Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 47448/12
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Исходный акт (04.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 08.08.2023
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
04.07.2023
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
04.07.2023
Дата вступления в силу
04.07.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՆԱԼԹԱԿՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 47448/12)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

4 հուլիսի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]` Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածին համապատասխան Հավելված I-ում [A1] նշված դիմումատուների (դիմումատուներ) կողմից, որոնց ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Գ. Մարգարյանը, տկն Մ. Ղուլյանը և տկն Ս. Սահակյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի հունիսի 13-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 47448/12),

գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը, որին ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը,

կողմերի դիտարկումները,

2023 թվականի հունիսի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուների գույքի օտարմանը (մանրամասների համար տե՛ս Հավելված II) և դրան հետևող դատական վարույթներին:

2. 2010 թվականի փետրվարի 25-ին «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն [“A&M RARE” LLC] (Ընկերություն), որը գրանցվել էր 2010 թվականի փետրվարի 5-ին դրա հիմնադրվելուց անմիջապես հետո՝ նույն օրը, դիմում է ներկայացրել Կառավարություն՝ հանքային ջրերի գործարան կառուցելու նպատակով Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում հող ձեռք բերելու համար:

3. Նույն օրը Կառավարությունն ընդունել է թիվ 241-Ն որոշումը (Որոշում)՝ հաստատելով Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում օտարման ենթակա գոտիները, որոնք ներառում էին դիմումատուներին պատկանող գյուղատնտեսական հողերը: Որոշման մեջ նշված էր, որ օտարումը հիմնավորված էր գերակա հանրային շահով՝ տարածքային համաչափ զարգացումն ապահովելու նպատակով հանքային ջրերի գործարանի կառուցման ներդրումային նախագիծն իրականացնելու համար: Որոշման համաձայն՝ նախագծի արդյունավետ իրականացումը հնարավոր չէր լինի ապահովել առանց տվյալ գույքի օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել էր՝ հաշվի առնելով, ի թիվս այլ գործոնների, դրանց դասավորությունը, դիրքը և թարմ հանքային ջրերի առկայությունը:

4. Որոշումն ուժի մեջ է մտել 2010 թվականի ապրիլի 10–ին։

5. 2010 թվականի հուլիսի 13-ին Ընկերությունն ուղարկել է անշարժ գույքի օտարման պայմանագրերի նախագծերը դիմումատուներ Երվանդ Նալթակյանին, Յուրիկ Նալթակյանին, Մեխակ Աբրահամյանին, Խորեն Նալթակյանին, Ծովինար Մաթևոսյանին, Մարգուշ Բադալյանին, Լյովա Սամսոնյանին, Արթուրիկ Առուստամյանին և Ալեքսան Թավաքալյանին, որոնք կա՛մ իրենց պատկանող գույքի միակ սեփականատերերն էին, կա՛մ նրանց անունները գույքի նկատմամբ սեփականության վկայականներում առաջինն էին նշված (սեփականատեր հանդիսացող դիմումատուներ): Այդ պայմանագրերի նախագծերը պարունակում էին Ընկերության կողմից վարձված՝ անշարժ գույքի գնահատման մասնավոր ընկերություն «Տոսպ» ՍՊԸ-ի կողմից հունիս ամսին տրամադրված անշարժ գույքի գնահատման հաշվետվություններում սահմանված շուկայական արժեքին համապատասխան փոխհատուցման առաջարկներ:

6. 2010 թվականի դեկտեմբերի 21-ին Ընկերությունը հայցեր է ներկայացրել Կոտայքի մարզի դատարան (Մարզային դատարան) սեփականատեր հանդիսացող դիմումատուների դեմ՝ համապատասխանաբար 2010 թվականի հունիսին և նոյեմբերին «Տոսպ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված գնահատման և վերագնահատման հաշվետվությունների հիման վրա (որոնք ցույց էին տալիս, որ շուկայական արժեքում փոփոխություն չէր եղել): Մարզային դատարանն Ընկերության պահանջով չէր ծանուցել սեփականատեր հանդիսացող դիմումատուներին տվյալ հայցերի մասին այն հիմքով, որ Որոշման մեջ առկա էին որոշակի անճշտություններ՝ տվյալ հողակտորների չափսերի վերաբերյալ:

7. 2011 թվականի փետրվարի 10-ին Կառավարությունն ընդունել է թիվ 100-Ն որոշումը, որով փոփոխություններ է կատարել Որոշման մեջ՝ սահմանելու համար դիմումատուների (բացի Ծովինար Մաթևոսյանից և Արարատ Տեր-Մկրտչյանից) հողակտորների ճշգրիտ չափսերը:

8. 2011 թվականի փետրվարի 18-ին Ընկերությունը սեփականատեր հանդիսացող դիմումատուների դեմ հայցեր է ներկայացրել Մարզային դատարան՝ նրանց հողակտորները փոխհատուցում վճարելու դիմաց ձեռք բերելու նպատակով: Ի պաշտպանություն իր հայցերի՝ այն վկայակոչել է 2011 թվականի փետրվարի 10-ի փոփոխություններով Որոշումը, համապատասխանաբար 2010 թվականի հունիսի և նոյեմբերի գնահատման և վերագնահատման հաշվետվությունները և «Տոսպ» ՍՊԸ-ի կողմից տրված վկայականները, որոնցում նշված էին տվյալ հողակտորների ճշգրտված չափսերը, և որոնք պարունակում էին համապատասխան ճշգրտումներ՝ շուկայական գնի վերաբերյալ (գումարներն ավելացվել կամ պակասեցվել էին որոշ դիմումատուների համար կամ մնացել էին անփոփոխ մյուսների համար):

9. Սեփականատեր հանդիսացող դիմումատուները գրավոր փաստարկներ են ներկայացրել՝ կասկածի տակ դնելով օտարման համար հանրային շահի առկայությունը, նշելով, որ տվյալ գյուղական համայնքի բնակիչները զրկվելու էին իրենց համար կենսական նշանակություն ունեցող գույքից այն իմաստով, որ նրանք այլևս չէին կարողանա մշակել իրենց հողերը: Նրանք այնուհետև պնդել են, որ ամբողջ գործընթացը կամայական է եղել: Մասնավորապես Ընկերությանը չէր հաջողվել օտարման գործընթացը սկսել Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) եռամսյա ժամկետի ընթացքում, այսինքն՝ մինչև 2010 թվականի հուլիսի 10-ը՝ այդպիսով կորցնելով նրանց գույքը ձեռք բերելու իրավունքը («Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի (Օրենք) 10-րդ և 16-րդ հոդվածներ): Ընդ որում, իր հայցերն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքին համապատասխան անշարժ գույքի գնահատման հաշվետվություններով հիմնավորելու փոխարեն Ընկերությունը ներկայացրել էր վկայականներ (գրություններ), որոնք չէին կարող նրանց գույքի շուկայական արժեքի որոշման համար օրինական հիմք ծառայել: Անգամ եթե այդ վկայականներում նշվում էին իրենց գույքի ճշգրիտ չափսերը, դրանցում նշված շուկայական արժեքը հիմնված չէր ճշգրիտ չափսերի վրա՝ հաշվի առնելով, որ նրանց հողակտորների չափսերի ճշգրտումներից հետո որևէ նոր գնահատում չէր կատարվել:

10. Վարույթի ընթացքում սեփականատեր հանդիսացող դիմումատուները Մարզային դատարան են ներկայացրել ի պատասխան իրենց հարցմանն Անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից տրված գրավոր պարզաբանում այն մասին, որ տվյալ վկայականներն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի նպատակներով չէին կարող համարվել գնահատման հաշվետվություն:

11. 2011 թվականի ապրիլին Մարզային դատարանը ծանուցել է դիմումատուներ Գուրգեն Ղազարյանին, Հրանուշ Առուստամյանին, Անահիտ Նալթակյանին, Համբարձում Նալթակյանին, Արկադի Բադալյանին, Արմինե Նալթակյանին, Վարդանուշ Նալթակյանին, Արշալույս Աբրահամյանին, Ռուդոլֆ Աբրահամյանին, Ռադիկ Աբրահամյանին, Նիկոլայ Առուստամյանին, Լևոն Առուստամյանին, Սերոժ Նալթակյանին, Նաիրա Նալթակյանին, Վարսենիկ Նալթակյանին և Արարատ Տեր-Մկրտչյանին (համատեղ սեփականատեր հանդիսացող դիմումատուներ) այն մասին, որ նրանք ներգրավվել էին վարույթում որպես համապատասխանողներ: Համատեղ սեփականատեր հանդիսացող դիմումատուները ներկայացրել են նմանատիպ փաստարկներ (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը):

12. Մարզային դատարանը մերժել է իրենց գույքի դատափորձագիտական գնահատում նշանակելու վերաբերյալ դիմումատուների պահանջն այն հիմքով, որ «Տոսպ» ՍՊԸ-ն անշարժ գույքի լիցենզավորված գնահատող էր, և որ հետագայում տրված վկայականներն ընդամենը լրացրել են նախկինում ներկայացված գնահատման և վերագնահատման հաշվետվությունները:

13. 2011 թվականի հունիսի 14-ին կայացված թվով 10 վճիռներով Մարզային դատարանը թույլատրել է օտարումը՝ Ընկերության կողմից առաջարկված փոխհատուցման գումարի վճարմամբ՝ օրենքով սահմանված 15% հավելումով (մանրամասների համար տե՛ս 2-րդ հավելվածը): Հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 328-րդ և 329-րդ հոդվածների (ամսական սահմանաչափերի հաշվարկման) վրա՝ Մարզային դատարանը գտել է, որ Ընկերությունը պահպանել է համապատասխան ժամկետները (պայմանագրերն ուղարկելու և փոխհատուցման գումարները դեպոնացնելու համար), քանի որ նրանց վերջին օրերը համընկել էին ոչ աշխատանքային օրերի հետ՝ երկարաձգելով դրանք մինչև հաջորդ աշխատանքային օրը: Այն նաև գտել է, որ գույքի գնահատումը կատարվել էր կիրառելի օրենսդրությանը համապատասխան, և որ փոխհատուցումը ողջամիտ էր:

14. 2011 թվականի հուլիսի 14-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ կրկնելով իրենց փաստարկները՝ Ընկերության կողմից համապատասխան ժամկետները չպահպանելու և գնահատման գործընթացում խախտումների մասին, ինչը հանգեցրել էր ոչ ողջամիտ փոխհատուցման: Համատեղ սեփականատեր հանդիսացող դիմումատուները պնդել են, որ Ընկերությանը չի հաջողվել որևէ գործողություն ձեռնարկել համատեղ սեփականության իրենց մասնաբաժինների առնչությամբ: Մարզային դատարանը սխալվել է Քաղաքացիական օրենսգրքի 329-րդ հոդվածի մեկնաբանման և կիրառման առումով, քանի որ մասնավոր իրավունքի կանոնները չէին կարող կիրառելի լինել հանրային շահի համար գույքից հարկադրաբար զրկելու իրավահարաբերության նկատմամբ, որը կարգավորվում էր ձեռք բերողի գործողությունների ժամկետների հաշվարկի համար հատուկ կանոններ պարունակող Օրենքով:

15. 2011 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշումներ է կայացրել, որոնցով ամբողջությամբ ուժի մեջ է թողել Մարզային դատարանի վճիռները: Ինչ վերաբերում է համատեղ սեփականատեր հանդիսացող դիմումատուներին, ապա այն հիմնվել է Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որի համաձայն՝ համատեղ սեփականության յուրաքանչյուր սեփականատեր իրավունք ուներ տնօրինելու համատեղ սեփականություն հանդիսացող գույքը, եթե այլ բան նախատեսված չէր համատեղ սեփականատերերի համաձայնությամբ, ինչը թույլ կտար հետևություն անել, որ նման դեպքերում առկա է եղել կանխավարկած այն մասին, որ բոլոր սեփականատերերը հաստատել էին այն գործարքը, որը կնքվել էր սեփականատերերից մեկի կողմից:

16. Դիմումատուները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, որոնք 2011 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 7-ին, 14-ին և 23-ին Վճռաբեկ դատարանի կողմից անընդունելի են ճանաչվել հիմքերի բացակայության պատճառով:

17. Սահմանադրական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը) սահմանադրականության վերաբերյալ 2012 թվականի փետրվարի 24-ի իր որոշման մեջ նշել է, որ դրա կիրառումը հեռու էր որոշակի լինելուց դատական պրակտիկայում, և շեշտել է գույքի համատեղ սեփականության բոլոր սեփականատերերի իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ նշելով, որ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ սեփականատերերից մեկի կողմից գործարք կնքվելու դեպքում պահանջվում է բոլոր համատեղ սեփականատերերի համաձայնությունը:

18. Դիմումատուները բողոք են ներկայացրել, որ նրանք զրկվել են իրենց գույքից՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջների խախտմամբ:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ թիվ 1 արձանագրության 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

19. Դատարանն ի սկզբանե նշել է, որ դիմումատուներ Յուրիկ Նալթակյանը, Մարգուշ Բադալյանը և Խորեն Նալթակյանը գանգատը ներկայացնելուց հետո մահացել են (համապատասխան ամսաթվերի համար տե՛ս Հավելված I): Նրանց ժառանգները՝ համապատասխանաբար դիմումատուներ Երվանդ Նալթակյանը, Արկադի Բադալյանը և Սերոժ Նալթակյանը, դիմել են նրանց փոխարեն գանգատի առնչությամբ քննությունը շարունակելու համար:

20. Հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը և նախադեպային իրավունքի համապատասխան սկզբունքները՝ Դատարանն ընդունում է, որ դիմումատուներ Երվանդ Նալթակյանը, Արկադի Բադալյանը և Սերոժ Նալթակյանն ունեն անհրաժեշտ locus standi (դատարան դիմելու իրավունքը)՝ մասնակցելու վարույթներին մահացած դիմումատուների (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) անունից (տե՛ս Մնացականյանն ընդդեմ Հայաստանի [Mnatsakanyan v. Armenia], թիվ 2463/12, §§ 39-43, 2022 թվականի դեկտեմբերի 6, հաջորդող հղումներով):

21. Կառավարությունը նշել է, որ Սահմանադրական դատարանի 2012 թվականի փետրվարի 24-ի որոշումը կայացվելուց հետո դիմումատուները (բացի Վարսենիկ Նալթակյանից, Լյովա Սամսոնյանից և Ալեքսան Թավաքալյանից) փորձել են վերաբացել իրենց գործերը, սակայն Դատարանին չեն տեղեկացրել նրանց բողոքներն անընդունելի ճանաչելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումների մասին՝ պնդելով, որ դա չանելը հանգեցրել էր գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման:

22. Դատարանը վերահաստատում է, որ տեղեկատվություն չտրամադրելու ոչ բոլոր բացթողումներն են հանգեցնում չարաշահման. նշված տեղեկատվությունը պետք է վերաբերի այն կարևոր զարգացումներին, որոնք խոչընդոտում են Դատարանի՝ փաստերի լիարժեք իմացությամբ գործով որոշում կայացնելը (տե՛ս Գևորգյանը և այլք (որոշում) [Gevorgyan and others (dec.)], թիվ 66535/10, § 33, հետագա հղումներով):

23. Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթը վերաբացելու մասին վերը նշված դիմումատուների պահանջները՝ առանց վիճարկվող իրավական դրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ լրացուցիչ վերլուծության: Այդ պատճառով Դատարանը համոզված չէ, որ դիմումատուների կողմից տվյալ զարգացումների մասին չտեղեկացնելը հանգեցրել է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման (որպես համեմատություն տես վերևում հիշատակված՝ Գևորգյանը և այլք գործը, §§ 34-39): Հետևաբար այն մերժում է Կառավարության առարկությունը։

24. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, ոչ էլ անընդունելի է որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

25. Կողմերի համար ընդհանուր դիրքորոշում է այն, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով տեղի է ունեցել «գույքից զրկում»:

26. Կիրառելի ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Վիստինշը և Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի գործում ([GC] [ՄՊ], թիվ 71243/01, §§ 95-99 և 108-114, 2012 թվականի հոկտեմբերի 25, տե՛ս նաև Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի [Osmanyan and Amiraghyan v. Armenia], թիվ 71306/11, §§ 51-53, 60 և 62-63, 2018 թվականի հոկտեմբերի 11):

27. Չի վիճարկվում այն հարցը, որ օտարումը կատարվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի օրենքին համապատասխան (Օրենք): Այնուամենայնիվ, դիմումատուները պնդում էին, որ անկանխատեսելի էր այն, թե ինչպես էր ներպետական դատարանը մեկնաբանել և կիրառել Օրենքը:

28. Հաշվի առնելով այն, թե ինչպես են ներպետական դատարանները դիտարկել դիմումատուի փաստարկները, ներառյալ՝ համապատասխան ժամկետների պահպանման, գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկի, և որ ամենակարևորն է, համատեղ սեփականատերերի կողմից օտարման գործընթացին ներգրավված չլինելու առնչությամբ (տե՛ս վերևում՝ 9-15-րդ և 17-րդ պարբերությունները), Դատարանը դեռևս կասկածում է, թե արդյոք վիճարկվող օտարումը կարող է համարվել կատարված «օրենքով նախատեսված պայմաններով»: Այնուամենայնիվ, Դատարանը անհրաժեշտ չի համարում լուծել այդ հարցը, քանի որ վիճարկվող օտարումը խախտում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածն այլ պատճառներով (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխութուններով), վերևում հիշատակված՝ Վիստինշի և Պերեպյոլկինսի գործը, § 105 և ստորև՝ 30-րդ պարբերությունը):

29. Ինչ վերաբերում է վիճարկվող օտարման նպատակի իրավաչափությանը, ապա Կառավարությունը հիմնվել է Որոշման մեջ նշված պատճառների վրա (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը): Դատարանը չունի որևէ համոզիչ ապացույց, որի հիման վրա կեզրակացներ, որ այդ պատճառներն ակնհայտորեն զերծ էին որևէ ողջամիտ հիմքից (որպես համեմատություն տե՛ս Տկաչևն ընդդեմ Ռուսաստանի [Tkachevy v. Russia] գործը, թիվ 35430/05, § 50, 2012 թվականի փետրվարի 14, և տե՛ս վերևում հիշատակված՝ Օսմանյանի և Ամիրաղյանի գործը , § 61):

30. Ի վերջո, Դատարանը վերահաստատում է, որ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմաններն էական նշանակություն ունեն ցանկացած գնահատման համար այն առումով, թե արդյոք վիճարկվող միջոցով պահպանվում է անհրաժեշտ արդարացի հավասարակշռությունը, և մասնավորապես, արդյոք այն անհամաչափ բեռ է ստեղծում դիմումատուների համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Վիստինշի և Պերեպյոլկինսի գործը, §§ 110-114):

31. Ներպետական իրավունքի համաձայն՝ դիմումատուները պետք է իրենց գույքի գնահատված շուկայական արժեքին համապատասխան լրիվ փոխհատուցում ստանային և 15% հավելում՝ այդ գումարին: Այնուամենայնիվ, Մարզային դատարանը դիմումատուների փոխհատուցման չափը որոշել է միայն «Տոսպ» ՍՊԸ-ի կողմից նախապատրաստված գնահատման հաշվետվությունների հիման վրա՝ Որոշման մեջ փոփոխություններ կատարվելուց հետո տրված վկայականներով, և մերժել է իրենց գույքի իրական շուկայական արժեքը որոշելու համար փորձաքննություն նշանակելու մասին դիմումատուների պահանջը, որը, ինչպես իրենք էին պնդում, գնահատվել էր ոչ բավարար (տե՛ս վերևում՝ 7-8-րդ և 12-13-րդ պարբերությունները):

32. Ելնելով վերոնշյալից՝ դիմումատուները, օրենքով այլընտրանքային գնահատման հաշվետվություններ ներկայացնելու հնարավորություն ունենալով, չեն օգտվել այդ հնարավորությունից և չեն պարզաբանել դա չանելու պատճառները (որպես համեմատություն տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] գործը, թիվ 27651/05, § 85, 2009 թվականի հունիսի 23, և վերևում հիշատակված՝ Օսմանյանի և Ամիրաղյանի գործը, § 20):

33. Հաշվի առնելով Մարզային դատարանի կողմից իր հայեցողական լիազորություններն իրականացնելուց հրաժարվելը դիմումատուների գույքի փորձագիտական գնահատման մասով այն դեպքում, երբ վերջիններս, ինչպես նշվել է, այլընտրանքային գնահատում չեն ցանկացել՝ Դատարանն իր տրամադրության ներքո առկա նյութերի հիման վրա գտնում է, որ առկա չեն այն բաղադրիչները, որոնք բավարար են ցույց տալու համար, որ դիմումատուների հողի շուկայական արժեքն էականորեն ցածր է գնահատվել (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Օսմանյանի և Ամիրաղյանի գործը, § 66):

34. Ելնելով վերոնշյալից՝ դիմումատուները ներպետական դատարաններ և Դատարան են ներկայացրել փաստարկներ (տե՛ս վերևում՝ 9-րդ և 11-րդ պարբերությունները), որ որպես գյուղական տարածքում ապրող մարդիկ նշված հողը նրանց գործունեության և գոյության միջոցն էր: Ներպետական դատարաններն այս հիմնական հայեցակետին չեն անդրադարձել, ոչ էլ հաշվի են առել փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում այն առումով, որ նրանք չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք տրվող փոխհատուցումը ծածկելու էր դիմումատուների իրական կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որ նրանք իրենց բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեին (նույն տեղում, §§ 69-71):

35. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ անհատական բեռ կրել։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1–ին հոդվածի խախտում:

 

II. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ

 

36. Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա՝ դիմումատուները նաև մի շարք բողոքներ էին բարձրացրել արդար լսումների բացակայության առնչությամբ: Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, կողմերի փաստարկները և իր վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ այն անդրադարձել է գործով հիմնական իրավական հարցին, և որ կարիք չկա քննության առնելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն դիմումատուների ներկայացրած բողոքները (տե՛ս Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Amirkhanyan v. Armenia], թիվ 14156/07, § 56, 2019 թվականի հոկտեմբերի 17, և Ղասաբյանը և այլք ընդդեմ Հայաստանի, թիվ 23566/05, § 29, 2014 թվականի նոյեմբերի 13):

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

37. Դիմումատուները պահանջել են 571 969 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, որը ներառում էր հողի (արդյունաբերական նշանակության) շուկայական արժեքը 2022 թվականի դրությամբ՝ օրենքով սահմանված 15% հավելումով: Բացի այդ, նրանք խնդրել են Դատարանին իրենց շնորհել փոխհատուցում ոչ նյութական վնասի համար և պահանջել են 14 685 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:

38. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները:

39. Հաշվի առնելով հայտնաբերված խախտման բնույթը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուները, անկասկած, կրել են որոշակի նյութական և ոչ նյութական վնասներ (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Օսմանյանի և Ամիրաղյանի գործը, § 75)։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուներին շնորհում է II հավելվածում նշված գումարները՝ վնասի բոլոր կետերի մասով՝ գումարած նրանցից գանձման ենթակա ցանկացած հարկ:

40. Վերջում, հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա փաստաթղթերը, Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին համատեղ շնորհել 2 000 եվրո՝ Դատարանի վարույթում կրած ծախսերի և ծախքերի համար՝ գումարած նրանցից գանձման ենթակա ցանկացած հարկ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ կարիք չկա քննության առնելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների ընդունելիությունը և կատարելու դրանց ըստ էության քննություն.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(1) նյութական և ոչ նյութական վնասի դիմաց՝ II հավելվածում նշված գումարները,

(2) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5 Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 4-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վալենտին Նիկոլեսկու՝

Անյա Սիբերտ Ֆուա՝

Բաժանմունքի քարտուղարի

տեղակալի պաշտոնակատար

Նախագահ
 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Դիմումատուների ցանկը.

 

Թիվ

Դիմումատուի անունը

Ծննդյան տարեթիվը

Քաղաքացիությունը

Բնակության վայրը

1.

Երվանդ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1958

ՀՀ

Արտավազ

2.

Արշալույս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1950

ՀՀ

Փյունիկ

3.

Մեխակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1948

ՀՀ

Փյունիկ

4.

Ռադիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1982

ՀՀ

Փյունիկ

5.

Ռուդոլֆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1972

ՀՀ

Արտավազ

6.

Արթուրիկ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

1964

ՀՀ

Արտավազ

7.

Հրանուշ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

1968

Փախստականի կարգավիճակ

Արտավազ

8.

Լևոն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

1987

Փախստականի կարգավիճակ

Արտավազ

9.

Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

1989

Փախստականի կարգավիճակ

Արտավազ

10.

Արկադի ԲԱԴԱԼՅԱՆ

1961

ՀՀ

Հրազդան

11.

Մարգուշ ԲԱԴԱԼՅԱՆ

1935

Մահացել է 2020 թվականին

ՀՀ

Արտավազ

12.

Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ

1968

ՀՀ

Արտավազ

13.

Ծովինար ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

ՀՀ

Արտավազ

14.

Անահիտ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1957

ՀՀ

Արտավազ

15.

Արմինե ՆԱԼԹԱԿՅԱՆ

1986

ՀՀ

Արտավազ

16.

Համբարձում ՆԱԼԹԱԿՅԱՆ

1985

ՀՀ

Արտավազ

17.

Խորեն ՆԱԼԹԱԿՅԱՆ

1956

Մահացել է 2017 թվականին

ՀՀ

Արտավազ

18.

Նաիրա ՆԱԼԹԱԿՅԱՆ

1979

Փախստականի կարգավիճակ

Արտավազ

19.

Սերոժ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1981

ՀՀ

Արտավազ

20.

Վարդանուշ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1961

ՀՀ

Արտավազ

21.

Վարսենիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1982

ՀՀ

Արտավազ

22.

Յուրիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1929

Մահացել է 2020 թվականին

ՀՀ

Արտավազ

23.

Լյովա ՍԱՄՍՈՆՅԱՆ

1962

ՀՀ

Երևան

24.

Ալեքսան ԹԱՎԱՔԱԼՅԱՆ

1979

ՀՀ

Հրազդան

25.

Արարատ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ

1968

ՀՀ

Արտավազ

 

ՀԱՎԵԼՎԱԾ II

 

Դիմումատուների ցանկը՝ ըստ գույքի միավորների.

 

Թիվ

Դիմումատուի անունը

Հողակտորների չափսը հեկտարով և սեփականության ձևը

Հողի յուրաքանչյուր միավորի դիմաց ներպետական փոխհատուցման չափը հայկական դրամով

Նյութական և ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը եվրոյով

1.

Երվանդ ՆԱԼԹԱԿՅԱՆ

Արմինե ՆԱԼԹԱԿՅԱՆ

Համբարձում ՆԱԼԹԱԿՅԱՆ

Վարդանուշ ՆԱԼԹԱԿՅԱՆ

1,13 հա, համատեղ սեփականություն

2,536,400

10,800 (միասին)

2.

Խորեն ՆԱԼԹԱԿՅԱՆ

Անահիտ ՆԱԼԹԱԿՅԱՆ

Վարսենիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ

Սերոժ ՆԱԼԹԱԿՅԱՆ

Նաիրա ՆԱԼԹԱԿՅԱՆ

1,012 հա, համատեղ սեփականություն

2,290,800

10,800 (միասին)

3.

Յուրիկ ՆԱԼԹԱԿՅԱՆ

0,475 հա

1,114,600

10,800 (որը պետք է վճարվի Երվանդ Նալթակյանին)

4.

Մեխակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արշալույս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռադիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռուդոլֆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1,051 հա, համատեղ սեփականություն

2,344,300

10,800 (միասին)

5.

Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ

Երեք միավոր՝

0,399 հա, 0,73 հա և 0,94 հա, համատեղ սեփականություն

համապատասխանաբար՝ 941,850, 698,050 և 624,800

10,800

6.

Արթուրիկ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Հրանուշ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Լևոն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

1,223 հա, համատեղ սեփականություն

1,262,700

10,800 (միասին)

7.

Արկադի ԲԱԴԱԼՅԱՆ

Մարգուշ ԲԱԴԱԼՅԱՆ

0,798 հա, համատեղ սեփականություն (համապատասխանաբար
1/4 և 3/4)

656,650

10,800 (միասին)

8.

Լյովա ՍԱՄՍՈՆՅԱՆ

0,408 հա

966,000

10,800

9.

Ալեքսան ԹԱՎԱՔԱԼՅԱՆ

Երկու միավորներ 0,479 հա և 0,094 հա

1,736,350

10,800

10.

Ծովինար ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արարատ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ

0,49 հա, համատեղ սեփականություն

1,130,450

10,800 (միասին)