Գլխավոր տեղեկություն
Номер
N 420-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2007-14.09.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.462
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2006
Дата вступления в силу
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 420-Ն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգից բխող համապատասխան նորմատիվ իրավական փաստաթղթեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 6
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 420-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգն ու հիմնական սկզբունքները:

2. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ազատ ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման նպատակն է քաղաքացու կողմից առաջնային բուժօգնություն և ծառայություններ իրականացնող բժշկի կամավոր ընտրությունը, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնումը և որակի բարելավումը` բնակչության կողմից բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ա) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ` առաջնային բուժօգնության ծառայություններ մատուցող լիցենզավորված բուժհաստատությունում աշխատող ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ.

բ) բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի կամավոր ընտրություն` ընտրություն, որը կատարում է բնակիչը՝ իրազեկ լինելով բժշկի ընտրության գործընթացն իրականացնող մարմինների կողմից տրամադրված` բժիշկ ընտրելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններին.

գ) առողջապահական ավտոմատացված ռեգիստր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված գրանցման ձևը, համակարգիչ մուտքագրվող տվյալներով ձևավորվող բնակչության առողջապահական տվյալների բազա:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային բուժօգնություն և ծառայություններ են իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առողջության առաջնային պահպանման գործառույթն իրականացնելու համար լիցենզավորված բուժհաստատություններում (տեղամասային պոլիկլինիկաներ, բուժմիավորումների կազմում գտնվող պոլիկլինիկաներ, գյուղական առողջության կենտրոններ և ամբուլատորիաներ, ընտանեկան բժշկի գրասենյակներ), որոնք ունեն և սպասարկում են տեղամասատարածքային սկզբունքով կցագրված բնակչությանը:

5. Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի անձինք, տեղամասային թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ տեղամասային մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:


II. ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԿԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

6. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կարող է ստանալ առաջնային բուժօգնություն իրականացնելու իրավասություն ունեցող այն բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր և որի մոտ կգրանցվի սույն կարգի համաձայն:

7. Քաղաքացին իր կողմից ընտրված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկի մոտ պաշտոնապես գրանցվելու համար տրամադրում է գրանցման ձևով պահանջվող տվյալները`

ա) 18 տարեկանից բարձր անձինք` անձնագիրը: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում` կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը` այն հավաստելով համապատասխան փաստաթղթի ներկայացմամբ.

բ) մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականի պատճենը:

8. Երեխաների համար բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը:

9. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իր առողջության առաջնային պահպանման ծառայությունը մատուցող ընտանեկան բժշկին, տեղամասային թերապևտին կամ մանկաբույժին փոխելու իրավունք:

10. Եթե քաղաքացին ընտրել է ոչ թե իր բնակության վայրի, այլ մեկ ուրիշ լիցենզավորված բուժհաստատությունում կամ կազմակերպությունում աշխատող բժշկի, ապա նրա համար լրացվում է տեղափոխման կտրոն, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Անձի տեղափոխման կտրոնի հավելվածը բուժհաստատության կողմից ուղարկվում է նախկին բուժհաստատության բժշկին կամ մեկ այլ պատասխանատու անձի: Հաշմանդամների, երեխաների, միայնակ բնակվող կենսաթոշակառուների համար նման գործընթաց կարող է լիազորվել տնօրենի կողմից նշանակված բուժքրոջը:

11. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրելու իր բժշկին` ցանկացած բուժհաստատությունում կամ կազմակերպությունում իր բնակության վայրի վարչական տարածքի կամ Հայաստանի Հանրապետության մարզի (կամ Երևան քաղաքի) սահմաններում` ձեռք բերելով փոխադարձ համաձայնություն որոշ բժշկական ծառայությունների մատուցման շրջանակների մասին (օրինակ` տնային կանչեր, հակահամաճարակային հսկողություն և այլն):


III. ԲԺՇԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԵՆ ԸՆՏՐԱԾ ԲՆԱԿՉԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

12. Առաջնային բուժօգնություն մատուցող բժիշկը կարող է գրանցել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր քաղաքացու` սույն կարգի պայմանների և պահանջների համաձայն: Բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին բուժհաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով, բնակչի տուն կամ այլ վայր կատարած այցի ընթացքում:

Բժիշկը կարող է մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող բնակչին միայն այն դեպքում, եթե լրացել է բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թիվը, որը ներկայացվում է հետևյալ աղյուսակում`

  

Քաղաքային պոլիկլինիկաներում և բուժմիավորման պոլիկլինիկական ստորաբաժանումնե-րում սպասարկվող 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվերը

Քաղաքային մանկական պոլիկլինիկաներում և պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում սպասարկվող մինչև 18 տարեկան բնակչության թվերը

Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատո-րիաների կողմից սպասարկվող 18 և ավելի բարձր տարիքի բնակչության թվերը

Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատո-րիաների կողմից սպասարկվող մինչև 18 տարեկան բնակչության թվերը

Ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակչության թվերը

նվազագույն թիվը` 1000

նվազագույն թիվը` 500

նվազագույն թիվը` 1000

նվազագույն թիվը` 500

նվազագույն թիվը` 1000,

որից՝ երեխաներ` 300, մեծահասակներ` 700

օպտիմալ թիվը` 2000

օպտիմալ թիվը` 1000

օպտիմալ թիվը` 2000

օպտիմալը թիվը` 1000

օպտիմալ թիվը` 1700, որից՝ երեխաներ` 500, մեծահասակներ` 1200

առավելագույն թիվը` 2500

առավելագույն թիվը` 1200

առավելագույն թիվը` 2700

առավելագույն թիվը` 1400

առավելագույն թիվը` 2300,

երեխաներ` 800, մեծահասակներ` 1500

 

13. Բժիշկը չի կարող մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող քաղաքացուն` ելնելով վերջինիս առողջական կամ սոցիալական կարգավիճակից:

14. Բժիշկները (կամ նրան օգնող բուժքույրը) իրենց ընտրած քաղաքացիներին գրանցելիս պետք է նրանց իրազեկեն, որ`

ա) վերջինս չի կարող միաժամանակ գրանցված լինել մեկից ավելի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ: Այսինքն` 18 տարեկանից բարձր անձինք կարող են ընտրել կամ տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին, իսկ մինչև 18 տարեկան երեխաները` կամ տեղամասային մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին.

բ) գրանցման ժամանակ տրամադրվող անհատական տվյալները հետապնդում են որոշակի նպատակ և պարտավոր են բացատրել դրանք ներկայացնելու նպատակը.

գ) բուժհաստատությունը փոխելիս և նոր բուժհաստատությունում գործող բժշկի մոտ գրանցվելիս, վերջինս պետք է լրացնի տեղափոխման կտրոնը:

15. Գրանցման գործընթացին մասնակցող բոլոր կողմերը պետք է ապահովեն և պահպանեն գրանցվող անձի վերաբերյալ տվյալների և տեղեկատվության գաղտնիությունը:


IV. ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

16. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցումն իրականացվում է գրանցման ձևով և տեղափոխման ձևով, դրանց լրացմանը համապատասխան ուղեցույցերի համաձայն, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության հետ պայմանագիր կնքած միևնույն իրավաբանական անձի (պոլիկլինիկա, առողջության կենտրոն, բժշկական ամբուլատորիա, ընտանեկան բժշկության գրասենյակ և այլ) կազմում նոր բժիշկ ընտրելու և նրա մոտ գրանցվելու դեպքում տվյալ բնակչի համար լրացվում է միայն գրանցման ձևը:

18. Այն դեպքերում, երբ քաղաքացին ընտրում և գրանցվում է այլ իրավաբանական անձի կազմում աշխատող առաջնային բուժօգնություն և ծառայություններ մատուցող բժշկի մոտ, նոր բժշկի ընտրության և նրա մոտ գրանցվելու համար լրացվում է տեղափոխման ձևը, իսկ նախկին բուժհաստատությունից հետ վերադարձնելուց հետո, գրանցման փաստը վավերացվում է գրանցման ձևի լրացմամբ և տվյալները համակարգչային ծրագրով մուտքագրելու միջոցով:


V. ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ

 

19. Ստորև թվարկված առանձին դեպքերում բնակչի գրանցումն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ կարող է համարվել վավեր, երբ`

ա) քաղաքացին կորցրել է անձնագիրը և հայտարարագրում է գրանցման պահին անձնագիր չունենալու այդ կամ մեկ այլ պատճառ.

բ) քաղաքացին դեռևս ձեռք չի բերել Հայաստանի Հանրապետության նոր անձնագիր և ներկայացնում է հին անձնագիրը.

գ) քաղաքացին զինվորական ծառայության մեջ է, և նրա անձնագիրը գտնվում է զինկոմիսարիատում.

դ) երեխան չունի ծննդյան վկայական կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է այլ երկրում.

ե) գրանցվող քաղաքացին չունի մշտական հաշվառման վայր, սակայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

զ) քաղաքացին օգտվում է նաև այլ գերատեսչական պատկանելություն ունեցող բժշկական հաստատության ծառայություններից:

20. Նշված դեպքերում բնակիչների գրանցումը վավեր ճանաչելու համար բնակիչը պետք է լրացնի համապատասխան հայտարարագիր:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան