Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2002-25.07.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.190
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
21.08.2002
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
21.08.2002
Дата вступления в силу
11.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

13 սեպտեմբերի 2002 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան  

N 33-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման կարգը (հավելված):

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
ծառայության խորհրդի 2002 թվականի
օգոստոսի 21-ի թիվ 33-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավորապես թափուր հետևյալ դեպքերում.

ա) հղիության և ծննդաբերության արձակուրդի.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի մինչև երեք տարի ժամկետով գործուղման.

դ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու.

ե) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու դեպքերում (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերի) այդ պաշտոնը զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` մինչև երկու ամիս ժամկետով:

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալուց հետո փոխարինումը ձևակերպվում է մեկշաբաթյա ժամկետում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հրամանով (որոշմամբ):

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարը սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը երկօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված երկամսյա ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն այդ մասին երկօրյա ժամկետում գրավոր հայտնում է Խորհրդին:

 

II. ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

6. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գտնվող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելու համար Խորհուրդը, համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված գրությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) տրամադրում է տեղեկություններ կադրերի ռեզերվում գրանցված` քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող այն քաղաքացիական ծառայողի մասին, որի հետ սույն կարգի 9-րդ կետի համաձայն պետք է կնքվի Պայմանագիր:

7. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողի հետ Պայմանագիրը` (ձևը կցվում է) կնքվում է մեկշաբաթյա ժամկետում:

8. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողի հետ Պայմանագիրը կնքում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

9. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողն իր զբաղեցրած քաղաքացիական ծառայության վերջին պաշտոնի ենթախմբից ցածր պաշտոն կարող է զբաղեցնել իր ցանկությամբ: Եթե կադրերի ռեզերվում գրանցված են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա Պայմանագիրը կնքվում է այն քաղաքացիական ծառայողի հետ, որը հայտնել է իր համաձայնությունը: Այս պայմանի հավասարության դեպքում Պայմանագիրը կնքվում է կադրերի ռեզերվում ավելի երկար ժամկետով գտնվող քաղաքացիական ծառայողի հետ: Այս պայմանի հավասարության դեպքում Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողի հետ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողի հետ:

Հղի և մինչև ութ տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողն այլ վայր մեկնելու հետ կապված դեպքերում կարող է հրաժարվել Պայմանագիր կնքելուց:

10. Պայմանագիրը կնքվում է երեք հավասարազոր օրինակից, որից մեկը` պահվում է համապատասխան մարմնում, մեկը` քաղաքացիական ծառայողի անձնական գործում, մեկը` տրվում է քաղաքացիական ծառայողին:

11. Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ժամանակավորապես թափուր մնալու ժամկետով: Այդ ժամկետից շուտ Պայմանագիրը լուծվում է`

ա) Օրենքի 33-րդ հոդվածով, բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ժդ» կետերով, նախատեսված դեպքերում.

բ) քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում (այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի` հղիության և ծննդաբերության արձակուրդից նախատեսված ժամկետից ավելի շուտ վերադառնալու, պարտադիր զինվորական ծառայությունը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտելու (դադարելու), մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտելու և նմանատիպ այլ դեպքերում, ինչպես նաև մրցույթի արդյունքով տվյալ պաշտոնում նշանակում կատարվելու դեպքում, եթե այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն ազատվել է պաշտոնից):

12. Պայմանագիրը կնքելուց հետո երկօրյա ժամկետում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն այդ մասին գրավոր տեղյակ է պահում Խորհրդին` կցելով Պայմանագրի պատճենը:

 

III. ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

 

13. Պարտադիր գործուղումը քաղաքացիական ծառայողի կողմից որոշակի ժամկետով մեկ այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնելն է` կադրերի ռեզերվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող գրանցված չլինելու դեպքում:

14. Կադրերի ռեզերվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող գրանցված չլինելու մասին Խորհուրդը, համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված գրությունն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում հայտնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին):

15. Խորհրդի սույն կարգի 14-րդ կետում նշված գրությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) իր հրամանով (որոշմամբ) ձևակերպում է տվյալ մարմնում հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղումը, ինչի մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում Խորհրդին` կցելով այդ հրամանի (որոշման) պատճենը:

16. Պարտադիր գործուղման ուղարկելու դեպքում գործուղվողի համաձայնությունն ստանալը պարտադիր չէ, բացառությամբ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերի:

17. Եթե կան պարտադիր գործուղման ենթակա հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա պարտադիր գործուղման է ուղարկվում այն քաղաքացիական ծառայողը, որը պարտադիր գործուղման համար հայտնել է իր համաձայնությունը: Այս պայմանի հավասարության դեպքում պարտադիր գործուղման է ուղարկվում քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողը, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողը:

18. Պարտադիր գործուղման ձևակերպման մասին ոչ ուշ, քան մեկ օր առաջ տեղյակ է պահվում համապատասխան քաղաքացիական ծառայողին:

19. Պարտադիր գործուղման ընթացքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնը և վարձատրությունը: Եթե այդ վարձատրությունն ավելի ցածր է, քան քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոնի համար սահմանված վարձատրությունը, ապա քաղաքացիական ծառայողին վճարվում է առավել բարձրը:

20. Քաղաքացիական ծառայողը չի կարող պարտադիր գործուղման ուղարկվել`

ա) եթե գտնվում է ամենամյա արձակուրդում.

բ) ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում:

21. Քաղաքացիական ծառայողը չի կարող այլ վայր մեկնելու հետ կապված պարտադիր գործուղման ուղարկվել, եթե այլ վայր մեկնելու հետ կապված նախորդ պարտադիր գործուղման ժամկետի ավարտից հետո անցել է մեկ տարուց պակաս ժամանակ:

22. Հղի կամ մինչև ութ տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողն այլ վայր մեկնելու հետ կապված պարտադիր գործուղման է ուղարկվում միայն իր համաձայնությամբ:

23. Պարտադիր գործուղումը ժամկետից շուտ ավարտվում է`

ա) Օրենքի 33-րդ հոդվածով, բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ժդ» կետերով նախատեսված դեպքերում.

բ) եթե պարտադիր գործուղման ընթացքում կադրերի ռեզերվում գրանցվում է քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող, որի հետ եռօրյա ժամկետում սույն կարգին համապատասխան կնքվում է Պայմանագիր.

գ) քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում (այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի` հղիության և ծննդաբերության արձակուրդից նախատեսված ժամկետից ավելի շուտ վերադառնալու, պարտադիր զինվորական ծառայությունը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտելու (դադարելու), մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտելու և նմանատիպ այլ դեպքերում, ինչպես նաև մրցույթի արդյունքով տվյալ պաշտոնում նշանակում կատարվելու դեպքում, եթե այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն ազատվել է պաշտոնից):

24. Պարտադիր գործուղման ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) որոշմամբ, դրվում է պարտադիր գործուղման ուղարկված քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված նրան փոխարինող քաղաքացիական ծառայողի վրա:

 

Ձև

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Յ Ի Ն  Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N __

 

ք. _____

___ ___________ 200  թ.

 

Հայաստանի Հանրապետության _________________________________________, մի

(համապատասխան մարմնի անվանումը)

կողմից` ի դեմս ______________________________________________ (այսուհետ`

(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

Համապատասխան մարմին) և մյուս կողմից` ի դեմս քաղաքացիական ծառայության

կադրերի ռեզերվում 200 _ թ.________________ -ից գտնվող __________________,

(անունը, ազգանունը)

ծնված 19__ թ. __________, բնակվող` __________________________________

անձնագիր` _________________ տրված ______ կողմից ___________ թ. (այսուհետ`

Քաղաքացիական ծառայող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Քաղաքացիական ծառայողն

ապահովում է _______________________________ ում ___________________

(համապատասխան մարմնի անվանումը)

______________________________________________________________

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և պարտականություններ:

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Համապատասխան մարմինը Քաղաքացիական ծառայողին վճարում է ամենամսյա

աշխատավարձ ___________________________ դրամի չափով:

 

IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

6. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

V. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

8. Պայմանագիրը գործում է ստորագրման պահից սկսած մինչև 200_ թվականի _____

____________________ -ը կամ քաղաքացիական ծառայության ժամանակավորապես

թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:

 

Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից:

 

Համապատասխան մարմին

Քաղաքացիական ծառայող 

___________________

___________________

(ստորագրություն)

(ստորագրություն)

 

Կ.Տ.