Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 24
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.01.2002
Վավերացման ամսաթից
22.01.2002
Дата вступления в силу
22.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունվարի 2002 թվականի

թիվ 24

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՈՐՈՇ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունվարի 23-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների ցանկը հաստատելու մասին» թիվ 16 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ներկայացրած «Որոշ դրամավարկային ցուցանիշերի հաշվեգրման սկզբունքով հաշվարկման արդյունքների մասին» տեղեկանքը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՈՐՈՇ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տվյալների տարածման ընդհանուր համակարգին (ՏՏԸՀ) Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ԿԲ խորհուրդը հաստատել է դրամավարկային վիճակագրության կատարելագործման խնդիրների ցանկ, որոնց թվում է նաև բոլոր դրամավարկային հաշիվների կազմումը հաշվեգրման սկզբունքի հիման վրա: Ներկայումս, դրամավարկային քաղաքականության սկզբունքներից ելնելով, միջազգային պահուստները, զուտ արտաքին ակտիվները և ԿԲ-ի կառավարության նկատմամբ զուտ պահանջները հաշվվում են կանխիկ սկզբունքով: Վերը նշված խնդրի իրականացումը համեմատաբար բարդ գործընթաց է, կապված ոչ այնքան հաշվարկման տեխնոլոգիայի, որքան քաղաքականությունների սկզբունքների ճշտման հետ: Այնուհանդերձ, չսպասելով քաղաքականության սկզբունքների վերանայմանը, մեր կողմից իրականացվել է նշված ցուցանիշերի հաշվեգրման սկզբունքով փորձնական հաշվարկ:

 

Զուտ արտաքին ակտիվներ

 

ԿԲ զուտ արտաքին ակտիվների, համախառն արտաքին պահուստների և համախառն արտաքին պարտավորությունների հաշվարկը կուտակման սկզբունքով կատարվել է 1996-2001թթ. համար:

Հաշվարկման արդյունքները ցույց են տալիս, որ ԿԲ ԶԱԱ-երի տենդենցը կուտակման մեթոդով հաշվարկելու դեպքում չի փոխվում (գրաֆիկ 1), քանի որ զուտ կուտակված տոկոսների տեսակարար կշիռը ԶԱԱ-ում մեծ չէ: Նրանց միջին մակարդակը 1996-2001թթ. կազմել է ԶԱԱ-երի միայն 1.1%-ը: Դիտարկված տարիներին զուտ կուտակված տոկոսների տեսակարար կշիռը առավելագույնը կազմել է 1998 թվականի նոյեմբերին` 4.2% կամ 3.5 մլն. ԱՄՆ դոլար (գրաֆիկ 4): 1996-2001թթ. կանխիկ և կուտակման մեթոդներով հաշվարկված զուտ արտաքին ակտիվները միմյանցից էականորեն չեն տարբերվել (գրաֆիկ 1): Նշված ցուցանիշերի ավելի մանրամասն դիտարկումը 1996-1997թթ. և 1998-2001թթ. համար առանձին-առանձին (գրաֆիկներ 2 և 3) ևս նրանց մակարդակներում աննշան տարբերությունների մասին է վկայում:

1996-2001թթ. ընթացքում համախառն արտաքին պահուստների կուտակված տոկոսները ավելի արագ են աճել, քան արտաքին պարտավորությունների կուտակված տոկոսները (գրաֆիկ 7), որը պայմանավորված է համախառն արտաքին պահուստների աճի ավելի արագ տեմպերով: 2001 թվականի նոյեմբերին համախառն արտաքին պահուստների կուտակված տոկոսների մակարդակը 4 անգամ ավելի բարձր է եղել արտաքին պարտավորությունների կուտակված տոկոսներից, որն էլ հանգեցրել է զուտ կուտակված տոկոսների աճին:

Դիտարկվող տարիների ընթացքում կուտակված տոկոսների ներառման դեպքում համախառն արտաքին պահուստների դինամիկան ևս էական փոփոխություն չի կրում (գրաֆիկ 8): Ինչպես երևում է գրաֆիկ 5-ից կուտակված տոկոսները ունեցել են համեմատաբար կայուն վարքագիծ, բացի 1998 թվականից, երբ տարվա սկզբին այն կտրուկ աճել է` պայմանավորված սեփականաշնորհման միջոցների մուտքով, իսկ 1998թ. վերջի կտրուկ նվազումը պայմանավորված է հաշվառման խնդիրներով: 1998թ. դեկտեմբերին օտարերկրյա բանկերում ավանդների կուտակված տոկոսների կապիտալիզացիայից հետո մարված ավանդները հավատարմագրային կառավարման են տրվել, որոնց տոկոսադրույքները, ի տարբերություն ավանդների, նախապես որոշված չեն: ԿԲ-ում հավատարմագրային կառավարման միջոցների կուտակված տոկոսները հաշվառվում են հիմնվելով նախորդ տարվա նվազագույն տոկոսադրույքի վրա, որի պատճառով հավատարմագրային կառավարման միջոցների կուտակված տոկոսներն ավելի ցածր են ավանդների կուտակված տոկոսներից: Կուտակված տոկոսների տեսակարար կշիռը համախառն արտաքին պահուստներում 1998 թվականի վերջի առավելագույն 2% մակարդակից (4.8 մլն. ԱՄՆ դոլար) 2001թ. նոյեմբերին կազմել է 0.5% (1.7 մլն. ԱՄՆ դոլար):

Համախառն արտաքին պարտավորությունների դինամիկան պայմանավորված է ԱՄՀ-ի վարկերով, որոնք դիտարկված տարիների ընթացքում միջինը կազմել են արտաքին պարտավորությունների մոտ 98%-ը: Այս պատճառով արտաքին պարտավորություններում կուտակված տոկոսների ներառման դեպքում արտաքին պարտավորություններում կուտակված տոկոսների բաժնի տատանումները տարվա ընթացքում պայմանավորված են հիմնականում ԱՄՀ-ի վարկերի դիմաց տոկոսների կուտակման և վճարման հետ: Ինչպես տեսնում ենք գրաֆիկ 6-ում, տարվա ընթացքում կուտակված տոկոսների բաժինը ունի 8 էքստրեմումի կետեր, որը պայմանավորված է տոկոսների եռամսյակային վճարմամբ, այսինքն կուտակված տոկոսները աճում են երեք ամսվա ընթացքում և երրորդ ամսում նվազում են փաստացի վճարման կատարման արդյունքում:

Համախառն արտաքին պարտավորությունների կուտակված տոկոսները դիտարկված տարիներին առավելագույնը կազմել են 1998 թվականի դեկտեմբերին` 1.6 մլն. ԱՄՆ դոլար կամ արտաքին պարտավորությունների 0.9%-ը, իսկ 2001թ. նոյեմբերին կազմել են համապատասխանաբար` մոտ 400 հազ. ԱՄՆ դոլար կամ 0.2%-ը:

Ինչպես տեսնում ենք, կուտակման մեթոդով արտաքին պարտավորությունների հաշվարկման դեպքում արտաքին պարտավորությունների դինամիկան չի փոխվում` պայմանավորված լինելով կուտակված տոկոսների փոքր տեսակարար կշռով, որը պարզ երևում է գրաֆիկ 9-ում: Արտաքին պարտավորությունների կուտակված տոկոսների վարքագիծը մոտակա 4-5 տարիներին էականորեն չի փոխվի, քանի որ ԱՄՀ-ի վարկը կկազմի արտաքին պարտավորությունների գերակշռող մասը, մոտ 4-5 % կկազմի KFW վարկը, իսկ մնացած գործառնությունները ոչ ռեզիդենտների հետ կլինեն համեմատաբար չնչին: Բացի այդ, ԱՄՀ-ի կողմից տրամադրված վարկերի և KFW վարկի տոկոսադրույքները ցածր են, որով նույնպես պայմանավորված կլինի արտաքին պարտավորությունների կուտակված տոկոսների ցածր մակարդակը:

Այս ամենից ելնելով, կարծում ենք, որ ԶԱԱ-երի կուտակման եղանակով հաշվարկը չի խեղաթյուրի նրանց մեծությունները և դինամիկան: Դեռ ավելին, այս ցուցանիշի` կուտակման եղանակով հաշվարկը հնարավորություն է տալիս որոշել արտաքին պահուստների և պարտավորությունների շուկայական արժեքը: Հաշվի առնելով, որ ԿԲ-ն իր պահուստները ներդնում է միայն առաջնակարգ բանկերում և ֆինանսական կազմակերպություններում, ապա պահուստների կուտակված տոկոսների չստացման հավանականությունը չնչին է: ԶԱԱ-երի հաշվեգրման եղանակով հաշվարկը և հրապարակումը կարելի է կատարել ամիսը մեկ անգամ և ստացված ցուցանիշերը օգտագործել վիճակագրական նպատակներով ԶԱԱ-երի և նրանց առանձին տարրերի վերլուծության նպատակով:

 

Զուտ պահանջներ կառավարության նկատմամբ

 

Կենտրոնական բանկի զուտ պահանջները կառավարության նկատմամբ մինչև օրս հաշվվում են կանխիկ սկզբունքով: Մեր կողմից իրականացվեց վերոնշյալ ցուցանիշի կուտակման սկզբունքով վերահաշվարկ 1996-ից մինչև 2001 թվականների համար:

Կուտակման սկզբունքով հաշվարկման տարբերությունը այն է, որ բոլոր ակտիվներն իրենց շուկայական արժեքներով են հաշվարկվում: Քանի որ կառավարության նկատմամբ պահանջների տոկոսադրույքներն ավելի բարձր են կառավարության ավանդների տոկոսադրույքներից, ապա, որպես կանոն, կուտակման սկզբունքով կառավարության նկատմամբ զուտ պահանջներն ավելի մեծ են, քան կանխիկ սկզբունքով հաշվարկված զուտ պահանջները:

Հաշվի առնելով ՏՏԸՀ-ին անդամակցելու և Վիճակագրական միջազգային ստանդարտներին անցնելու պահանջները` կուտակման սկզբունքով հաշվարկը լիովին ընդունելի է և անհրաժեշտ, սակայն քաղաքականության տեսակետից դա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Քաղաքականություն վարողները պետք է օգտագործեն կառավարության միջոցների տվյալ պահին առկա մնացորդները, որոնք նրանք ցանկացած պահի կարող են օգտագործել որպես վճարման միջոց: Ի տարբերություն կանխիկ հաշվարկման մեթոդի, կուտակման մեթոդով հաշվարկման ժամանակ կառավարության միջոցների իրական ցուցանիշը չի հաշվարկվում: Ամեն դեպքում, քաղաքականության նպատակներով տվյալ ցուցանիշի հաշվարկման մեթոդի ընտրության հարցը պետք է թելադրվի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների պահանջներով:

Կառավարության նկատմամբ Կենտրոնական բանկի զուտ պահանջների հաշվեգրման սկզբունքով փորձնական հաշվարկը սկսվում է 1996թ. օգոստոսից, երբ ԿԲ-ի հաշվապահական հաշվառումն սկսվեց իրականացվել հաշվեգրման սկզբունքով: Մինչև 1998թ. սկիզբը երկու սկզբունքներով հաշվարկված կառավարության նկատմամբ զուտ պահանջների միջև տարբերությունը համեմատաբար մեծ է (գրաֆիկ 4), որը պայմանավորված է.

1. Կառավարության վարկային գծի դիմաց հաշվարկվող բարձր տոկոսադրույքով` ավելի քան 50%:

2. Վարկային գծի դիմաց կուտակված տոկոսների տարվա ընթացքում վճարումներ չիրականացնելու հետևանքով:

1996-97թթ. կառավարության նկատմամբ ԿԲ-ի զուտ պահանջների հաշվեգրման և կանխիկ սկզբունքներով հաշվված ցուցանիշերի տարբերությունը տարվա ընթացքում անընդհատ աճում էր, իսկ դեկտեմբերին և հունվարին, երբ հաշվեգրված տոկոսները վճարվում էին ԿԲ-ի շահույթի բյուջե փոխանցվելուն համարյա միաժամանակ, այն կտրուկ նվազում էր: Կառավարության վարկային գիծը արժեթղթերով փոխարինելուց հետո հաշվեգրված տոկոսների պարբերաբար վճարումներ սկսվեցին կատարվել, որի արդյունքում երկու սկզբունքներով հաշվարկված զուտ պահանջների տարբերությունը համեմատաբար նվազեց: 1998-2001թթ. վերջինիս միջին ամսական մակարդակը կազմել է 301 մլն. դրամ կամ ընդհանուր պարտավորությունների 2,9 %-ը:

Այսպիսով, կառավարության նկատմամբ ԿԲ-ի զուտ պահանջների հաշվեգրման սկզբունքով հաշվարկված թվային շարքերը դիտարկելիս, վերլուծության համար հետաքրքրություն են ներկայացնում 1998-ից հետո առկա շարքերը: Մինչև 1998թ. եղած շարքերը արհեստականորեն բարձր են: Քանի որ մինչև 1998թ. տոկոսները հաշվեգրվում էին ոչ թե ամբողջ վարկային գծի մնացորդին, այլ վարկային գծի և միասնական հաշվի տարբերությանը, իսկ կուտակված տոկոսների հիմնական մասը, ԿԲ-ի շահույթի տեսքով, տարվա վերջին բյուջե էր փոխանցվում, ապա 1996-97թթ. երկու հաշվարկների միջև տարբերությունը ավելի շուտ ցույց է տալիս ԿԲ-ի շահույթի բյուջե փոխանցվելիք գումարի հաշվեգրված արժեքը:

1998թ. մարտից կառավարության վարկերի և ավանդների համար առանձին տոկոսներ են հաշվվում, որոնք պարբերաբար վճարվում են: Հետևաբար, 1998-ից հետո հաշվեգրման սկզբունքով հաշված կառավարության նկատմամբ զուտ պահանջները, չնայած զգալի վերապահումներով, արտահայտում են տվյալ ցուցանիշի շուկայական արժեքը: Մյուս կողմից, երկու մեթոդներով հաշվարկած զուտ պահանջների նվազումը պայմանավորված է կառավարության վարկերի, արժեթղթերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության նվազմամբ:

Հաշվի առնելով այն, որ կառավարության նկատմամբ զուտ պահանջների երկու տարբերակների գործնական կիրառության ընտրությունը պետք է թելադրվի դրամավարկային քաղաքականության պահանջներից ելնելով, այնուամենայնիվ, հարկ ենք համարում ընդգծել 1998թ.-ից հետո հաշվեգրման սկզբունքով հաշվված թվային շարքերի կիրառական օգտակարությունը:

Անդրադառնալով դրամավարկային վիճակագրության միջազգային չափանիշերին, նպատակահարմար ենք գտնում կառավարության նկատմամբ ԿԲ-ի զուտ պահանջները հրապարակել նաև հաշվեգրման սկզբունքով: