Գլխավոր տեղեկություն
Номер
N 70-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2005-14.05.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.01/8(185) Հոդ.98
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.02.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
23.02.2005
Дата вступления в силу
11.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005129

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 փետրվարի 2005 թ.

N 70-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անվճարունակ բանկի կողմից Հիմնադրամին ներկայացվող տեղեկության տրամադրման և Հիմնադրամի կողմից երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է): 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. փետրվարի 23
Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Կ Ա Ր Գ

Անվճարունակ բանկի կողմից Հիմնադրամին ներկայացվող տեղեկության տրամադրման և Հիմնադրամի կողմից երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Սույն կարգով սահմանվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև՝ Օրենք) սահմանված անվճարունակ բանկի կողմից ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին (այսուհետև՝ Հիմնադրամ) ներկայացվող հատուցման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը ու կարգը և Հիմնադրամի կողմից երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման կարգը:

1.2 Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:


ԳԼՈՒԽ 2. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Անվճարունակ բանկը Օրենքով սահմանված դեպքում Հիմնադրամ է ներկայացնում հատուցման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների, նրանց ավանդների, ինչպես նաև ավանդատուի բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների (ներառյալ պարտավորության հիմնական գումարը, տոկոսները, տուգանքները և տուժանքները) չափի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ՝ սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևով (կցվում է):

2.2. Աղյուսակ 1-ի «Ավանդատուների քանակը» տողում լրացվում է հատուցման դեպքի տեղի ունենալու օրվա դրությամբ բոլոր ավանդատուների քանակը, իսկ «Ավանդների ընդհանուր գումարը» տողում՝ բոլոր ավանդների ընդհանուր գումարը: Աղյուսակ 1-ը լրացվում է հազար դրամներով:

2.3. Աղյուսակ 2-ում լրացվում են տեղեկություններ միայն երաշխավորված ավանդների և այն ավանդատուների վերաբերյալ, որոնց ավանդները երաշխավորված են: Աղյուսակ 2-ը լրացվում է հազար դրամներով, ներառյալ հարյուրերորդականները: Արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը հաշվարկվում է հատուցման դեպքի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

2.3.1. «Անուն, Ազգանուն, Հայրանուն» և «Անձնագրի, կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները» սյունակներում նշվում են ավանդատուի նույնականացման տվյալները՝ հատուցում ստացած ավանդատուի անունը, ազգանունը և հայրանունը, նրա անձնագրի, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները: Այն դեպքում, երբ ավանդատուն ունի մի քանի ավանդ, առանձին տողերում նշվում են նրա բոլոր ավանդները: Ընդ որում, մի քանի ավանդ ունեցող ավանդատուի վերաբերյալ 1-ին և 2-րդ սյունակներով սահմանված տվյալները լրացվում են տվյալ ավանդատուին վերաբերող բոլոր տողերում:

2.3.2. «Ավանդի պայմանագրի համարը, կամ ավանդատուի նկատմամբ այլ պարտավորության տվյալները» սյունակում լրացվում են ավանդատուի պայմանագրի համարը, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ ավանդատուի նկատմամբ պարտավորության տարբերակիչ համարը:

2.3.3. «Ավանդի արժույթը» և «Բանկի նկատմամբ պարտավորության արժույթը» սյունակներում լրացվում են համապատասխանաբար ավանդի և բանկի նկատմամբ ավանդատուի ունեցած պարտավորության արժույթի ԻՍՈ կոդը:

2.3.4. «Ավանդի գումարը» և «Պարտավորության գումարը» սյունակներում լրացվում են՝ համապատասխանաբար փաստացի ներդրված ավանդի և ստանձնած պարտավորության գումարները, առանց հավելագրված տոկոսների և հաշվարկված տույժերի, տուգանքների:

2.3.5. «Ավանդի վրա հավելագրված տոկոսներ» և «Պարտավորության վրա հավելագրված տոկոսներ և հաշվարկված տույժեր, տուգանքներ» սյունակներում լրացվում են՝ համապատասխանաբար տվյալ ավանդի և պարտավորության վրա հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները:

2.3.6. «Ավանդի գծով հաշվարկված տույժեր, տուգանքներ» և «Պարտավորության գծով հաշվարկված տույժեր, տուգանքներ» սյունակում լրացվում են՝ համապատասխանաբար ավանդի և ավանդատուի բանկի նկատմամբ ունեցած պարտավորության վրա հաշվարկված տույժերը և տուգանքները:

2.3.7. «Ընդամենը, այդ թվում» տողերը և «-դրամով» և «-արտարժույթով» ենթատողերը լրացվում են յուրաքանչյուր ավանդատուի համար միայն «Ավանդի գումարը», «Ավանդի վրա հավելագրված տոկոսները», «Պարտավորության գումարը», «Պարտավորության վրա հավելագրված տոկոսները և հաշվարկված տույժերը, տուգանքները» և «Պարտավորության գծով հաշվարկված տույժեր, տուգանքներ» սյունակներում:

2.4. Աղյուսակ 3-ում ներկայացվում են տեղեկություններ այն ավանդատուների վերաբերյալ, որոնց ավանդները Օրենքի համաձայն չեն համարվում երաշխավորված: «Ավանդի չերաշխավորման պատճառները» սյունակում ներկայացվում են ավանդի հատուցումը չերաշխավորելու Օրենքով սահմանված հիմքերը:


ԳԼՈՒԽ 3. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

3. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում.

3.1. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է երկու միլիոն դրամից, ապա երաշխավորված ավանդի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ երկու միլիոն դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

3.2. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է մեկ միլիոն դրամից, ապա երաշխավորված ավանդի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ մեկ միլիոն դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

3.3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն կարգի 3.1 կետի համաձայն: Եթե ստացված գումարը մեծ կամ հավասար է մեկ միլիոն դրամին, ապա արտարժութային ավանդը չի մասնակցում երաշխավորված ավանդի հաշվարկմանը: Եթե ստացված գումարը փոքր է մեկ միլիոն դրամից, ապա հաշվարկվում է նաև երաշխավորված ավանդի արտարժութային մասը, ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է մեկ միլիոնից, ապա հաշվարկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ մեկ միլիոնի և հաշվարկված երաշխավորված ավանդի տարբերությունը չգերազանցող չափով:

3.4. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի պարտավորություն, ապա երաշխավորված ավանդը հաշվարկվում է ավանդատուի ավանդի և բանկի նկատմամբ ունեցած պարտավորության դրական տարբերության հիման վրա:

3.5. Եթե ավանդատուն բանկում ունի և դրամային և արտարժութային ավանդ և միևնույն ժամանակ բանկի նկատմամբ ունի դրամային և արտարժութային պարտավորություն, ապա դրանց տարբերությունները հաշվարկվում են հետևյալ կերպ.

ա) հաշվարկվում է դրամային ավանդի և դրամային պարտավորության տարբերությունը,

բ) հաշվարկվում է արտարժութային ավանդի և արտարժութային պարտավորության տարբերությունը,

գ) սույն կետի ա) և բ) ենթակետերի հաշվարկների դրական արդյունքների դեպքում, երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն կարգի 3.3 կետի համաձայն,

դ) սույն կետի ա) և բ) ենթակետերի հաշվարկներից մեկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է վերը նշված երկու տարբերությունների հանրագումարը,

ե) ստացված արդյունքի դրական լինելու դեպքում հաշվարկվում է երաշխավորված ավանդը: Ընդ որում, եթե ստացված դրական տարբերությունը դրամային է, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 3.1 կետի, հակառակ դեպքում՝ համաձայն սույն կարգի 3.2 կետի:

 3.6. Արտարժութային ավանդները և պարտավորությունները հաշվարկվում են դրամային արտահայտությամբ՝ համապատասխան հատուցման դեպքի տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով:


ԳԼՈՒԽ 4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4.1. Անվճարունակ բանկերը սույն կարգով սահմանված տեղեկությունները Հիմնադրամ են ներկայացնում էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև մինչև Հիմնադրամի Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միանալը, կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում տեղեկությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով և փաստաթղթային տեսքով: Տեղեկությունները Հիմնադրամ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» և բարձր ծրագրերով): Փաստաթղթային տեսքով ներկայացված հաշվետվությունները պետք է կնքված լինեն բանկի կնիքով և ստորագրվեն անվճարունակ բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) կամ գործադիր տնօրենի (վարչության նախագահի) իրավասությունները և պարտականությունները կատարող անձի՝ ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար կամ լուծարային կառավարիչ և գլխավոր հաշվապահի կողմից: Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված:

4.2. Սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հիմնադրամի կողմից ընդունված տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում են գրավոր ապացույցներ:

4.3. Անվճարունակ բանկերը հաշվետվությունները էլեկտրոնային տեսքով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորում են «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակում» կանոնակարգ 3-ով (այսուհետև՝ Կանոնակարգ 3) սահմանված կարգով:

4.4. Անվճարունակ բանկերը սույն կարգով սահմանված տեղեկությունները Հիմնադրամ են ներկայացնում Հիմնադրամի կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հայտարարությունը հրապարակելու պահից տասնօրյա ժամկետում:

4.5. Տեղեկությունները համարվում են ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ մեխանիկական թերություն:

4.6. Հիմնադրամը, հատուցման դեպքն առաջանալիս, Օրենքով սահմանված այլ տեղեկությունները կարող է ստանալ անվճարունակ բանկից «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
                             

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի փետրվարի 16-ի
թիվ 70-Ն որոշման

էջ1,  2

Հաշվետվություն
Անվճարունակ բանկի կողմից Հիմնադրամին ներկայացվող տեղեկությունը
մեկանգամյա