Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-618
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.02.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
14.02.2006
Дата вступления в силу
14.02.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 փետրվարի 2006 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կամընտիր արձանագրությունն ընդունվել է Նյու Յորքում` ազատազրկված անձանց` խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:

2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիային միացել է 1993 թ. հունիսի 9-ին: Այս կոնվենցիայի հիման վրա ձևավորվել է Խոշտանգումների դեմ կոմիտեն:

3. Արձանագրությամբ ստեղծվում է ազատազրկման վայրեր անկախ միջազգային և ազգային մարմինների կանոնավոր այցելությունների համակարգ, որի նպատակն է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելումը: Նշված համակարգում միջազգային մարմինը, որին վերապահվում է կանոնավոր այցելությունների մանդատը, Խոշտանգումների դեմ կոմիտեի` խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեն է (այսուհետ` Կանխարգելման ենթակոմիտե): Կանխարգելման ենթակոմիտեի մանդատը, բացի ազատազրկման վայրեր կանոնավոր այցելություններից, ներառում է նաև աջակցությունը կանխարգելման ազգային մեխանիզմներին, համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների և իրավասու միջազգային, տարածաշրջանային և ազգային ինստիտուտների կամ կազմակերպությունների հետ:

Արձանագրությամբ սահմանվում են Կանխարգելման ենթակոմիտեի անդամներին ներկայացվող պահանջները, այդ կառույցի ձևավորման կարգը, Ենթակոմիտեի կողմից կատարվող այցելությունների կարգը:

Մասնակից պետությունները պարտավորվում են թույլատրել Կանխարգելման ենթակոմիտեի այցելություններն իրենց իրավազորության և հսկողության ներքո գտնվող ցանկացած վայր, որտեղ անձինք զրկված են կամ կարող են զրկվել իրենց ազատությունից, ինչպես նաև տրամադրել արձանագրության 14 հոդվածով նախատեսված այն բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են Կանխարգելման ենթակոմիտեի մանդատի իրականացման համար:

Կանխարգելման ենթակոմիտեի անդամներն օգտվում են ՄԱԿ-ի 1946 թ. փետրվարի 13-ի` Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի 22-րդ բաժնով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիություններից:

4. Մասնակից պետությունները պարտավորվում են արձանագրությունն` իրենց համար պարտադիր դառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում ստեղծել, նշանակել կամ պահել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելմամբ զբաղվող մեկ կամ մի քանի` այցելություն իրականացնող մարմին` կանխարգելման ազգային մեխանիզմ` երաշխավորելով դրա գործառնական անկախությունը:

Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը ներառում է այցելություններ այն վայրեր, ուր պահվում են ազատությունից զրկված անձինք, նշված անձանց նկատմամբ վերաբերմունքը բարելավելու նպատակով իրավասու մարմիններին հանձնարարականների ներկայացում, օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

Մասնակից պետությունները կանխարգելման ազգային մեխանիզմին տրամադրում են Կանխարգելման կոմիտեին տրամադրվող հնարավորություններին համարժեք հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի իրականացման համար:

5. Արձանագրությամբ երաշխավորվում է Կանխարգելման ենթակոմիտեի և կանխարգելման ազգային մեխանիզմի հետ համագործակցող անձանց, ինչպես նաև արձանագրությամբ ստեղծված համակարգի գործողության շրջանակներում հավաքված անձնական տվյալների պաշտպանությունը:

6. Հայաստանի Հանրապետության կողմից` սույն արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների ստանձնումն իրական երաշխիք կհանդիսանա ՀՀ Սահմանադրության 17 հոդվածում ամրագրված դրույթների իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թ. դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 փետրվարի 2006 թվականի

ՍԴՈ-618