Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.05.02/11(188) Հոդ.138
Принят
Արագածոտնի մարզպետ
Дата принятия
07.04.2005
Подписан
Արագածոտնի մարզպետ
Дата подписания
07.04.2005
Дата вступления в силу
12.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 50105162


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

7 ապրիլի 2005 թ. 
ք. Աշտարակ

N 13-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.06.2004թ. «Վարչական  վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշումը.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման  գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը»`ըստ հավելվածի:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի վրա:


Գ. Գյոզալյան

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2005 թ. ապրիլի 7-ի 
թիվ 13-Ն որոշման

                                                                                      

Կ Ա Ր Գ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի /այսուհետ` մարզպետարան/ աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը /այսուհետ` կարգ/:

2. Սույն կարգի նպատակն է ապահովել վարչական վարույթի գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի /այսուհետ` դիմում/ հիման վրա, ինչպես նաև մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտն ընդունելն է:

4. Մարզպետարանի անունից վարչական վարույթի իրավունք ունեն մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները /այսուհետ՝ ստորաբաժանում/:

5. Մարզպետարանի աշխատակազմում սույն կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

6. Մարզպետարանի աշխատակազմում կարգի կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

7. Վարչական վարույթի առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում /այսուհետ` օրենք/:


 II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Մարզպետարանի աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերը /այսուհետ` գործեր/ կազմվում և վարվում են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ մարզպետարանի նախաձեռնությամբ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցելու պահից:

9. Եթե մարզպետարանը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և նրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում սահմանված կարգով: Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով /սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով/ ենթակա է մարզպետարանի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

10. Մարզպետարանում գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա/ անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ/ մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը /ծանուցումներ, միջնորդություններ և այլն/, տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել մարզպետարան, ապա բողոքի վերաբերյալ մարզպետարանի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետ դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի /ակտերի պատճենները, որոնք առկա են մարզպետարանում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին են կցվում որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված մարզպետարանի աշխատակազմի կնիքով:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործի համարը իր մեջ ներառում է` դիմումի մուտքագրման համարը, կատարող ստորաբաժանման պայմանանիշը, վարչական վարույթի հաշվառման համարը, վարչական ակտի համարը /օրինակ` 67-1-05-01/:

12. Ակտերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ակտը բողոքարկվել է վարչական կարգով մարզպետարան կամ որևէ վերադաս մարմին, ապա մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում հանվում են նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները բողոքարկվող դիմումի հետ միասին, դրանց վերին աջ անկյունում նշվում է /Բողոքարկվել է/, հանձնվում է համապատասխան ստորաբաժանում: Բողոքարկման վարույթի ավարտից հետո հիմնական գործը և դրա կրկնօրինակն ամբողջությամբ հետ է վերադարձվում քարտուղարություն` ի պահ:

13. Եթե դիմումում արծարծված են  տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:

14. Ավարտած գործերը կարվում են և կնքվում մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի ավարտից հետո գործերը հանձնվում են մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության արարողակարգի և հասարակայնության հետ կապերի բաժին:

16. Գործերը պահպանվում են առանձին` ըստ ստորաբաժանումների:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերին, նյութերին փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ և պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:


 III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Մարզպետարանի աշխատակազմում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան` ըստ վարույթներն իրականացնող ստորաբաժանումների:

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանները կազմվում և լրացվում են յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

20. Գրանցամատյանի շապիկի /կազմի/ վրա գրվում է մարզպետարանի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, խմբի պայմանանիշը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

21. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևի:

Դիմումի հիման վրա և մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանվում է 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա/ N 1 աղյուսակում նշել մարզպետարանում ստացված դիմումի հիման վրա կամ մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ/ N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը մարզպետարանում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ/ N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

22. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա/ հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է ընդգրկի տվյալ գործի շապիկի /կազմի/ վրա նշված համարը.

բ/ մարզպետարանում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և մուտքի համարը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է մարզպետարանի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ/ դիմողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/:

Եթե վարչական վարույթը հարուցվել է մարզպետարանի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ մարզպետարանը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ/ դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե մարզպետարանի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե/ դիմումի քննարկման կամ մարզպետարանի նախաձեռնության արդյունքում ընդունված վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ/ վարչական ակտի մասին դիմողին /դրա հասցեատիրոջը/ իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

23. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

24. N 2 աղյուսակը պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա/ բողոք բերելու տարեթիվը, ամսաթիվը, բողոքի մուտքի համարը.

բ/ բողոք բերողի անունը, ազգանունը, հայրանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/.

գ/ բողոքի համառոտ շարադրանքը.

դ/ բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե/ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ/ բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթվի ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ վարչական մարմինները:

25. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել 3 հավասար մասի՝ յուրաքանչյուրում նշելով`

ա/ տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ/ հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա դատավարական կարգավիճակը.

գ/ հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման, դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով, և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց ամբողջացվում են:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2, 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

27. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին:

Գրանցամատյանի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնակատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գրանցամատյանը կարվում է և կնքվում մարզպետարանի աշխատակազմի կնիքով:

28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:


 IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ /այսուհետ ակտերի հաշվառման գրանցամատյան/ ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացվում է N 2 ձևում/:

30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի /կազմի/ վրա գրվում է մարզպետարանի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են մարզպետարանի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են մարզպետարանի ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա/ անձի դիմումի հիման վրա կամ մարզպետարանի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը, այդ թվում օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ մարզպետարանի ընդունած ակտը.

բ/ վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ մարզպետարանի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ/ օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա մարզպետարանի ընդունած նոր վարչական ակտերը.

դ/ վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը:

Մարզպետարանը հաշվառվում է նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը /օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն/:

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա/ վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը /բողոքը/ կամ մարզպետարանի նախաձեռնությունը.

բ/ հաշվառվող ակտի անվանումը /որոշում, հրաման, կարգադրություն և այլն/, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ/ վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/:

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի /օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն/, ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ/ վարչական ակտի եզրափակիչ մասի /օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ/ շարադրանքը.

ե/ վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ/ վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է/ վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թվի մասին:

33. Ելնելով անհրաժեշտությունից` մարզպետարանը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:


 V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

35. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` ուսումնասիրում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը:

36. Վարչական վարույթի գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են քարտուղարությունում` ՀՀ արդարադատության նախարարության կողմից 26.04.2004թ. թիվ 50103374 պետական գրանցում ստացած ՀՀ Արագածոտնի մարզպետի 20.11.2003թ. թիվ 307-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գործավարության կարգ»-ին համապատասխան:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի
աշխատակազմի ղեկավար՝
 Հ. Գևորգյան

Ձև 1

էջ 1,  2 


 Ս Խ Ե Մ Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ


 

Ձև 2

 Ս Խ Ե Մ Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան