«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60002268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հոկտեմբերի 2002 թ. |
N 76-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ե) կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում» կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
ա) ավելացնել 4.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«Սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ այլ ընկերության փոխանցելու դեպքում դրանք գանձում է` համաձայն կնքված պայմանագրի, էլեկտրամատակարարող ընկերությունը` որպես գանձման գործակալ, ձեռք բերելով այդ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատման և(կամ) սահմանափակման` սույն կանոններով սահմանված իրավունքները, եթե գործակալական պայմանագրով այլ բան նախատեսված չէ».
բ) 14-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ ու անխափան մատակարարում պահանջող` տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքում ներառված կարևոր նշանակության սպառողների էլեկտրամատակարարումն իրականացվում է սահմանված կարգով».
գ) 22-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Վճարման համար հատկացված 7-օրյա ժամկետի խախտման դեպքում, խախտումն արձանագրելու օրվան հաջորդող օրացուցային տարում 3 անգամ խախտում արձանագրելու դեպքում, էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի վերջին խախտմանը հաջորդող յուրաքանչյուր հաշվարկային ամսվա էլեկտրամատակարարման դիմաց 6 ամիս պահանջել կանխավճար, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի վերջին տարում օգտագործած էլեկտրաէներգիայի միջին ամսական քանակի արժեքը: Էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանափակել կանխավճարից հրաժարվող սպառողի էլեկտրամատակարարումը մինչև ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունները, որից հետո հոսանքազրկել, կամ եթե պայմանագրում ամրագրված չեն վթարային և(կամ) տեխնոլոգիական հզորությունները` ընդհատել նրա էլեկտրամատակարարումը».
դ) 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 40-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ, և 69-րդ կետերում «15» թիվը փոխարինել «7» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2006, N 358-Ն | 01.07.2007, N 76-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|