«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50406113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
1 փետրվարի 2006 թ. |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետը.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը»` համաձայն հավելվածի` կցվում է:
2. Սույն որոշումը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 33-րդ հոդվածների համաձայն, պետական իրավական փորձաքննության ենթարկելու և պետական գրանցում ստանալու նպատակով ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
Մարզպետ |
Ս. Բարսեղյան |
Հավելված N 1 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման պայմանները:
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:
4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
գ) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
դ) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
զ) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
5. Տնօրենի ընտրության
1) պարտադիր պայմաններն են.
ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտեր).
դ) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
2) լրացուցիչ պայմաններն են.
ա) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
բ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն ընթացակարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) կողմից կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:
6. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):
Սույն ընթացակարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:
7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութն անցկացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած 5 անդամից:
8. Մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով:
9. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է Մարզպետը:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Աշխատակազմը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց երկու ամիս առաջ 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն մեկ հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):
11. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի հայտարարության տեքստում պարտադիր է նշել`
ա) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է
մրցույթ.
բ) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը, որը չի կարող տվյալ մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել.
գ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.
դ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).
ե) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները).
զ) Աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
12. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Աշխատակազմին ներկայացնում են`
ա) դիմում,
բ) մեկ լուսանկար 3X4 չափի,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
զ) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),
է) եղեկանք մշտական բնակության վայրից,
ը) րատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
թ բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
ժա) տեղեկանք այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ժբ) տեղեկանք այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
ժգ) տվյալ պետական կազմակերպության բարեփոխման ու զարգացման իր կողմից մշակված հայեցակարգը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Աշխատակազմը սույն կետում նշված քաղաքացիներին ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:
Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
13. Քաղաքացին իր հայեցողությամբ կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել հանձնաժողովին, որը այդ մասին կազմում է համապատասխան արձանագրություն:
14. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Աշխատակազմի կնիքով կնքված մատյան: րառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:
Աշխատակազմը, մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին, փաստաթղթերի ընդունման օրը կամ մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ, ապահովում է թեստային առաջադրանքներով:
15. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց` հետ ստանալով փաստաթղթերը:
16. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Մարզպետին:
Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն ընթացակարգի 15-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:
17. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմից ստանում է Հանձնաժողովի կնիքը և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:
18. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում, քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն:
Հանձնաժողովը իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:
Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել կամ մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի:
Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովը անմիջապես ուղարկում է Մարզպետին:
19. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
20. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ, Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից, պատահական ընտրությամբ, ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխան է: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:
Թեստային առաջադրանքները կազմված են առանձին բնագավառներով` հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`
Մարզական գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով մրցույթի մասնակիցների համար`
ա) «ՀՀ Սահմանադրություն»- 5 հարց
բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք- 5 հարց
գ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք-10 հարց
դ) «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենք-10 հարց
ե) «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» - 5 հարց
զ) Համապատասխան կազմակերպության կանոնադրություն - 5 հարց
է) Տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր- 10 հարց:
Մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով մրցույթի մասնակիցների համար`
ա) «ՀՀ Սահմանադրություն» - 5 հարց
բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք - 5 հարց
գ) «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք -10 հարց
դ) «Աշխատանքային օրենսգիրք» - 5 հարց
ե) Համապատասխան կազմակերպության կանոնադրություն- 5 հարց
զ) Տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր- 20 հարց:
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
21. Թեստավորումն անցկացվում է գրավոր կամ, հնարավորության դեպքում, համակարգչի միջոցով:
22. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:
23. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:
24. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:
25. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն ընթացակարգի 17-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` 2 օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը և հայրանունը, և անջատելով այն հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:
26. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է, իսկ մաքրած լինելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
27. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է:
28. Հանձնաժողովի քարտուղարը, թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:
29. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով ճիշտ) պատասխան:
Թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը՝ նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
30. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
31. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:
32. Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի 2-րդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը` վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:
33. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:
34. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
35. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները և ամփոփաթերթը հանձնել Հանձնաժողովին: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:
V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
36. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:
37. Թեստավորման աշխատանքները ստուգվում են սույն ընթացակարգի 20-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:
38. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների ամփոփաթերթերում նշված պատասխանները:
39. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:
40. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխանը չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 31-րդ կետով նախատեսված դեպքը:
41. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:
Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
42. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն ընթացակարգի 41-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ` Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում է կտրոնի համարը և արձանագրվում, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսները):
43. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
44. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
45. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
46. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
47. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
48. Բողոքարկման արդյունքները ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն ընթացակարգի 44-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:
Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Մարզպետին:
VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
49. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:
50. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցը անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:
51. Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Մասնակցին պատրաստվելու համար տրվում է 10 րոպե ժամանակ, իսկ հարցատոմսի համարն արձանագրվում է:
Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ մասնակցի կողմից տրված պատասխանը գնահատվում է ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամը բարձրաձայն հայտարարում է ճիշտ պատասխանը:
52. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է:
Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:
Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
53. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
54. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:
Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
55. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվերարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ուղարկում է Մարզպետին:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
56. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը, անմիջապես:
Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:
Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`
ա) Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ.
բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
գ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:
57. Սույն ընթացակարգի 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:
58. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Մարզպետը:
Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 66-րդ կետի «թ-ժդ, ժը, ժթ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է Մարզպետին:
Աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:
Բողոքը Մարզպետը քննության է առնում Աշխատակազմում այն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքի քննարկմանը կարող են ներգրավվել Աշխատակազմի համապատասխան մասնագետներ, որոնք ուսումնասիրում են տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:
Բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս Մարզպետի տվյալ նիստին, որպես կանոն, չեն մասնակցում մարզպետարանի այն աշխատակիցները, ովքեր տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ: Նրանք բողոքի քննարկմանը կարող են հրավիրվել միայն անհրաժեշտության դեպքում:
Բողոքը քննության առնելիս Մարզպետը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
Սույն կետի 7-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը մրցույթի մասնակցի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
59. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 58-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը Աշխատակազմը ներկայացնում է Մարզպետին: Եզրակացությունը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, Մարզպետը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով և կարգադրությամբ նշանակում է պաշտոնում:
60. Սույն ընթացակարգի 58-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն ընթացակարգի 59-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 58-րդ կետի 7-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները):
61. Եզրակացության մեջ պետք է նշվեն`
ա) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ.
բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
գ) հաղթող ճանաչված մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.
դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը)` թեստավորման փուլում.
ե) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
62. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
63. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, եզրակացությանը կից ներկայացվում են Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:
64. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն ընթացակարգի 18-րդ կետի 4-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում:
65. Աշխատանքները ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմին անմիջապես հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:
66. Հանձնաժողովը, հանձնման ակտով, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատակազմին փոխանցում է Հանձնաժողովի կնիքը, մրցութային փաթեթը, որն իր մեջ, սույն ընթացակարգի 12-րդ կետ 1-ին պարբերությունում նշված փաստաթղթերից բացի, ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`
ա) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
բ) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
գ) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և/կամ չթույլատրելու մասին որոշումը.
դ) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
ե) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
զ) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.
է) թեստավորման արդյունքների ամփոփելու մասին արձանագրությունը.
ը) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
թ) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.
ժ) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
ժա) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
ժբ) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
ժգ) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
ժդ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
ժե) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
ժզ) թեստավորման առաջադրանքների տետրերը.
ժէ) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.
ժը) քվեաթերթիկները.
ժթ) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
ի) այլ փաստաթղթեր:
67. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն ընթացակարգի 66-րդ կետում նշված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
68. Սույն ընթացակարգի 16-րդ կետի 1-ին, 18-րդ կետի 4-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում, մեկամսյա ժամկետում, հրապարակվում է հայտարարություն` կրկնակի մրցույթ անցկացնելու մասին:
Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:
69. Եթե կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ:
70. Մրցույթ հայտարարելուց հետո սույն ընթացակարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2014, N 18-Ն | 13.03.2014, N 15-Ն | |
25.04.2013, N 67-Ն | 11.06.2013, N 15-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|