ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 39
Թանկարժեք մետաղների գրավի եՎ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող վարկերի չափերի մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սակարկությունների միջոցով և լոմբարդային վարկերի տրամադրման» կարգը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների ու թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սակարկություններով կամ լոմբարդային վարկեր տրամադրելու դեպքում վարկի գումարը հաշվարկել համաձայն հետևյալ բանաձևի.
ՎԳ < ԳԱ/(1+(Տ*Ժ)/365)*(1+(ԺՏ*Օ)/365)
որտեղ.
ՎԳ - տրամադրվող վարկի գումարը,
ԳԱ - գրավի արժեքը,
Տ - տրամադրվող վարկի տոկոսադրույքը` տասնորդական կոտորակով,
Ժ - վարկի տրամադրման ժամկետը,
Օ - որպես գրավ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդ ընդունելու դեպքում` վարկի մարման օրվանից մինչև ավանդի վերադարձման օրը մնացած օրերի թիվը, թանկարժեք մետաղների գրավադրման դեպքում այն հավասար է 15-ի (գրավի իրացման համար նախատեսված ժամանակահատված),
ԺՏ - տվյալ վարկային պայմանագրում նշված ժամկետանց պարտքի տոկոսադրույքը` տասնորդական կոտորակով:
Որպես գրավի արժեք ընդունել.
ա) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների համար` գրավադրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ թանկարժեք մետաղի ստանդարտացված ձուլակտորի հաշվարկային գինը,
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների համար` գրավադրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ մետաղի ջարդոնի հաշվարկային գինը,
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդների համար` ներդրված ավանդի հիմնական գումարը և հաշվարկված տոկոսագումարը ավանդի վերադարձման օրը:
քաղ. Երևան |