Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-621
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
03.03.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
03.03.2006
Дата вступления в силу
03.03.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1951 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ 1979 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ)` ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

3 մարտի 2006 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1951 թվականի նոյեմբերին ստորագրված (վերանայված 1979 թվականի նոյեմբերին և 1997 թվականի նոյեմբերին)` Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1951 թվականի նոյեմբերին և նպատակն է ապահովել բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների տարածումը և ներթափանցումը կանխարգելող ընդհանուր և արդյունավետ միջոցառումների իրագործումը և դրանց նկատմամբ հսկողության իրականացումը:

2. Կոնվենցիայով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, առանց խախտելու այլ միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, պատասխանատվություն է ստանձնում իր տարածքում սույն կոնվենցիայով նախատեսված պահանջների կատարման համար:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ընդունել կոնվենցիայում նշված օրենսդրական, տեխնիկական և վարչական միջոցառումները,

- հնարավորությունների առավելագույն սահմաններում ձեռնարկել միջոցներ`

ա) բույսերի պաշտպանության ազգային պաշտոնական կազմակերպություն հիմնելու համար,

բ) իր տարածքում հսկվող վնասատուների և նրանց կանխարգելման և վերահսկման վերաբերյալ տեղեկատվության տարածման համար,

գ) բույսերի պաշտպանության բնագավառում հետազոտությունների և ուսումնասիրությունների համար,

դ) ֆիտոսանիտարական կանոնակարգերի մշակման համար,

- համագործակցել մյուս Պայմանավորվող կողմերի հետ համապատասխան տարածքներում բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպություններ ստեղծելու համար և այլն:

4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը համաձայնել են ստեղծել ֆիտոսանիտարական միջոցառումների Հանձնաժողով` Միավորված ազգերի կազմակերպության` պարենի և գյուղատնտեսության կազմակերպության շրջանակներում:

5. Կոնվենցիայով սահմանված են դրա մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման մեխանիզմները:

6. Կոնվենցիան (վերանայված) ուժի մեջ է մտել 2005 թ. հոկտեմբերի 2-ին: 2006 թ. փետրվարի 7-ի դրությամբ կոնվենցիան վավերացրել կամ դրան միացել է 140 պետություն:

7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 10, 33.2., 48 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, նրա առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացումը և բխում են «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով և այլ միջազգային իրավական փաստաթղթերով այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1951 թվականի նոյեմբերին ստորագրված (վերանայված 1979 թվականի նոյեմբերին և 1997 թվականի նոյեմբերին)` Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


3 մարտի 2006 թվականի
ՍԴՈ-621