համապատասխան:
2. Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի միջոցների (այսուհետ` գովազդ) տեղաբաշխումը (տեղադրումը) թույլատրվում է Կանոնների և Չափորոշիչների պահանջներին համապատասխան:
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Արտաքին գովազդի միջոց են համարվում Երևան քաղաքի տարածքում տեղադրվող գովազդային տեղեկատու կրողները` անկախ շենքերի, շինությունների և հողամասերի սեփականության ձևից: Դրանց թվում են` վահանակային կայանքները (վահանակները), տանիքային կայանքները, մեծանկարները (պաննո), էլեկտրոնային էկրանները, ցուցանակները, բարձակները, ցուցատախտակները, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարները (մարկիզ), գրաժապավենները (տրանսպարանտ) և այլն:
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Գովազդի տեղաբաշխմանը ( տեղադրմանը) ներկայացվող պահանջները`
1.1 Երևան քաղաքի տարածքում գովազդը և դրանց առանձին մասերը չեն կարող տեղաբաշխվել (տեղադրվել) երթևեկելի մասի մակերևույթից 6 մ-ից ցածր բարձրությամբ եզրաքար չունեցող ճանապարհի կողքին, հողեզրից 3 մ -ից պակաս հեռավորության վրա:
1.2 Գովազդի միջոցները չպետք է`
● խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը.
● սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա.
● առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում՝ նաև անդրադարձող).
● հանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք.
● լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա:
1.3 Կանոններին և Չափորոշիչներին համապատասխան ցանկացած տիպի գովազդի միջոցների տեղաբաշխումը (տեղադրումը) պետք է հիմնավորել համապատասխան նախագծային և տեսողական ընկալման դիտակետից:
1.4 Գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա և պետական ավտոմոբիլային ճանապարհների հարող տարածքներում չպետք է հակասի ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N 2137-Ն և 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշումների պահանջներին:
1.5 Գովազդ տեղադրել չի թույլատրվում`
● բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր.
● թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.
● «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելանոցներում).
● Հանրապետության և Ազատության հրապարակներում.
● ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ.
● փողոցների խաչմերուկների սահմաններից և դրանց մոտեցումներից 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
1.6 Երևան քաղաքի մյուս հրապարակներում, ինչպես նաև դրանց համար մուտքեր և ելքեր հանդիսացող տարածքների առանձին տեղերում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության համաձայնության դեպքում կարող է տեղադրվել գովազդ, եթե այն չի խոչընդոտում ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը և հրապարակների կառուցապատման տեսողական ընկալմանը:
2. Գովազդի առանձին կանգնած մնայուն միջոցների տեսակները`
Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են և բաղկացած են հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից.
2.1 Տեղեկատու դաշտի չափի տեսակներն են`
● մեծ չափերի—3մ X 4մ, 3մ X 6մ և այլ չափերի
● միջին չափերի—1.8մ X1.2մ, 2մ X 3մ
● փոքր չափերի—0.6մ X 0.9մ և ավելի փոքր չափերի.
2.2 Վահանակներին ներկայացվող պահանջներն են`
● երկկողմանի կատարում,
● միակողմանի կատարում, որի դեպքում գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորում է.
2.3 Երևան քաղաքի կենտրոնական հատվածի սահմաններում թույլ է տրվում 0.6մ X 0.9մ, 1.8մ X 1.2մ, ինչպես նաև 3մ X 4մ մակերեսով տեղեկատու դաշտով վահանակների տեղադրումը.
2.4 Երևան քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց.
2.5 Երևան քաղաքի փոքր կենտրոնում արգելվում է 3մ X 6մ չափերի տեղեկատու դաշտով գովազդային վահանակների տեղադրումը: Երևան քաղաքի մյուս հատվածներում 3մ X 6մ և այլ չափերի տեղեկատու դաշտով գովազդային վահանակների տեղադրումը թույլատրվում է համապատասխան նախագծային հիմնավորման առկայության դեպքում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության համաձայնությամբ.
2.6 Երևան քաղաքի կենտրոնական հատվածից դուրս կարող են լինել 1.8մ X 1.2մ, 3մ X 4մ, 3մ X 6մ տեղեկատու դաշտով և այլ չափերի վահանակներ.
2.7 Երևան մտնող մայրուղիներում կարող են տեղադրվել 3մ X 6մ չափից ավելի մեծ չափի տեղեկատու դաշտով վահանակներ, որոնց չափերը յուրաքանչյուր առանձին դեպքում համաձայնեցվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ.
2.8 մայրուղիներում և պողոտաներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն`
● 15քմ—18 քմ և այլ չափերի` 150 մ—200 մ
● 10 քմ—15 քմ` ● 6 քմ—10 քմ` ● 4 քմ—6 քմ` ● 2 քմ—4 քմ` ● մինչև 2 քմ`
100 մ—150 մ
50 մ—75 մ
30 մ—50 մ
15 մ—25 մ
10 մ—15 մ.
2.9 նեղ փողոցներում և նրբանցքներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն`
● 10 քմ—12 քմ՝ |
50 մ—75 մ |
● 6 քմ—10 քմ` |
30 մ—50 մ |
● 4 քմ—6 քմ` |
20 մ—30 մ |
● 2 քմ—4 քմ` |
10 մ —20 մ |
● մինչև 2 քմ` |
10 մ. |
3. Շենքերի, շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման տարրերի վրա տեղաբաշխվող (տեղադրվող) արտաքին գովազդի և տեղեկատվության մնայուն միջոցների տեսակները`
3.1 Տանիքային կայանքներ. ծավալային կամ մակերեսային կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ամբողջովին կամ մասամբ` շենքի ճակատային մասում կամ տանիքին:
3.1.1 Տանիքային կայանքները բաղկացած են կոնստրուկցիայի կրող մասի ամրակցման տարրերից և տեղեկատու կայանքից:
3.1.2 Տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ:
3.1.3 Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով:
3.1.4 Տանիքային կայանքի տեղադրման հայտերն ընդունվում են պատվիրատուի կողմից մասնագիտական փորձաքննություն անցած կոնստրուկցիաների և համաձայնեցված նախագծի առկայության դեպքում:
3.1.5 Կոնստրուկցիաների միջոցով տանիքային կայանքի գովազդային վահանակի տեղադրումը պետք է համաձայնեցվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ:
3.2 Պատի մեծանկարներ (պաննո) կոչվում են արտաքին գովազդի այն միջոցները, որոնք տեղադրվում են շինությունների պատերին հետևյալ ձևերով`
3.2.1 Պատկեր (տեղեկատվական դաշտ), որն անմիջապես շերտածածկում է պատը: Պատկերի կոնստրուկցիան հավաքվում է ամրակցման տարրերից, հիմնակմախքից և տեղեկատու դաշտից:
3.2.2 Պատի մեծանկարները կատարվում են անհատական նախագծի հիման վրա:
3.2.3 Պատի մեծանկարները պարտադիր պետք է ունենան համապատասխան փորձաքննություն անցած կոնստրուկցիաների նախագիծ:
3.2.4 Պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի կամ անմիջական չափերով:
3.3 Բարձակ (կոնսոլային կոնստրուկցիա) են կոչվում երկկողմանի հարթակային վահանակները, որոնք ամրակցվում են կայմասյուներին կամ շենքերի վրա: Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է բարձակները տեղադրել քաղաքային լուսավորման և կոնտակտային ցանցերի կրող կոնստրուկցիաների վրա:
3.3.1 Բարձակները պետք է լինեն երկկողմանի տեսքով և ունենան ներքին լուսավորում:
3.3.2 Հիմքերի վրա (ուղղահայաց) տեղադրվող բարձակների տիպային չափեր են`
● 1.8 մ X 1.2 մ (մայրուղիների, պողոտաների, հրապարակների համար)
● 0.6մ X 0.9մ, 1.0մ X 0.7մ (նեղ փողոցների և նրբանցքների համար) և ավելի փոքր:
3.3.3 Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3մ բարձրության վրա:
3.3.4 Հիմքերի վրա կանգնեցված բարձակները տեղադրվում են երթևեկելի մասից դուրս` մայթի կողմը: Արգելվում է մեկից ավելի բարձակների տեղադրումը մեկ հիմքի վրա:
3.3.5 Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է երկու կողմերի ընդհանուր մակերեսով:
4. Կրկնաձիգ գրաժապավենը (տրանսպարանտ) արտաքին գովազդի տեղեկատվության միջոց է: Այն բաղկացած է հիմքից, ամրակցման սարքավորումից և տեղեկատու պատկերից:
4.1 Գրաժապավենների հեռավորությունն իրարից պետք է լինի 50մ-ից ոչ պակաս:
4.2 Գրաժապավենների բարձրությունը պետք է լինի երթևեկության գծի համեմատ 5մ-ից ոչ պակաս:
4.3 Տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է երկու կողմերի մակերեսով:
5. Էկրանավորող սարքավորումներն արտաքին գովազդի և տեղեկատվության միջոց են:
5.1 Դրանց կոնստրուկցիան ներառում է էկրանավորող (վերարտադրող) սարքավորման մակերես (էկրան) կամ տեղեկատու պատկեր:
5.2 Հարթ պատկերների համար նախատեսված տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է էկրանավորող պատկերի մակերեսով:
6. Արտաքին գովազդի վահանակների միջև սահմանվող հեռավորությունը.
6.1 Արտաքին գովազդի վահանակների միջև եղած հեռավորությունն ըստ տրանսպորտային միջոցների թույլատրվող արագության պետք է կազմի`
6.1.1 60 կմ /ժամ թույլատրվող արագությամբ փողոցների համար մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը`
● 18 քմ—150 մ
● 15 քմ—100 մ
● 6 քմ—50 մ
● 2 քմ—25 մ.
6.1.2 60 կմ/ժամ թույլատրվող արագությունից պակաս փողոցների համար մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավարությունը`
● 18 քմ—80-100 մ
● 6 քմ—50-45 մ
● 2 քմ—20-30 մ:
7. Գովազդային վահանակների ներքևի եզրը պետք է տեղադրված լինի փողոցի մակերեսից 6մ -ից ոչ պակաս բարձրության վրա:
8. Հենասյան հիմքերը հողի ծածկույթում պետք է տեղադրվեն քաղաքաշինական նորմերին և շինարարական տեխնոլոգիաներին համապատասխան` մեկ ամսվա ընթացքում վերականգնելով սիզամարգի ծածկույթը:
9. Չափորոշիչներում չնշված և ՀՀ կառավարության 2002 թ. մարտի 19-ի հ. 270 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված 2.0 քառակուսի մետրից ավելի մակերեսով ֆիրմային նշանների և գովազդվող տարբեր ապրանքանշանների տեղադրումն իրականացվում է Երևանի թաղային համայնքների առաջարկությունների հիման վրա` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության համաձայնեցմամբ:
10. Տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրումը.
10.1 Տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար` |
Ս. Կոշեցյան |