Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.451
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.04.2006
Дата вступления в силу
29.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 392-Ն

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի, 16-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 241-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել շենքերի և շինությունների մատչելիությունը հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար շինարարական նորմերի մշակումը և սահմանված կարգով գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 31
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 392-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքաշինության բնագավառի համապատասխան ծրագրերի շրջանակներում ներդրումային գործընթացն ապահովող կառուցապատողների և քաղաքաշինության գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները` հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով (այսուհետ` սակավաշարժուն) խմբերի կենսագործունեության, մասնավորապես` տեղաշարժման համար մատչելի միջավայր ապահովելու նպատակով:

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հաշմանդամների սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների հասանելիության ապահովմանը ներկայացվող հիմնական պահանջները քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթացն իրականացնելիս:

2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում կառուցապատման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների նախագծման, դրանց շինարարության և վերակառուցման գործընթացն իրականացնելիս հաշվի են առնվում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար կենսագործունեության, մասնավորապես` տեղաշարժման համար մատչելի միջավայրի ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրական և քաղաքաշինական բնագավառի նորմատիվ-իրավական ակտերով սահմանված պահանջները:

3. Գոյություն ունեցող կառուցապատված տարածքների վերակառուցման, շենքերի և շինությունների, ինչպես նաև պատմության ու մշակույթի հուշարձանների վերականգնողական աշխատանքներն իրականացնելիս, հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության ապահովմանն ուղղված պահանջներն ամբողջ ծավալով իրականացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով ամրագրվում են կոնկրետ իրավիճակին համապատասխան` հաշմանդամների պահանջներին հնարավորինս հարմարեցման պայմաններ:

4. Նոր կառուցվող և վերակառուցվող սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները պետք է համապատասխանեն նշված խմբերի կենսագործունեության ապահովման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

5. Բնակելի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից կառուցվող անհատական բնակելի տների), հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է` հաշվի առնելով ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններն ապահովող միջոցառումների իրականացումը: Անհատական բնակելի տներ կառուցապատողի ցանկությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դրույթները կարող են ներառվել վերջինիս կողմից տրվող նախագծային առաջադրանքում:

6. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման դեպքում, եթե ճարտարապետահատակագծային առաջադրանքով և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված է այդպիսի պայման:

7. Փողոցի երթևեկելի և հետիոտն գոտիները, ստորգետնյա և վերգետնյա անցումները, շենքերին ու շինություններին հարող տարածքները, հասարակական հանգստի վայրերը, սպորտային և մանկական խաղահրապարակները պետք է կահավորված լինեն անհրաժեշտ թեքահարթակներով և հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով (փողոցի երթևեկելի մասի և մայթերի վերակառուցումը կարող է իրականացվել աստիճանաբար` ճանապարհային ծածկույթի հերթական վերանորոգման ընթացքում):

8. Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար` համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջների` ապահովելով նշված խմբերի համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Մասնավորապես՝ շենքերի մուտքերը պետք է կահավորված լինեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ամբարձիչներով, վերելակների դռները շենքի բոլոր հարկերում պետք է ունենան լուսային կամ ձայնային ազդանշաններ: Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի բնակության համար հարմարեցված բնակարանների քանակը որոշվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքով:

Վերակառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերը պետք է հնարավորինս հարմարեցվեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կարիքներին` ապահովելով բնակվելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

9. Նոր կառուցվող հասարակական նշանակության` գիտական, կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքերն ու շինությունները, հյուրանոցները, մշակույթի, կրոնական, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման, վարչական, ֆինանսաբանկային համակարգի, ինչպես նաև տրանսպորտային նշանակության շենքերն ու շինությունները` երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ավտոկայարանները, ավտոկայանները, ավտոկայանատեղերը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթուղիների կանգառները պետք է մատչելի լինեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար` ապահովելով նրանց անարգել տեղաշարժը հասարակական և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունը` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջների համաձայն, և հագեցված լինեն անհրաժեշտ սարքավորումներով ու հարմարանքներով:

Վերակառուցվող հասարակական նշանակության շենքերն ու շինությունները պետք է հնարավորինս հարմարեցվեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կարիքներին` ապահովելով նրանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ հնարավոր պայմաններ:

Շենքերն ամբողջությամբ հարմարեցման ենթակա չլինելու դեպքում անհրաժեշտ է հասարակական և սոցիալական ծառայությունները կենտրոնացնել հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելի գոտիներում:

10. Մարզական, համերգային, դիտահանդեսային նշանակության (թանգարաններ, ցուցասրահներ, պատկերասրահներ, ակումբներ և մշակույթի տներ, թատրոններ և կինոթատրոններ, մարզահամերգային համալիրներ, կրկեսներ և այլն) շենքերի և կառույցների դահլիճներում, լսարաններում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար նախատեսված տեղերը կազմակերպվում են ցուցադրական, տեղեկատվական, ուսումնական և այլ ծրագրերի և նյութերի լիարժեք ընկալումն ապահովող գոտիներում:

Ուսումնական հաստատություններում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար նախատեսվում են հատուկ սարքավորված տեղեր:

11. Վերակառուցվող հյուրանոցներում, մոթելներում, քեմպինգներում, հանգստյան տներում և նմանատիպ այլ կառույցներում ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսվում են որոշակի քանակի համապիտանի (ունիվերսալ) սենյակներ՝ սայլակներով շարժվող միայնակ կամ ընտանիքներով հաշմանդամների համար` ելնելով տվյալ օբյեկտի վերակառուցման հնարավորություններից:

12. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի աշխատուժն օգտագործող կազմակերպությունների շենքերում նշված խմբերի համար նախատեսված աշխատատեղերը և ընդհանուր օգտագործման տարածքները պետք է ապահովեն նրանց գործունեության համար լիարժեք պայմաններ` հաշվի առնելով աշխատող հաշմանդամի հատուկ կարիքները:

13. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի և տարեցների համար կառուցված հատուկ բնակարաններին և բնակչության խնամքի ու սոցիալական պաշտպանության նշանակության կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան