Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 67
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-06.02.2003)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.03.2002
Վավերացման ամսաթից
19.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մարտի 2002 թվականի

թիվ 67

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` սույն որոշմամբ հաստատված կարգի կանոն 3-ում նախատեսված հաղորդագրությունը մամուլում հրապարակվելու օրվան հաջորդող օրը CBANet ցանցի միջոցով առաքել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» զետեղելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

 2002 թվականի մարտի 19-ի թիվ 67 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

 ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է` կանոնակարգել սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի գույքի իրացման հետ կապված իրավահարաբերությունները:

 

 ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն կարգը սահմանում է սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի գույքի իրացման նպատակով իրականացվող սակարկությունների կազմակերպման և անցկացման կարգն ու պայմանները, սակարկությունների կազմակերպչի ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները:

2. Համաձայն «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի` սույն կարգը գործում է մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է նաև 1996 թվականին ընդունված «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված լուծարային կառավարիչների կողմից կազմակերպվող սակարկությունների վրա:

 

ԿԱՆՈՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգի իմաստով` սակարկությունների կազմակերպիչ է համարվում սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի լուծարային կառավարիչը: Սույն կարգով սահմանված սակարկություններն անցկացվում են աճուրդների ձևով:

 

ԿԱՆՈՆ 3. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Լուծարային կառավարիչը սակարկություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածով և սույն կարգով նախատեսված կարգով:

2. Լուծարային կառավարչի, ինչպես նաև սակարկությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 464-րդ և 465-րդ հոդվածներով, սույն կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ դրույթներով:

3. Լուծարային կառավարիչը սակարկության անցկացման մասին հայտարարություն է տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում` սակարկությունն անցկացնելուց առնվազն 30 օր առաջ: Ընդ որում, թերթի մեկ օրինակը լուծարային կառավարիչը պարտավոր է հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ:

4. Սակարկության անցկացման մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

- սակարկության անցկացման ժամանակը,

- սակարկության անցկացման տեղը,

- սակարկության առարկան,

- նախավճարի չափը, վճարման կարգն ու ժամկետները,

- սակարկության անցկացման կարգն ու եղանակը, այդ թվում` սակարկության մասնակցության ձևակերպման, սակարկություններ անցկացնելուց հրաժարվելու ժամկետը, սակարկություններում հաղթած անձանց որոշման կարգը, ինչպես նաև նախնական գինը (գները):

5. Լուծարային կառավարիչը հայտարարությունը տալուց յոթ օր առաջ դրա տեքստը ներկայացնում է Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

6. Սակարկության ընթացքում վաճառվող գույքի նախնական գինը սահմանում է լուծարային կառավարիչը` նախօրոք համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հետ:

7. Սույն կարգի իմաստով` գույք են համարվում «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածում նշված բանկի լուծարային միջոցները:

8. Սույն կարգով նախատեսված համաձայնությունները Կենտրոնական բանկի կողմից տրվում են լուծարային կառավարչի դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԿԱՆՈՆ 4. ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սակարկությունները կարող են լինել բաց կամ փակ:

2. Բաց սակարկությանը կարող է մասնակցել ցանկացած անձ:

3. Լուծարային կառավարիչն իրավունք ունի հրաժարվել բաց սակարկություն անցկացնելուց, սակայն բաց սակարկություն անցկացնելու մասին հայտարարության մեջ պետք է պարտադիր նշվի լուծարային կառավարչի կողմից բաց սակարկությունն անցկացնելուց հրաժարվելու ժամկետը:

4. Փակ սակարկությանը մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք: Փակ սակարկություն կազմակերպելու դեպքում լուծարային կառավարիչը պետք է փակ սակարկության կազմակերպման նպատակահարմարության մասին գրավոր հիմնավորում ներկայացնի Կենտրոնական բանկին: Փակ սակարկությունը լուծարային կառավարիչը կազմակերպում է բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ:

 

 ԿԱՆՈՆ 5. ՆԱԽԱՎՃԱՐԸ

 

1. Սակարկության մասնակիցները սակարկության անցկացման մասին հայտարարության մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Եթե սակարկությունը չի կայացել, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև աճուրդում չհաղթած մասնակիցներին:

2. Սակարկությանը մասնակցելու ցանկություն հայտնող անձինք սակարկության անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև սակարկությանը նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել լուծարային կառավարչին:

3. Սակարկությունում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

4. Նախավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

 

 ԿԱՆՈՆ 6. ՀԱՅՏԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հայտի պարտադիր վավերապայմաններն են`

ա) հայտատուի անունը / անվանումը,

բ) նրա գտնվելու վայրը կամ բնակության վայրը, կամ փոստային հասցեն,

գ) հայտատուի անձնագրային տվյալները, եթե հայտատուն ֆիզիկական անձ է, և սակարկություններին մասնակցելու ֆիզիկական անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը, եթե հայտատուն իրավաբանական անձ է:

 

ԿԱՆՈՆ 7. ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սակարկություններն անցկացվում են դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ կամ հոլանդական եղանակով` մեկնարկային գնի նվազեցմամբ:

2. Սակարկության անցկացման եղանակը որոշում է լուծարային կառավարիչը` այն նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի նախագահի հետ:

3. Սակարկություններում դիտորդի դերում կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչը:

4. Վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելումների կամ նվազեցումների նվազագույն քայլերն են.

 

  N  Գույքի մեկնարկային գինը  Նվազագույն քայլը

1.

2.

3.

4.

5.

6.

մինչև 50 000 դրամ

50001-ից մինչև 100000 դրամ

100 001-ից մինչև 500 000 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ

1 000 0014-ից մինչև 10 000 000 դրամ

10 000 000 դրամից ավելի

չի սահմանվում

1000 դրամ

5000 դրամ

10 000 դրամ

50 000 դրամ

100 000 դրամ

 

5. Սակարկությունում հաղթող է համարվում այն անձը, որն առաջարկում է ամենաբարձր գինը:

6. Սակարկությունում հաղթած անձը և լուծարային կառավարիչը սակարկությունն անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ:

7. Սակարկությունում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Լուծարային կառավարիչը արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկությունում հաղթած անձին հատուցել սակարկությանը մասնակցելու հետևանքով կրած վնասները:

8. Սակարկությունում հաղթած անձը երեք բանկային օրվա ընթացքում պարտավոր է վճարել սակարկությունում վաճառվող գույքի գնման գինը` հաշվանցելով նախավճարի գումարը:

9. Վաճառվող գույքի գնման գինը չվճարելու դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 396 հոդվածի, վճարված նախավճարը մնում է լուծարվող բանկին:

10. Վաճառված գույքը գնորդին պատշաճ կերպով չհանձնելու դեպքում լուծարային կառավարիչը գնորդին է վճարում նախավճարի կրկնապատիկը:

11. Սակարկությունում վաճառված գույքի գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

 

 ԿԱՆՈՆ 8. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼԸ

 

1. Սակարկությունը հայտարարվում է չկայացած, եթե`

ա) սակարկության ընթացքում վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելում, իսկ նվազուրդի դեպքում` գնի առաջարկ չի կատարվել,

բ) սակարկությունում հաղթած անձը չի մուծել գնման գինը,

գ) սակարկությանը ոչ մի գնորդ չի ներկայացել,

դ) լրացուցիչ սակարկությունում առաջարկված գնի հավելում չի կատարվել:

2. Սակարկության կամ կրկնակի սակարկության չկայանալը հիմք է հանդիսանում կրկնակի սակարկություն կազմակերպելու համար:

 

 ԿԱՆՈՆ 9. ԿՐԿՆԱԿԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ (ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

1. Սակարկությունը (կրկնակի սակարկությունը) չկայացած հայտարարվելու օրվանից երկօրյա ժամկետում լուծարային կառավարիչը սույն կարգի 3-րդ կանոնով նախատեսված կարգով հայտարարություն է տալիս մամուլում և հայտարարության հրապարակման պահից երեսնօրյա ժամկետում կազմակերպում կրկնակի սակարկություն: Կրկնակի սակարկությունն անցկացվում է սակարկությունների անցկացման համար սույն կարգով սահմանված կարգով:

 2. Սույն կարգի 8-րդ կանոնի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի սակարկություն անցկացնելու դեպքում վաճառվող գույքի մեկնարկային գինը նվազեցվում է նախորդ սակարկության մեկնարկային գնի քսան տոկոսով:

 

 ԿԱՆՈՆ 10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Այն դեպքում, երբ նվազուրդային եղանակով կազմակերպված սակարկության արդյունքներով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա լուծարային կառավարիչը վիճող կողմերի միջև անցկացնում է լրացուցիչ սակարկություն` առաջարկված գնի բարձրացման եղանակով:

2. Լրացուցիչ սակարկության նվազագույն քայլերն են սույն կարգի 7-րդ կանոնում նշված քայլերը:

3. Լրացուցիչ սակարկությունում առաջարկված գնի հավելում չլինելու դեպքում սակարկությունը համարվում է չկայացած:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2002, N 385-Ն 06.02.2003, թիվ 67
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան