«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 հունիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005231
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2005 թ. N 238-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԵԿԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 945 հոդվածի 4-րդ կետը, 946 հոդվածի 2-րդ կետը, 947 հոդվածի 2-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում չեկերի թողարկման, սպասարկման և շրջանառության մասին» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մայիսի 27 |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԵԿԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա դուրս գրված չեկերի (այսուհետև` չեկ) օգտագործելու կարգը և պայմանները, չեկերի լրացման կանոնները, չեկերի ներկայացման ժամկետները, չեկերի ինկասավորման և վճարման կանոնները:
2. Սույն կարգը չի տարածվում արտասահմանյան բանկերի կամ արտասահմանյան այլ ֆինանսական կազմակերպությունների վրա դուրս գրված չեկերի, այդ թվում` ճանապարհային չեկերի հետ կապված հարաբերությունների վրա:
3. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`
3.1. Չեկ` վճարային արժեթուղթ, որը պարունակում է չեկ տվողի` որևէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրություն վճարող բանկին` չեկը տիրապետողին վճարել չեկում նշված գումարը.
3.2. Անձ` ցանկացած անձ (այդ թվում` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին).
3.3. Չեկ տվող (չեկ դուրս գրող, չեկատու)` անձ, որը դուրս է գրում չեկը` կարգադրելով վճարող բանկին վճարել ներկայացված չեկի դիմաց.
3.4. Չեկ տիրապետող (չեկատեր)` անձ, որն ունի չեկով սահմանված գումարը ստանալու պահանջի իրավունք չեկով պարտավոր անձի (անձանց) նկատմամբ.
3.5. Վճարող բանկ` բանկ, որին կարգադրված է իրականացնել ներկայացված չեկի վճարումը, և որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ դուրս գրելով.
3.6. Դեպոնացնող բանկ` առաջին բանկը, որն ընդունում է չեկը վճարման և որը, չեկի վճարը ստանալու նպատակով իրականացնում է չեկի ինկասավորումը վճարող բանկին, կամ վճարող բանկը, եթե չեկը վճարման է ներկայացվում անմիջապես վճարող բանկին.
3.7. Միջնորդ բանկ` վճարող և (կամ) դեպոնացնող բանկից բացի ցանկացած բանկ, որի միջոցով իրականացվում է չեկի ինկասավորումը և (կամ) վճարումը.
3.8. Չեկը ներկայացնելու ժամկետ` չեկը դուրս գրելուց հետո, սահմանված այն առավելագույն ժամկետն է, որի ընթացքում չեկը կարող է վճարման ներկայացվել դեպոնացնող բանկին.
3.9. Ներկայացման օր` աշխատանքային օր, երբ չեկը ներկայացվում է վճարման դեպոնացնող բանկին.
3.10. Ժամկետանց չեկ` չեկ, որը ներկայացվել է դեպոնացնող բանկին ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո.
3.11. Չեկի ինկասավորում` դեպոնացնող բանկի կողմից իրականացվող գործողություններ, որոնք ուղղված են վճարող բանկից չեկի գումարը ստանալուն.
3.12. Չեկ տվողի գտնվելու վայր` չեկ տվողը քաղաքացի լինելու դեպքում` վերջինիս բնակության վայր (հասցե), այլ դեպքերում` վերջինիս մշտական գործող մարմնի գտնվելու վայր (հասցե).
3.13. Հրահանգող` անձ, որը հանձնարարում է բանկին դուրս գրել բանկային չեկ.
3.14. Հանձնարարական փոխանցագիր` փոխանցագիր, որով փոխանցվում է միայն չեկատիրոջ հանձնարարությամբ գործելու իրավունքը (այդ թվում նաև չեկատիրոջ հանձնարարությամբ չեկի գումարը ստանալու իրավունքը):
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵԿԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության տարածքում չեկերը որպես վճարման միջոց կարող են կիրառվել ցանկացած անձանց միջև հաշվարկներում: Չեկերը կարող են կիրառվել առևտրային գործարքների ժամանակ վճարումներ կատարելու նպատակով, ոչ առևտրային բնույթի (աշխատավարձի, թոշակների, նպաստների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների) վճարումներ կատարելու համար, ինչպես նաև բանկի կողմից հաճախորդներին կանխիկ դրամական միջոցներ տրամադրելու համար:
5. Չեկերը որպես վճարման միջոց կարող են կիրառվել այն դեպքում, երբ առկա է վճարումը ստացող անձի համաձայնությունը` չեկով վճարում ստանալու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել հետևյալ տեսակի չեկեր`
6.1 Ըստ չեկը դուրս գրողի`
6.1.1 հաճախորդի չեկեր` չեկեր, որոնց վճարման համար պատասխանատվություն է կրում այն դուրս գրող ոչ բանկ հանդիսացող անձը,
6.1.2 բանկային չեկեր` չեկեր, որոնց վճարման համար պատասխանատվություն է կրում այն դուրս գրող բանկը (բանկային չեկերը դուրս են գրվում բանկի կողմից իր գլխամասի, իր մասնաճյուղի, կամ այլ բանկի վրա):
6.2 Ըստ չեկատիրոջ`
6.2.1 անվանական չեկեր` չեկեր, որոնցում չեկի գումարը ստանալու իրավունքը կարող է պատկանել միայն չեկում նշված այն անձին, որի անունով դուրս է գրվել չեկը: Անվանական չեկը չի կարող փոխանցվել, անվանական չեկի վրա պետք է լինի «անվանական», «ոչ փոխանցելի», «վճարել միայն», կամ նման այլ բառեր, որոնք հատկանշում են չեկի անվանական լինելը` նման բառերի բացակայության դեպքում չեկը համարվում է օրդերային,
6.2.2 օրդերային չեկեր` չեկեր, որոնցում չեկի գումարը ստանալու իրավունքը կարող է պատկանել չեկում նշված անձին, որը կարող է ինքն իրականացնել այդ իրավունքը, կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի: Օրդերային չեկերով իրավունքները փոխանցվում են այդ չեկի վրա փոխանցագիր կատարելու միջոցով:
6.3 Ըստ դուրս գրվող գումարի`
6.3.1 լիմիտավորված չեկեր` չեկեր, որոնցով դուրս գրվող գումարը սահմանափակված է վճարող բանկի կողմից,
6.3.2 չլիմիտավորված չեկեր` չեկեր, որոնցով դուրս գրվող գումարը սահմանափակված չէ:
6.4 Ըստ չեկի գումարը ստանալու հնարավորության`
6.4.1 հաշվարկային չեկեր` չեկեր որոնց դիմերեսը պարունակում է «հաշվարկային» բառը և որոնց դիմաց վճարվելիք գումարները կարող են միայն հաշվեգրվել հաշիվների վրա (հաշվի կրեդիտագրում, փոխանցում, հաշվանցում),
6.4.2 կրոս չեկեր` չեկեր, որոնց դիմերեսին դրված են երկու զուգահեռ գծեր` կրոսավորում:
Կրոսավորումը լինում է ընդհանուր, երբ զուգահեռ գծերի միջև նշված չէ որևէ բանկի անվանում և հատուկ, երբ զուգահեռ գծերի միջև նշված է կոնկրետ բանկի անվանում:
Վճարողը ընդհանուր կրոսավորում ունեցող չեկի դիմաց կարող է վճարել միայն բանկին կամ իր հաճախորդ հանդիսացող չեկատիրոջը: Վճարողը հատուկ կրոսավորում ունեցող չեկի դիմաց կարող է վճարել միայն կրոսավորման գծերի մեջ նշված բանկին կամ իր հաճախորդ հանդիսացող չեկատիրոջը:
Բանկը կրոսավորված չեկը կարող է ընդունել վճարման միայն իր հաճախորդից կամ այլ բանկից և կրոսավորված չեկի դիմաց ստացված գումարը պետք է վճարի միայն այդ անձանց,
6.4.3 կանխիկ չեկեր` չեկեր որոնք չեկատիրոջ կողմից կարող են անմիջապես ներկայացվել վճարման վճարող բանկին` անկախ վերջինիս հաճախորդ լինելու կամ չլինելու հանգամանքից և որոնց դիմաց գումարը կարող է վճարվել կանխիկ փողով: Եթե չեկի վրա բացակայում են հաշվարկային կամ կրոս չեկ լինելու հատկանիշները, ապա այն համարվում է կանխիկ չեկ: Կանխիկ չեկերին դասվում են նաև դրամարկղային չեկերը, որոնք կիրառվում են չեկատուի կողմից` վերջինիս բանկային հաշվից կանխիկ փող ստանալու համար:
6.5 Ըստ չեկերի ձևաթղթերի օգտագործման ժամկետի`
6.5.1 ժամկետային չեկեր` չեկեր, որոնց ձևաթղթերի գործածության ժամկետը սահմանափակվում է չեկերի ձևաթղթեր տրամադրող բանկի կողմից,
6.5.2 անժամկետ չեկեր` չեկեր, որոնց ձևաթղթերի գործողության ժամկետը անսահմանափակ է: Եթե չեկի վրա բացակայում է նրա գործածության ժամկետի վերաբերյալ նշումը, ապա այն համարվում է անժամկետ չեկ:
7. Չեկ տվողը կարող է դուրս գրել չեկ միայն սույն կարգի 17-րդ կետի համաձայն կնքված համաձայնագրի հիման վրա` վճարող բանկի կողմից տրամադրած չեկերի ձևաթղթերի վրա: Չեկերի ձևաթղթերը ենթակա են խիստ հաշվառման:
8. Չեկը պետք է լրացված լինի սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում սահմանված կանոնների համաձայն:
9. Չեկերով վճարային շրջանառության մասնակիցներ են հանդիսանում չեկ տվողը, չեկ տվողի բանկը (վճարող բանկը), չեկատերը, չեկատիրոջ բանկը (դեպոնացնող բանկը), միջնորդ բանկը (այն դեպքում, երբ չեկերի ինկասավորումը և վճարումը իրականացվում է երրորդ բանկի միջոցով), հրահանգողը (այն դեպքում երբ հաճախորդ-հրահանգողի կարգադրությամբ դուրս է գրվում բանկային չեկ):
Անվանական չեկերի դեպքում չեկատերը այն անձն է, ում անունով դուրս է գրված չեկը:
Օրդերային (փոխանցվող) չեկերի դեպքում չեկատերը այն անձն է, ում անունով դուրս է գրված չեկը, կամ այն անձն է, ում անունով կատարված է օրդերային փոխանցագիրը:
10. Չեկերով վճարային շրջանառությունը իր մեջ ընդգրկում է հետևյալ փուլերը`
10.1 չեկի դուրսգրումը չեկ տվողի կողմից և տրամադրումը չեկատիրոջը, օրդերային չեկերի դեպքում նաև փոխանցագրով չեկի փոխանցումը նոր չեկատիրոջը,
10.2 չեկատիրոջ կողմից չեկի գումարը ստանալու նպատակով չեկի ներկայացումը իրեն սպասարկող բանկին (դեպոնացնող բանկին) կամ անմիջապես վճարող բանկին,
10.3 դեպոնացնող բանկի կողմից չեկի գումարի ստացումը վճարող բանկից (տվյալ փուլը բացակայում է չեկը անմիջապես վճարող բանկին ներկայացնելու դեպքում),
10.4 չեկի գումարի վճարումը չեկատիրոջը:
11. Չեկի դուրսգրումը և տրամադրումը չի մարում չեկ տվողի դրամական պարտավորությունը, որի կատարման համար դուրս է գրվել տվյալ չեկը: Դրամական պարտավորության մարումը կատարվում է այն պահին, երբ չեկատերը ստանում է չեկով սահմանված գումարը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՉԵԿԵՐԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 946 հոդվածով սահմանված նվազագույն վավերապայմաններից, չեկերը, կախված տեսակից, պետք է պարունակեն նաև հետևյալ վավերապայմանները`
12.1 չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի անվանումը,
12.2 եթե չեկը անվանական է կամ օրդերային, ապա չեկի վրա պետք է առկա լինի չեկատիրոջ անվանումը,
12.3 եթե չեկը հաշվարկային է, ապա չեկի վրա պետք է առկա լինի «հաշվարկային» բառը,
12.4 եթե կրոս չեկ է, ապա չեկի դիմերեսին պետք է առկա լինեն երկու զուգահեռ գծեր,
12.5 եթե ժամկետային չեկ է, ապա չեկի դիմերեսին պետք է նշված լինի չեկի ձևաթղթի գործածության վերջնաժամկետը:
Չեկը տվողի հայեցողությամբ չեկի վրա կարող են կատարվել նաև այլ գրառումներ, որոնք չեն հակասում օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կարգով սահմանված պահանջներին (պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը, ծառայության տեսակը, որի վճարման համար դուրս է գրվել չեկը, անձի տվյալները, որը լիազորված է չեկով վճար ստանալ, այլ տվյալներ):
13. Չեկը պետք է լրացված լինի հետևյալ կանոնների համաձայն`
13.1. «Չեկը տվողի անվանումը» վավերապայմանը պետք է ներառի` չեկը տվողի անուն-ազգանունը կամ անվանումը և չեկ տվողի գտնվելու վայրը (հասցեն):
13.2. «Վճարող բանկի անվանումը» վավերապայմանը պետք է ներառի վճարող հանդիսացող բանկի անվանումը և հասցեն:
13.3. «Հաշվի համարը» վավերապայմանը պետք է ներառի այն հաշվի համարը, որից վճարող բանկը պետք է կատարի տվյալ չեկի վճարումը:
13.4. «Չեկի դուրս գրման ամսաթվի» վավերապայմանում չեկի կազմելու ամիսը գրվում է բառերով կամ թվերով, իսկ տարին և օրը` թվերով:
13.5. «Չեկը կազմելու տեղը» վավերապայմանում նշվում է չեկի դուրսգրման բնակավայրը (պետությունը կամ պետությունը և քաղաքը, կամ ավանը, կամ գյուղը), իսկ այդ վավերապայմանի բացակայության դեպքում չեկը համարվում է դուրս գրված (ստորագրված) չեկ տվողի գտնվելու վայրում:
13.6. Չեկում նշվող վճարման ենթակա գումարը լրացվում է բառերով և թվերով, ընդ որում, ամբողջական գումարը գրվում է պարտադիր թվերով և բառերով, իսկ նրա հարյուրերորդական բաժանումը (լումա, այլ) կարող է գրվել միայն թվերով: Եթե չեկի վրա բառերով նշված գումարը չի համապատասխանում թվերով գրված գումարին, ապա չեկի գումար է համարվում բառերով գրված գումարը:
13.7. «Վճարման արժույթը» վավերապայմանը լրացվում է բառերով և (կամ) կոդով:
13.8. «Չեկատիրոջ անվանումը» վավերապայմանը ներառում է չեկատիրոջ անուն-ազգանունը կամ անվանումը և այլ տվյալներ չեկ տվողի և չեկատիրոջ պայմանավորվածությամբ (հաշվի համարը, անձնագրային և այլ տվյալներ):
13.9. Փոխանցագրերը դրվում են չեկի դարձերեսին և ստորագրվում են փոխանցագիր կատարող անձի կողմից:
13.10. Ոչ մի ուղղում չեկի տեքստի մեջ չի թույլատրվում, ուղղումներով չեկը համարվում է անվավեր և բանկերի կողմից ենթակա չէ ընդունման և վճարման:
14. Չեկ տվողը, չեկը դուրս գրելիս, չեկի ձևաթղթի վրա լրացնում է չեկատիրոջ անվանումը, վճարվող գումարը և արժույթը (եթե այն նախապես չի տպված չեկի ձևաթղթի վրա), չեկի դուրս գրման ամսաթիվը և տեղը, անհրաժեշտության դեպքում` այլ տվյալներ: Չեկ տվողը չեկը կարող է լրացնել ինչպես ձեռագրով, այնպես էլ տեխնիկական միջոցներով: Չեկը անձամբ է ստորագրվում չեկ տվողի կողմից: Չեկը կարող է ստորագրել նաև չեկ տվողի կողմից լիազորված անձը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիազորագրի և վճարող բանկի մոտ ստորագրության նմուշի առկայության դեպքում: Իրավաբանական անձանց կողմից դուրս գրված չեկի վրա, ստորագրությունից բացի, ՀՀ օրենսդրությամբ կամ վճարող բանկի ներքին կանոններով սահմանված դեպքերում դրվում է չեկ տվողի կնիքը:
15. Չեկի ձևաթղթի վրա նախապես տպագրված տեքստը պետք է լինի հայերեն կամ հայերեն և մեկ այլ լեզվով:
Չեկերի ձևաթղթերը հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր: Յուրաքանչյուր չեկ պետք է ունենա յուրահատուկ համար: Չեկերի ձևաթղթերը հաճախորդին տրամադրելիս, բանկը պարտավոր է իր մոտ նշել տրամադրված չեկերի ձևաթղթերի յուրահատուկ համարները:
16. Բանկերը կարող են կիրառել տարբեր ձևի դիզայնով չեկեր, որոնցում պահպանված են օրենքով և սույն կարգով սահմանված պահանջները:
Գ Լ ՈՒ Խ 4
ՉԵԿԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՎՃԱՐՄԱՆ
17. Անձը չեկով վճարում կատարելու համար իրեն սպասարկող բանկի կողմից տրամադրված չեկի կամ չեկային գրքույկի ձևաթղթի վրա չեկատիրոջ (վճարում ստացող անձի) անունով դուրս է գրում ոչ բանկային (հաճախորդի) չեկ, լրացնելով բանկային կանոններով սահմանված դաշտերը: Չեկային գրքույկը (չեկերի ձևաթղթերը) տրամադրվում է հաճախորդին բանկի հետ կնքված պայմանագրի հիման վրա, ըստ որի հաճախորդը ստանում է իրավասություն տնօրինելու իր միջոցները` չեկեր դուրս գրելով: Պայմանագրում կամ բանկի չեկերով գործառնությունների իրականացման ներքին կանոններում (պայմաններում) պետք է սահմանված լինեն հետևյալ դրույթները`
17.1 չեկերով գործառնությունների հետ կապված բանկի և հաճախորդի պարտականությունները և պատասխանատվությունը,
17.2 ինչ դրամական միջոցների հաշվին են իրականացվում չեկի դիմաց վճարումները,
17.3 չեկի լրացման կարգը, գործածության կանոնները և ժամկետը,
17.4 կոմիսիոն վճարները,
17.5 բանկի հայեցողությամբ` այլ դրույթներ:
Պայմանագիրը կարող է լինել առանձին չեկային պայմանագրի ձևով, կամ համապատասխան դրույթներ կարող են ներառված լինել բանկային հաշվի սպասարկման պայմանագրում:
Վճարումը բանկային չեկով կատարելու անհրաժեշտության դեպքում` անձը դիմում է իրեն սպասարկող բանկին, հանձնարարելով վերջինիս դուրս գրել բանկային չեկ: Չեկ տվող բանկը կարող է դուրս գրել բանկային չեկ իր կամ իր մասնաճյուղի վրա, կամ այլ բանկերի վրա` տվյալ բանկի հետ կնքված թղթակցային պայմանագրի հիման վրա:
18. Կանխիկ դրամ ստանալու նպատակով անձը կարող է դուրս գրել հաճախորդի չեկ իր անունով կամ հանձնարարել բանկին դուրս գրել բանկային չեկ իր անունով:
19. Չեկատերը չեկի գումարը ստանալու համար կարող է չեկը անմիջապես վճարման ներկայացնել վճարող բանկին կամ ներկայացնել ինկասոյի վճարող բանկից տարբերվող այլ դեպոնացնող բանկին (իրեն սպասարկող բանկին)` հանձնարարելով վերջինիս ստանալ վճարող բանկից չեկով սահմանված գումարը: Հաշվարկային ու կրոս չեկերի ներկայացումը և վճարումը կարող է իրականացվել միայն չեկատիրոջ բանկի միջոցով:
20. Չեկերը ներկայացվում են վճարման հետևյալ ժամկետներում`
20.1 Չեկը, որը դուրս է գրվել և պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է վճարման ներկայացվի դեպոնացնող բանկին տասը օրացուցային օրվա ընթացքում:
20.2 Չեկը, որը դուրս է գրվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է վճարման ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գտնվող բանկին երեսուն օրացուցային օրվա ընթացքում:
Վերը նշված ժամկետները հաշվվում են չեկի դուրս գրմանը հաջորդող օրվանից սկսած մինչև չեկի ներկայացման օրը ներառյալ:
Կենտրոնական բանկի համաձայնությամբ միջբանկային և այլ պայմանագրերով կամ համաձայնագրերով կարող են սահմանվել որոշակի չեկերի ներկայացման այլ ժամկետներ:
21. Եթե չեկը ներկայացվել է վճարման մինչև այն օրը, որը նշված է որպես դուրսգրման օր, ապա չեկը համարվում է դուրս գրված ներկայացման օրը:
22. Չեկատերը չեկում սահմանված գումարը ստանալու համար այն ներկայացնում է դեպոնացնող բանկ` վերջինիս կողմից սահմանված կարգի համաձայն: Չեկի դարձերեսին չեկատիրոջ կողմից դրվում է հանձնարարական փոխանցագիր:
23. Դեպոնացնող բանկը իրավասու է մերժել վճարմանը ներկայացված չեկերի ընդունումը, եթե`
23.1 չեկերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ գլխում սահմանված պահանջներին,
23.2 չեկ ներկայացնողը դրա օրինական տերը (չեկով լիազորված անձ) չէ,
23.3 հայտնի է, որ չեկը գողացված է կամ կորցրած:
Չեկի վճարումը մերժելու դեպքում, այն վերադարձվում է չեկատիրոջը` մերժման պատճառի մասին գրությամբ: Չեկը վճարման ընդունելու դեպքում դեպոնացնող բանկը տրամադրում է չեկատիրոջը ստացական, որում նշվում են ընդունված չեկերի մասին տեղեկություններ և չեկերի ընդունման ամսաթիվը:
24. Եթե դեպոնացնող բանկը վճարող բանկից տարբերվող բանկ է, ապա դեպոնացնող բանկը, չեկը վճարման ընդունելու դեպքում, ուղարկում է այն ինկասոյի սույն կարգի 5-րդ գլխում սահմանված ընթացակարգերի համաձայն: Չեկի գումարը կարող է վճարվել դեպոնացնող բանկի կողմից չեկը ներկայացնելուն պես անմիջապես, կամ ինկասոյի ուղարկումից և վճարը վճարող բանկից ստանալուց հետո: Դեպոնացնող բանկի կողմից չեկի գումարը անմիջապես վճարելու պարագայում բանկը կարող է ռիսկեր կրել` վճարող բանկի կողմից չեկի վճարումը մերժելու դեպքում:
25. Եթե չեկով վճարողը դեպոնացնող բանկի կառուցվածքային այլ ստորաբաժանում է, ապա այդպիսի չեկերի դիմաց վճարումը իրականացվում է տվյալ բանկի կողմից սահմանված կարգով, պահպանելով սույն կարգում սահմանված ժամկետները:
26. Չեկերի սպասարկման գործընթացին մասնակցող բանկերի ստորաբաժանումները պարտավոր են ապահովել չեկերի առաքումը, ինչպես նաև չվճարված չեկերի հետ ուղարկումը ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, չհաշված փաստաթղթերի ստացման օրը:
27. Եթե համապատասխան փաստաթղթերը ստացվում են ստացող բանկի ստորաբաժանման գործառնական ժամերից հետո, ապա դրանք համարվում են ստացված հաջորդ բանկային օր:
Գ Լ ՈՒ Խ 5
ՉԵԿԵՐԻ ԻՆԿԱՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
28. Չեկերի ինկասավորումը իրականացվում է այն դեպքում, երբ չեկ դուրս գրողը և չեկատերը սպասարկվում են տարբեր բանկերում:
29. Չեկերի ինկասավորումը և վճարումը իրականացվում են դեպոնացնող և վճարող հանդիսացող մասնակիցների գլխամասային բանկերի միջոցով սույն կարգի համաձայն, եթե չեկերի քլիրինգի և վճարման այլ կանոններ սահմանված չեն միջբանկային պայմանագրերով կամ այլ իրավական ակտերով:
30. Դեպոնացնող բանկի գլխամասը ինկասոյի ուղարկման ենթակա չեկերի դարձերեսին դնում է հանձնարարական փոխանցագիր`
«Ներկայացվում է վճարման |
____________________ |
և կազմում է ուղարկվող չեկերի ինկասո հանձնարարական (հավելված 1): Չեկերի ինկասո հանձնարարականները կազմվում են ըստ չեկերի արժույթների և վճարող ստորաբաժանումների առնվազն 2 օրինակից, որից մեկ օրինակը մնում է դեպոնացնող բանկի գլխամասում, իսկ երկրորդ օրինակը կից չեկերով սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետներում ներկայացվում է վճարող բանկի գլխամասին:
31. Վճարող բանկը, ստանալով չեկերի ինկասո հանձնարարականը կից չեկերով, պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով բանկի ներքին կանոններով սահմանված կարգով հավաստիանալ չեկերի իսկության մեջ: Վճարող բանկը իրավասու է մերժել չեկի վճարումը եթե`
31.1 չեկատուի չեկերի վճարման համար նախատեսված դրամական միջոցները անբավարար են չեկում նշված գումարը վճարելու համար,
31.2 չեկերը դուրս են գրված կեղծ ձևաթղթերի վրա կամ ստորագրությունը կեղծ է,
31.3 չեկը հայտարարված է գողացված կամ կորցրած,
31.4 չեկը հետ է կանչված չեկատուի կողմից,
31.5 չեկերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ գլխում սահմանված պահանջներին:
32. Վճարողը կայացնում է որոշում չեկերը վճարելու/չվճարելու վերաբերյալ և ոչ ուշ, քան չեկերի ինկասո հանձնարարականի ստացմանը հաջորդող 3-րդ բանկային օրը իրականացնում է վճարումը կամ ծանուցում է դեպոնացնող բանկին չեկերի վճարումը մերժելու մասին, նշելով մերժման պատճառը և հետ է ուղարկում չվճարված չեկերը: Կորցրած, կեղծված կամ գողացված չեկերի պարագայում վճարող բանկը փոխանցում է դրանք իրավապահ մարմիններին` թողնելով իր մոտ չեկերի պատճենները:
33. Չեկի մասնակի վճարումը արգելվում է:
34. Չեկի վճարումը իրականացվում է չեկերի ինկասո հանձնարարականում նշված կարգադրությունների համաձայն` համապատասխան վճարային փաստաթղթում նշելով չեկերի ինկասոյի հանձնարարականի համարը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՉԵԿԵՐԻ ՀԵՏ ԿԱՆՉՈՒՄԸ, ՉԵԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
35. Չեկ տվողը կարող է հետ կանչել իր կողմից դուրս գրած չեկը միայն չեկի ներկայացման ժամկետը լրանալուց հետո, գրավոր հայտնելով այդ մասին վճարող բանկին:
36. Եթե վճարող բանկը չեկ տվողից չի ստացել չեկը հետ կանչելու հրահանգ, ապա նա կարող է վճարել նաև ժամկետանց չեկը, եթե այլ բան չի սահմանված չեկ տվողի հետ կնքված պայմանագրով:
37. Չեկերի վճարումը կարող է կասեցվել, գրավոր հայտնելով այդ մասին վճարող բանկին: Չեկի վճարումը կարող է կասեցնել`
37.1 չեկ տվողը` չեկերի ձևաթղթերի կորստի կամ հափշտակման դեպքում կամ
37.2 բանկ չհանդիսացող չեկ տվողի անվճարունակ ճանաչված լինելու դեպքում` վերջինիս կառավարիչը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՉԵԿԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
38. Եթե չեկերը դեպոնավորվում և վճարվում են միևնույն բանկի տարբեր ստորաբաժանումների կողմից, ապա բանկը իր ներքին կանոններով կարող է սահմանել չեկերի էլեկտրոնային եղանակով ինկասոյի ուղարկման արարողակարգեր:
39. Եթե չեկերը դեպոնավորող և վճարող բանկերը տարբեր բանկեր են, ապա չեկերը էլեկտրոնային եղանակով կարող են ուղարկվել ինկասոյի միայն համապատասխան միջբանկային պայմանագրի առկայության դեպքում, որում սահմանված կլինեն չեկերի էլեկտրոնային եղանակով ինկասոյի ուղարկման արարողակարգեր և էլեկտրոնային ներկայացման հետ կապված կողմերի պատասխանատվությունը և պարտավորությունները:
40. Չեկերի էլեկտրոնային եղանակով ինկասավորման պարագայում չեկերը մնում են դեպոնացնող բանկում, որը պարտավոր է առնվազն 5 տարվա ընթացքում պահպանել դրանք և տրամադրել չեկերով հաշվարկներում ներգրավված անձանց չեկի կրկնօրինակը` վերջիններիս պահանջով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
41. Սույն կարգի 13.2 ենթակետում սահմանված վճարող բանկի հասցեի վավերապայմանի առկայության պահանջը չի տարածվում մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելու պահը բանկի կողմից իր հաճախորդներին տրամադրված չեկերի ձևաթղթերի վրա:
Հավելված 1 (օրինակելի ձև) |
_________________________________________________________
___________________________________________________________________- ԻՆ ՎՃԱՐՈՂ ԲԱՆԿԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՁԵԶ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՉԵԿԸ (ՉԵԿԵՐԸ).
_____________________________________________________________________ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ __________________________________________ ներկայացված չեկերի ընդհանուր գումարը բառերով ՉԵԿԻ (ՉԵԿԵՐԻ) ԴԻՄԱՑ ԿԱՏԱՐԵԼ ՎՃԱՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|