Գլխավոր տեղեկություն
Номер
N 2096-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.01.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.28/82(454) Հոդ. 1573
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2005
Дата вступления в силу
07.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2096-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքի բյուջեից այլ համայնքների բյուջեներին, Երևան քաղաքի բյուջեին և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխատվությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 1-ի N 2096-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ, ԵՐԵՎԱՆ
ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ԲՅՈՒՋԵԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում է համայնքների բյուջեներից վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով` առանց վճարովիության սկզբունքի այլ համայնքների բյուջեներին, Երևան քաղաքի բյուջեին և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխատվությունների (այսուհետ` փոխատվություններ) տրամադրման գործընթացը: Սույն կարգի իմաստով փոխառուներ են համարվում փոխատվություն ստանալու նպատակով փոխատվություն տրամադրելու մասին հայտ ներկայացրած համայնքները, Երևանի խորհուրդը և «Պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամ» պետական հիմնարկը:

2. Համայնքի բյուջեից փոխատվությունները տրամադրվում են համայնքի բյուջեի ընթացիկ մուտքերի հաշվին:

3. Փոխատվությունը սույն կարգի 1-ին կետով սահմանված փոխառուներին տրամադրվում է օրենքով կամ կանոնադրութամբ նրանց վերապահված լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով` միջոցների ժամանակավոր անբավարարության դեպքում:

Փոխառության չափը չի կարող գերազանցել փոխառուի` տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծախսերի 30 տոկոսը:

4. Համայնքը փոխատվություն տրամադրում է համայնքի ավագանու որոշմամբ` համայնքի բյուջեում ծրագրավորված ծախսերի նկատմամբ փաստացի եկամուտների գերազանցման շնորհիվ գոյացած ժամանակավոր ազատ միջոցների չափով` չգերազանցելով սույն կարգով սահմանված առավելագույն չափը:

5. Փոխատվությունը տրամադրվում է 6 ամսվանից ոչ ավելի տևողությամբ և փոխառուների կողմից ենթակա է վերադարձման` նույն բյուջետային տարում:

6. «Պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամ» պետական հիմնարկը մինչև նախորդ փոխատվությունների գծով պարտավորությունների մարումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ, կարող է ստանալ նոր փոխատվություններ:


II. ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԵՐԸ ԿԱԶՄԵԼԸ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼԸ

 

7. Փոխառուն փոխատվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին:

Դիմումին կցվում է հայտ, որը ներառում է`

ա) «Պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամ» պետական հիմնարկը փոխառու հանդիսանալու դեպքում` փոխատվության միջոցների չափը` ըստ առանձին ծրագրերի, ծախսերի և օգտագործման ուղղությունների,

համայնքը փոխառու հանդիսանալու դեպքում` փոխատվություն ստանալու նպատակով փոխատվություն տրամադրելու մասին հայտ ներկայացնելու վերաբերյալ փոխառու համայնքի ավագանու որոշումը, որում պետք է նշված լինի փոխատվության միջոցների չափը` ըստ առանձին ծրագրերի, ծախսերի և օգտագործման ուղղությունների,

Երևանի խորհուրդը փոխառու հանդիսանալու դեպքում` փոխատվություն ստանալու նպատակով փոխատվություն տրամադրելու մասին հայտ ներկայացնելու վերաբերյալ փոխառու Երևանի խորհրդի որոշումը, որում պետք է նշված լինի փոխատվության միջոցների չափը` ըստ առանձին ծրագրերի, ծախսերի և օգտագործման ուղղությունների.

բ) փոխառուին սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան գանձապետական ստորաբաժանման (այսուհետ` գանձապետական ստորաբաժանում) կազմած տեղեկանքը տվյալ բյուջետային տարվա անցած ժամանակաշրջանի համար փոխառուի` բյուջեով նախատեսված և դրա դիմաց փաստացի մուտքագրված եկամուտների, նշված բյուջեով նախատեսված ու դրա դիմաց փաստացի կատարված ծախսերի, փոխառուի կողմից նախորդ և ընթացիկ բյուջետային տարիների ընթացքում ստացված փոխառությունների ու դրանց մարման, ինչպես նաև տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ փոխառուի բյուջեում միջոցների մնացորդի մասին:

Գանձապետական ստորաբաժանման կազմած տեղեկանքը փոխառուին է տրամադրվում նշված տեղեկանքն ստանալու մասին վերջինիս դիմումն ստանալու օրվանից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում.

գ) փոխատուի և փոխառուի միջև կնքվելիք փոխատվության պայմանագրի նախագիծը:

8. Փոխատվություն տրամադրելու մասին հայտ ստացած համայնքի (այսուհետ` փոխատու) ղեկավարը 2-օրյա ժամկետում դիմում է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում` տվյալ բյուջետային տարվա անցած ժամանակաշրջանի համար փոխատուի բյուջեով նախատեսված և դրա դիմաց փաստացի մուտքագրված եկամուտների, նշված բյուջեով նախատեսված ու դրա դիմաց կատարված փաստացի և դրամարկղային ծախսերի, փոխատուի կողմից նախկինում ստացված փոխառությունների ու դրանց մարման, ինչպես նաև համայնքի բյուջեում ծրագրավորված ծախսերի նկատմամբ փաստացի եկամուտների գերազանցման շնորհիվ ժամանակավոր ազատ միջոցների չափի մասին տեղեկանք ստանալու համար:

Գանձապետական ստորաբաժանման կազմած տեղեկանքը փոխատուին է տրամադրվում նշված տեղեկանքն ստանալու մասին վերջինիս դիմումն ստանալու օրվանից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Փոխատու համայնքի ղեկավարը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկանքն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համապատասխան փոխառուին փոխատվություն տրամադրելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը` դրան կցելով սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

10. Համայնքի ավագանու կողմից հայտը մերժվելու դեպքում` ներկայացված հայտը փոխատու համայնքի ղեկավարը համապատասխան գրությամբ վերադարձնում է փոխառուին` 2 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Համայնքի ավագանու կողմից փոխատվություն տրամադրելու մասին դրական որոշում ընդունվելու դեպքում` փոխատու համայնքի ղեկավարը փոխատվություն տրամադրելու հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համաձայնությունն ստանալու նպատակով 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դիմում է վերջինիս:

Փոխատու համայնքի ղեկավարի գրությանը կից ներկայացվում են փոխառուի հայտը, փոխատվություն տրամադրելու մասին համայնքի ավագանու որոշումը, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկանքը:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը 10-օրյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում տալիս է փոխատվության տրամադրմանն իր համաձայնությունը, իսկ ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում` մերժում է հայտը` նշելով հայտի մերժման պատճառները:

Հայտի մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին,

բ) փաստաթղթերում ներկայացված տվյալների անհամապատասխանությունը փոխատուի կամ փոխառուի` տվյալ տարվա համար հաստատված բյուջեի ցուցանիշներին,

գ) փոխառուին տվյալ տարում 2 անգամ փոխատվություն տրամադրելը, եթե փոխառուի մոտ առկա են նախկինում ստացված փոխատվության գծով պարտքեր և (կամ) տույժեր։

Սույն կետի «գ» ենթակետով նախատեսվածը մերժման հիմք չէ, եթե որպես փոխառու հանդես է գալիս «Պարտադիր սոցիալական ապահովագրության հիմնադրամ» պետական հիմնարկը, և նրա հայտում առկա է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը հաստատող փաստաթուղթը։


III. ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ


13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված` փոխատվություն տրամադրելու մասին համաձայնությունն ստանալուց հետո փոխատուն և փոխառուն կնքում են փոխատվության պայմանագիր:

14. Փոխատվության տրամադրման օր է համարվում փոխառուի գանձապետական հաշվին փոխատվության միջոցների մուտքագրման օրը:

15. Փոխատվության պայմանագրում պետք է նախատեսվի, որ փոխատվության միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքում փոխատվության գումարը ենթակա է վաղաժամկետ վերադարձման:

16. Փոխառուն կարող է փոխատվության պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վերադարձնել փոխատվության ամբողջ գումարը կամ դրա մի մասը:

17. Փոխատուն կարող է փոխատվության պայմանագրով նախատեսել փոխատվության վերադարձելիությունն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված միջոցներ:

18. Փոխատվության գումարի մարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում կարող են գանձվել տույժեր` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով և կարգով:

19. Փոխատվության տրամադրման, վերադարձման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվություններ կազմելու և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան