ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԼԵՆՈՒՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1993 թ.
ք. Երևան
Դիտավորյալ սպանությունների վերաբերյալ գործերի դատական պրակտիկայի մասին
Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները այս բնույթի գործեր քննելիս հիմնականում ճիշտ են կիրառում օրենսդրությունը:
Միաժամանակ թույլ են տրվում սխալներ արարքի իրավական գնահատման և պատժի նշանակման հարցերում. երբեմն օրենքով նախատեսված բոլոր միջոցները չեն ձեռնարկվում գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար, չեն պարզվում հանցավորի և տուժողի անձնավորությունը բնութագրող տվյալները: Իսկ հանցագործության սուբյեկտիվ կողմի, հատկապես հանցավորի դիտավորության, սպանության շարժառիթների և նպատակների թերի պարզաբանումը հանգեցնում է նրան, որ դատարանները, երբեմն սպանությունը չեն սահմանազատում մարմնական ծանր վնասվածքից, իսկ սպանության փորձը` մյուս հանցակազմերից (օրինակ` սպանության, մարմնական վնասվածքներ հասցնելու ու սպառնալիքից, խուլիգանությունից):
Սխալներ են թույլ տրվում նաև խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ, տուժողի կողմից իր պաշտոնեական կամ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, երկու կամ մի քանի անձանց սպանությունների որակավորման հարցերում: Միշտ չէ, որ դիտավորյալ սպանությունների վերաբերյալ գործեր քննելիս դատարանները հետազոտում և բացահայտում են այն պատճառներն ու պայմանները, որոնք ազդել են հանցագործության կատարմանը: Դիտավորյալ սպանությունների վերաբերյալ գործերով դատարանների աշխատանքում եղած սխալներն ու թերությունները վերացնելու, օրենսդրությունը ճիշտ կիրառելու նպատակով ՀՀ Գերագույն դատարանի պլենումը ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Դատարանների ուշադրությունը հրավիրել դիտավորյալ սպանությունների վերաբերյալ հանցագործությունների բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, օրենքի պահանջների անթերի կատարմանը, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, օրենքի պահանջների անթերի կատարմանը: Ապահովել այս բնույթի գործերի դատական քննության բարձր մակարդակ, նկատի ունենալով, որ այդ հանցանքը ծանրացուցիչ հանգամանքներում կատարող անձի նկատմամբ կարող է կիրառվել նաև մահապատիժ:
2. Դիտավորյալ սպանության համար պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել այն բոլոր հանգամանքները, որոնց առկայության պայմաններում կատարվել է հանցանքը, մեղքի ձևը, նպատակն ու շարժառիթները, եղանակն ու կատարման փուլը, հետևանքների ծանրությունը, մեղավորի գործողությունների բնույթը հանցագործությունից հետո: Ընդ որում, պետք է պարզել հանցավորի ինքնությանը վերաբերող տվյալները. նրան դրական կամ բացասական բնութագրող հատկանիշները, անցյալը, վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, վարքագիծը կենցաղում և շրջապատում և արարքը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Անհրաժեշտ է նաև հետազոտել տուժողի անձնավորությանը վերաբերող տվյալները, նրա փոխհարաբերությունները հանցավորի հետ, ինչպես նաև վարքագիծը դեպքի ժամանակ:
Հանցավորի հոգեկան լիարժեքությունը կասկածի տակ դրվելիս հարկավոր է կատարել դատահոգեբուժական փորձաքննություն:
3. Հաշվի առնելով կազմակերպված հանցագործությունների վտանգավորությունը, դատարանները պետք է խստորեն ղեկավարվեն օրենքի պահանջով, որ հանցագործությունը կազմակերպված խմբի կողմից կատարելը անհրաժեշտ է դիտել որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
Երբ սպանությունը կատարել են մի քանի անձինք, դատարանները պարտավոր են մանրազնին հետազոտել, թե նախնական պայմանավորվածություն եղել է մասնակիցների միջև, դերերի բաշխումը կատարվել է թե ոչ, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը, ապա դրանք ի մի բերելով եզրակացնել կազմակերպված խմբի գոյության կամ բացակայության մասին: Ընդ որում, որպես հանցագործություն կատարածներ պետք է ճանաչել նրանց, ովքեր գործել են սպանությունը համատեղ կատարելու դիտավորությամբ և անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու գործողության բուն ընթացքին:
Դիտավորյալ սպանությունը, որ կատարվել է տարերային կամ այլ հասարակական աղետի (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, համաճարակ, զանգվածային անկարգություններ և այլն) հանգամանքների օգտագործմամբ, համաձայն ՀՀ քր. օր. 36 հոդվածի պետք է դիտել որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներում կատարված հանցագործություն:
Երբ քննության թերի և միակողմանի լինելու հետևանքով չեն պարզվել սպանության այն բոլոր հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համար և այդ բացերը չեն կարող լրացվել դատական նիստում, ապա գործը պետք է վերադարձնել լրացուցիչ քննության:
4. Դատարանները պետք է գիտենան, որ ՀՀ քր. օր. 99 կամ 100 հոդվածներով նախատեսված սպանությունները կարող են կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ, այսինքն` երբ հանցավորը գիտակցել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանք (ուղղակի դիտավորություն) կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը (անուղղակի դիտավորություն): ՀՀ քր. օր. 15 հոդ. իմաստով սպանության փորձ հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` երբ հանցավորի գործողությունները վկայում են, որ նա նախատեսել է մահվան առաջացումը, ցանկացել է դա, բայց մահը տեղի չի ունեցել նրա կամքից անկախ պատճառներով:
Անհրաժեշտ է սահմանազատել դիտավորյալ սպանությունը դիտավորյալ կերպով մահացու մարմնական վնասվածք պատճառելուց, երբ հանցավորի վերաբերմունքը մահվան նկատմամբ դրսևորվել է անզգուշաբար:
Լուծելով հանցավորի դիտավորության էության հարցը, դատարանները պետք է ելնեն հանցագործության բոլոր հանգամանքների ամբողջությունից և հաշվի առնեն հանցագործության գործիքներն ու եղանակները, վերքերի և վնասվածքների քանակը, բնույթն ու տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանները), մեղավորի հանցավոր գործողությունները դադարեցնելու պատճառները:
5. ՀՀ քր. օր. 99 հոդ. 1-ին կետով պետք է որակել դիտավորյալ սպանությունը, որը կատարվել է իր կամ այլ անձանց համար նյութական (դրամ, իր, գույքային կամ բնակարանային իրավունքներ, երրորդ անձանցից պարգևներ) և այլ շահ ստանալու կամ նյութական ծախսերից (գույքը, պարտքը վերադարձնելուց, ծառայության դիմաց հատուցելուց, ալիմենտ վճարելուց, գույքային պարտավորությունները կատարելուց և այլն) ազատվելու դիտավորությամբ:
Եթե դիտավորյալ սպանությունը կատարվել է ավազակային հարձակման ժամանակ, ապա արարքը պետք է որակել ըստ այդ հանցագործությունների համակցության, քանի որ ավազակությունը չի ընդգրկում ՀՀ քր. օր. 99 հոդ. 1-ին կետի դիսպոզիցիայով:
6. ՀՀ քր. օր. 99 հոդ. 2-րդ կետով պետք է որակել այն դիտավորյալ սպանությունը, որը կատարվել է հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու, համակեցության կանոնները և բարոյականության նորմերը կոպտորեն խախտելու չարամտությամբ, երբ մեղավորի վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն` շրջապատին հակադրելու ցանկությամբ և շրջապատի նկատմամբ իր արհամարանքի դրսևորմամբ: Խուլիգանական դրդումներով սպանությունը արտաքուստ, հաճախ կատարվում է առանց առիթի կամ չնչին առիթը օգտագործվում է որպես պատրվակ:
Եթե խուլիգանական դրդումներով սպանությունից զատ, հանցավորը կատարել է դիտավորյալ այլ արարքներ, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հասարակության նկատմամբ ապա նրա գործողությունները բացի ՀՀ քր. օր. 99 հոդ. 2-րդ կետից պետք է որակվեն նաև ՀՀ քր. օր. 222 հոդվածի համապատասխան մասով:
Դիտավորյալ սպանությունը, որ կատարվել է խանդի, վրեժխնդրության և անձնական հարաբերություններից բխող այլ դրդումներով, անկախ կատարման վայրից չպետք է որակվի ՀՀ քր. օր. 99 հոդ. 2-րդ կետով:
7. ՀՀ քր. օր. 99 հոդ. 3-րդ կետով պետք է որակել սպանությունը, որ կատարվել է տուժողի պաշտոնեական կամ հասարակական պարտքը կատարելու օրինաչափ գործունեությունը խոչնդոտելու նպատակով, ինչպես նաև այդպիսի գործունեության համար` վրեժխնդրության շարժառիթներով:
Պաշտոնեական պարտքի կատարում ասելով պետք է հասկանալ ամեն մի անձի այնպիսի գործունեություն, որը մտնում է նրա ծառայական պարտականությունների շրջանակի մեջ, իսկ հասարակական պարտքի կատարում ասելով` քաղաքացիների կողմից ինչպես հատուկ` նրանց վրա դրված հասարակական պարտականությունների, այնպես էլ հասարակության կամ առանձին անձանց շահերից բխող այլ գործողությունների կատարումը (իրավախախտումները խափանելը, նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին իշխանության մարմիններին հաղորդելը և այլն):
8. Երկու կամ մի քանի անձանց սպանության դեպքում արարքը ՀՀ քր. օր. 99 հոդ. 4-րդ կետով պետք է որակել, եթե հանցավորի գործողությունները ներառվել են դիտավորության միասնությամբ և որպես կանոն կատարվել են միաժամանակ: Իսկ մեկ մարդու սպանությունը և մեկ ուրիշի կյանքի նկատմամբ մահափորձը չի կարող դիտվել որպես երկու անձանց սպանության ավարտված հանցագործություն, քանի որ երկու մարդ սպանելու հանցավոր դիտավորությունը չի իրականացվել հանցավորի կամքից անկախ պատճառներով:
Այդպիսի դեպքերում արարքը պետք է որակել ՀՀ քր. օր. 100 հոդ. կամ 99 հոդ. և 15-99 հոդ. 4-րդ կետով:
9. Դիտավորյալ սպանությունը ՀՀ քր. օր. 99 հոդ. 6-րդ կետով որակելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքը առանձին դաժանությունը կապում է ինչպես սպանության եղանակի, այնպես էլ այլ հանգամանքների հետ, որոնք կվկայեն հանցավորի կողմից առանձին դաժանություն ցուցաբերելը:
Առանձին դաժանության հատկանիշ, մասնավորապես առկա է, երբ կյանքից զրկելուց առաջ կամ սպանության ընթացքում տուժողի նկատմամբ կիրառվել են տանջանքներ, խոշտանգումներ կամ նա ենթարկվել է ծաղր ու ծանակի կամ սպանությունը կատարվել է այնպիսի եղանակով, որը հանցավորի համար ակնհայտորեն կապված է տուժողին առանձնահատուկ տանջանքներ պատճառելու հետ մեծ թվով մարմնական վնասվածքներ հասցնելը, տանջալիորեն ազդող թույն օգտագործելը, մարդուն կենդանի կիզելը, երկար ժամանակ սննդից, ջրից զրկելը և այլն, սակայն պետք է նկատել, որ սոսկ մարմնական վնասվածքների քանակը ինքնին հիմք չի կարող լինել արարքը առանձին դաժանությամբ կատարված որակելու համար:
Առանձին դաժանությունը կարող է արտահայտվել նաև այն ժամանակ, երբ սպանությունը կատարվել է տուժողի մերձավորների ներկայությամբ և հանցավորը գիտակցել է, որ իր գործողություններով նրանց հատուկ տանջանքներ է պատճառում: Հանցագործությունը թաքցնելու նպատակով դիակի անդամահատումը կամ ոչնչացումը չի կարող դիտվել սպանությունը որպես առանձին դաժանությամբ կատարված որակելու հիմք:
Դիտավորյալ սպանությունը որպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված որակելու համար անհրաժեշտ է պարզել, թե իրականացնելով որոշակի անձի սպանության դիտավորությունը հանցավորը գիտակցել է արդյոք, որ ինքը կիրառում է մահ պատճառելու այնպիսի եղանակ, որը վտանգավոր է ոչ միայն մեկ մարդու կյանքի համար: Այլ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում հանցավորի գործողությունները, բացի ՀՀ քր. օր. 99 հոդ. 6-րդ կետով որակելուց պետք է որակել նաև ՀՀ քր. օր. դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով:
10. Այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը դյուրին դարձնելու նպատակով կատարված սպանությունը, այլև, եթե այն զուգորդված է եղել բռնաբարության հետ պետք է որակել ՀՀ քր. օր. 99 հոդ. 7-րդ կետով և ՀՀ քր. օր. համապատասխան հոդվածով այն պատճառով, որ տվյալ դեպքում հանցավորը կատարում է երկու հանցագործություն, ընդ որում, հետապնդելով ստոր նպատակ` հեշտացնել այլ հանցագործության կատարումը կամ խուսափել նախորդ հանցագործության կատարման համար պատասխանատվությունից:
Բռնաբարության հետ զուգորդված դիտավորյալ սպանություն ասելով պետք է հասկանալ բռնաբարության ընթացքում կամ այն թաքցնելու նպատակով կատարված սպանությունը, այլև այն սպանությունը, որ կատարվել է դիցուք վրիժառության մղումներով` բռնաբարության ժամանակ ցույց տրված դիմադրության համար:
11. ՀՀ քր. օր. 99 հոդ. 8-րդ կետով` սպանությունն առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կատարված պետք է համարել այն ժամանակ, երբ նախքան դիտավորյալ սպանություն կատարելը անձը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ և դատավճիռը ստացել է օրինական ուժ:
Այդ նույն կետով, բայց սպանությունը նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից (բացառությամբ հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված սպանություններից) կատարված պետք է համարել անկախ այն բանից, թե հանցավորը առաջին հանցագործության համար դատապարտված եղել է, թե ոչ:
Եթե հանցավորը նախկինում կատարած սպանության կամ դրա փորձի համար դատապարտված չի եղել, ապա նրա այդ արարքը ենթակա է ինքնուրույն որակման, իսկ վերջին հանցագործությունը` նայած թե դա ավարտված է եղել, թե ոչ, պետք է որակել ՀՀ քր. օր. 99 հոդ. 8-րդ կետով կամ 15-99 հոդ. 8-րդ կետով:
Սպանությունը չի կարող ՀՀ քր. օր. 99 հոդ. 8-րդ կետով որակվել, եթե նախկինում կատարված դիտավորյալ սպանության համար անձի դատվածությունը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ամնիստիայի կամ ներման ակտով, ինչպես նաև, եթե սպանության կատարման պահին անցել են ՀՀ քր. օր. 44 հոդվածում` նշված նախկինում կատարած հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
12. ՀՀ քր. օր. 99 հոդ. 9-րդ կետով պետք է որակել սպանությունը, եթե անձը առևանգվել կամ ապօրինաբար ազատությունից զրկվել է մասնավոր անձի կողմից:
Ընդ որում, դատարանները պետք է նկատի ունենան, որ տվյալ դեպքում դարձյալ առնչվում են երկու տարբեր հանցագործությունների հետ, հետևաբար դրանք պետք է որակել ռեալ համակցությամբ` նաև ՀՀ քր. օր. 130 հոդվածով:
13. ՀՀ քր. օր. 99 հոդվածի երկու կամ ավելի կետերում նախատեսված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունը պետք է որակել այդ կետերով, իսկ պատիժը նման դեպքերում նշանակվում է ոչ թե ամեն մի կետի համար առանձին-առանձին, այլ ընդհանուր կարգով, բայց որպես այդպիսին անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի ծանրացուցիչ հանգամանքների գոյությունը:
14. ՀՀ քր. դատ. օր. 219, 228, 245, 338, 368, 369, 370, 374, 377 հոդվածների համաձայն դատարանը, դատավարության բոլոր փուլերում, առանց գործը լրացուցիչ քննության վերադարձնելու իրավասու չէ արարքի որակումը ՀՀ քր. օր. 99 հոդ. մի կետից մյուսը փոխելու, եթե դա կառաջացնի մեղադրանքի ձևակերպման փոփոխություն և կխախտի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:
15. ՀՀ քր. օր. 99 հոդ. 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ կետերով նախատեսված, սակայն անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով և հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը չի կարելի որակել որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն:
16. Իշխանազանցությամբ կամ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ կատարված սպանությունը պետք է որակել դիտավորյալ սպանության համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով և ՀՀ քր. օր. 183 հոդ. 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների համակցությամբ:
17. Բանդայի մասնակիցների հարձակումների ժամանակ կատարված դիտավորյալ սպանությունը պետք է որակել հանցագործությունների համակցությամբ, որպես բանդիտիզմ և դիտավորյալ սպանություն:
18. Ուղղման ճանապարհին կանգնած կալանավորներին ահաբեկելիս կամ վարչակազմի վրա հարձակում գործելիս առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կամ ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից կատարված դիտավորյալ սպանությունը պետք է որակել դիտավորյալ սպանություն և ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով, քանի որ տուժողին կյանքից զրկելը չի ընդգրկվում ՀՀ քր. օր. 72.1 հոդվածի դիսպոզիցիայով:
19. Դիտավորյալ սպանության համար մեղադրվող անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել պատժի անհատականացման սկզբունքը, ընդ որում դատարանները պետք է ուշադրություն դարձնեն, որ մահապատիժը բացառիկ պատժամիջոց է և ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու համար օրենքը թույլ է տալիս, բայց չի պահանջում դրա պարտադիր կիրառում:
Մահապատիժ նշանակելու հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է լուծել հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք նշված են ՀՀ քր. օր. 34 հոդվածում:
Բոլոր դեպքերում դատավճռում պետք է նշվեն մահապատիժ կիրառելու շարժառիթները:
20. Դիտավորյալ սպանությունների վերաբերյալ գործեր քննելիս անհրաժեշտ է, որ դատարանները պարզեն ոչ միայն տվյալ գործի կոնկրետ հանգամանքները, այլև հետազոտեն ու բացահայտեն այն պատճառներն ու պայմանները, որ ազդել են հանցագործության կատարմանը, մասնավորապես, նախկինում կատարված իրավախախտումների համար անպատժելիության, սպանության սպառնալիքների, ապօրինաբար զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մասին քաղաքացիների հայտարարություններն ու ահազանգերը ներքին գործերի մարմինների կողմից անհետևանք թողնելը և այլն: Այդպիսի հանգամանքներ բացահայտելու դեպքում դատարանները պետք է մասնավոր որոշմամբ համապատասխան մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրեն անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար:
21. Վճռաբեկ և հսկողության ատյանների դատարանները պետք է անհրաժեշտ հսկողություն ապահովեն առաջին ատյանի դատարանների կողմից դիտավորյալ սպանությունների վերաբերյալ գործերի քննության նկատմամբ, մանրամասն ստուգեն դատավճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը, ժամանակին բացահայտեն և վերացնեն թույլ տրված սխալներն ու խախտումները: