Գլխավոր տեղեկություն
Номер
N 533-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2006-10.04.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.532
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2006
Дата вступления в силу
27.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 533-Ն

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12, 13, 14, 18-րդ կետերի, 19-րդ հոդվածի 2-րդ մասի ու 4-րդ մասի 1-ին կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվությունների ձևերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 3-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 533-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման ու մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ` մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց,

բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց,

գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող ունկնդրի համար.

բ) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների հաշվին` առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող ունկնդրի համար.

գ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`

ա) սույն կարգի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից,

բ) սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից:

7. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումն իրականացվում են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` 6 ամիսը:

9. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունը գործազուրկ և հաշմանդամ ունկնդրին սույն կարգի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցներից վճարում է կրթաթոշակ` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

10. Ունկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք (բացառությամբ Երևան քաղաքի թաղային համայնքների) մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

12. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:

Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին:

13. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրով:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՀԱՇՎԻՆ

 

14. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր տարվա սկզբում և պարբերաբար` զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք մասնագիտական ուսուցման դասընթացների մասին։

15. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

ա) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

բ) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային կենտրոնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:

16. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ:

17. Գործակալությունն իր իրավասության սահմաններում, տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա, ապահովում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

18. Գործակալությունը պայմանագրի պատճենը տրամադրում է համապատասխան տարածքային կենտրոնին:

19. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր:

Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի և գործազրկության նպաստի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:

20. Տարածքային կենտրոնը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում գործակալություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի վճարումները հիմնավորող փաստաթղթերը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):

21. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված` վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում ըստ ֆինանսավորման աղբյուրների կազմում և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

22. Հիմնադրամը մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:

Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

23. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) գրավոր դիմում է գործակալություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և դասընթացներում ընդգրկվողների թիվը:

24. Գործակալությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նրա հետ կնքում պայմանագիր: Պայմանագրի պատճենը եռօրյա ժամկետում տրամադրվում է տարածքային կենտրոնին:

25. Տարածքային կենտրոնը կազմակերպության կողմից իրականացվող դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման` սույն կարգի 19-րդ կետում նշված ուղեգիրը:

26. Դասընթացն սկսվելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը կազմակերպությունը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում դասընթացին ունկնդիրների մասնակցության մասին:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Գործակալությունը յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամ է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցների հաշվին իրականացված մասնագիտական ուսուցման ծախսերի ֆինանսավորման, վճարումների, պարտքերի և ֆինանսավորող մարմին վերադարձված գումարների մասին հաշվետվություն, իսկ հիմնադրամը նույն պարբերականությամբ գործակալություն է ներկայացնում ներկայացված հայտ-պահանջագրերի ֆինանսավորման մասին հաշվետվություն:

28. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին:

29. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված` սույն կարգի 28-րդ կետում նշված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում ամփոփ հաշվետվություն:  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան