«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թ. N 297
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի պետական հանրախանութը սեփականաշնորհել միջազգային մրցույթով (այսուհետև՝ մրցույթ):
2. Երևանի պետական հանրախանութի մեկնարկային գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:
3. Երևանի պետական հանրախանութը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով, կազմը կցվում է):
4. Երևանի պետական հանրախանութը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5. Սահմանել Երևանի պետական հանրախանութի սեփականաշնորհման մրցույթի անցկացման հետևյալ պայմանները՝
5.1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն սեփականաշնորհման այն սուբյեկտները, որոնք սահմանված կարգով սույն որոշման 12.1-ին և 12.2-րդ կետերին համապատասխան վճարել են մրցույթի մասնակցության և գրանցման վճարներն ու ներկայացրել մրցույթին մասնակցելու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը՝ սույն որոշման 5.2-րդ կետին համապատասխան:
5.2. Դիմողները մրցույթի մասնակցի կարգավիճակ ստանալու համար պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
հայտ (ձևը կարելի է ստանալ հանձնաժողովից),
առաջարկություն սեփականաշնորհվող օբյեկտի գնի վերաբերյալ (փակ ծրարով),
մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը հաստատող վճարային փաստաթղթերի պատճենները,
ձեռնարկության կարգավիճակ ունեցող մասնակիցների հիմնադիր փաստաթղթերի պատճենները,
այն անձի (անձանց) լիազորագիրը (լիազորագրերը), որը (որոնք) մրցույթի անցկացման ժամանակ ներկայացնելու է (են) մրցույթի մասնակից ձեռնարկությունները (կնքված տվյալ ձեռնարկության կնիքով) կամ քաղաքացիների խմբերը (հաստատված նոտարի կողմից),
բիզնես-պլան սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար (փակ ծրարով):
5.3. Սեփականաշնորհվող օբյեկտի գնի վերաբերյալ առաջարկությունը և սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար կազմված բիզնես-պլանը պետք է ներկայացվեն երեք օրինակից (կնքված փակ ծրարներով, այսուհետև՝ ներքին ծրար): Ներքին ծրարները պետք է տեղադրվեն մեկ այլ կնքված ծրարի (այսուհետև՝ արտաքին ծրար) մեջ: Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող մյուս փաստաթղթերը պետք է ներկայացվեն մեկ օրինակից և դրվեն արտաքին ծրարի մեջ:
5.4. Մրցույթին ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն տպագիր, ստորագրված լինեն դիմողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից և կնքված լինեն ձեռնարկության կնիքով (եթե դիմողն ունի ձեռնարկության կարգավիճակ): Ներքին ծրարներով ներկայացվող մրցութային փաստաթղթերի բոլոր էջերը նույնպես պետք է ստորագրված լինեն դիմողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից և կնքված լինեն ձեռնարկության կնիքով (եթե դիմողն ունի ձեռնարկության կարգավիճակ):
5.5. Արտաքին և ներքին ծրարները պետք է հասցեագրված լինեն հանձնաժողովին (հասցեն նշվում է մրցույթի տեղեկագրում): Դրանց վրա պետք է նշված լինեն նաև սեփականաշնորհվող օբյեկտի անվանումը և «Չբացել մինչև 1997 թվականի հոկտեմբերի 15-ը» մակագրությունը:
5.6. Ներքին ծրարների վրա պետք է նշվեն նաև մրցույթի մասնակցի անվանումը և հասցեն:
5.7. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև սույն որոշման 11.3-րդ կետում նշված ժամկետը պետք է ներկայացվեն հանձնաժողովին:
5.8. Մրցութային փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջին ժամկետից հետո ներկայացվող առաջարկությունները չեն դիտարկվում և չբացված ներքին ծրարներով վերադարձվում են դիմողներին:
5.9. Սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնողը հանձնաժողովից ստանում է այդ փաստաթղթերն ստանալու մասին ծանուցում: Փոստային առաքման դեպքում դիմողներն իրենց առաջարկությունների փաթեթը պետք է ուղարկեն «Ծանուցման պահանջով» մակագրությամբ:
5.10. Դիմողը կարող է մինչև մրցույթի անցկացման օրը փոփոխություններ կատարել իր առաջարկության մեջ կամ հետ վերցնել այն՝ դրա մասին դիմում ներկայացնելով հանձնաժողովին:
5.11. Մրցութային առաջարկությունների փոփոխության մասին տեղեկանքը պետք է կազմվի սույն որոշման 5.3-5.9-րդ կետերի պահանջների համաձայն: Մրցութային առաջարկը հետ վերցնելու մասին ծանուցումը կարելի է ուղարկել նաև հեռագրով՝ հետագայում այն հաստատելով համապատասխան գրավոր հայտարարությամբ, մինչև մրցույթի անցկացման օրը:
5.12. Մրցութային առաջարկները չեն կարող փոփոխվել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետից հետո:
5.13. Մրցութային առաջարկներում դրամական միջոցները պետք է արտահայտված լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով (դրամով) կամ միջազգային առևտրում լայնորեն օգտագործվող այլ արժույթով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով): Տարբեր արժույթներով արտահայտված առաջարկները համեմատվում են մրցույթի անցկացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի հետ:
5.14. Դիմողների ներկայացրած առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի անցկացման օրը հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը հայտարարում է ստացված հայտերի քանակը և դիմողների անվանումները: Հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և կազմում արձանագրություն, որի մեջ նշվում են ինչպես այն դիմողների անվանումները, որոնք ստացել են մրցույթի մասնակցի կարգավիճակ, այնպես էլ այն դիմողների անվանումները, որոնց ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում մրցույթի անցկացման պայմաններին:
5.15. Հանձնաժողովը քննարկում է մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները՝ հիմք ընդունելով մրցույթի հաղթողի որոշման կարգը (սույն որոշման 6-րդ կետ):
5.16. Հանձնաժողովն իրավասու է առանց պատճառաբանության մերժելու մրցույթի մասնակիցների ներկայացրած բոլոր առաջարկությունները:
5.17. Դիմողները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի անցկացման արարողությանը՝ ծրարների բացմանը, դիմողների առաջարկների հրապարակմանն ու մրցույթի արդյունքների հայտարարմանը:
5.18. Հանձնաժողովը, մրցույթի հաղթողին ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո մրցույթի արդյունքների արձանագրությունը (երեք օրինակից) ուղարկում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն՝ հաստատման:
5.19. Մրցույթի արդյունքների արձանագրության պատճեններն ուղարկվում են մրցույթի բոլոր մասնակիցներին:
5.20. Հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
5.21. Մրցույթը համարվում է չկայացած, եթե սահմանված ժամկետում ոչ մի առաջարկություն չի ստացվել կամ ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի անցկացման պայմաններին ու մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջներին:
5.22. Մրցույթը համարվում է անվավեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
5.23. Միայն մեկ առաջարկությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
6. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը սեփականաշնորհվող օբյեկտի համար առաջարկում է առավելագույն գին:
7. Սահմանել մրցույթի հաղթողին սեփականության իրավունքի փոխանցման հետևյալ կարգը՝
7.1. Մրցույթի հաղթողի հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը՝ հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
7.2. Եթե մրցույթի հաղթողը երկու ամսվա ընթացքում չի կնքում նշված պայմանագիրը, ապա մրցույթի մասնակցության վճարը նրան չի վերադարձվում, և մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:
7.3. Մրցույթի հաղթողը, ստանալով մրցույթի հանձնաժողովի արձանագրության պատճենը, պարտավոր է ձեռնարկության ձեռքբերման համար իր առաջարկած գումարը սույն որոշման 8.1-ին կետով սահմանված ժամկետներում վճարել պայմանագրում նշված հաշվի համարին: Եթե հաղթողն այդ գումարը նշված ժամկետում չի վճարում, ապա նա զրկվում է տվյալ օբյեկտի սեփականատեր դառնալու իրավունքից: Այդ դեպքում մրցույթի մասնակցության վճարը նրան չի վերադարձվում:
8. Սահմանել վճարումների հետևյալ կարգը՝
8.1. Մրցույթի հաղթողը սեփականաշնորհվող ձեռնարկության ձեռքբերման համար իր առաջարկած գումարը պարտավոր է վճարել հանձնաժողովի կողմից արձանագրությունն ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
8.2. Մրցույթի հաղթողի կողմից մրցույթի մասնակցության համար վճարված գումարը ներառվում է օբյեկտի վաճառքի գնի մեջ: Անկախ մրցույթի արդյունքներից՝ գրանցման վճարը չի ներառվում օբյեկտի վաճառքի գնի մեջ և չի վերադարձվում:
8.3. Դիմողներին (բացի մրցույթի հաղթողից) մրցույթի մասնակցության վճարները վերադարձվում են մրցույթի ավարտից հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում:
8.4. Վճարումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով (դրամով) ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տասը աշխատանքային օրվա ընթացքում բացել հատուկ հաշիվ՝ միջազգային մրցույթների անցկացման հետ կապված վճարումներն իրականացնելու համար:
10. Հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով (այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) հրապարակել տեղեկատվություն մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին, ինչպես նաև սեփականաշնորհվող ձեռնարկության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ տեղեկություններ:
11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ սույն որոշման հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մրցույթի տեղեկագիրն արտասահմանյան երկրներում հրատարակելու համար:
12. Մրցույթի անցկացման այլ պայմաններ՝
12.1. Սահմանել գրանցման վճարի չափը՝ 100000,0 դրամ:
12.2. Սահմանել մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 100,0 մլն դրամ:
12.3. Սահմանել հայտի ներկայացման վերջին օրը, ժամը և տեղը՝ 1997 թվականի հոկտեմբերի 15-ը, ժամը 14.00-ն, քաղ. Երևան, կառավարական 3-րդ շենք, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն, 219 սենյակ:
12.4. Սահմանել մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը՝ 1997 թվականի հոկտեմբերի 15-ը, ժամը 14.30-ը, քաղ. Երևան, կառավարական 3-րդ շենք, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Կ Ա Զ Մ
մրցութային հանձնաժողովի
Ն. Խաչատրյան | - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Նանագուլյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Շ. Կարամանուկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |