«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 դեկտեմբերի 2002 թ. N 396-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների տրամադրման կարգը» ` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված նորմատիվ ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանված է համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և կարգավորում է վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների (այսուհետև` սպառողական վարկ) տրամադրման կարգը և պայմանները:
2. Վարկային կազմակերպությունները սպառողական վարկերը տրամադրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով սահմանված կարգով ու պայմաններով:
3. Վարկային կազմակերպությունը, համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի, առնվազն եռամսյակը մեկ, նվազագույնը 1000 տպաքանակ ունեցող մամուլում պետք է հրապարակի իր կողմից տրամադրվող սպառողական վարկերի վերաբերյալ տեղեկություններ, որտեղ պետք է նշված լինեն սպառողական վարկերի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները, տոկոսադրույքները, պահանջվող ապահովության միջոցները, ինչպես նաև տրամադրվող սպառողական վարկերի վերաբերյալ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Գ Լ ՈՒ Խ II
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Վարկային կազմակերպությունը փոխառուին կամ վարկառուին կարող է սպառողական վարկ տրամադրել, եթե փոխառուն կամ վարկառուն համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետով և սույն կարգի հիման վրա ընդունված` վարկային կազմակերպության ներքին ակտերով սահմանված վարկունակության չափանիշներին:
5. Վարկունակության չափանիշներ են`
ա) սպառողական վարկի մարման համար փոխառուի կամ վարկառուի բավարար եկամտի աղբյուրը,
բ) փոխառուի կամ վարկառուի բավարար հեռանկարային իրացվելիությունը, այդ թվում` սպառողական վարկի սպասարկման ընթացքում բավարար դրամական միջոցների առկայությունը,
գ) պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը,
դ) փոխառուի կամ վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը:
6. Վարկային կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է սահմանել լրացուցիչ վարկունակության չափանիշներ. վարկառուի օրինավոր վարկային պատմությունը, բարոյական հատկանիշները, բարի համբավը և այլն:
7. Վարկային կազմակերպության մասնակիցների համար կարող են սահմանվել վարկավորման այլ պայմաններ, քան սահմանված են վարկային կազմակերպության մասնակից չհանդիսացող անձանց համար:
Գ Լ ՈՒ Խ III
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Վարկային կազմակերպությունն իր ներքին ակտերով պետք է սահմանի իր կողմից տրամադրվող սպառողական վարկերի տրամադրման ընթացակարգը, որը պետք է համապատասխանի սույն կարգի դրույթներին:
9. Վարկային կազմակերպությունները կարող են սպառողական վարկեր տրամադրել` պահպանելով վարկավորման հետևյալ փուլերը.
ա) նախապատրաստման փուլը, որը ներառում է վարկային հայտի ընդունումը, վարկառուի վարկունակության գնահատումը, սպառողական վարկի գումարի տրամադրման նախապայմանների բավարարման ստուգումը,
բ) սպառողական վարկի տրամադրման փուլը,
գ) սպառողական վարկի վերահսկման փուլը, որն ընդգրկում է վճարումների և հետագա մարումների գրանցում, պարտավորությունների կատարման ապահովմանը վերաբերող փաստաթղթերի ու գրառումների վարում, վարկառուի մասին ֆինանսական և այլ տեղեկատվության ստացում, մշտական կապի պահպանում վարկառուի հետ, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` պարբերաբար այցելություններ վարկառուին և այլն,
դ) սպառողական վարկի մարման փուլը:
10. Յուրաքանչյուր փոխառուի կամ վարկառուի համար վարկային կազմակերպությունը բացում և վարում է վարկային գործ: Վարկային գործի կազմի մեջ է մտնում վարկային փաստաթղթերի փաթեթը:
11. Վարկային կազմակերպությունը պետք է ունենա փոխառության կամ վարկային փաստաթղթերի օրինակելի ձևեր:
12. Վարկային փաստաթղթերի փաթեթը ներառում է`
ա) վարկային հայտը,
բ) սպառողական վարկի կամ փոխառության պայմանագիրը` կազմված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 878-րդ կամ 888-րդ հոդվածների պահանջների համաձայն,
գ) փոխառուի կամ վարկառուի և նրա կոնտրագենտի միջև կնքվելիք կամ արդեն իսկ կնքված գործարքի (առուվաճառք, մատակարարում, կապալ կամ այլ գործարք) առկայությունը հավաստող փաստաթուղթը, եթե նման գործարք կնքվել է կամ կնքվելու է,
դ) փոխառուի կամ վարկառուի` սույն կարգի 5-րդ կետով և սույն կարգի հիման վրա ընդունված` վարկային կազմակերպության ներքին ակտերով սահմանված վարկունակության չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:
Գ Լ ՈՒ Խ IV
ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
13. Սույն կարգի դրույթները խախտելու համար վարկային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխով սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|