ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2002 թվականի N 532-Ն
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի երկրորդ ու երրորդ մասերին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել`
ա) ջրի ազգային խորհրդի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ջրի ազգային խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 10-ից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Ջրի ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:
2. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, այլ օրենքներին և սույն կանոնակարգին համապատասխան:
4. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
5. Խորհրդի նախագահը`
ա) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը: Իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունը հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկին.
բ) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.
գ) խորհրդին է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը.
դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի աշխատանքը:
6. Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար:
7. Խորհրդի քարտուղարը`
ա) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
բ) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.
գ) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
դ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
8. Խորհրդի անդամն իրավունք ունի`
ա) մասնակցելու խորհրդի նիստերին` վերջինիս իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
բ) խորհրդի նիստերում հանդես գալու առաջարկություններով.
գ) խորհրդի որոշմամբ իրականացնելու այլ լիազորություններ:
9. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Խորհրդի անդամները նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ անում են մինչև հարցի զեկուցումն ու քվեարկությունից առաջ: Զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մյուս առաջարկությունները: Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:
11. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի 1 ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից: Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն:
12. Խորհուրդն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ու քաղաքացիներից պահանջելու տեղեկանքներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր:
13. Խորհրդի նիստերում, բացի խորհրդի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու խորհրդի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհուրդը կարևոր հարցերի վերաբերյալ կարող է կազմակերպել ընդլայնված լսումներ` հրավիրելով պաշտոնատար անձանց և մասնագետների: Խորհրդի քննարկումների բովանդակային խնդիրները ենթակա են հրապարակման: Խորհուրդը տարեկան մեկ անգամ հրապարակայնորեն հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:
Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ:
14. Խորհուրդն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների:
Աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետների վարձատրությունը խորհրդի ներկայացմամբ, սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:
15. Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով: Խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում են անհրաժեշտ նյութեր, սարքեր, սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային տարածք և տրանսպորտային միջոցներ, որոնց տրամադրման կարգը խորհրդի ներկայացմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մարգարյան | - | ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Հ. Աբրահամյան | - | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (խորհրդի նախագահի տեղակալ) |
Դ. Լոքյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Վ. Այվազյան | - | ՀՀ բնապահպանության նախարար |
Ա. Արամյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար |
Կ. Աթոյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Հակոբյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Վ. Մովսիսյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական |
Գ. Մարտիրոսյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Ներսիսյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
Վ. Դավիդյանց | - | ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Հ. Թոքմաջյան | - | Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
- | Կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Լ. Գյումիշյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ |
Ռ. Նազարյան | - | ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Անդրիասյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
(Կազմը փոփ. 19.08.03 N 390-Ն, լրաց. N 02.12.03 N 619-Ն, լրաց., փոփ. 12.04.04 N 203-Ն, փոփ. 20.07.05 N 553-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|