Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-615
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
09.11.2005
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
09.11.2005
Дата вступления в силу
09.11.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

9 նոյեմբերի 2005 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև փոխըմբռնման երկրորդ հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա հուշագիրն ստորագրվել է 2005 թ. հոկտեմբերի 26-ին: Հուշագրով «Լինսի» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 60 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ` մի շարք ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են դպրոցների և ճանապարհների նորոգմանը, գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, այդ թվում.

ա) Ճանապարհների վերանորոգման ծրագիր, որի համար նախատեսվում է տրամադրել 20.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումար (նախնական գումարի չափը` 17.100.000 ԱՄՆ դոլար),

բ) Երևանի փողոցների վերանորոգման ծրագիր, որի համար նախատեսվում է տրամադրել 20.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումար (նախնական գումարի չափը` 17.125.000 ԱՄՆ դոլար),

գ) Կրթական հաստատությունների վերականգնման ծրագիր, որում ընդգրկված են 17 հանրակրթական դպրոցների շենքերի կառուցում, վերակառուցում և վերանորոգում: Տրամադրվող գումարի չափը կազմում է 20.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումար (նախնական գումարի չափը` 17.100.000 ԱՄՆ դոլար):

2. Հուշագրով սահմանվում են դրամաշնորհի տրամադրման պայմանները և ժամկետները (մինչև 2008 թ. սեպտեմբերի 30-ը), դրանց համար անհրաժեշտ նախապայմանները: Հուշագրի դրույթները և դրանով սահմանված պայմաններն առավել մանրամասնելու և ճշգրտելու նպատակով Պայմանավորվող կողմերի միջև հետագայում կկնքվեն Իրագործման կոնկրետ համաձայնագրեր, որոնք կկազմեն հուշագրի անբաժանելի մասը:

3. Սույն հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

- ապահովել ծրագրերի կատարման կազմակերպումը հուշագրով նախատեսված կարգով և սահմանված պայմաններին համապատասխան,

- չնախատեսել և չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ծրագրերի կատարման ընթացքում փոփոխել հուշագրով նախատեսված իրավական հիմքերը,

- բացառել «Լինսի» հիմնադրամի ունեցվածքի բռնագրավումը կամ այլ կերպ դրան վնաս հասցնելը, կամ դրա նկատմամբ նրա իրավազորության սահմանափակումը,

- հատկացված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, քան նախատեսված է հուշագրով, և այդ միջոցներով չֆինանսավորել այնպիսի գործունեության տեսակներ, որոնք հուշագրի պայմաններով արգելվում են,

- ծրագրերի կատարման համար երաշխավորել հուշագրով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրումը,

- ժամանակին ներկայացնել պահանջվող հաշվետվությունները, ապահովել գաղտնի տեղեկատվության պահպանումը,

- «Լինսի» հիմնադրամի, նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) կամ հուշագրով նախատեսված ծրագրի ղեկավարի և այլ սուբյեկտների փոխարեն իրավական պատասխանատվություն կրել հուշագրով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման կամ իրագործման ժամանակ երրորդ անձանց կամ նրանց ունեցվածքին հասցված վնասի համար:

4. Հուշագրով նախատեսվում են Կողմերի միջև վեճերի լուծման` միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր և սահմանվում է դրանց լուծման կարգը:

Հուշագրում նշված է նաև ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի պահանջն առ այն, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են և օրենքների նորմերի հետ հակասության դեպքում դրանց նորմերը կիրառվում են միայն այդ պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո:

5. Հուշագրում նախատեսված են դրույթներ` դրա ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի և գործողության դադարեցման վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև փոխըմբռնման երկրորդ հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

9 նոյեմբերի 2005 թվականի

ՍԴՈ-615