Գլխավոր տեղեկություն
Номер
N 487-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2006-03.08.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.03/25.1 Հոդ.497
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2006
Дата вступления в силу
04.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 487-Ն

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ծրագրերի իրականացման աշխատանքների կատարումն է,

բ) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է,

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների լիազորված պետական մարմիններին վերապահված այլ լիազորություններ,

դ) մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, կարող է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, հողը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

3. Թույլատրել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)»։

4. Հաստատել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել`

ա) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու նպատակով` 27.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր» հոդվածով),

բ) ըստ լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախահաշվի` ամսական 100.0 հազ. դրամ ծախսեր կատարելու նպատակով` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 13-ի N 487-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։

Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2006 թվականի ապրիլի 13-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 487-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով։

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ` պայմանագրեր), Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով։

3. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ։

4. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:

5. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

7. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ,

անգլերեն լրիվ` «Millennium challenge fund-Armenia» State Non-Commercial Organization,

անգլերեն կրճատ` «MCF-Armenia» SNCO։

8. Կազմակերպության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1։

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը պայմանագրերով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ծրագրերի իրականացման աշխատանքների կատարումն է։

10. Կազմակերպության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հաշվին` Հայաստանի Հանրապետության անունից` պայմանագրերով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը` որպես Հայաստանի Հանրապետության գործակալ.

բ) պայմանագրերով նախատեսված ծրագրերում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցների ու ծրագրերի բյուջեների նախագծերի կազմումը և կառավարման խորհրդին ներկայացնելը` դրանց առկայության դեպքում.

գ) պայմանագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման մրցույթների անցկացումը.

դ) պայմանագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում աշխատանքների, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման ժամանակ ներկայացված առաջարկների գնահատումն ու վերլուծությունը.

ե) պայմանագրերով նախատեսված ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը.

զ) պայմանագրերով նախատեսված ծրագրերի իրականացման մոնիթորինգը` ներառյալ հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.

է) կապալառուների և մատակարարների կողմից պայմանագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարման կատմամբ հսկողությունը.

ը) պայմանագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը.

թ) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.

ժ) պայմանագրերով նախատեսված ծրագրերի իրականացման հետ կապված վճարումների կազմակերպումը։

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)»։

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Կազմակերպությունն օգտվում է պայմանագրերով սահմանված արտոնություններից։

12. Կազմակերպության իրավունակությունը ծագում է (համարվում է ստեղծված) օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

13. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ ու պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

14. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

15. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:

16. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով։

17. Կազմակերպությունը պարտավոր է`

ա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը.

գ) պայմանագրերով նախատեսված ծրագրերի ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) լիազորված պետական մարմնի կողմից իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում այն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

18. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գործակալն է և պայմանագրերով նախատեսված ծրագրի իրականացումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հաշվին` Հայաստանի Հանրապետության անունից, կնքված գործակալության պայմանագրի հիման վրա:

19. Կազմակերպությունն իր պահպանման ծախսերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից որպես գործակալական վարձատրություն տրվող գումարների հաշվին: Պայմանագրերով նախատեսված ծրագրի շրջանակներում կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

20. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր տնօրենը:

21. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) կազմակերպության հիմնադրումը,

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելը,

դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։

22. Լիազորված պետական մարմնի իրավասության հարցերն են`

ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

բ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը, գործադիր տնօրենի նշանակումը,

գ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

դ) կազմակերպության գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը,

ե) կազմակերպության գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը,

զ) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ հսկողությունը,

է) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ հսկողությունը,

ը) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը,

թ) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի, ինչպես նաև տարեկան և եռամսյակային ծախսերի նախահաշիվների հաստատումը,

ժ) օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

23. Կազմակերպության գործադիր մարմինը (կառավարման միավորը)`

ա) աջակցում է լիազորված պետական մարմնին` պայմանագրերով նախատեսված ծրագրի իրականացման վերահսկման գործում,

բ) իրականացնում է պայմանագրերով նախատեսված ծրագրի ընդհանուր կառավարումը,

գ) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում լիազորված պետական մարմին,

դ) մշակում է պայմանագրերով նախատեսված իրականացման պլանի բաղադրիչները,

ե) վերահսկում է պայմանագրերով նախատեսված ծրագրի իրականացումը,

զ) կառավարում և համակարգում է պայմանագրերով նախատեսված ծրագրի մոնիթորինգը և գնահատումը,

է) վարում է հաշվապահական հաշվառում,

ը) իրականացնում և վերահսկում է պայմանագրերի շրջանակներում իրականացվող որոշակի գնումները,

թ) կատարում է լիազորված պետական մարմնի հանձնարարականները,

ժ) կազմակերպության կառուցվածքի հաստատումը,

ժա) իրականացնում է պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ:

24. Կազմակերպության գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն։

Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կազմակերպության գործադիր տնօրենը, որը`

ա) տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից,

բ) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,

գ) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային),

ե) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և հսկում դրանց կատարումը,

է) բաց և մրցակցային ընտրության գործընթացով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին,

թ) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, պայմանագրերով և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ։

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

25. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից ու կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:

26. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործումից ստացված եկամուտները (ներառյալ գույքը վարձակալության հանձնելու արդյունքում ստացված վարձավճարները) համարվում են հիմնադրի սեփականությունը:

27. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

28. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

29. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

30. Կազմակերպության կողմից կառավարվող (սպասարկվող) պայմանագրերով նախատեսված դրամաշնորհային միջոցները համարվում են պետական միջոցներ, որոնց ծախսման իրավասությունը, ըստ լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ծախսերի նախահաշվի, վերապահվում է կազմակերպությանը, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռում` հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գործակալին հանձնված միջոցների հաշվառման կանոններին համապատասխան:

31. Պայմանագրերով նախատեսված դրամաշնորհային միջոցների հաշվին ձեռք բերված (գնված) նյութական ու ոչ նյութական արժեքները համարվում են պետական սեփականություն` բացառությամբ կազմակերպության կարիքների համար ձեռք բերվածի, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռային հաշիվներում` մինչև համապատասխան ստացողին հանձնելը, որից հետո հաշվառվում են համապատասխան ստացողի հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփականություն կամ ստացողին ամրակցված գույք:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Կազմակերպությունը սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:

Կազմակերպության` յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած շահույթը, կազմակերպության լիազորված պետական մարմնի թույլտվությամբ, ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

34. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

35. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

36. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

37. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

38. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան