Գլխավոր տեղեկություն
Номер
N 1779
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.01.31/3(66)
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
21.12.2000
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
21.12.2000
Дата вступления в силу
10.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2000 թ.

N 1779

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածով և հիմք ընդունելով Երևանի խորհրդի 04.12.2000 թ. հ. 32/3 որոշմամբ տրված համաձայնությունը.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետով հաստատված կարգը հանդիսանում է գերատեսչական նորմատիվ ակտ և հանձնարարել Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը (Գ. Մինասյան)` սահմանված կարգով այն ներկայացնել պետական գրանցման և պաշտոնական հրապարակման:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությանը (Վ. Ավետիսյան)` սույն որոշմամբ հաստատված կարգը ուժի մեջ մտնելուց հետո հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի քարտուղար Ա. Մկրտչյանի վրա:

 

Ա. Բազեյան

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2000 Թ. N 1779
ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է
ԵՐևԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ 
4 դեկտեմբերի 2000 թ. N 32/3
ՈՐՈՇՄԱՄԲ

   

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին (հետագայում` քաղաքացիներ) «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը:

2. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը պատվավոր կոչում է` նախատեսված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է Երևանի քաղաքապետի կողմից` սույն կարգին համապատասխան:

4. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը կարող են արժանանալ, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային և այլ դրությունից, այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով և (կամ) բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի քաղաքաշինությանը և բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն Երևանի տնտեսական, մշակութային զարգացման, Երևանի և այլ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությունը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում:

5. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու գրավոր առաջարկով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական միավորումները, հիմնադրամները, իրավաբանական անձանց միությունները, Երևան քաղաքի հասարակության լայն զանգվածները և մշակութային, կրթական, գիտական կազմակերպությունները, Հայ Առաքելական եկեղեցին, պետական կառավարման մարմինները, Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պարտավոր են հիմնավորել իրենց առաջարկը, համակողմանիորեն լուսաբանել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը ներկայացվող քաղաքացու կյանքը գործունեությունը, ներկայացնել համապատասխան նյութեր և քաղաքացու լուսանկարը:

6. Ստացված առաջարկությունները քննարկում է Երևանի խորհուրդը և համաձայնություն է տալիս «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու համար:

7. Երևանի խորհրդի համաձայնությամբ Երևանի քաղաքապետը որոշում է կայացնում «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:

8. Երևանի պատվավոր քաղաքացուն, հանդիսավոր պայմաններում հանձնվում է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու վերաբերյալ քաղաքապետի որոշումը, Երևանի զինանշանն ու պատվավոր քաղաքացու կոչումը պատկերող մեդալ և Երևանի պատվավոր քաղաքացու վկայական:

9. Երևանի պատվավոր քաղաքացու անունը գրանցվում է Երևանի քաղաքապետարանում պահվող, Երևանի պատվավոր քաղաքացիների հաշվառման հատուկ գրքում և միաժամանակ համապատասխան գրառում է կատարվում Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված հուշաքարի վրա:

10. Երևանի պատվավոր քաղաքացուն հանձնվող մեդալի, վկայականի և հաշվառման հատուկ գրքի ձևերը հաստատում է Երևանի քաղաքապետը:

11. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը և Երևանի պատվավոր քաղաքացու կյանքը և գործունեությունը պարտադիր լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով, իսկ համապատասխան նյութերը (քաղաքապետի որոշումը, պատվավոր քաղաքացու կյանքը և գործունեությունը լուսաբանող փաստաթղթեր և այլ նյութեր) անժամկետ պահպանության են հանձնվում Երևան քաղաքի պատմության թանգարանին:

12. Երևանի քաղաքապետի որոշումներով Երևանի պատվավոր քաղաքացիների համար կարող են սահմանվել արտոնություններ:

13. Երևանի քաղաքապետին` ելնելով սույն որոշումից լուծել Երևանի զբոսայգիներից մեկում Երևանի պատվավոր քաղաքացիների հուշաքարի տեղադրման հարցը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 հունվարի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50001022