Գլխավոր տեղեկություն
Номер
N 313
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.11.1997
Дата подписания
18.11.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


18 նոյեմբերի 1997 թվականի N 313


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 21-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնակարգը (կցվում է):

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997 թ. նոյեմբերի 18-ի N 313 որոշմամբ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. Հիմնական դրույթներ

 

1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի գործունեությունը կանոնակարգվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով և վերստուգումների իրականացման ընդունված սկզբունքներով:

2. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանում է, որի աշխատանքները կառավարչական վերահսկողության ընդհանուր համակարգի անբաժանելի մասն են կազմում և կոչված են նպաստելու կենտրոնական բանկի քաղաքականության հիմնական սկզբունքների և նպատակների իրագործմանը:

3. Վերստուգիչ խմբի հիմնական խնդիրն է բանկային ռիսկերի ուսումնասիրումը, որոնց ենթարկվում է կենտրոնական բանկը, վերահսկողության համապատասխան միջոցների առաջադրումը և վերահսկողության համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը:

4. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը բաղկացած է հինգ անդամից` ներառյալ գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և ազատում է կենտրոնական բանկի խորհուրդը:

5. Վերստուգիչ խմբի անդամ կարող են դառնալ բարձրագույն կրթությամբ այն անձինք, որոնք ունեն կենտրոնական բանկում աշխատանքային գործունեության առնվազն կես տարվա փորձ:

6. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է կենտրոնական բանկի նախագահին և կենտրոնական բանկի խորհրդին: Վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել կենտրոնական բանկի նախագահին և կենտրոնական բանկի խորհրդին: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում` ըստ կենտրոնական բանկի խորհրդի պահանջի, գլխավոր վերստուգիչը կենտրոնական բանկի խորհրդին հաշվետվություն է ներկայացնում խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

7. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է կենտրոնական բանկի խորհրդի հաստատած աշխատանքային ծրագրով:

 

II. Վերստուգիչ խմբի գործունեության հիմնական սկզբունքները ԵՎ խնդիրները

 

8. Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի նպատակն է կենտրոնական բանկի ֆինանսական գործունեության ուսումնասիրման և վերլուծության հիման վրա այդ գործունեության անկախ գնահատումը, աջակցումը հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ճիշտ կազմակերպմանն ու կազմմանը, ինչպես նաև ֆինանսական տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումը կենտրոնական բանկի նախագահին և կենտրոնական բանկի խորհրդին:

9. Վերստուգիչ խմբի անդամները անկախ են կենտրոնական բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից: Անկախությունն ապահովվում է կենտրոնական բանկում վերստուգիչ խմբի հատուկ կարգավիճակով և վերստուգիչ խմբի անդամների անկողմնակալությամբ:

10. Վերստուգման աշխատանքները կենտրոնական բանկի ստորաբաժանումներում գործող ներքին վերահսկողության համակարգի մաս չեն կազմում: Վերստուգիչ խմբի կողմից պարբերաբար իրականացվող ստուգումները չեն փոխարինում տվյալ ստորաբաժանման պատասխանատու աշխատակցի կողմից մշտապես իրականացվող ընթացիկ ստուգումներին:

11. Վերստուգման աշխատանքները ստորաբաժանումներում իրականացվում են օբյեկտիվ և անկողմնակալ` միաժամանակ պահպանելով ստուգվող ստորաբաժանման ներքին գործելակարգը:

12. Վերստուգիչը պարտավոր է հայտնել ցանկացած անձնական շահագրգռվածության մասին, ինչը կարող է խանգարել նրան տվյալ օղակում վերստուգում իրականացնելիս:

13. Վերստուգիչը պատասխանատու է իր պարտականությունների պատշաճ կատարման համար: Վերստուգման աշխատանքներում պարտավոր է ցուցաբերել շրջահայացություն և գաղտնապահություն, ապահովել ստորաբաժանումներից ստացված փաստաթղթերի պահպանումը և վերադարձը:

14. Վերստուգիչ խումբն անմիջական պատասխանատվություն չի կրում ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների և գործառնությունների համար: Խմբի կողմից արված դիտողությունները հրահանգներ չեն և չեն նվազեցնում ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվությունը կատարված աշխատանքների նկատմամբ:

 

III. Վերստուգիչ խմբի գործելակարգը ԵՎ փոխհարաբերությունները կենտրոնական բանկի ստորաբաժանումների հետ

 

15. Կենտրոնական բանկի գործունեության վերստուգումն իրենից ներկայացնում է բանկի հաշվապահական և ֆինանսական հաշվետվության անկախ փորձազննում և վերլուծություն` այդ հաշվետվության արժանահավատությունը և լիարժեքությունը որոշելու նպատակով: Վերստուգիչը ուսումնասիրում է բանկի հաշվապահական հաշվառման և ստորաբաժանումներում իրականացվող վերահսկողության վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված կարգին և կանոններին, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների արժանահավատությունը և տալիս դրանց գնահատականը:

16. Վերստուգիչ խումբը վերստուգում է կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի կատարումը, ֆինանսական հաշվետվությունը, այլ նման փաստաթղթերը և վավերացնում դրանք: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատման ենթակա վերոհիշյալ փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանման կողմից վերստուգիչ խմբին են տրամադրվում կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնելուց առնվազն 15 օր առաջ:

17. Վերստուգիչ խումբն իրավասու է.

- ինքնուրույն որոշել վերստուգման աշխատանքի ձևերը և մեթոդները` կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը, ծրագրերին, գործող օրենսդրությանը, նորմատիվ ակտերի պահանջներին, ինչպես նաև կենտրոնական բանկի նախագահի և կենտրոնական բանկի խորհրդի առաջադրանքներին համապատասխան,

- գնահատել կենտրոնական բանկի կառավարման մարմիններին տրամադրվող և նրանց կողմից որոշումներ ընդունելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության որակը, ինչպես նաև տեղեկատվության վերլուծության ժամանակ կիրառված մեթոդի օգտակարությունը,

- վերլուծել կենտրոնական բանկի ֆինանսատնտեսական գործունեությունը, գնահատել գործող կառավարման, ֆինանսական հսկողության համակարգերի որակը և ներկայացնել առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ,

- ներկայացնել առաջարկություններ և ցուցումներ հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, իրականացնել դրանց կատարման վերահսկողություն,

- ամբողջ ծավալով ստուգել ֆինանսական գործունեությանը վերաբերող փաստաթղթատարությունը, կենտրոնական բանկի ակտիվների պահպանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` վավերացնել ակտիվների գոյությունը,

- մուտք գործել ստուգվող ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ (համակարգչային դահլիճ) և մեքենայական կրիչներ` նյութապատասխանատու անձանց, ստորաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ, այլ աշխատակցի պարտադիր ուղեկցությամբ,

- ինքնուրույն կամ ստուգվող ստորաբաժանման աշխատակիցների օգնությամբ կատարել ստացված փաստաթղթերի, այդ թվում` տեղային և ինքնավար համակարգչային ցանցերում պահվող ֆայլերի ու ցանկացած այլ գրությունների կրկնօրինակում, ինչպես նաև դրանց ապագաղտնագրում,

- կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների խնդրանքով կազմակերպել հատուկ փորձաքննություններ և հետազոտություններ,

- ուսումնասիրել կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից նախահաշվով նախատեսված միջոցների տնօրինման արդյունավետությունը,

- գնահատել կենտրոնական բանկի և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառավարման համակարգի, աշխատակիցների պարտավորությունների և աշխատանքի տարանջատման արդյունավետությունը,

- օգնություն ցուցաբերել կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին` նրանց պարտականությունների որակյալ և արդյունավետ կատարման նպատակով,

- կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ բացատրություններ առաջացած հարցերի վերաբերյալ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են վերստուգման աշխատանքների իրագործման համար,

- տալ ժամանակավոր ցուցումներ (մինչև կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումը) այն գործողությունների արգելման համար, որոնց իրականացումը կհանգեցնի գործող օրենսդրության, նորմատիվային դաշտի, մասնագիտական գործունեության և էթիկայի սկզբունքների խախտման, կենտրոնական բանկի կողմից առավելագույն ռիսկերի ստանձման,

- գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ,

- անհրաժեշտության դեպքում կենտրոնական բանկի նախագահի թույլտվությամբ վերստուգման աշխատանքներում ներգրավել բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների,

- գնահատել համակարգչային համակարգում ծրագրային ապահովումը և տվյալների պահպանությունը:

18. Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աշխատակիցները պարտավոր են համագործակցել վերստուգիչ խմբի անդամների հետ` վերջիններիս կողմից իրենց գործառույթների իրականացման ընթացքում:

19. Ստուգման ընթացքում վերստուգիչը պարտավոր է կազմել աշխատանքային փաստաթղթեր, որոնք իր կողմից կատարվող աշխատանքների ծավալը և որակը հաստատող հիմնական փաստաթղթերն են և կազմվում են կամայական ձևով: Դրանք պետք է պարունակեն ստուգվող ստորաբաժանման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և կատարվող աշխատանքների հակիրճ նկարագրություն: Մասնավորապես, անհրաժեշտ է նշել ստուգում անցկացնելու մեթոդը (համատարած կամ ընտրանքային), ստուգվող փաստաթղթերի ծավալը, սկզբնական և այլ փաստաթղթերի ցանկը, որոնք չեն ներկայացվել ստուգման, ինչպես նաև գործող օրենսդրությանը չհամապատասխանող հայտնաբերված այլ փաստեր, վերստուգիչի կարծիքը հայտնաբերված թերությունների վերացման ուղիների վերաբերյալ և այլ խորհուրդներ` ստուգվող ստորաբաժանման գործունեության բարելավման մասին: Բացի այդ, աշխատանքային փաստաթղթերում պետք է արտացոլվեն ստորաբաժանման ներքին վերահսկողական համակարգի նկարագրությունը (այդ համակարգի դրական և բացասական կողմերի ընդգրկմամբ), վերստուգման ծրագիրը և նախորդ ժամանակաշրջանի վերստուգման աշխատանքների արդյունքները:

Աշխատանքային փաստաթղթերը կարող են իրականում ապացուցել, որ վերստուգումը լավ է ծրագրված, հավաքված տեղեկությունները արժանահավատ են, և ներկայացված զեկուցագիրը ճշտորեն արտացոլում է իրականացված ստուգման արդյունքները:

Աշխատանքային փաստաթղթերի գրառումների հիման վրա կազմվում է վերստուգման զեկուցագիր, որը պետք է հստակորեն նկարագրի վերստուգման աշխատանքների նպատակը, ուսումնասիրությունների խորությունը, իրականացված միջոցառումները, արված բոլոր եզրակացություններն ու առաջարկությունները:

20. Վերստուգման զեկուցագիրը ներկայացվում է ստուգվող ստորաբաժանման քննարկմանը: Ստորաբաժանման ղեկավարը զեկուցագրում նշված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ երեք օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է իր դիրքորոշումը:

21. Կենտրոնական բանկի աշխատակիցները, որոնց հայտնի են դարձել գործառնությունների (գործարքների) իրականացման օրենսդրական, նորմատիվային և այլ խախտումներ, ինչպես նաև կենտրոնական բանկին վնաս հասցնելու փաստեր, այդ մասին հայտնում են իրենց անմիջական ղեկավարին և վերստուգիչ խմբին:

22. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են վերստուգիչ խմբին հայտնել իրենց անձնական շահագրգռվածության մասին, որ նրանք կարող են ունենալ ցանկացած գործառնության (գործարքի) իրականացման դեպքում:

23. Վերստուգիչ խմբի անդամները սերտորեն համագործակցում են արտաքին վերստուգում իրականացնող աուդիտորական կազմակերպության հետ, աջակցություն ցուցաբերում նրա աշխատանքներին` դրանով իսկ նպաստելով արտաքին աուդիտի իրականացման ծախսերի կրճատմանը:

Վերստուգիչ խումբը վերահսկում է արտաքին աուդիտորների դիտողությունների և առաջարկությունների համաձայն իրականացվող միջոցառումների կատարումը:

 

IV. Վերստուգիչ խմբի կողմից իրականացվող վերստուգումների ձԵՎերը ԵՎ եղանակները

 

24. Վերստուգիչ խմբի կողմից հիմնականում իրականացվում են երեք տիպի` ֆինանսական, գործառնական և իրավական ակտերին համապատասխանության վերստուգումներ:

25. Ֆինանսական վերստուգման ընթացքում ուսումնասիրվում են ֆինանսական հաշվետվությունը, հաշվառման տվյալները և դրանց հետ կապված գործառնությունները օրենքների պահանջների, գործող կանոնակարգերի և նորմատիվների, հաշվապահական հաշվառման ընդունված սկզբունքների պահպանման տեսանկյունից:

Վերստուգիչի հաշվետվությունը կազմվում է ներքոհիշյալ սկզբունքների համաձայն.

- հաշվետվության մեջ նշվում է ֆինանսական հաշվետվության համապատասխանությունը հաշվապահական հաշվառման ընդունված սկզբունքներին,

- հաշվետվության մեջ տրվում է վերոհիշյալ սկզբունքների կիրառման համեմատությունը հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում,

- ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը համարվում է բավարար, եթե վերստուգիչի հաշվետվությունում չկան նշումներ այդ մասին,

- հաշվետվությունը պարունակում է ֆինանսական հաշվետվությունների մասին ընդհանուր եզրակացություն կամ հայտարարություն այն մասին, որ այդպիսի եզրակացություն հնարավոր չէ ներկայացնել` նշելով դրա պատճառները:

26. Գործառնական վերստուգման ընթացքում իրականացվում է որոշակի ստորաբաժանման գործունեության վերլուծություն: Գործառնական վերստուգումը ներառում է նաև կենտրոնական բանկի հաշվառման համակարգի ուսումնասիրությունը, վերջինիս արդյունավետության և հուսալիության գնահատումը, համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

Գործառնական վերստուգման ընթացքում ուշադրության կենտրոնում են ստորաբաժանման նպատակները, խնդիրները, քաղաքականությունը, կազմակերպական կառուցվածքը, գործառույթները և նախահաշվով նախատեսված միջոցների տնօրինման արդյունավետությունը:

27. Իրավական ակտերին համապատասխանության վերստուգման նպատակն է ստուգվող ստորաբաժանման կողմից օրենքների, հաստատված կարգերի, կանոնների և նորմատիվների պահպանման ուսումնասիրումը:

28. Վերստուգման աշխատանքների ընթացքում օգտագործվում են տարբեր եղանակներ, այդ թվում` գործառնությունների մանրամասն ուսումնասիրում, վերլուծական, հսկողական և այլն:

29. Գործառնությունների մանրամասն ուսումնասիրումը հիմնվում է փաստաթղթային ստուգման վրա: Այս դեպքում օգտագործվում են ֆորմալ, տրամաբանական և թվաբանական եղանակները: Ֆորմալ ստուգման միջոցով հայտնաբերվում են փաստաթղթերի ռեկվիզիտների ներկայացման ամբողջությունը և ձևակերպման ճշտությունը, պատասխանատու անձանց ստորագրությունների առկայությունը: Ֆորմալ ստուգման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ թերի կամ ոչ ճիշտ լրացված փաստաթուղթը կորցնում է իր իրավաբանական ուժը:

Տրամաբանական ստուգումը հնարավորություն է տալիս պարզել, թե այս կամ այն գործառնությունը արդյոք տեղի է ունեցել նշված ծավալով, թե ոչ: Տրամաբանական ստուգումը թույլ է տալիս հայտնաբերել տեղ գտած հավելագրումները:

Թվաբանական ստուգման նպատակն է հայտնաբերել վերլուծական և համադրական հաշվառման տարբերությունները ամփոփ մեմորիալ օրդերների դուրսգրման ժամանակ: Թվաբանական ստուգումը զուգակցվում է տրամաբանական ստուգման հետ:

Փաստաթղթային ստուգման ընթացքում աշխատանքի որևէ բնագավառում կարող է անցկացվել համատարած ստուգում, հիմնականում այնտեղ, որտեղ առկա են հաճախակի ուղղումների դեպքեր: Առանձին դեպքերում կարող է օգտագործվել հանդիպակաց ստուգման մեթոդը, երբ համեմատվում են տարբեր փաստաթղթերի տվյալները, որոնք վերաբերում են միատեսակ գործառնությունների: Օգտագործվում է նաև գործառնությունների ժամանակագրական ստուգման եղանակը:

Ակտիվների պահպանման` դրամարկղի, արժեթղթերի և փաստաթղթերի ստուգման ընթացքում օգտագործվում է ֆիզիկական ստուգման մեթոդը: Այդ նպատակով արժեքների առկայությունը համեմատվում է հաշվառման տվյալների հետ: Վերստուգիչը չի սահմանափակվում արժեթղթերի քանակական հաշվարկով և դրանց արժեքների որոշմամբ: Ստուգվում է նաև դրանց հուսալիությունը եկամտաբերության և ժամկետների տեսանկյունից:

30. Ստուգման վերլուծական եղանակը ներառում է հաճախորդներին նամակների ուղարկումը, նրանց կողմից ստացված վարկերի գումարների, հաշիվներում միջոցների մնացորդների հաստատման նպատակով գործառնությունների ծավալների, ակտիվների, շահույթի, եկամուտների և այլ ցուցանիշների տեմպերի փոփոխության ուսումնասիրումը:

Հսկողական եղանակը ներառում է բանկում գործող ներքին վերահսկողության համակարգը: Ներքին վերահսկողության տարրերն են` կատարողների պարտավորությունների և պատասխանատվության բաշխումը` ըստ բանկային գործառնությունների տեսակների, պաշտոնական հրահանգների առկայությունը և իրականացվող գործառնությունների կանոնակարգումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2002, N 397-Ն ---------
21.12.1999, թիվ 211 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան