Գլխավոր տեղեկություն
Номер
N 654-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (08.06.2006-24.01.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.07/30(485) Հոդ.610
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2006
Дата вступления в силу
08.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 654-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 654-Ն որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՍՏԱՆԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (այսուհետ՝ բյուրո) կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները:

2. Սույն պայմաններում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) տեղեկատվություն հայցող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, որոնք սույն պայմաններով սահմանված կարգով դիմում են բյուրո՝ տեղեկատվություն ստանալու համար.

բ) բյուրոյի տվյալների պահոց` բյուրոյի գործունեության ընթացքում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (այսուհետ՝ Ինտերպոլ) և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում հանցագործությունների մասին կուտակված տեղեկությունների դասակարգված ամբողջություն.

գ) տեղեկությունների փոխանակում` բյուրոյից տեղեկատվության հայցում ու բյուրոյի կողմից տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև բյուրոյի կողմից տեղեկատվության հայցում և ստացում.

դ) տեղեկատվություն տրամադրող` բյուրոն կամ սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված որևէ մարմին, որը տեղեկատվություն է տրամադրում:

3. Բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու նպատակը քրեական վարույթ իրականացնող մարմիններին աջակցելն է` քրեական և օպերատիվ հաշվառման գործերում ներգրավված անձանց հետախուզելու, նույնականացնելու, ինչպես նաև միջազգային բնույթի հանցագործությունները կանխելու, նախականխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար:

4. Բյուրոն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, բյուրոյի կանոնադրությամբ, Ինտերպոլի իրավական ակտերով:

5. Բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներին տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

 

II. ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Բյուրոյի կողմից սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մարմիններին տեղեկատվություն տրամադրվում է հայերեն կազմված հարցումների հիման վրա:

Բյուրոն սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մարմիններին տրամադրում է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Ինտերպոլի անդամ երկրներից ստացված` հանցավորության դեմ պայքարում համագործակցելու վերաբերյալ հարցումները:

Բյուրոն սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով չնախատեսված մարմիններին տեղեկատվություն տրամադրում և դրանցից տեղեկատվություն ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Տեղեկատվություն հայցողի հարցումը ձևակերպվում է տպագիր և պետք է պարունակի՝

ա) քրեական գործը հարուցող կամ օպերատիվ հաշվառման գործը կազմող մարմնի անվանումը, քրեական գործը հարուցելու կամ կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, գործի համարը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը.

բ) դեպքի համառոտ նկարագրությունը.

գ) մեղադրյալի կամ կասկածյալի կամ օպերատիվ հաշվառման գործում ներգրավված անձի մասին առկա բոլոր տվյալները, այդ թվում՝ դատվածության, որևէ լեզվի տիրապետելու, այցելած երկրների, մեղադրյալի կամ կասկածյալի մերձավոր ազգականների գտնվելու վայրերի վերաբերյալ.

դ) հանցագործության առարկայի նկարագրությունը.

ե) կոնկրետ հարցերը, որոնց պարզաբանման համար պետք է կատարվի ստուգում կամ հարցում և տրամադրվի տեղեկատվություն.

զ) կցվող փաստաթղթերը, այդ թվում` առկայության դեպքում որպես մեղադրյալ ներգրավելու և խափանման միջոց ընտրելու մասին որոշումների պատճենները, կասկածյալի կամ մեղադրյալի մատնադրոշմները, մատնահետքերը, լուսանկարը, հանցագործության առարկայի լուսանկարը, հնարավորության դեպքում՝ հանցագործության առարկայի նմուշը.

է) նշում տվյալները երրորդ անձին տրամադրելու թույլտվության կամ արգելելու մասին.

ը) այն պաշտոնատար անձի տվյալները (ծառայության անվանումը, ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսի և ֆաքսի համարները), ում պետք է փոխանցվի տեղեկատվությունը:

8. Տեղեկատվություն հայցողն ուղեկցող գրությամբ հարցումն ուղարկում է բյուրո:

Բյուրոյի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

9. Հարցումն ստորագրվում է սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի կամ տեղակալի կամ սույն ակտի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք լիազորված են հարցում ստորագրելու, հաստատվում է սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի հրամանով, որի մեկ օրինակն ուղարկվում է բյուրո:

Լիազորություն չունեցող պաշտոնատար անձի կողմից ստորագրված հարցման դեպքում տեղեկատվություն չի տրամադրվում:

10. Բյուրոյում ստացված հարցումն ընդունվում է, ստուգվում դրա հիմնավորվածությունը, լիարժեքությունը և ճշգրիտ ձևակերպումը: Հարցման մեջ անճշտությունների առկայության դեպքում տեղեկատվություն հայցողից պահանջվում է հարցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:

11. Բյուրոն, ի պատասխան հարցմանը, տրամադրում է բյուրոյի տվյալների պահոցում առկա տեղեկատվությունը կամ հարցումը նախապատրաստում և ուղարկում է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն և Ինտերպոլի անդամ երկրների բյուրոներ:

12. Բյուրոյի և տեղեկատվություն հայցողի միջև տեղեկատվությունը փոխանակվում է առկա կապի միջոցներով:

Գաղտնի տեղեկատվությունը փոխանակվում է պաշտպանված կապուղիների միջոցով:

13. Հարցման մեջ առկա օտարերկրյա քաղաքացիների անուններն ու ազգանունները, իրավաբանական անձանց անվանումները և այլ անհրաժեշտ տվյալներ, դրանց գրավոր տարբերակի առկայության դեպքում, վերարտադրվում են բնագրով կամ Ինտերպոլի պաշտոնական լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ արաբերեն) մեկով:

14. Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հարցումները չեն քննարկվում և ուղարկվում են իրավասու մարմիններ` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

15. Բյուրոն մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե`

ա) չի տնօրինում հայցվող տեղեկատվությունը, և այն չի բխում սույն պայմանների 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրելու նպատակներից,

բ) հայցվող տեղեկատվության տրամադրումն արգելված է Հայաստանի Հանրապետության և հայցվող տեղեկատվությանն առնչվող օտարերկրյա պետության օրենքներով և Ինտերպոլի իրավական ակտերով,

գ) հարցումը ձևակերպված է սույն պայմանների 7, 8 և 9-րդ կետերի պահանջների խախտմամբ:

16. Բյուրոյում բոլոր կապի միջոցներով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Ինտերպոլի անդամ երկրների բյուրոներից ստացվող հարցումերը գրանցվելուց և մշակվելուց հետո որոշվում է կատարողների շրջանակը և կատարման համար ուղարկվում սույն պայմանների 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված շահագրգիռ մարմիններ:

Հարցումն ստացած մարմինները հայցվող գործողությունները կատարում և տեղեկությունները տրամադրում են բյուրոյին` հնարավորինս արագ, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում` գլխավոր քարտուղարությանը կամ Ինտերպոլի անդամ երկրների բյուրոներին փոխանցելու համար:

Հարցումն ստացած մարմինը չի կատարում հայցվող գործողությունները կամ չի տրամադրում տեղեկատվություն, եթե`

ա) չի տնօրինում հայցվող տեղեկատվությունը և օրենքով լիազորված չէ փնտրելու, ստանալու և տրամադրելու այդ տեղեկատվությունը,

բ) հայցվող տեղեկատվության տրամադրումն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

17. Տեղեկատվության փոխանակման ընթացքում տեղեկատվությունն օգտագործվում է միայն հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Նշված տեղեկատվության օգտագործումը սահմանափակելու նպատակով բյուրոյի կապուղիներով փոխանցվող փաստաթղթերն ուղեկցվում են հատուկ նշումով` «Միայն իրավապահ մարմինների օգտագործման համար»:

18. Բյուրոն և տեղեկատվություն հայցողն ապահովում են փոխանակվող տեղեկատվության բովանդակության պաշտպանվածությունը չարտոնագրված մուտքից, աղավաղումից և հրապարակումից:

Տեղեկատվություն տրամադրողը պետք է տեղեկացնի երրորդ անձի կողմից այդ տեղեկատվությունն օգտագործելու հնարավորության մասին: Տեղեկատվությունը երրորդ անձին տրամադրվում է տեղեկատվությունը տրամադրողի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան