Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 82348/17
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Ինկորպորացիա (15.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 09.04.2024
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
15.02.2024
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
15.02.2024
Дата вступления в силу
15.02.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Դ.Ս.-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 82348/17)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

15 փետրվարի 2024 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Դ.Ս.-ն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström]՝ Նախագահ,

Լադո Չանտուրիա [Lado Chanturia],

Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ դատավորներ,

և Սոֆի Պիկե [Sophie Piquet]՝ Քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1980 թվականին ծնված և Կրասնոդարում բնակվող Թուքմենստանի քաղաքացի պրն Դ.Ս.-ի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 82348/17), որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղազարյանը և տկն Մ. Բաղդասարյանը,

մինչ հանձնումը դիմումատուի կալանավորման օրինականությունը ենթադրաբար արագ չվերանայելու մասով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացված բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե.Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

դիմումատուի անունը չհրապարակելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2024 թվականի հունվարի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է Քրեական վերաքննիչ դատարանի կողմից (Վերաքննիչ դատարան) մինչ դիմումատուի հանձնումը կալանավորման օրինականությունը ենթադրաբար արագ չվերանայելուն:

2. Դիմումատուն, որը Թուրքմենստանի քաղաքացի է ևևևև իր երկրում ենթարկվում էր քրեական հետապնդման, ձերբակալվել էր Զվարթնոց միջազգային օդանավակայան ժամանելուն պես, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը (Վարչական շրջանի դատարան) կալանավորման մասին որոշում էր կայացրել մինչ նրա հանձնումն իրականացնելը։

3. 2017 թվականի սեպտեմբերի 6-ին դիմումատուն վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի գրությամբ Վերաքննիչ դատարանը դիմել է Վարչական շրջանի դատարանին՝ գործի նյութերն իրեն փոխանցելու խնդրանքով, ինչը Վարչական շրջանի դատարանն արել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։ Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ստացել է գործի նյութերը, 2017 թվականի սեպտեմբերի 22-ին դիմումատուի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել և նշանակել նիստ՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին։

4. 2017 թվականի սեպտեմբերի 25-ի դատարանի նիստի համապատասխան ձայնային արձանագրության համաձայն՝ կալանավորման որոշման վերանայման խիստ ժամկետների պատճառով անհնար է եղել դատարանում ապահովել դիմումատուի ներկայությունը։ Նախագահող դատավորը դիմումատուի ներկայացուցչին հարցրել է, թե արդյոք նա կցանկանա հետաձգել գործի քննությունը դիմումատուի բացակայության պատճառով։ Ներկայացուցիչը պատասխանել է, որ դիմումատուն ցանկություն է հայտնել ներկա գտնվել վերաքննիչ բողոքի քննությանը, ուստի գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ նա տվել է իր համաձայնությունը: Դատախազն այնուհետև դատարանին հայտնել է, որ դիմումատուն հրաժարվել է իր ներկայացուցչից և նշանակել նորին։ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ գործը ենթակա է հետաձգման՝ դիմումատուի նոր ներկայացուցչի ներկայությունն ապահովելու նպատակով, եզրակացրել է, որ գործը հետաձգվել է դիմումատուի բացակայության պատճառով, և որ նոր ներկայացուցչին ծանուցագիր կուղարկվի 2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակված նիստի վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանը դիմել է դատախազին՝ հարցով, թե արդյոք նա կարող է ապահովել դիմումատուի ներկայությունը հաջորդ նիստին, թե՞ դատարանն այդ հարցում պետք է օժանդակի։ Ի պատասխան՝ դատախազը դատարանին խնդրել է ծանուցագիր ուղարկել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում էր դիմումատուն, և միաժամանակ պարտավորվել է ապահովել դիմումատուի ներկայությունը հաջորդ նիստին։

5. Համաձայն 2017 թվականի սեպտեմբերի 28-ի դատական նիստի համապատասխան ձայնային արձանագրության՝ դիմումատուի ներկայությունը տեխնիկական պատճառներով չի ապահովվել։ Հետաքրքրվելով դիմումատուի փաստաբանից, թե արդյոք նա ցանկանում է հետաձգել նիստը դիմումատուի բացակայության պատճառով, ինչին փաստաբանը համաձայնել է, Վերաքննիչ դատարանը հետաձգել է նիստը մինչև 2017 թվականի հոկտեմբերի 4-ը։ Նշված վերջին օրը դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։

6. 2017 թվականի դեկտեմբերի 8-ին դիմումատուն պահանջ է ներակայացրել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ խնդրելով Դատարանին, inter alia (ի թիվս այլնի), կանխել իր հանձնումը Թուրքմենստան: Նույն օրը Դատարանը որոշել է 39-րդ կանոնի համաձայն բավարարել դիմումատուի՝ իր հանձնումը հետաձգելու մասին դիմումը:

7. Վարչական շրջանի դատարանը երկու անգամ երկարացրել է դիմումատուի կալանքի ժամկետը, մասնավորապես՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին և այնուհետև՝ դեկտեմբերի 22-ին։

8. 2017 թվականի դեկտեմբերի 27-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել նշված որոշումներից վերջինի դեմ։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ Վերաքննիչ դատարանը Վարչական շրջանի դատարանից պահանջել է գործի նյութերը։

9. 2018 թվականի հունվարի 16-ին դիմումատուն դիմել է Վարչական շրջանի դատարան՝ գործի նյութերը հնարավորինս շուտ Վերաքննիչ դատարան փոխանցելու խնդրանքով՝ պատճառաբանելով, որ կալանավորման վերաբերյալ իր վերաքննիչ բողոքի քննության հետաձգումը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը:

10. 2018 թվականի հունվարի 17-ին Վարչական շրջանի դատարանը գործի նյութերն ուղարկել է Վերաքննիչ դատարան, որը դրանք ստացել է և 2018 թվականի հունվարի 18-ին վարույթ ընդունել դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Դատարանը դատական նիստը նշանակել է 2018 թվականի հունվարի 22-ին։

11. 2018 թվականի հունվարի 22-ի՝ վերաքննիչ բողոքի մասով դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն՝ Վերաքննիչ դատարանը հետաձգել է նիստը՝ Դատարանի` դիմումատուի գործով միջանկյալ միջոցի վերաբերյալ Կառավարությանը տեղեկացնող գրության թարգմանությունն ստանալու նպատակով։ Դիմումատուն համաձայնել է նիստի հետաձգմանը։

12. 2018 թվականի հունվարի 25-ին նշանակված հաջորդ նիստին Վերաքննիչ դատարանը կրկին հետաձգել է նիստը ՝ կողմերին հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել դատարանի վերոհիշյալ գրության թարգմանությունը։ Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակել է 2018 թվականի հունվարի 30-ին։ Կառավարությունը պնդել է, որ 2018 թվականի հունվարի 30-ին Վերաքննիչ դատարանը հետաձգել է նիստը մինչև 2018 թվականի փետրվարի 7-ը, քանի որ այն եղել է ոչ աշխատանքային օր: Նույն օրը Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կայացվել է 2018 թվականի փետրվարի 8-ին։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և նրան ազատ արձակել։

13. 2019 թվականի հուլիսի 1-ին դիմումատուն ստացել է փախստականի կարգավիճակ և ապաստան Հայաստանում։ Դատարանը 2020 թվականի մայիսի 25-ին վերացրել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակված միջանկյալ միջոցը։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

14. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի և դեկտեմբերի 22-ի կալանավորման որոշումների դեմ ներկայացված իր վերաքննիչ բողոքները չեն քննվել արագացված ընթացակարգով՝ խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը:

 

Ա. Ընդունելիությունը

 

15. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Մասնավորապես Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Վճռաբեկ դատարանում չի վիճարկել իր կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից վերանայման արագությունը: Այս առումով Կառավարությունն անդրադարձել է Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 403-րդ հոդվածին (այդ դրույթի համառոտ շարադրանքը տե՛ս Գավալյանն ընդդեմ Հայաստանի [Ghavalyan v. Armenia] գործում, թիվ 50423/08, § 52, 2020 թվականի հոկտեմբերի 22) և 412-րդ հոդվածին, որոնցով սահմանվում են վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետները։ Նրանք պնդել են, որ վերոնշյալ միջոցն արդյունավետ էր թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում, և այդ առնչությամբ ներկայացրել են նախադեպային իրավունքի օրինակ: Մասնավորապես գործը վերաբերում էր մահացած տուժողի օրինական ժառանգի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքին, որով նա փորձում էր բեկանել ստորին ատյանի դատարանի՝ համապատասխան վաղեմության ժամկետները լրանալու պատճառով մեղադրյալի քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը: Բողոք ներկայացրած անձը պնդել էր, որ դա հիմնականում պայմանավորված էր ներպետական դատարանների՝ գործն արագացված ընթացակարգով չքննելով: Վճռաբեկ դատարանը մերժել էր բողոքարկվող որոշման բեկանումը, սակայն գտել էր, որ առկա էր բողոք ներկայացնող անձի՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտում։

Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր իրավունքների խախտման առկայությունը հաստատվելուց հետո կարող էր կրած ոչ նյութական վնասի համար Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի համաձայն փոխհատուցում պահանջել ( համապատասխան դրույթի համառոտ շարադրանքը տե՛ս Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia] գործում, թիվ 13610/12, § 37, 2021 թվականի հունիսի 15):

16. Ի պատասխան՝ դիմումատուն, ըստ էության, պնդել է, որ Վճռաբեկ դատարանում ներկայացված պաշտպանության միջոցն արդյունավետ չի եղել, և որ Կառավարության կողմից ներկայացված նախադեպային իրավունքի օրինակն իր գործին չէր առնչվում:

17. Կողմերը հղում եմ կատարել են նաև ներպետական այլ նախադեպային իրավունքի, որում Վճռաբեկ դատարանը ենթադրաբար քննել է Վերաքննիչ դատարանի կողմից կալանավորման որոշման վերանայման արագության հարցը, սակայն այն չի ներկայացրել։

18. Դատարանը նախկինում գտել է, որ Վճռաբեկ դատարանը կալանավորման գործերով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ (տե՛ս վերը հիշատակված՝ Վարդան Մարտիրոսյանի գործը, § 41 և դրանում նշված հղումները), և սույն գործով իր եզրահանգումներից շեղվելու հիմքեր չի տեսնում: Մասնավորապես Կառավարությունը չի ներկայացրել որևէ նոր փաստարկ, որը կարող էր համոզել Դատարանին գալ այլ եզրակացության, և նրանց կողմից ներկայացված միակ նախադեպային իրավունքը փաստացի սույն գործին առնչություն չունի: Ավելին, նրանք դիմումատուին չեն պարզաբանել նման դեպքերի առնչությամբ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով կիրառելի ընթացակարգը և չեն ներկայացրել այս հարցի վերաբերյալ ներպետական պրակտիկայից որևէ օրինակ: Այսպիսով, Դատարանը մերժում է իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունը։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

19. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով բողոքն ակնհայտ անհիմն չէ, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

20. Կալանավորման որոշման վերանայման ընթացակարգի արագության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Իլնշեհերն ընդդեմ Գերմանիայի [Ilnseher v. Germany] գործում ([ՄՊ], թիվ 10211/12 և 27505/14, §§ 251-256, 2018 թվականի դեկտեմբերի 4):

 

1. Դիմումատուի 2017 թվականի սեպտեմբերի 6-ի վերաքննիչ բողոքի վերանայումը

 

21. Նշվում է, որ Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին քննել և մերժել է դիմումատուի 2017 թվականի սեպտեմբերի 6-ի վերաքննիչ բողոքը, այսինքն՝ քսանութ օր անց։ Դատարանը նկատում է, որ դիմումատուի կալանավորման մասով վերաքննիչ բողոքն ստանալուց հետո դատական նիստ նշանակվել է միայն տասնինն օր անց (տե՛ս վերևևևևում՝ 3-րդ պարբերությունը): Ձգձգումը, ըստ երևույթին, հիմնականում պայմանավորված է եղել Վարչական շրջանի դատարանի կողմից գործը Վերաքննիչ դատարան ուշ փոխանցելու հանգամանքով: Թեև Կառավարությունը չի հստակեցրել, թե Վարչական շրջանի դատարանը փաստացի երբ է ստացել գործի նյութերը Վերաքննիչ դատարան փոխանցելու հարցումը, այնուամենայնիվ, երկու ատյաններն էլ մոտ են տեղակայված: Կառավարությունը որևէ փաստարկ չի ներկայացրել՝ այդ ժամկետը հիմնավորելու համար: Նաև չկա ապացույց, որ ձգձգումը եղել է դիմումատուի մեղքով:

22. Ինչ վերաբերում է 2017 թվականի սեպտեմբերի 25-ի և 28-ի նիստերին, ապա Վերաքննիչ դատարանը հետաձգել է դրանք՝ նիստին դիմումատուի մասնակցությունն ապահովելու նպատակով: Այս առնչությամբ, նույնիսկ եթե Դատարանն ընդունում է Կառավարության այն փաստարկը, որ դիմումատուն պետք է հայտներ Վերաքննիչ դատարանին 2017 թվականի սեպտեմբերի 6-ին նիստին մասնակցելու իր ցանկության մասին, նրա նախկին ներկայացուցիչը դա արել էր 2017 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ։ Մասնավորապես նա հայտնել է Վերաքննիչ դատարանին, որ դիմումատուն ուղղակիորեն խնդրել է նիստին ներկա գտնվել: Ամենակարևորն այն է, որ համապատասխան դատական արձանագրություններից երևում է, որ ե՛ւ Վերաքննիչ դատարանը, ե՛ւ դատախազը պարտավորվել են ապահովել դիմումատուի ներկայությունը 2017 թվականի հոկտեմբերի 28-ի նիստին, ինչը, սակայն, չեն ապահովել որոշակի տեխնիկական պատճառով, ինչպես հայտարարել է Վերաքննիչ դատարանը, չնայած այն հանգամանքին, որ քրեակատարողական հիմնարկն աշխարհագրական առումով մոտ էր։

23. Ըստ երևույթին, Վերաքննիչ դատարանի կողմից որևէ բարդ խնդիր չի բարձրացվել դիմումատուի կալանավորման օրինականությունը պարզելու հարցում: Չի եղել նաև պնդում, որ կալանավորման հարցի պատշաճ քննարկումը պահանջում էր, օրինակ, դիմումատուի անձնական հանգամանքներին վերաբերող լրացուցիչ դիտարկումների կամ փաստաթղթերի հավաքում:

24. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի հանգամանքներում 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կալանավորման որոշման դեմ դիմումատուի վերաքննիչ բողոքի քննության քսանութ օրվա ժամկետը չափազանց մեծ էր, քանի որ ձգձգումները հիմնականում վերագրվում էին ներպետական իշխանություններին (համեմատի՛ր Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի [Mamedova v. Russia] գործը, թիվ 7064/05, § 96, 2006 թվականի հունիսի 1, Քարիմովն ընդդեմ Ռուսաստանի [Karimov v. Russia] գործը, թիվ 54219/08, § 127, 2010 թվականի հուլիսի 29, և Նիյազովն ընդդեմ Ռուսաստանի [Niyazov v. Russia] գործը, թիվ 27843/11, § 163 , 2012 թվականի հոկտեմբերի 16):

 

2. Դիմումատուի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի վերաքննիչ բողոքի վերանայումը

 

25. Դատարանը նշում է, որ Վերաքննիչ դատարանը քննել և մերժել է դիմումատուի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի վերաքննիչ բողոքը 2018 թվականի փետրվարի 8-ին, այսինքն՝ քառասուներկու օր անց։ Մասնավորապես դիմումատուի կալանավորման մասով վերաքննիչ բողոքն ստանալուց հետո դատական նիստ է նշանակվել միայն քսանվեց օր անց (տե՛ս վերևևևևում՝ 10-րդ պարբերությունը): Նույն կերպ ձգձգումը հիմնականում պայմանավորված է եղել այն ժամանակի հետ, որը պահանջվել է ստորին ատյանի դատարանից Վերաքննիչ դատարան գործը փոխանցելու համար: Կառավարությունը որևէ փաստարկ չի ներկայացրել այս ձգձգումը հիմնավորելու համար, և ոչինչ չի ենթադրում, որ դա որևէ կերպ առնչվում է դիմումատուի հետ: Փաստորեն, ըստ երևևևևույթին, Վարչական շրջանի դատարանը գործի նյութերը փոխանցել Վերաքննիչ դատարան միայն դիմումատուի հարցումից հետո:

26. Ավելին, եթե նույնիսկ Դատարանն ընդուներ, որ 2018 թվականի հունվարի 22-ի և 25-ի նիստերի հետաձգումն անհրաժեշտ էր, Կառավարությունը որևէ ապացույց չի ներկայացրել, որ ընդհանուր քառասուներկու օրվա ժամկետը հիմնավորված էր: Ավելին, դիմումատուի կողմից ձգձգումների դեմ առարկություն ներկայացրած չլինելու զուտ փաստը չի նվազեցնում այս եզրահանգման նշանակությունը, քանի որ իշխանությունները պարտավոր էին անհապաղ քննել դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ վերաքննիչ բողոքը: Այնուամենայնիվ, ապացուցված չէ, որ այս դեպքում իշխանությունները ողջամիտ միջոցներ են ձեռնարկել 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն արագացման պահանջը բավարարելու համար: Հետևաբար դիմումատուի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի բողոքի վերանայման ժամկետը չափազանց երկար էր (տե՛ս Աբդուլխակովն ընդդեմ Ռուսաստանի [Abdulkhakov v. Russia] գործը, թիվ 14743/11, §§ 198-200, 2012 թվականի հոկտեմբերի 2, և վերը նշված 24-րդ պարբերության մեջ նշված նախադեպային իրավունքի հղումները):

 

3. Եզրակացություն

 

27. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։

 

II. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

28. Ի պատասխան Կառավարության դիտարկումների՝ դիմումատուն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն նույնպես բողոքել է, որ նա երբեք չի ստացել Կառավարության կողմից նրանց դիտարկումների հետ միասին ներկայացված՝ վերաքննիչ բողոքի մասով դատական նիստի համապատասխան ձայնային արձանագրությունների օրինակը, և որ վերջինս մերժել է այդ նյութերի պատճենի տրամադրման իր հետագա խնդրանքը։ Դատարանը քննել է գանգատի այդ մասը և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով բողոքի հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ կա՛մ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:

Այստեղից հետևում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ գանգատի այդ մասը պետք է մերժվի։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

29. Դիմումատուն պահանջել է 3,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 1,300 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսեր և ծախքեր։

30. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջները։

31. Դատարանը դիմումատուին շնորհում է 2 500 եվրո՝ որպես ոչ‑ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

32. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 000 եվրո Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է դիմումատուի կալանավորման վերաբերյալ վերանայման ընթացակարգի տևևևևողության վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն բողոքը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2,500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1,000 եվրո (հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի փետրվարի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Սոֆի Պիկե

Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ


Քարտուղարի տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատար


Նախագահ