600.0026.28.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1999 թվականի N 26
քաղ. Երևան
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հաստատել «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգը» (կցվում է):
2. Ընդունել ի գիտություն, որ բնակչության անապահով խավերին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների սեփական միջոցների հաշվին բազմասակագնային հաշվիչներով ապահովումն իրականացվում է համաձայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված անապահով ընտանիքների ցանկի և ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համաձայնեցված ժամանակացույցի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թ. հոկտեմբերի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
Սույնով կանոնակարգվում է բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման գործընթացը և սահմանվում են գիշերային սակագնի կիրառման անհրաժեշտ պայմանները.
1. Բնակչությանը էլեկտրական էներգիայի մատակարարումը բազմասակագնային համակարգով իրականացվում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում.
ա) ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով, ստանդարտներին և տեխնիկական նորմերին համապատասխանող էլեկտրական էներգիայի բազմասակագնային հաշվիչի տեղադրում.
բ) գիշերային զեղչ սակագնի կիրառման առնչությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագրում համապատասխան լրացումների և փոփոխությունների կատարում:
2. Բնակչությանը էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին բազմասակագնային հաշվիչներով ապահովումը (գնումը, պետստուգաչափումը և տեղադրումը) իրականացվում է ընկերության կողմից` սահմանված կարգով հաստատված ժամանակացույցով:
3. Այն դեպքերում, երբ բնակիչը իր նախաձեռնությամբ բազմասակագնային համակարգին առաջնահերթ անցնելու ցանկություն ունի, նա գրավոր դիմում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը, որը պարտավորվում է բնակչի կողմից հաշվիչի արժեքը մուծելուց հետո ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում տեղադրել այն և վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը:
Հաշվիչների պետստուգաչափման, կապարակնքման և տեղադրման ծախսերը կատարվում են էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության միջոցների հաշվին:
4. Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերության կողմից հաշվիչի արժեքը ձևակերպվում է որպես սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանխավճար և հատուցվում է գիշերային սակագնի կիրառման ժամերին սպառված էլեկտրաէներգիայի ամսական գումարի 100 տոկոսի չափով` սկսած հաշվիչի տեղադրման 1 տարին լրանալու օրվանից:
5. Այն դեպքերում, երբ բնակիչը ցանկություն է հայտնում, որ էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը իր բնակարանում (կամ իր տնօրինության տակ գտնվող տարածքում) տեղադրի հաշվիչի ցուցմունքների լրացուցիչ լուսատախտակ, ապա նա պարտավոր է այդ մասին հայտնել էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը և վճարել լուսատախտակի, ինչպես նաև հաշվիչի գնի ավելացման հետ կապված լրացուցիչ ծախսերը, որոնք էլեկտրական էներգիա մատակարարող ընկերության կողմից չեն հատուցվում:
6. Հաշվիչների պահպանման, շահագործման պլանային և արտապլանային ստուգումների կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրով, ԷՕԿ-ով և այլ իրավական ակտերով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2006, N 358-Ն | 01.07.2007, N 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|