Գլխավոր տեղեկություն
Номер
N 389-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2003-26.02.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.17/4(122) Հոդ.45
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
05.12.2002
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
11.12.2002
Дата вступления в силу
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003034

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 դեկտեմբերի 2002 թ.

N 389-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 16-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2002 թ. դեկտեմբերի 11
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 389-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  16

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների մասնաճյուղերի գրանցման, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման ընթացակարգերը, ինչպես նաև օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված՝ վերոհիշյալ հարաբերությունների հետ առնչվող այլ հարցեր:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն հավելված 1-ի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը,

բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

գ) Կենտրոնական բանկի կողմից տրված՝ ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման վկայականը (ները),

դ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն երեք տարի ժամկետով կնքված, համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիրը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

ե) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխի դրույթներին տարածքի համապատասխանության վերաբերյալ,

զ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխի դրույթներին տեխնիկական պահանջների համապատասխանության վերաբերյալ (վերաբերում է միայն կանխիկ գործառնություններ իրականացնող կազմակերպություններին),

է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից՝ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

թ) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված պայմանագրերի պատճենները (վերաբերում է միայն կանխիկ գործառնություններ իրականացնող կազմակերպություններին),

ժ) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, որը ներառում է նրանց կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, կարգն ու պայմանները:

4. Վերոհիշյալ փաստաթղթերը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կենտրոնական բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի զարգացման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից, ու տրվում են եզրակացություններ՝ ստեղծվող կազմակերպության գործունեությունն օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանելու վերաբերյալ:

Վերոհիշյալ եզրակացությունների հիման վրա, սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա՝ համաձայն հավելված 2-ի, կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ որոշումները կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված ղեկավարների լիցենզիայի ներդիրը՝ համաձայն հավելված 3-ի:

Լիցենզիայի հետ տրամադրվում են նաև գործունեության ընթացքում պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ու պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկերը:

Կենտրոնական բանկը նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին հայտնում է լիցենզավորված անձին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում:

6. Մինչև սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում՝ սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին,

գ) դիմող անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել դրամական (փողային) փոխանցումներով,

դ) գործունեության տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին,

ե) տեխնիկական պահանջները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին (վերաբերում է միայն կանխիկ գործառնություններ իրականացնող կազմակերպություններին):

8. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում Կենտրոնական բանկը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

10. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման իրավունքով վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և պայմանագիրը պետք է կնքված լինի Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն երեք տարի ժամկետով: Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը նաև պետք է ունենան ցուցանակ, որտեղ նշվում են լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը), աշխատանքային օրերը և ժամերը:

12. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի գործունեության վայրը պետք է բավարարի հետևյալ պահանջներին, եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը գործառնություններն իրականացնում են կանխիկ.

12.1. առանձնացված լինի հարակից տարածքներից,

12.2. օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար,

12.3. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների տարածքը պետք է ունենա դրամարկղային հանգույց՝ դրամով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի հուսալի պահպանության համար:

Դրամարկղային հանգույցի մեջ մտնում են հետևյալ ենթատարածքները.

 Գործառնական դրամարկղ (այսուհետև՝ դրամարկղ):

Դրամարկղը հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի դիմակայուն շինանյութից ու ապակուց կառուցված պատերով:

Դրամարկղը պետք է ունենա առանձին մուտք՝ կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածքը դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի դիմակայուն (քարե, մետաղյա և այլն) շինանյութից պատրաստված պատը պետք է ունենա 1-1.2 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ դրամը հաշվելու դիտողական հսկողությունը՝ թե մեկ, թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ): Դրամարկղի դիմային մասի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում պետք է տեղադրված լինի ինչպես հատուկ շարժական արկղ՝ դրամի փոխանցման համար, որը կառավարվում է աշխատակցի կողմից, այնպես էլ միացման մասի դրսի կողմից սեղան՝ գումարի վերահաշվարկման համար:

 Դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ (որը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, և որի արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված:

Սույն ենթատարածքների առկայությունը պարտադիր չէ, եթե կանխիկ դրամի ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության կամ դրամապահոց ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

Չհրկիզվող պահարանների սենյակը պետք է ունենա մեկ կողպվող դուռ, իսկ մուտքը լինի միայն դրամարկղից:

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ չհրկիզվող դուռ: Դրամապահոցի մուտքը պետք է լինի միայն դրամարկղից:

Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել և հսկել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Շենքի առաջին հարկում դրամապահոցի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն գտնվում է շենքի վերջին հարկում), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտել և հսկել առաստաղի ամբողջականությունը:

 Հաճախորդի սպասարկման սրահ, որը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Սույն ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ, եթե լիցենզավորված անձի տարածքը գտնվելու է բնակչության սպասարկումն իրականացնող որևէ օբյեկտում՝ ոչ բացօթյա տարածքում:

 Անվտանգության ազդարարման գործող համակարգ, որի էլեկտրասնուցումը դադարելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է դադարեցնել գործունեությունը՝ մինչև էլեկտրասնուցման վերականգնումը:

13. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը, եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը գործառնություններն իրականացնում են կանխիկ՝

13.1. չհրկիզվող պահարան,

13.2. դրամանիշի իսկությունը ստուգող սարք,

13.3. ցուցանակ, որտեղ նշվում են լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը), աշխատանքային օրերը և ժամերը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

15. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

15.1. լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը,

15.2. լիցենզիայի համարը,

15.3. լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը,

15.4. գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,

15.5. գործունեության իրականացման վայրը,

15.6. տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և գործողության դադարեցման մասին:

16. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

17. Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում՝ 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար՝ 3 օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար, և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության որևէ միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է զանգվածային լրատվության որևէ միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը լիցենզավորված անձին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ՝ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

19. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

19.1. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

19.2. Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

19.3. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

19.4. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում:

19.5. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ

 

20. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու վերաբերյալ հայտ՝ նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները՝ համաձայն հավելված 4-ի,

բ) գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին և կանոնադրության փոփոխությունները,

դ) սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված պահանջվող փաստաթղթերը՝ տարածքի համար,

ե) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տարածքի համապատասխանության մասին,

զ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տեխնիկական պահանջների համապատասխանության մասին (վերաբերում է միայն կանխիկ գործառնություններ իրականացնող կազմակերպություններին),

է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը) դրամի ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության կամ դրամապահոց ունեցող որևէ բանկի հետ կնքված համապատասխան պայմանագրեր՝ չհրկիզվող պահարանների սենյակի և դրամապահոցի բացակայության դեպքում (վերաբերում է միայն կանխիկ գործառնություններ իրականացնող կազմակերպություններին):

21. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձի հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

22. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության՝ հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում, և նախկինում տրված լիցենզիան փոխարինվում է նոր լիցենզիայով՝ գործունեության վայրի համապատասխան փոփոխություններով: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացնում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Լիցենզավորված անձի լիցենզիայի ներդիրում նշված ղեկավարների, մասնավորապես, գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի (այսուհետև՝ թեկնածուներ) թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ դռնբաց եղանակով:

24. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է երկու ձևով՝

24.1. գրավոր (տեստային) քննություն, որն իրականացվում է համակարգչով՝ Կենտրոնական բանկի մեկ համակարգչային մասնագետի մասնակցությամբ, կամ

24.2. բանավոր հարցազրույցի ձևով, որն անցկացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում:

25. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննություն անցնում են բարձրագույն տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթություն ունեցող անձինք:

26. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության բանավոր հարցազրույց անցնում են բարձրագույն տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթություն ունեցող այն անձինք, ովքեր լիցենզավորման համար դիմելուն նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի աշխատել են վճարահաշվարկային ոլորտում ղեկավար պաշտոններում:

27. Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննությանը դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների մասնակցության համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

27.1. ղեկավարի թեկնածուի դիմումը՝ համաձայն հավելված 5-ի,

27.2. բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը, գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենը,

27.3. կենսագրական տվյալներ՝ համաձայն հավելված 6-ի,

27.4. որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

28. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննությունն անցկացվում է տեստային եղանակով՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի առնվազն երեք անդամների ներկայությամբ:

29. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Գրավոր և բանավոր քննության թեմաների ցանկերում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և հրապարակվում որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

30. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

31. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

32. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, հեռախոսակապից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

33. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի պատասխանատու անձին:

Սույն կանոնակարգի 32-րդ և 33-րդ կետերում նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

34. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի անդամներն ամփոփում են առնվազն հանձնաժողովի նիստից կես ժամ առաջ և ներկայացնում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին:

35. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

35.1. մինչև 21 միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին,

35.2. 21 և ավելի միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

36. Բանավոր հարցազրույցի արդյունքները գնահատվում են հինգ բալանոց համակարգով. երեք և ավելի բալ հավաքելու դեպքում թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

37. Թեկնածուի վերաբերյալ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բացասական եզրակացության դեպքում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանգել է տվյալ եզրակացությանը:

38. Որակավորման քննության կամ հարցազրույցի դրական արդյունքների դեպքում ղեկավարի թեկնածուին տրվում է որակավորման վկայական՝ համաձայն հավելված 7-ի: Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել՝ որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

39. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

40. Ղեկավարները կամ վկայական ունեցող անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են տասնօրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

41. Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի համարը և տրվելու ամսաթիվը:

42. Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

43. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայական ունեցող անձանց որպես ղեկավար Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

43.1. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության դիմումը ղեկավարի գրանցման վերաբերյալ,

43.2. ղեկավարի որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի պատճենը,

43.3. իրավասու մարմնի որոշումը՝ ներկայացվող անձին որպես ղեկավար նշանակելու վերաբերյալ (եթե որոշում է կայացնում բաժնետերերի կամ մասնակիցների ժողովը, ապա պետք է ներկայացնել ժողովի արձանագրությունը):

44. Կենտրոնական բանկը, ստանալով սույն կանոնակարգի 43-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, հնգօրյա ժամկետում գրանցում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարին, որից հետո ղեկավարը իրավունք է ստանում աշխատել: Ընդ որում, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում նոր ղեկավարը նույնպես իրավունք է ստանում աշխատել Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

45. Սույն գլխով նախատեսված դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարների վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված հինգ տարի ժամկետով:

Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարին, եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական:

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործադիր տնօրենի, նրա տեղակալի, գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարով՝ առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

46. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-37-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է՝ «ԿԲ կանոնակարգ 16»:

 

Հավելված 1

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

  

Խնդրում եմ տրամադրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա:

Կից ներկայացնում եմ՝

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

  

Իրավաբանական անձի անվանումը __________________ 

Կազմակերպական-իրավական ձևը __________________

Գտնվելու վայրը______________________________

Գործունեության վայրը _________________________

  

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________

  

Դիմող՝

__________________
(անուն, ազգանունը)

   __________________

(ստորագրությունը)

 

Հավելված 2

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

  

Լիցենզիան* տրվել է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

__ ___________ 200 _ թ.

թիվ _____ որոշմամբ

  

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ….

  

Սույն լիցենզիան տրվում է________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

  

դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու համար:

  

Գործունեության վայրը (հասցեն)____________________________________

  

Լիցենզիան տրված է անժամկետ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝_________________

  

Կ.Տ.

  

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

  

Հավելված 3

  

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

____ __________ 200  թ.

  

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  

ԹԻՎ __ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

  

Ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

  

Անուն, ազգանուն

անձնագրի սերիան

և համարը

  

1.______________________

2.______________________

3.______________________

  

Սույն ներդիրը _______________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը)

  

դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու թիվ _ (տրված՝ ___ _________

_ 200 թ.) լիցենզիայի անբաժանելի մասն է:

  

Հավելված 4

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

  

Խնդրում եմ թույլատրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնել նաև

_________________________________________ հասցեում՝ կապված նոր

մասնաճյուղ հիմնելու, գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ՝

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

  

Դիմող ______________/                     /____ ___________200  թ.

  

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա թիվ ___,

տրված՝ ____ _______ թ.

  

Հավելված 5

 

ՀԱՅՏԻ ՁԵՎ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

___________________

  

Խնդրում եմ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ՝

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

  

Դիմող՝

___________________
(անուն, ազգանունը)

   ___________________

(ստորագրությունը)

 

Հավելված 6

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  

1.__________________________________________________________

(առաջադրվող պաշտոնը)

  

2. Ընդհանուր տեղեկատվություն.

  

Անունը, ազգանունը, հայրանունը

__________________________

   
Սեռը

__________________________

   
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

__________________________

   
Ծննդավայրը

__________________________

   
Քաղաքացիությունը

__________________________

   
Ընտանեկան դրությունը տվյալ պահին

__________________________

   

Անձնագրի սերիան և համարը
(օտարերկրյա անձանց համար, օրինակ՝
սոցիալական պաշտպանվածության համարը)

__________________________

   

Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

__________________________

   
Հեռախոսահամարներ

__________________________

3. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև դրանք կրելու ժամանակաշրջանը.

  

Անունը, ազգանունը _______________ Կրելու ժամանակաշրջանը ______________

  

4. Կրթություն, որակավորում.

Ուսումնական հաստատության (այդ թվում դպրոցի) անվանումը Գտնվելու վայրը Հաճախումների ժամանակաշրջանը
(--թ-ից մինչև --թ)
Գիտական աստիճանները
       
       
       

  

5. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում.

6. Աշխատանքային գործունեությունը.

  

N Կազմակերպության անվանումը Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը Ծանոթա-
գրություն
 1.          
 2.          
 3.          

  

7. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար.

8. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային և վճարահաշվարկային համակարգում աշխատած կամ աշխատող անձանց վերաբերյալ տվյալները, եթե այդպիսիք կան.

  

N Անուն, ազգանուն Աշխատանքի բնույթը կամ
զբաղեցրած պաշտոնը
 Հասցե    Հեռախոս
 1.        
 2.        
 3.        

  

9. Այլ տեղեկություններ.

10. Հավաստիացնում եմ, որ սույն կենսագրական տվյալներում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար:

Ես համաձայն եմ՝ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

  

__________________
(ստորագրությունը)

   __________________

(ամսաթիվը)

 

Հավելված 7

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

  

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

  

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի _______________200 թ. թիվ______որոշման (Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի___________200 թ. թիվ____արձանագրություն)՝

  

__________________________-ին ______________________________

(անուն, ազգանունը)                                       (անձնագրային տվյալները)

  

տրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման դրական եզրակացություն:

  

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

  

_______________