ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 փետրվարի 2000 թվականի |
թիվ 21 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը քննարկելով օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը արձանագրում է.
Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի համաձայն հանրապետությունում պետք է ստեղծվեին և գործեին Սահմանադրությամբ ամրագրված երեք դատական ատյան` առաջին ատյանի դատարաններ, վերաքննիչ դատարաններ և վճռաբեկ դատարան: Դատարանների ինքնուրույնությունը և անկախությունը մեկը մյուսից ապահովելու նպատակով նշված ատյանները պետք է գործեին ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա: Սակայն 1999թ. հունվարից գործող «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում հիմնովին խախտվել է դատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը և եռաստիճանի փոխարեն, փաստորեն, ստեղծվել է մեկուկես աստիճանանոց, ամորֆ դատական մի համակարգ, որը արդարադատության իրականացումը հանգեցրել է տեղապտույտ և շրջապտույտ կատարող մի անվերջանալի դատական քաշքշուկի:
Մասնավորապես, առաջին ատյանի դատարանները վերածվել են վերաքննիչ դատարանների «գրասենյակի» , վերաքննիչ դատարանները` «առաջին ատյանի դատարանի» , իսկ վճռաբեկ դատարանը` ոչինչ չորոշող խորհրդակցական մարմնի: Մինչդեռ եռաստիճան դատական համակարգի սահմանադրական տրամաբանությունը ենթադրում է, որ դատական համակարգի հիմնական օղակը հանդիսացող առաջին ատյանի դատարանի հնարավոր բացթողումները և սխալները շտկվեն վերաքննության կամ վճռաբեկության կարգով:
Վերոհիշյալ օրենքով և օրենսգրքերով գործող դատական համակարգը չնայած ձևականորեն համապատասխանում է Սահմանադրությամբ ամրագրված համակարգին, սակայն ըստ էության խոչընդոտում է մարդու և քաղաքացու իրավունքների իրականացմանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված է, որ պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7 հոդվածով սահմանված է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց որևէ տարբերության ունեն օրենքի կողմից հավասարապես պաշտպանվելու իրավունք, իսկ 10 հոդվածում սահմանված է, որ ամեն մարդ իր իրավունքներն ու պարտականությունները որոշելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար իրավունք ունի պահանջելու, որ լրիվ հավասարության հիման վրա իր գործը անկախ և անաչառ դատարանի կողմից քննվի և բացահայտ և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Այդ սկզբունքներից ու նորմերից ելնելով ՀՀ Սահմանադրության 38 հոդվածը սահմանում է` «յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք» , իսկ 39 հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»:
Վերը նշված դրույթներից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու իրավունք է վերապահված իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել ցանկացած դատական ատյան, այդ թվում վճռաբեկ դատարան: Բացի այդ, Սահմանադրությունը նախատեսում է նույնանման դատավարություն ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործերով: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածի համաձայն վերաքննիչ վարույթը կարգավորված է տարբեր եղանակներով, քաղաքացիների համար դատարաններում առաջացնելով անհավասար պայմաններ:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ավելի լայն հնարավորություններ է ընձեռում քրեական դատավարության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության համար: Դա արտահայտվում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածի համաձայն «վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի համաձայն «վերաքննիչ դատավճիռը կամ որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո տասնօրյա ժամկետում»: Արդյունքում, նույն քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի համաձայն, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն ոչ միայն գլխավոր դատախազը, նրա տեղակալները և հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները, այլ նաև հիշյալ 10 օրվա ընթացքում` դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները քաղաքացիական հայցի մասով:
Ստացվում է, որ եթե քաղաքացին քաղաքացիական հայցվոր, կամ պատասխանող է քրեական գործով, ապա նա իրավունք ունի վերաքննիչ դատարանի վճիռը կայացնելուց հետո 10 օրվա ընթացքում բերելու վճռաբեկ բողոք: Մինչդեռ, եթե նույն քաղաքացին քաղաքացիական հայցվոր կամ պատասխանող է քաղաքացիական գործով, ապա նա զուրկ է այդ իրավունքից:
Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219, 222, 223 հոդվածներով ակնհայտորեն սահմանափակվում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7 հոդվածով սահմանված օրենքի առաջ բոլոր մարդկանց և օրենքի կողմից` առանց որևէ տարբերության ու խտրականության նրանց հավասարապես պաշտպանվելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, խախտված իրավունքները հավասար պայմաններում դատարանի կողմից քննության իրավունքները:
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության իմաստը և էությունը կայանում է նրանում, որ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը իրականացվի ոչ թե միայն հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի միջոցով, դրա հետ կապված լրացուցիչ ժամանակի և ծախսերի վատնմամբ, այլ անձամբ անմիջականորեն վճռաբեկ դատարան դիմելով և նշված ծախսերը ու ժամանակը խնայելով:
Ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում բացակայում է օրինական ուժի մեջ մտած վճիռների և որոշումների կատարումը կասեցնելու ինստիտուտը: Միաժամանակ, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներով ստեղծված է հարկադիր կատարման նոր ինստիտուտ լայն լիազորություններով, որը հենց հաջորդ օրը կարող է կատար ածել օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը: Հետևաբար, վճռաբեկ դատարանի կողմից բավարարված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք հանգեցնում է արդեն իսկ ի կատար ածված օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման կատարման շրջադարձին: Նշված հանգամանքը ոչ միայն բարդություններ է ստեղծում պրակտիկայում, այլ նաև հեղինակազրկում է ինչպես դատական իշխանությանը, այնպես էլ հարկադիր կատարման ծառայությանը:
Վերը նշված հակասությունները և քաղաքացիների խախտված իրավունքները հավասար պայմաններում վերականգնելու, օրենքի առաջ բոլորին` առանց տարբերության ու խտրականության պաշտպանելու, քաղաքացիների դժգոհություններն ու գործերի քննության քաշքշուկները բացառելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում, դրանք համապատասխանեցնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7, 10 հոդվածների և ՀՀ Սահմանադրության 39 հոդվածի պահանջներին:
ՀՀ Սահմանադրության 93 հոդվածի համաձայն վճռաբեկ դատարանը վերանայում է վճիռները, դատավճիռները և որոշումները: Դա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը վճռաբեկ դատարանին վերապահել է նշված դատական ակտերը վերանայելու իրավունք: «Վերանայում» բառի ստուգաբանությունից հետևում է, որ դատավարական առումով այն իր մեջ ներառում է ինչպես դատական ակտի բեկանումը, այնպես էլ փոփոխումը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403 հոդվածը նշում է, որ «վճռաբեկության կարգով վերանայվում են ... «: Սակայն նույն օրենսգրքի 419 հոդվածը արդեն նեղացնում է վերանայման հասկացությունը և վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահվում միայն բեկանելու դատավճիռը կամ որոշումը, իսկ որոշ դեպքերում` բեկանելու կամ կարճելու գործի վարույթը:
Եվրախորհրդի համապատասխան կառույցը մեկնաբանելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, տալիս է դատարանի հասկացությունը, ըստ որի դատարան համարվող պետական մարմինը «պետք է ունենա բավական լայն լիազորություններ, որպեսզի քննարկվող վեճի կամ մեղադրանքի բոլոր կողմերի վերաբերյալ ընդունի որոշում»: Մեկ այլ տեղում նշում է, որ դատարանի այդ հատկանիշից բխում է «որ դատարանը պետք է լիազորություն ունենա որոշում ընդունելու ինչպես փաստի, այնպես էլ իրավունքի հարցերի վերաբերյալ»:
Անդրադառնալով հիմնախնդրի գործնական կողմին պետք է նշել, որ 1999թ. ընթացքում վճռաբեկ դատարանի պալատները բեկանել են մեծ թվով դատավճիռներ և վճիռներ: Իսկ բեկանումը նշանակում է տվյալ գործի շրջապտույտ դատական համակարգի բոլոր օղակներով, որը ինչ խոսք, գործերի քննության անտեղի ձգձգումների պատճառ է դառնում, ստեղծում է արհեստական ծանրաբեռնվածություն իր բոլոր բացասական հետևանքներով: Բեկանումները կիսով չափ պակաս կլինեին, եթե վճռաբեկ դատարանը օժտված լիներ դատավճիռը կամ վճիռը փոփոխելու իրավունքով:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վճռաբեկ դատարանին վերապահված է դատավճիռը բեկանելու և գործը վարույթում կարճելու իրավունք, իսկ դատավճռում փոփոխություն կատարելու իրավունք վերապահված չէ, այն դեպքում, երբ առաջին որոշումը ավելի պատասխանատու է, քան երկրորդը: Ընդ որում, առաջարկվող նախագծի համաձայն դատավճռում կամ վճռում փոփոխություններ կարող են կատարվել միայն սահմանափակ դեպքերում, այն է` երբ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու կամ ապացույցների լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն չկա, դատարանը սխալ է թույլ տվել արարքի որակման հարցում, կամ պատիժները գումարելիս, կամ չի կիրառել համաներման ակտը և այլն:
Վճռաբեկ դատարանին դատավճիռը կամ վճիռը փոփոխելու իրավունք վերապահելը կլուծի նաև համակարգային մեկ այլ կարևոր հարց: Վճռաբեկ դատարանը բեկանելով վերաքննիչ դատարանի ապօրինի դատավճիռը կամ վճիռը և ուժի մեջ թողնելով նույն գործով առաջին ատյանի դատարանի կայացրած օրինական դատավճիռը կամ վճիռը, փաստորեն, առաջին ատյանի դատարանը վերաքննիչ դատարանի «գրասենյակից» կվերածի, իրոք, հանուն Հայաստանի Հանրապետության դատական ակտ կայացնող դատարանի, իսկ վճռաբեկ դատարանը խորհրդակցական մարմնից կվերածվի վերջնական որոշում կայացնող դատարանի:
«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների ընդունումը զգալիորեն կբարձրացնի արդարադատության արդյունավետությունը և դատարանի հեղինակությունը, կբացառվեն գործերի շրջապտույտը և դատական քաշքշուկը, կկրճատվեն արդարադատությանն ուղղված պետական բյուջեի ծախսերը և, որ ոչ պակաս կարևոր է, հանրապետությունում կստեղծվի միասնական դատական պրակտիկա, որն իր հերթին կդառնա յուրաքանչյուր դատավորի աշխատանքի օրինականության գնահատման չափանիշ:
Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկված նախագծերի ընդունումը հանրապետության դատական համակարգը կհամապատասխանեցնի Եվրախորհրդի փաստաթղթերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին:
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի պահանջներով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հավանություն տալ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: