Գլխավոր տեղեկություն
Номер
N 1746-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1367
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.11.2005
Дата вступления в силу
24.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 2 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1746-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 2006 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) 2006 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 25
Երևան

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1746-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

2006 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված է որպես գերակա ճյուղ: Լինելով համաշխարհային տնտեսության առաջատար ոլորտներից մեկը` այն ներառվել է այնպիսի գլոբալ համակարգերում, ինչպիսիք են կայուն զարգացումը (աղքատության հաղթահարում, շրջակա միջավայրի պահպանություն, համայնքների համաչափ զարգացում և այլն) մշակութային արժեքների փոխադարձ արժևորման, մարդկային տարաբնույթ զարգացման համակարգերում և այլն:

Զբոսաշրջության ոլորտն իր յուրահատկությամբ միակն է, որն ինչպես անմիջական, այնպես էլ անուղղակի միջնորդավորված ազդեցություն ունի տնտեսության այնպիսի ճյուղերի վրա, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, ջրային ռեսուրսները, արհեստագործությունը, մշակույթը, քաղաքաշինությունը, սննդի և հանգստի ծառայությունները և այլն: Զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է, աշխատուժի առումով, մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի այնպիսի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք:

Վերջին տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր տարեկան այցելուների քանակը դեպի Հայաստան աճում է միջինը 25 տոկոսով:

Զբոսաշրջության ոլորտում զարգացման միտումները պահպանվում են նաև 2005 թվականին, և, առաջին եռամսյակի ընթացքում այցելուների թիվը կազմելով 39 907, ապահովել է 33 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճի նույն դինամիկայի պահպանման դեպքում 2005 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 300000-ի սահմանագիծը (կանխատեսումները ցույց են տալիս, որ աճի նման տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1949-Ն որոշմամբ հաստատված 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցառումները հիմնականում ուղղված են եղել «Հայաստանը զբոսաշրջության համար բարենպաստ և հրապուրիչ երկիր» նկարագրի ձևավորմանը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները`

ա) հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է Բեռլինում, Դուբայում, Միլանում, Վրաստանում, Լոնդոնում և Ճապոնիայում անցկացվող միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում և տոնավաճառներում, որը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների աճի համար.

բ) ապահովվել է մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող ամենամյա «Հայաստանը խոսող քարերի երկիր-2005» զբոսաշրջային ցուցահանդեսին.

գ) 2005 թվականին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ գովազդատեղեկատվական նյութեր.

դ) 2005 թվականի ընթացքում «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, տրամադրելով բազմաբնույթ ծառայություններ և տեղեկատվություն, սպասարկել է շուրջ 4000 զբոսաշրջիկ, որոնց թիվը 2004 թվականի համեմատ աճել է մոտ 20 տոկոսով.

ե) 2005 թվականին համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Ճապոնիայի լրագրողների և տուրօպերատորների ճանաչողական այց` Հայաստան.

զ) 2005 թվականին Վանաձոր քաղաքում հիմնադրվել է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն:

Ուսումնասիրելով միջազգային փորձը և վերլուծելով ոլորտում զարգացման վերջին միտումները` բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք կարիք ունեն առաջնահերթ իրականացման և կատարելագործման.

ա) զբոսաշրջության քանակական և որակական ազդեցության գնահատումը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից.

բ) երկրի զարգացման համատեքստում վարչական վիճակագրական համակարգի կատարելագործման միջոցով զբոսաշրջության իրական գնահատականի ներկայացումը.

գ) հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ մարքեթինգային քաղաքականության իրականացումը:

Նշված խնդիրների լուծմանն ու զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքների իրականացմանն է ուղղված 2006 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի միջոցառումների իրագործումը խթան կհանդիսանա.

  • զբոսաշրջային գործունեության և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար,

  • ոլորտի զարգացման նպատակով բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմանների ստեղծման համար,

  • «Հայաստանը զբոսաշրջության համար բարենպաստ ու հրապուրիչ երկիր և տարածք» նկարագրի ձևավորման և զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովման համար,

  • ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների ստացման համակարգի ներդրման համար,

  • ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների ներգրավման համար:

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել՝

ա) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունված` 2003 թվականի դեկտեմբերի 17-ին (ՀՕ-11-Ն),

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշումը,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 341 որոշումը:

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտի զարգացումը զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից բարձրարդյունավետ ու մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման և միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով:

Ծրագրի իրականացման տարում որպես հիմնական նպատակ նախատեսվում է ապահովել Հայաստան միջազգային ներգնա զբոսաշրջիկների այցելության շուրջ 15-20 տոկոս աճ 2005 թվականի համեմատ, արդյունքում 2006 թվականին ապահովելով շուրջ 350 000 զբոսաշրջային այցելություններ:

Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում՝

ա) կկատարելագործվի ոլորտի օրենսդրական դաշտը` ուղղված ոլորտում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը.

բ) կձևավորվի և կամրապնդվի «Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ և հրապուրիչ երկիր» նկարագիրը միջազգային զբոսաշրջային շուկայում.

գ) կխթանվի միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի ինտեգրման գործընթացը.

դ) կմեկնարկի ոլորտում սատելիտային հաշիվների ներդրման գործընթացը, ինչը հնարավորություն կընձեռի կատարել մանրակրկիտ վերլուծություններ և դրանց հիման վրա մշակել հեռանկարային զարգացման ծրագրեր.

ե) կստեղծվի Ծաղկաձորի տարածաշրջանի վերաբերյալ ինտերնետային կայք, որի միջոցով կիրականացվեն գովազդային աշխատանքներ և մարքեթինգային ուսումնասիրություններ:

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2006 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է զբոսաշրջության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական ուղղությունները`

ա) զբոսաշրջության ոլորտի իրավական դաշտի կատարելագործում՝ ուղղված ոլորտում կազմակերպչական և տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը.

բ) զբոսաշրջության ոլորտի տեղեկատվագովազդային ապահովման համակարգի զարգացում և կատարելագործում, զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում.

գ) ժամանակակից տեղեկատվական համակարգի ներդրման միջոցով անհրաժեշտ վարչական վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմների արդիականացում` հիմք ստեղծելով հեռանկարային ծրագրերի մշակման համար.

դ) Ծաղկաձորի տարածաշրջանի վերաբերյալ ինտերնետային կայքի ստեղծում և դրա միջոցով գովազդային աշխատանքների և մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացում:

1. Զբոսաշրջության ոլորտի նորմատիվաիրավական դաշտի ձևավորումը և կատարելագործումը

 

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն և 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշումների պահանջները` կշարունակվի ոլորտի նորմատիվաիրավական դաշտի կատարելագործման գործընթացը, որը նպատակաուղղված կլինի բարձրացնելու մատուցվող զբոսաշրջային և հյուրանոցային ծառայությունների որակը, դրանք մոտեցնելու միջազգայնորեն ընդունված նորմերին` հավասար և բարենպաստ գործարար պայմաններ ստեղծելու ոլորտում գործունեություն իրականացնելու համար:

Զբոսաշրջության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացումն ընդհանուր առմամբ կնպաստի ազգային զբոսաշրջային արդյունքի որակի բարձրացմանը, զբոսաշրջիկի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և մրցակցային դաշտում հավասար պայմանների ապահովմանը:

2006 թվականին զբոսաշրջության ոլորտում կշարունակվի՝

ա) զբոսավարների և ուղեկցորդների գործունեության լիցենզավորման գործընթացը, համաձայն որի զբոսավարները և ուղեկցորդներն իրենց գործունեությունը կիրականացնեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից մասնագիտական որակավորման արդյունքում ստացած լիցենզիայի առկայության պայմաններում, ինչը կբացառի թերի կամ ոչ պատշաճ որակի ծառայությունների մատուցումը շուկայում.

բ) Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների դասակարգման գործընթացը, համաձայն որի հյուրանոցային տնտեսության օբյեկտները և մատուցվող հյուրանոցային ծառայությունները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պահանջներին:

2. Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի զարգացումը և կատարելագործումը

 

Պատշաճ մարքեթինգային քաղաքականության իրականացման շնորհիվ նոր մակարդակի կբարձրացվի միջազգային և ներքին զբոսաշրջային շուկաներում հայկական զբոսաշրջային արդյունքի գովազդատեղեկատվական ներկայացումը: Ստեղծելով և տարածելով «Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր» դրական նկարագիրը` հիմքեր կստեղծվեն զբոսաշրջիկների հոսքի կայուն աճի պահպանման համար:

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկա ինտեգրման գործընթացի խթանման համար հիմնական գործոններից է միջազգային համագործակցության ակտիվացումը: Միջազգային զբոսաշրջային շուկայում ոչ բոլորն են լավատեղյակ Հայաստանի, նրա ազգային և մշակութային ներուժի մասին, որը կարող է օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրության և հայտնաբերման առարկա դառնալ:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 22 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնց կազմակերպչական գործառույթները իրականացրել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Տարիներ շարունակ Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվում է Բեռլինում (2001-2005 թթ.), Լոնդոնում (2001-2005 թթ.), Թբիլիսիում (2002 թ., 2003 թ. և 2005 թ.), Ճապոնիայում (2002 թ. և 2004 թ.), Կիևում (2003 թ.), Դուբայում (2005 թ.), Միլանում (2005 թ.) և Մայամիում (2003 թ.) կազմակերպված ցուցահանդեսներում:

Վերը նշված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի զբոսաշրջության բնագավառի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ ստանալով բարենպաստ պայմաններ Հայաստանի գրավչությունները գովազդելու և իրենց զբոսաշրջային արդյունքն օտարերկրյա գործընկերներին ներկայացնելու համար: Ի թիվս այլ միջոցառումների, նաև նշվածների շնորհիվ, վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների, այդ թվում` նաև ոչ սփյուռքահայ զբոսաշրջիկների թվի կայուն աճ:

Հայաստանի անընդմեջ մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերել Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը և համաշխարհային զբոսաշրջության ինդուստրիայի ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի շարունակական ներկայացումը ճանաչում ստացած ցուցահանդեսներում խիստ անհրաժեշտ է երկրի զբոսաշրջային ոլորտի կայուն աճի ապահովման համար, ինչը, կարևորելով 2006 թվականին, կապահովվի Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը Բեռլինի, Լոնդոնի, Միլանի, Տոկիոյի, Թբիլիսիի և Դովիլի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում:

Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի խթանման համար խիստ կարևոր է գովազդային նյութերի տպագրումն ու տարածումը: Նախորդ տարիների ընթացքում գովազդային նյութերի պատրաստման աշխատանքները հիմնականում ֆինանսավորվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված միջոցներով: Սակայն հաշվի առնելով, որ զբոսաշրջության զարգացման հիմնական խթաններից է գովազդային նյութերի անընդմեջ թարմացումը և նոր նյութերի մշակումը, տպագրումը և տարածումը, աշխատանքներ են տարվելու դրանց նոր խմբաքանակի ստեղծման ուղղությամբ:

Գովազդատեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կտա ազգային մակարդակով գովազդելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը միջազգային ցուցահանդեսներում և համաժողովներում:

Գովազդային նյութերի շարքում կարևորներից են զբոսաշրջային քարտեզներն ու համառոտ տեղեկագիր-ուղեցույցերը, որոնք հնարավորություն կընձեռեն զբոսաշրջիկին ազատ ու մատչելիությամբ շրջագայելու Հայաստանում, ինչպես նաև մինչ Հայաստան ժամանելը բավարար տեղեկատվություն ստանալ երկրի մասին:

2006 թվականին կտպագրվի «Հայաստանը երեխաների աչքերով» ուղեցույցը: Գրավիչ լուսանկարներով ուղեցույցը կներկայացնի Հայաստանի տեսարժան վայրերը, երկրի պատմությունը և մշակույթը երեխաների աչքերով, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն բոլոր զվարճալիքների և ժամանցային վայրերի վերաբերյալ:

2006 թվականին կմշակվի և կտպագրվի Հայաստանի արշավային երթուղիների և ժայռամագլցումների մանրամասն տուրիստական քարտեզ, որը կտրամադրվի «ՀԱՅԱՍՏԱՆ Տեղեկատվություն» այցելուների տեղեկատվական կենտրոն ժամանած զբոսաշրջիկներին, ինչպես նաև անվճար կտրամադրվի արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող մասնագետներին և զբոսաշրջիկներին: Քարտեզն իր մեջ կպարունակի Հայաստանի հնարավոր բոլոր արշավային և ժայռամագլցման ուղղություններն իր մանրամասն մեկնարկի կետերով, արշավի և ժայռամագլցման հնարավորությամբ, քայլելու տևողությամբ, հեռավորությամբ և բազմաթիվ պայմանական նշաններով:

2006 թվականին կմշակվի և կպատրաստվի Հայաստանի մասին անգլերեն լեզվով զբոսաշրջային մասնագիտացված 30 րոպեանոց տեսաֆիլմ, որը կպարունակի տեղեկատվություն Հայաստանի բոլոր տեսարժան վայրերի մասին: Ֆիլմը կպատրաստվի լազերային սկավառակի տեսքով և կտարածվի միջազգային ցուցահանդեսներում, «ՀԱՅԱՍՏԱՆ Տեղեկատվություն» այցելուների տեղեկատվական կենտրոնում, ինչպես նաև կտրամադրվի բոլոր դեսպանատներին և օտարերկրյա հյուրերին:

Կթարմացվի, կպատրաստվի և կտպագրվի Երևան քաղաքի կենտրոնի փոքրածավալ զբոսաշրջային քարտեզ, որն անվճար կտրամադրվի «ՀԱՅԱՍՏԱՆ Տեղեկատվություն» այցելուների տեղեկատվական կենտրոն ժամանած զբոսաշրջիկներին, ինչպես նաև կբաշխվի Երևանի տարբեր հյուրանոցներին և տուրինդուստրիայի ներկայացուցիչներին: Կթարմացվեն և կտպագրվեն նաև Հայաստանի և Երևանի մանրամասն տուրիստական քարտեզներ, որոնք կտրամադրվեն «ՀԱՅԱՍՏԱՆ Տեղեկատվություն» այցելուների տեղեկատվական կենտրոն ժամանած զբոսաշրջիկներին, ինչպես նաև անվճար կտրամադրվեն արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող մասնագետներին և զբոսաշրջիկներին:

Հայաստանի մասին թարմ և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2006 թվականին անհրաժեշտ կլինի վերանայել և թարմացնել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության (www.armeniainfo.am) ինտերնետային էջը: Այս աշխատանքները կնպաստեն Հայաստանի մասին անթերի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելուն, ինչպես օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներին, այնպես էլ զբոսաշրջության մասնագետներին: Ինտերնետային էջը (www.armeniainfo.am) տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, ազգային արժեքների, զբոսայգիների, պատկերասրահների մասին, ինչպես նաև այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հարմարավետ, հաճելի և անմոռանալի է դարձնում Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցը: Այն նպատակ ունի ինտերնետի միջոցով աջակցել զբոսաշրջիկին` ներկայացնելով ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տալ լիարժեք, ամբողջական տեղեկատվություն տուրիստական գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների վերաբերյալ: Ինտերնետային էջի բացառիկ հատկանիշներից է նաև շաբաթական իրադարձությունների պարբերաբար նորացվող ցանկը, որը յուրաքանչյուր ոք կարող է ստանալ իր էլեկտրոնային փոստով մեկ անգամ բաժանորդագրվելուց հետո:

Համագործակցելով մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հետ` 2006 թվականի ընթացքում կմշակվեն, կձևավորվեն և կտպագրվեն անգլերեն լեզվով տեղեկատվական ուղեցույցեր Հայաստանի բոլոր շրջանների մասին: Ուղեցույցերը կպարունակեն տեղեկատվություն մարզերի տեսարժան վայրերի, թանգարանների, պատկերասրահների, եկեղեցիների, հյուրանոցների, ռեստորանների, զվարճանքի վայրերի և այլնի մասին: Կտպագրվեն նաև մարզերի քարտեզներ և գովազդային թերթիկներ:

2006 թվականին կտպագրվեն Հայաստանի և Երևանի քարտեզներ, լիֆլետներ, Հայաստանը բնութագրող և գովազդող բացիկներ, երկիրը ներկայացնող անգլերեն, իտալերեն, գերմաներեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուներով բրոշյուրներ, որոնք միջազգային ցուցահանդեսներում անվճար կտրամադրվեն Հայաստանի տաղավարն այցելող յուրաքանչյուր այցելուին, ինչպես նաև արտերկրում գործող հայկական դեսպանատներին, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին և դեսպանատներին:

Նախորդ տարիներին իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր, որոնք կազմակերպվել են «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին և լրագրողներին տեղում ծանոթացնելու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքի հետ` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորություններով գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներուժ ունեցող շուկաներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով 2006 թվականին նույնպես նախատեսվում է նմանատիպ 3 այցի կազմակերպում:

Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենի ներկայացումն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում: Սա Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն: Ճանաչողական այցերի կազմակերպման արդյունքում Հայաստանի մասին կտպագրվեն բազմաթիվ ճանապարհորդական հոդվածներ:

Զբոսաշրջության զարգացման ցուցանիշներից մեկը երկրում ոլորտի ենթակառուցվածքային համակարգի առկայությունն ու դրա արդիականության աստիճանն է: Այս առումով զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը խիստ անհրաժեշտ է ոլորտում համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար:

Այս բնագավառում «Հայաստան» առաջին տեղեկատվական կենտրոնը, որը գործում է 2001 թվականից, համապատասխան զբոսաշրջային տեղեկություն և գրականություն է տրամադրում Հայաստանի տեսարժան վայրերի, հյուրանոցների, ռեստորանների և այն ամենի վերաբերյալ, ինչն առնչվում է ոլորտի հետ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ կենտրոնի գործունեության արդյունքում արձանագրվել է սպասարկվող զբոսաշրջիկների թվի կայուն աճ:

2006 թվականին նախատեսվում է Հայաստանի ևս 3 մարզերում հիմնադրել այցելուների տեղեկատվական կենտրոններ:

2006 թվականի ընթացքում համագործակցելով մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ` ծրագրավորվում է աշխատանքներ տանել Ծաղկաձորում, Դիլիջանում և Գորիսում այցելուների տեղեկատվական կենտրոնների հիմնման ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքը ոչ միայն այդ քաղաքներում, այլ նաև հարակից համայնքներում: Կստեղծվի պարբերաբար նորացվող տվյալների բազա, որը կընդգրկի տեղեկատվություն տվյալ շրջանում գտնվող պատմական և մշակութային վայրերի մասին, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների և զվարճանքի կենտրոնների, հյուրանոցների, ռեստորանների և փոխադրամիջոցների վերաբերյալ: Կպատրաստվեն և կտպագրվեն տվյալ մարզերը ներկայացնող տեղեկատվական բրոշյուրներ, քարտեզներ և այլ գովազդային նյութեր:

Արտասահմանյան տարբեր երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները, որոնք ազգային, մշակութային բնույթ ունեն և կազմակերպվում են զբոսաշրջության համար ակտիվ սեզոնի ընթացքում գրավում են բազում զբոսաշրջիկների:

2006 թվականին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում «Կենաց» փառատոնի շրջանակներում անցկացնել «Ազգային ժողովն իր ժողովրդի համար» համերգը:

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության դերն այս փառատոնի կազմակերպման և անցկացման գործում նպաստավոր կլինի Հայաստանի զբոսաշրջության խթանման և հավանական զբոսաշրջիկների գրավման նպատակով երկրի մշակույթի և պատմության ներկայացման գործում:

3. Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացումը

 

Հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտների վրա զբոսաշրջության քանակական և որակական փոխազդեցության, երկրի զարգացման համատեքստում, զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության ամբողջականացման և ընդլայնման նպատակով 2006 թվականին նախատեսվում է աշխատանքներ իրականացնել «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը կընձեռի մանրակրկիտ վիճակագրական տվյալների ստացման հնարավորություն: «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրումը հնարավորություն կտա իրականացնել բազմակողմանի և մանրամասն վերլուծություններ, մշակել հեռանկարային զարգացման ծրագրեր:

Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չունենալով զբոսաշրջիկների մասին ամբողջական վիճակագրական տվյալներ` կատարված դրամական ծախսերի, ժամանման-մեկնման նպատակի, տարիքի, այցելության տևողության, ժամանման-մեկնման տրանսպորտային միջոցների տեսակների, սահմանների անցման կետերի և այլնի վերաբերյալ, հնարավոր չէ կատարել ոլորտի վերլուծություններ և մշակել հեռանկարային ծրագրեր:

2006 թվականին «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրման և հետագա շահագործման նպատակով Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կանցկացվեն կրթական ծրագրեր:

4. Ծաղկաձորի տարածաշրջանի զբոսաշրջային մասնագիտացված ինտերնետային կայքի միջոցով մարքեթինգային և գովազդային աշխատանքների իրականացումը

 

Տարածաշրջանը միջազգային զբոսաշրջային շուկայում լիարժեք ներկայացման, գովազդման, ինչպես նաև օպերատիվ տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է Ծաղկաձորի մասին ինտերնետային կայքի ստեղծումը:

Ծաղկաձորի տարածաշրջանի զբոսաշրջային մասնագիտացված ինտերնետային կայքի ստեղծումը և հետագա շահագործումը հնարավորություն կընձեռի իրականացնել խորը մարքեթինգային և գովազդային աշխատանքներ:

Մարքեթինգային տեխնոլոգիաների ներդրման օգնությամբ հնարավոր կդառնա ակտիվ մարքեթինգային ուսումնասիրությունների կատարումը, որոնք ուղղված կլինեն բացահայտելու պահանջարկի շուկաները, դրանց աշխարհագրությունը, դեմոգրաֆիկ կառուցվածքը, ինչպես նաև հետագա մարքեթինգային և ծրագրավորման քայլերը:

Մասնագիտացված վեբ-կայքի միջոցով կիրականացվի տարածաշրջանի զբոսաշրջային արդյունքի լայնածավալ գովազդում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը զբոսաշրջության բնագավառում արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցում են այլ տիպի գովազդները:

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

2006 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1746-Ն որոշման


Ց Ա Ն Կ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման  աղբյուրը

  1.

Ոլորտում զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական  քննության, լիցենզավորման, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման  գործընթացների իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թվականի
ընթացքում

ՀՀ պետական բյուջե

2.

Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործում

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թվականի
առաջին եռամսյակից

ՀՀ պետական բյուջե

3.

Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների   իրականացում

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թվականի
առաջին եռամսյակից

ՀՀ պետական բյուջե,
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

4.

Ծաղկաձորի տարածաշրջանի  զբոսաշրջային մասնագիտացված ինտերնետային կայքի միջոցով մարքեթինգային և գովազդային աշխատանքների  իրականացում

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թվականի
ընթացքում

ՀՀ պետական բյուջե,
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան