Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2648/22
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Исходный акт (06.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 21.03.2024
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
06.02.2024
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
06.02.2024
Дата вступления в силу
06.02.2024

 Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Թ.Ա.-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 2648/22)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

6 փետրվարի 2024թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Թ.Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],

Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ բաժանմունքի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1956 թվականին ծնված և Արթիկում բնակվող Հայաստանի քաղաքացի պրն Թ.Ա.-ի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 2648/22), որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Ալումյանը,

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի համաձայն դիմումատուի՝ հոգեբուժական հաստատությունում ենթադրաբար անհիմն պահման և նրա անձնական ու ընտանեկան կյանքի ենթադրյալ անհիմն սահմանափակումների, ինչպես նաև նրա նամակագրության հետ կապված բողոքների մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պարոն Ե. Կիրակոսյանի, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի համարելու վերաբերյալ որոշումը,

դիմումատուի անունը չհրապարակելու վերաբերյալ որոշումը,

գանգատն առաջնահերթ կարգով քննության առնելու վերաբերյալ որոշումը (Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոն),

կողմերի դիտարկումները,

2024 թվականի հունվարի 16-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուին հարկադիր բուժման նպատակով հոգեբուժական հաստատությունում տեղավորելուն:

2. 2015 թվականի դեկտեմբերի 24-ին դիմումատուն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն վեց տարբեր հանցագործությունների վերաբերյալ, ներառյալ՝ սպանության և ծեծի, որը հանգեցրել է մարդու մահվան, և մատնանշել է այդ հանցագործությունների ենթադրյալ կատարողներին:

3. Ենթադրյալ հանցագործությունների քննությամբ պարզվել է, որ դրանք երբեք չեն կատարվել: Արդյունքում դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հանցագործության մասին կեղծ հաղորդում ներկայացնելու համար:

4. Այս քրեական վարույթի շրջանակներում 2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված դատահոգեբանական և հոգեբուժական համատեղ փորձաքննությմամբ կատարվել է եզրակացություն առ այն, որ դիմումատուն տառապում է օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարմամբ, հոգեկան հիվանդ է, և նրան անհրաժեշտ է հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում:

5. 2016 թվականի դեկտեմբերի 26-ին քննիչը դիմել է Շիրակի մարզի [ընդհանուր իրավասության] դատարան (Ընդհանուր իրավասության դատարան)՝ դիմումատուի նկատմամբ հարկադիր բժշկական միջոցներ կիրառելու խնդրանքով:

6. 2018 թվականի փետրվարի 9-ին Ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ դիմումատուն կեղծ հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ: Այնուհետև պարզվել է, որ դիմումատուն ենթակա չէ քրեական պատասխանատվության իր հոգեկան հիվանդության պատճառով և պետք է հարկադիր բուժում անցնի հոգեբուժական հաստատությունում:

7. Դիմումատուի ներկայացրած վերաքննիչ բողոքից հետո Քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը դատավարական հիմքերով և դադարեցնել քրեական վարույթը:

8. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա 2021 թվականի հունիսի 25-ին Վճռաբեկ դատարանը դատավարական հիմքերով բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և անփոփոխ թողել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Արդյունքում դիմումատուն 2021 թվականի հուլիսի 14-ին տեղավորվել է հոգեբուժական հաստատություն:

9. 2022 թվականի հունվարի 24-ին հոգեբուժական հաստատությունը դիմում է ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարան՝ դիմումատուի հարկադիր բուժումը դադարեցնելու և տեղամասային հոգեբույժի հսկողության ներքո նրա բուժումն ամբուլատոր պայմաններում կազմակերպելու համար՝ պատճառաբանելով, որ դիմումատուն վտանգ չի ներկայացնում հասարակության համար, նրա վարքագիծը ադեկվատ է, և ընտանիքը պնդում է փոխել հարկադրաբար անազատության մեջ պահելու միջոցը: Դիմումը հիմնավորվել է հոգեբուժական հաստատության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ, որում ընդգրկված է եղել նաև դիմումատուի բժիշկը: Վերջինս հաջորդ դատական նիստին հանդես է եկել որպես հոգեբուժական հաստատության ներկայացուցիչ:

10. Հիմք ընդունելով դիմումատուի և նրա դստեր՝ ախտորոշումը հերքող հայտարարությունները, ինչպես նաև չցանկանալով շարունակել ընդունել դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ է համարել դիմումատուի բժիշկը, 2022 թվականի փետրվարի 22-ին Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դիմումը՝ վճռելով, որ դիմումատուի նկատմամբ հարկադիր բժշկական միջոցառումները պետք է պահպանվեն: Դատարանը նաև պարզել է, որ դիմումատուի բժշկի հայտարարությունն այն մասին, որ դիմումատուի հարազատները պարբերաբար դիմել են հարկադիր բժշկական միջոցի տեսակը փոխելու համար, տպավորություն է ստեղծել, որ հոգեբուժական հաստատության կողմից ներկայացված դիմումը պայմանավորված է դիմումատուի հարազատների մշտական ճնշումներով, և ոչ թե դիմումատուի առողջական վիճակի դրական փոփոխություններով:

11. 2022 թվականի մայիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Ընդհանուր իրավասության դատարանի պատճառաբանությունը: Այնուհետև այն եզրակացրել է, որ դիմումատուի դստեր տված հավաստիացումները, որ դիմումատուն կընդունի նշանակված դեղորայքը սահմանված հարկադիր բժշկական միջոցի փոփոխության դեպքում, ապակողմնորոշիչ է և նպատակ ունի պարզապես ստեղծելու տպավորություն, որ դիմումատուի բուժումը կկրի մշտական բնույթ և չի դադարեցվի:

12. 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հոգեբուժական հաստատությունը ներկայացրել է մեկ այլ դիմում Ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով դիմումատուի հարկադիր բուժումը դադարեցնելու և այն փոխարինելու ամբուլատոր բուժմամբ՝ տեղամասային հոգեբույժի հսկողության ներքո:

13. 2023 թվականի հունվարի 9-ին Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և դադարեցրել հոգեբուժական հաստատությունում դիմումատուի հարկադիր բուժումը, ինչի արդյունքում դիմումատուն նույն օրը ազատ է արձակվել: Դիմումատուն պնդել է, որ դատարանը համաձայնել է ձեռնարկել այդ միջոցը միայն այն բանից հետո, երբ նա համաձայնել է ընդունել, որ ինքը կեղծ հաղորդում է ներկայացրել հանցագործությունների մասին:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

14. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ հոգեբուժական հաստատությունում իր հարկադիր պահվելը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի պահանջներին:

15. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով սույն բողոքն ակնհայտ անհիմն չէ, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն փաստարկը, որ դիմումատուն այլևս տուժող չէ, քանի որ հոգեբուժական հաստատությունում նրա հարկադիր բուժումը դադարեցվել է: Դիմումատուի համար ընդունելի որոշումը կամ միջոցը սկզբունքորեն բավարար չէ նրան «տուժողի» կարգավիճակից զրկելու համար՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակներից ելնելով, բացառությամբ եթե ազգային իշխանությունները ակնհայտ կամ ըստ էության չեն ճանաչել և հետագայում փոխհատուցում տրամադրել Կոնվենցիայի խախտման համար (տե՛ս Սելահաթթին Դեմիրթաշն ընդդեմ Թուրքիայի [Selahattin Demirtaş v. Turkey] (թիվ 2)[ՄՊ] գործը, թիվ 14305/17, կետ 218, 2020 թվականի դեկտեմբերի 22): Չի ճանաչվել Դիմումատուի ազատության իրավունքի խախտման կամ դրա հետ կապված որևէ հատուցում տրամադրելու փաստ, և նա պարզապես դուրս է գրվել հոգեբուժական հաստատությունից գրեթե տասնութ ամիս անց, քանի որ նրա՝ հոգեբուժական հաստատությունում գտնվելն ու ստացիոնար բուժումն այլևս արդարացված չի համարվել (տե՛ս վերևը նշված 13-րդ պարբերությունը):

16. Անմեղսունակ անձանց ազատությունից զրկման հիմքերին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Իլնսեհերնն ընդդեմ Գերմանիայի գործում [Ilnseher v. Germany] ([ՄՊ], թիվ 10211/12 և 27505/14, կետեր 126-41, 2018 թվականի դեկտեմբերի 4):

17. Դատարանը կրկնում է, որ անձը չի կարող ազատությունից զրկվել որպես «անմեղսունակ», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները՝ նախ՝ պետք է հավաստիորեն ապացուցվի, որ նա հոգեկան հիվանդ է, այսինքն՝ իրավասու մարմնի կողմից, օբյեկտիվ բժշկական զննության հիման վրա, պետք է հաստատվի իրական հոգեկան խանգարում, երկրորդ՝ հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որն արդարացնի հոգեբուժական հաստատությունում հարկադիր գտնվելը, երրորդ, հոգեբուժական հաստատությունում շարունակական գտնվելու հիմնավորումը կախված է նման խանգարման առկայությունից (տե՛ս վերը հիշատակված Իլնսեհերնի գործը, կետ 127):

18. Ընդհանուր իրավասության դատարանի եզրակացությունը, որ դիմումատուն ենթակա չէ քրեական պատասխանատվության հոգեկան հիվանդության հիմքով, հիմնված է դատահոգեբանական և հոգեբուժական համատեղ փորձաքննության եզրակացության վրա: Եզրակացության մեջ մանրամասն ներկայացված են այն պատճառները, թե ինչու է դիմումատուն համարվում օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում ունեցող: Դատարանը պատճառ չունի քննադատելու տրված եզրակացությունները: Այսպիսով, առաջին պայմանի առնչությամբ հարցեր չեն առաջանում:

19. Այնուամենայնիվ, անդրադառնալով երկրորդ պայմանին՝ Դատարանը նշում է, որ ո՛չ դատահոգեբանական և հոգեբուժական համատեղ փորձաքննության եզրակացությամբ, ո՛չ էլ Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ չեն պատճառաբանել, թե ինչու է դիմումատուի վիճակը համարվել այն տեսակի կամ աստիճանի, որով հիմնավորվի հոգեբուժական հաստատությունում հարկադիր գտնվելը (տե՛ս վերևը հիշատակված 4-րդ և 6-րդ պարբերությունները): Թեև դատահոգեբանական և հոգեբուժական համատեղ փորձաքննության եզրակացությունը ցույց է տվել, որ դիմումատուին անհրաժեշտ է հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում, սակայն հոգեբուժական հաստատությունում հարկադիր գտնվելու այդպիսի անհրաժեշտության հիմնավորումը չի ներկայացվել: Պարզվում է, դիմումատուի հոգեկան հիվանդության փաստն ինքնին բավարար հիմք է համարվել հոգեբուժական հաստատությունում նրա հարկադիր տեղավորման և բուժման համար:

20. Ավելին, Դատարանը նախկինում նշել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համատեքստում, որ անձի կալանքը լրջագույն միջոց է, որն արդարացված է միայն այն դեպքում, եթե դիտարկվել են այլ ավելի մեղմ միջոցներ և ճանաչվել անբավարար՝ անձի կամ հանրային շահի պաշտպանության համար (տե՛ս վերը հիշատակված Իլնսեհերնի գործը, կետ 137, Դ.Ռ.-ն ընդդեմ Լիտվայի գործը [D.R. v. Lithuania], թիվ 691/15, կետ 94, 2018 թվականի հունիսի 26):

Այնուամենայնիվ, սույն գործով Ընդհանուր իրավասության դատարանը, կիրառելով «հոգեբուժական հաստատությունում դիմումատուի հարկադիր բուժում» միջոցը, չի դիտարկել հոգեբույժի կողմից ամբուլատոր հսկողության և պարտադիր բուժման նվազ խիստ միջոց, որը համարվում է ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի պարտադիր միջոցներից մեկը: Հետևաբար չի կարելի համարել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է եղել բոլոր համապատասխան գործոնների, ներառյալ՝ թերապևտիկ կանխատեսումների կամ պակաս ինվազիվ այլընտրանքների կենսունակության գնահատման վրա, ինչպես պահանջվում է այդ թվում Միավորված ազգերի կազմակերպության՝ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց պաշտպանության և հոգեկան առողջության խնամքի բարելավման սկզբունքներով (տե՛ս Պլեսոն ընդդեմ Հունգարիայի գործը [Plesց v. Hungary], թիվ 41242/08, կետ 68, և դրանում մեջբերված միջազգային փաստաթղթի տեքստը):

21. Դատարանը գտնում է, որ իշխանությունները պետք է ավելի զգույշ մոտեցում ցուցաբերեին՝ հաշվի առնելով, որ հատկապես խոցելի խմբերին պատկանող անձանց, ինչպիսիք են հոգեկան հիվանդները, Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին ցանկացած միջամտություն կարող է արդարացվել միայն «շատ համոզիչ հիմքերով», ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ հոգեբուժական հաստատությունում հարկադիր հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջամտություն անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը՝ ներառելով բժշկական միջամտությունը հակառակ սուբյեկտի կամքին, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը (նույն տեղում, կետ 65):

22. Դատարանը նկատում է, որ 2022 թվականի փետրվարի 22-ի իր որոշման մեջ Ընդհանուր իրավասության դատարանը ներկայացրել է որոշ պատճառներ, թե ինչու է որոշել մերժել հոգեբուժական հաստատության կողմից դիմումատուի նկատմամբ ներկայացված առաջին գանգատը (տե՛ս վերը նշված 10-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել, որ միջնորդությունը ներկայացվել է դիմումատուին ազատ արձակելու նպատակով և հիմնված է եղել դա հիմնավորող՝ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության վրա: Համաձայն ներպետական օրենսդրության (Քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդված)՝ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունն անհրաժեշտ հիմք է հանդիսացել՝ հարկադրանքի միջոցը վերանայելու համար: Թեև Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ երևույթին, համարել է, որ լսումների ժամանակ դիմումատուի, նրա դստեր և բժշկի հայտարարությունները կասկածի տակ են դնում դիմումի հիմնավորվածությունը և այն սատարող փորձագիտական խմբի եզրակացությունները, սակայն լուրջ ջանքեր չի գործադրել պարզաբանելու այս խնդիրները, օրինակ՝ նոր փորձագիտական եզրակացություն պահանջելով, որով կարող են նաև հաշվի առնվել այս պնդումները: Դատարանը գտնում է, որ նման գործով, երբ դիմումատուի՝ իր կամ ուրիշների համար անմիջական վտանգ ներկայացնելու մասին հայտարարություն չէր եղել, ներպետական իշխանությունները պետք է ավելի խորը ուսումնասիրեին միջոցը՝ վերլուծելով դիմումատուի բուժման իրական առողջական օգուտները կամ նման բուժման բացակայության դեպքում առկա ռիսկերը՝ առանց շահագրգիռ անձի վրա անհամաչափ բեռ դնելու (տե՛ս վերը հիշատակված Պլեսոն ընդդեմ Հունգարիայի գործը [Plesց v. Hungary], կետեր 66-68):

23. Վերոհիշյալ պատճառները Դատարանի համար բավարար են եզրակացնելու, որ ներպետական իշխանությունները չեն կարողացել համոզիչ ներկայացնել, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այն տեսակի կամ աստիճանի է, որն արդարացնում է հոգեբուժական հաստատությունում հարկադիր գտնվելը (տե՛ս վերը հիշատակված Պլեսոն ընդդեմ Հունգարիայի գործը, կետեր 60-62 և 69, և նույն սկզբունքների կիրառումը կոնկրետ գործերում լուսաբանելու համար, Յ.Ս. ընդդեմ Ռուսաստանի գործը [Կոմիտե] [Y.S. v. Russia], թիվ 28131/19, կետեր 23-26, 2021 թվականի մարտի 30 և Վերշինինը ընդդեմ Ռուսաստանի գործը [Կոմիտե] [Vershinin v. Russia], թիվ 42858: /06, կետեր 24-26, 2016 թվականի սեպտեմբերի 20): Նշվածից հետևում է, որ հոգեբուժական հաստատությունում դիմումատուի հարկադիր գտնվելը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի պահանջներին:

24. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի խախտում:

 

II. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ

 

25. Դիմումատուն նաև բողոքել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն, որ հոգեբուժական կլինիկայում իր բուժումը ներառել է դեղորայքի հարկադիր ընդունում, որ իր շփումները հարազատների հետ սահմանափակ են եղել, և որ մի քանի անգամ իրենից խլել են բջջային հեռախոսը: Դիմումատուն իր դիտարկումներում նաև պնդել է, որ ազատ արձակվելու համար իրեն ստիպել են խոստովանել, որ սուտ հաղորդում է տվել հանցագործության մասին (տես վերը նշված 13-րդ պարբերությունը), ինչպես նաև պնդել է, որ դա խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իր իրավունքները: Հաշվի առնելով գործի փաստերը, կողմերի փաստարկները և կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ այն քննել է գործով հիմնական իրավական հարցը, և չկա մնացած բողոքները քննելու անհրաժեշտություն (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոն՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, կետ 156, ՄԻԵԿ, 2014թ.):

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

26. Դիմումատուն պահանջել է 25,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 4,174 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսեր և ծախքեր:

27. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները:

28. Դատարանն արդարության հիմքով որոշում կայացրեց դիմումատուին շնորհել 7,500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

29. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 1,534 եվրո շնորհել Դատարանում վարույթի ծախսերի և ծախքերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է հոգեբուժական հաստատությունում դիմումատուին ապօրինի պահելու վերաբերյալ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի շրջանակներում ներկայացված բողոքն ընդունելի:

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի խախտում:

3. Վճռում է, որ չկա մնացած բողոքների ընդունելիության և ըստ էության քննության անհրաժեշտություն:

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 7,500 եվրո (յոթ հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1,534 եվրո (մեկ հազար հինգ հարյուր երեսունչորս եվրո)՝ գումարած դիմումատուին վճարվող գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի փետրվարի 6-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Ֆարիս Վեհաբովիչ

Վալենտին Նիկոլեսկու

 

Նախագահ

Քարտուղարի տեղակալի

ժամանակավոր պաշտոնակատար

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան