Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-632
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.05.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
06.05.2006
Подписан
ՀՀ Ներքին գործերի նախարար
Дата подписания
06.05.2006
Дата вступления в силу
06.05.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՌՈՄՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

6 մայիսի 2006 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի նոյեմբերին Հռոմում ընդունված` Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագիրն ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 3-ին Հռոմում` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման և գյուղատնտեսության կայուն զարգացման ու պարենի անվտանգության, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային համահունչ, դրանց օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ բաշխման նպատակներով:

2. Պայմանագրի բաղկացուցիչ մասն են կազմում հավելված 1-ը (Մշակաբույսերի ցանկ, որոնց վրա տարածվում է բազմակողմ համակարգի ազդեցությունը) և հավելված 2-ը:

3. Պայմանագրի կիրառման նպատակով սահմանվում են մի շարք տերմիններ, որոնցից առանցքային նշանակություն ունեն «in-sitս պահպանում» և «ex-sitս պահպանում» հասկացությունները, քանզի Կողմերն իրենց պարտավորություններն իրականացնելիս պետք է ուշադրություն դարձնեն պահպանման կոնկրետ այդ տեսակների վրա: Համաձայն պայմանագրի` «in-sitս պահպանում» նշանակում է էկոհամակարգերի և բնակության վայրերի պահպանում և իրենց բնական միջավայրում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանում և վերականգնում, իսկ տնայնացված և մշակովի տեսակների առնչությամբ` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները, իսկ «ex-sitս պահպանում» նշանակում է պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում իրենց բնակեցման տեղանքից դուրս:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ պայմանագրում ներկայացված հասկացությունների թարգմանության հստակեցումների անհրաժեշտություն կա (մասնավորապես` հոդված 2, հավելված 1):

4. Ըստ պայմանագրի` Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- իրականացնում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետազոտումն ու ապրանքագրումը` հաշվի առնելով գոյություն ունեցող պոպուլյացիաների ներկա վիճակը և փոփոխականության աստիճանը, այդ թվում` նաև դրանց մեջ, որոնք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ դրանց որևէ վտանգ է սպառնում,

- աջակցում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների և այն բուսական գենետիկական ռեսուրսների մասին հավելյալ համապատասխան տեղեկատվության հավաքմանը, որոնց վտանգ է սպառնում, կամ որոնք կարող են օգտագործվել,

- անհրաժեշտության դեպքում աջակցում կամ սատարում են ագարակատերերի կամ տեղական համայնքների ջանքերին, որոնք ուղղված են տնտեսություններում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ռացիոնալ կառավարմանը և պահպանմանը,

- աջակցում են պարենի արտադրության համար in-sitս մշակովի բույսերի վայրի տեսակների և վայրի բույսերի պահպանությանը, ի թիվս այլոց` պահպանվող շրջաններում աջակցություն ցուցաբերելու միջոցով, մշտական և տեղական համայնքի ջանքերով,

- համագործակցում են ex-sitս արդյունավետ և կայուն պահպանման համակարգի ստեղծմանը նպաստելուն` պատշաճ ուշադրություն հատկացնելով համապատասխան փաստաթղթաբանության, բնութագրման, վերականգնման և գնահատման անհրաժեշտությանը, և աջակցում են պարենի ու գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման համակարգի կատարելագործման նպատակով համապատասխան տեխնոլոգիաների մշակմանը և փոխանցմանը,

- իրականացնում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կենսունակության ապահովման, փոփոխականության աստիճանի և հավաքածուների գենետիկական ամբողջականության դիտարկում:

5. Պայմանագրի Կողմերը պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման համար կարող են ներառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսության ոլորտում արդար քաղաքականության իրականացումը, հետազոտությունների աշխուժացումը, անհրաժեշտության դեպքում` այն բույսերի սելեկցիային օժանդակումը, որոնք ագարակատերերի օժանդակությամբ առանձնապես զարգացող երկրներում ուժեղացնում են հատկապես սոցիալական, տնտեսական և բնապահպանական պայմաններին հարմարված, այդ թվում` սահմանային շրջաններում տեսակների ստեղծման ներուժը, ագարակատերերի տրամադրության տակ գտնվող մշակովի բույսերի գենետիկական բազայի ընդլայնումը և գենետիկական բազմազանության շրջանակի մեծացումը և այլ միջոցներ:

6. Պայմանագրով նախատեսվում է նաև ազգային պարտավորություններին ու միջազգային համագործակցությանը, տեխնիկական օժանդակությանը, ագարակատերերի իրավունքներին, շահույթի բաշխման և մատչելիության բազմակողմ համակարգին առնչվող դրույթներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի նոյեմբերին Հռոմում ընդունված` Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


6 մայիսի 2006 թվականի
ՍԴՈ-632

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան