Գլխավոր տեղեկություն
Номер
N 469/03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.05.03/10(158) Հոդ.119
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
23.12.2003
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.12.2003
Дата вступления в силу
03.11.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60104067

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան
N 469/03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Համարելով, որ մասնագիտական որակավորման նոր կանոնների հաստատումը հնարավորություն կընձեռի բարձրացնել արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման հիման վրա գործող ֆիզիկական անձանց մասնագիտական պատրաստվածությունը և դրանով իսկ կնպաստի արժեթղթերի շուկայում մատուցվող մասնագիտացված ծառայությունների արդյունավետության բարձրացմանը.

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

(ա) նոր խմբագրությամբ շարադրել «(58.1) Մասնագիտական որակավորում» վերնագիրը և դրա ներքո միավորված 58.1-1, 58.1-2, 58.1-3, 58.1-4, 58.1-5, 58.1-6, 58.1-7, 58.1-8 կանոնները (կցվում են).

(բ) նոր խմբագրությամբ շարադրել հավելվածի 58.1-1(դ) ձևը (կցվում է):

2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը շնորհված և գործող մասնագիտական որակավորումները համարել ընդհանուր մասնագիտական որակավորում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:

 

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

(58.1) Մասնագիտական որակավորում

 

Առարկան

 

Արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման քննության անցկացման ընթացակարգը և որակավորման հավաստագրի տրամադրման կարգը՝ սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 58 հոդվածի 1 և 2 կետերով՝ Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

 

Կանոն 58.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Քննություն անցկացնող անձ». Հանձնաժողով կամ ինքնակարգավորվող կազմակերպություն, որին պատվիրակվել է մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման, անցկացման և որակավորման շնորհման իրավասությունը.

(2) «Քննության դիմում». մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար ֆիզիկական անձի կողմից քննություն անցկացնող անձին ներկայացվող հայտ.

(3) «Դիմորդ». մասնագիտական որակավորում ստանալու նպատակով քննության դիմում ներկայացրած անձ.

(4) «Քննության պատասխանատու անձ». մասնագիտական որակավորման քննության նախապատրաստման և անցկացման համար Հանձնաժողովի որոշմամբ նշանակված պատասխանատու անձ.

(5) «Դիտորդ». մասնագիտական որակավորման քննության ընթացքի օրինականությանը հետևելու համար Հանձնաժողովի որոշմամբ նշանակված անձ:

 

Կանոն 58.1-2. Մասնագիտական որակավորման տեսակները

 

(ա) Քննություն անցկացնող անձը մասնագիտական որակավորման քննության (այսուհետ` քննություն) անցկացման միջոցով ֆիզիկական անձին կարող է շնորհել մասնագիտական որակավորման հետևյալ տեսակները.

(1) ընդհանուր մասնագիտական որակավորում.

(2) բրոքերի (դիլերի) որակավորում.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորում.

(4) պահառուի մասնագետի որակավորում:

(բ) Ֆիզիկական անձին արգելվում է.

(1) առանց ընդհանուր մասնագիտական որակավորում ունենալու հանդես գալ որպես`

(Ա) մասնագիտացված անձի գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող անձ.

(Բ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի անդամ (այդ թվում՝ նախագահ), վարչության անդամ կամ գործադիր տնօրեն, վերահսկիչ ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից.

(2) առանց բրոքերի (դիլերի) որակավորում ունենալու հանդես գալ որպես բրոքեր (դիլեր) կամ բրոքերային (դիլերային) ընկերության ներքին վերահսկող ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից.

(3) առանց հավատարմագրային կառավարչի որակավորում ունենալու հանդես գալ որպես արժեթղթերի հավատարմագրային կառավարման որևէ գործառույթ իրականացնող աշխատակից կամ հավատարմագրային կառավարչի ներքին վերահսկող ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից.

(4) առանց պահառուի մասնագետի որակավորում ունենալու հանդես գալ որպես արժեթղթերի պահառության որևէ ծառայություն մատուցող աշխատակից կամ պահառուի ներքին վերահսկող ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից:

(գ) Ընդհանուր մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձն իրավունք ունի իրականացնել (բ)(2), (բ)(3) և (բ)(4) ենթականոններով սահմանված որևէ տեսակի մասնագիտական որակավորում պահանջող համապատասխան մասնագիտացված գործունեություն կամ գործառույթ:

 

Կանոն 58.1-3. Քննության դիմում

 

(ա) Քննության դիմումը քննություն անցկացնող անձին է ներկայացվում 58.1-3(ա) ձևին համապատասխան և պետք է ներառի.

(1) դիմումի անվանումը՝ «Մասնագիտական որակավորման քննության դիմում».

(2) դրույթ հետևյալ բովանդակությամբ՝ «Խնդրում եմ թույլատրել մասնակցելու մասնագիտական որակավորման քննությանը».

(3) դիմորդի կողմից հայցվող մասնագիտական որակավորման տեսակը.

(4) դիմորդի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները.

(5) դրույթ հետևյալ բովանդակությամբ՝ «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը».

(6) դիմումի ներկայացման ամսաթիվը:

(բ) Քննության դիմումը պետք է վավերացված լինի դիմորդի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և լրացված լինի Ա4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը՝ 8-10 չափով:

(գ) Դիմորդը քննության դիմումին կից ներկայացնում է քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը: Հայցվող յուրաքանչյուր տեսակի մասնագիտական որակավորման համար դիմորդը պետք է ներկայացնի օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող առանձին անդորրագիր:

(դ) Քննության դիմումը (հետագա լրացումները) ներկայացված է համարվում քննություն անցկացնող անձի կողմից այն ստանալու պահից, սակայն պետական անդորրագիրը (անդորրագրերը) ստանալու օրվանից ոչ շուտ: Եթե քննության դիմումի որևէ լրացում է ներկայացվում քննություն անցկացնող անձին, ապա քննության դիմումը ներկայացված է համարվում այդ լրացումը քննություն անցկացնող անձի կողմից ստանալու օրվանից:

(ե) Եթե ներկայացված քննության դիմումում ներառված տեղեկությունները լիարժեք չեն կամ էական փաստ է խեղաթյուրվել (բաց թողնվել) կամ քննության դիմումը չի համապատասխանում (ա) կամ (բ) ենթականոնով սահմանված որևէ պահանջին, ապա քննություն անցկացնող անձը քննության դիմումի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է դիմորդին:

(զ) Քննության դիմումը համարվում է թերության հիմքով մերժված, եթե (ե) ենթականոնով սահմանված ծանուցումը քննություն անցկացնող անձի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում դիմորդը չի ներկայացնում համապատասխան լրացում կամ վերջինիս ներկայացմամբ չեն վերանում ծանուցված թերությունները:

(է) Եթե ներկայացված քննության դիմումը համապատասխանում է (ա) և (բ) ենթականոններով սահմանված պահանջներին, ապա քննություն անցկացնող անձը քննության դիմումի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմորդին պատշաճ ծանուցում է քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին:

 

Կանոն 58.1-4. Քննության նախապատրաստում ու անցկացում

 

(ա) Քննություն անցկացնող անձը ներկայացված դիմումի (դիմումների) հիման վրա կազմում է հերթական քննության մասնակիցների ցուցակը: Քննության մասնակիցների ցուցակում ընդգրկվում են այն դիմորդները, որոնք քննություն անցկացնող անձի կողմից քննության անցկացման պահից առնվազն 7 օր առաջ 58.1-3(է) կանոնի համաձայն պատշաճ ծանուցվել են: Նման դիմորդների բացակայության դեպքում քննության մասնակիցների ցուցակ չի կազմվում: Քննության մասնակիցների ցուցակը վավերացվում է քննության պատասխանատու անձի ստորագրությամբ:

(բ) Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը` բացառությամբ այն դեպքի, երբ քննության մասնակիցների ցուցակ չի կազմվել: Եթե քննության անցկացման օրը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա քննությունն անցկացվում է նշված ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը: Քննության սկիզբը ժամը 10.00-ն է:

(գ) Քննությանը իրավունք ունի մասնակցել այն դիմորդը, որն ընգրկվել է տվյալ քննության մասնակցիների ցուցակում: Քննության մասնակիցների ցուցակում ընդգրկված դիմորդը քննության է ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Առանց անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացած դիմորդը համարվում է քննությանը չներկայացած:

(դ) Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության մասնակիցների ցուցակում: Քննությանը երեք անգամ չներկայացած դիմորդը հանվում է քննության մասնակիցների ցուցակից և հետագայում քննությանը կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

(ե) Քննությունն անց է կացվում թեսթային եղանակով՝ համակարգչի միջոցով: Մինչև քննության սկսվելը՝ քննության պատասխանատու անձը դիմորդին ծանոթացնում է քննության հանձնման ընդհանուր կանոններին: Դիմորդը քննության ընթացքում կարող է օգտվել միայն հաշվիչից:

(զ) Քննության պատասխանատու անձը և դիտորդները հետևում են որակավորման քննության ընթացքին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցառումներ՝ քննության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Այն իրավիճակներում, երբ հնարավոր չէ ապահովել քննության բնականոն ընթացքը, քննության պատասխանատու անձի կողմից դադարեցվում է քննությունը և կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում է քննության դադարեցման պատճառները և քննության վերսկսման հնարավոր ժամկետները:

(է) Քննությունը համարվում է չկայացած, եթե.

(1) քննությանը չի ներկայացել քննության պատասխանատու անձը.

(2) քննությանը չի ներկայացել դիտորդներից ոչ մեկը.

(3) քննության պատասխանատու անձի կողմից (զ) ենթականոնով սահմանված դեպքում քննությունը դադարեցվելու և քննությունը տվյալ օրվա ընթացքում չվերսկսելու դեպքում:

(ը) Չկայացած քննության դեպքում ներկայացած, սակայն քննության չմասնակցած դիմորդները ընդգրկվում են հերթական քննության ցուցակում և չեն համարվում չներկայացած:

 

Կանոն 58.1-5. Հարցաշար և քննական թեսթեր

 

(ա) Քննական հարցերը պարունակող հարցաշարը (այսուհետ` Հարցաշար) կազմվում և հաստատվում է Հանձնաժողովի կողմից: Հարցաշարը Հանձնաժողովի կողմից ենթակա է հրապարկման:

(բ) Հարցաշարում ընդգրկվում են հարցեր արժեթղթերի շուկայի տեսությունից և նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաև խնդիրներ: Հարցաշարում խնդիրները ներկայացվում են ըստ տեսակների կազմված տիպային օրինակների:

(գ) Քննություն անցկացնող անձը ցանկացած ֆիզիկական անձին, նրա առաջին իսկ պահանջով, տրամադրում է Հարցաշարը և անհրաժեշտ գրականության ցանկը` տվյալ անձի կողմից տրված էլեկտրոնային կրիչի միջոցով:

(դ) Քննության ընթացքում դիմորդին առաջադրվող քննական թեսթերում ընդգրկվող հարցերը համակարգչի միջոցով ընտրվում են Հարցաշարից, ըստ դիմորդի կողմից հայցվող մասնագիտական որակավորման տեսակի: Քննական թեսթերը բաղկացած են`

(1) ընդհանուր մասնագիտական որակավորման համար` 80 հարցից.

(2) բրոքերի (դիլերի) որակավորման համար` 50 հարցից.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորման համար` 50 հարցից.

(4) պահառուի մասնագետի որակավորման համար` 50 հարցից:

(ե) Դիմորդին քննական թեսթը պատասխանելու համար տրվում է`

(1) ընդհանուր մասնագիտական որակավորման համար` 120 րոպե ժամանակ.

(2) բրոքերի (դիլերի) որակավորման համար` 75 րոպե ժամանակ.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորման համար` 75 րոպե ժամանակ.

(4) պահառուի մասնագետի որակավորման համար` 75 րոպե ժամանակ:

 

Կանոն 58.1-6. Քննության արդյունքներ և մասնագիտական որակավորման շնորհում

 

(ա) Դիմորդի ներկայությամբ քննության պատասխանատու անձը տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքների մասին հաշվետվությունը՝ երկու օրինակից, որոնք ստորագրվում են քննության պատասխանատու անձի և դիմորդի կողմից: Քննության արդյունքների մասին հաշվետվության մեկ օրինակը տրվում է դիմորդին:

(բ) Դիմորդը քննության արդյունքներով համարվում է բավարար գնահատված, եթե ճիշտ է պատասխանել քննական տեստում ընդգրկված հարցերի ընդհանուր քանակի առնվազն 90%-ին, մասնավորապես.

(1) ընդհանուր մասնագիտական որակավորման համար՝ առնվազն 72 հարցի.

(2) բրոքերի(դիլերի) որակավորման համար՝ առնվազն 45 հարցի.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորման համար՝ առնվազն 45 հարցի.

(4) պահառուի մասնագետի որակավորման համար՝ առնվազն 45 հարցի:

(գ) Քննության արդյունքների մասին հաշվետվությունների հիման վրա քննության պատասխանատու անձը քննությանը ներկա դիտորդների հետ համատեղ կազմում է քննության արդյունքների մասին արձանագրություն: Քննության արդյունքների մասին արձանագրություն է կազմվում նաև մասնագիտական որակավորման քննության չկայացման դեպքում, որտեղ արձանագրվում են քննության չկայացման հիմքերը:

(դ) Քննության արդյունքների մասին արձանագրությունը ստորագրվում է քննության պատասխանատու անձի և ներկա դիտորդների կողմից: Եթե դիտորդն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվում է, ապա արձանագրությանը կից ներկայացնում է արձանագրության հետ համաձայն չլինելու վերաբերյալ իր գրավոր առարկությունները: Առարկություններով կից արձանագրությունը ներկայացվում է Հանձնաժողով 58.1-7 կանոնով սահմանված կարգով:

(ե) Քննության արդյունքների մասին արձանագրության հիման վրա քննություն անցկացնող անձի կողմից (եթե վերջինս ինքնակարգավորվող կազմակերպություն է, ապա նրա դիտորդ խորհրդի կողմից) քննությանը բավարար գնահատված դիմորդին շնորհվում է համապատասխան տեսակի մասնագիտական որակավորում:

(զ) Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է ընդհանուր հիմունքներով մասնակցել հետագա կազմակերպվող քննություններին:

 

Կանոն 58.1-7. Քննության արդյունքների բողոքարկում

 

(ա) Քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում, դիմորդն իրավունք ունի մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 13.00-ը Հանձնաժողով ներկայացնել քննության արդյունքների վերաբերյալ գրավոր դիմում-բողոք: Ներկայացված դիմում-բողոքում դիմորդի կողմից պետք է մանրամասն նշվեն բողոքարկման հիմքերը:

(բ) Քննության արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքը քննարկվում է լսումների միջոցով: Լսումների միջոցով դիմում-բողոքի քննարկումը կազմակերպում է Հանձնաժողովը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված անձինք:

(գ) Դիմում-բողոքը (բ) ենթականոնով սահմանված կարգով բավարարվելու արդյունքում քննություն անցկացնող անձի կողմից դիմորդին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում, եթե դիմորդը դառնում է 58.1-6(բ) կանոնի համաձայն քննության արդյունքներով բավարար գնահատված:

 

Կանոն 58.1-8. Մասնագիտական որակավորման հավաստագիր

 

(ա) Մասնագիտական որակավորում շնորհված անձին քննություն անցկացնող անձի կողմից տրվում է մասնագիտական որակավորման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր): Յուրաքանչյուր տեսակի մասնագիտական որակավորման համար տրվում է համապատասխան տեսակի առանձին հավաստագիր:

(բ) Հավաստագիրը պատրաստվում է համակարգչի միջոցով և տպագրվում ջրանիշ պարունակող, Ա4 չափսի թղթի վրա: Հավաստագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր վավերապայմանները.

(1) քննություն անցկացնող անձի լրիվ անվանումը.

(2) «Մասնագիտական որակավորման հավաստագիր» արտահայտությունը.

(3) մասնագիտական որակավորման տեսակը.

(4) մասնագիտական որակավորում ստացած անձի անունը, ազգանունը.

(5) հավաստագրի սերիան և համարը.

(6) տրման ամսաթիվը.

(7) հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:

(գ) Հավաստագիրը վավերացվում է քննություն անցկացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնքվում քննություն անցկացնող անձի կնիքով: Հավաստագիրը տրվում է մասնագիտական որակավորում ստացած անձին մասնագիտական որակավորման շնորհումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(դ) Քննություն անցկացնող անձը վարում է հավաստագրերի գրանցամատյան, որում ներառվում են որակավորում ստացած անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հավաստագրի տրման ամսաթիվը, սերիան և համարը:

(ե) Հավաստագիրը կորցնելու դեպքում այն վերականգնվում է նույն վավերապայմաններով: Հավաստագրի կորուստն այլ հետևանքներ չի առաջացնում:

 

Ձև 58.1-3(ա)

_________________________

_________________________

(քննություն անցկացնող անձի լրիվ անվանումը)  

 

Մասնագիտական որակավորման քննության

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու մասնագիտական որակավորման քննությանը և հայցում եմ ստանալ`
 
r Ընդհանուր մասնագիտական որակավորում
 
r Հավատարմագրային կառավարչի որակավորում
 
r Բրոքերի (դիլերի) որակավորում
 
r Պահառուի մասնագետի որակավորում

(1) Ազգանունը, անունը և հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է (2) Ծննդյան
ամսաթիվը
(3) Քաղաքացիությունը
(երկրի անվանմամբ)

(4)
լուսանկարը
(3x4 չափսի)
 

     
(5) Ծննդավայրը, նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ) (6) Անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի` անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը
     
(7) Ընտանեկան դրությունը
տվյալ պահին
(8) Գտնվելու վայրը (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ և այլն)
   
(9) Ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ
N Ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունը և ազգանունը Ընտանիքում անձի կարգավիճակը (ամուսին, որդի, դուստր կամ խնամարկյալ) Անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի` անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը
       
       
(10) Կրթությունը
N Ուսումնական հաստատության անվանումը Գտնվելու վայրը (երկիրը, քաղաքը)  Ուսման ժամկետը (տարեթվերով) Որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը, համարը և սերիան
         
         
(11) Աշխատանքային փորձը (այդ թվում` ընտրովի պաշտոններում) վերջին 3 (երեք) տարիների ընթացքում
N Կազմակերպության, ստորաբաժանման անվանումը Գտնվելու վայրը Զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագիրը Աշխատանքի ժամկետները (ամիս/տարի) Աշխատանքից ազատվելու պատճառները
           
           
(12) Դատապարտվե՞լ եք արդյոք դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար (դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում)

r ոչ    r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  
 
(13) Դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով զրկվե՞լ եք արդյոք մասնագիտական որակավորումից (դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 տարվա ընթացքում)

r ոչ    r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  
 
(14) Ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով զրկվե՞լ եք արդյոք մասնագիտական որակավորումից (դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 տարվա ընթացքում)

r ոչ    r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  
 
(15) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով զրկվե՞լ եք արդյոք մասնագիտական որակավորումից (դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 տարվա ընթացքում)

r ոչ    r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  
 
(16) Հարուցվե՞լ է արդյոք որևէ քրեական կամ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ

r ոչ    r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  
 
(17) Տեղեկություններ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի վերաբերյալ, որոնք պատկանում են դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն
N Լրիվ անվանումը Գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները
(հեռախոս, ֆաքս և այլն)
Արժեթղթերի դասը Արժեթղթերի
քանակը (%)
         
         

(18) Տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր է դիմորդը

N Լրիվ անվանումը Գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները
(հեռախոս, ֆաքս և այլն)
Արժեթղթերի դասը Արժեթղթերի
քանակը (%)
         
         

Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում
որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված
պատասխանատվության միջոցների կիրառմանը:

Դիմորդ` ______________

(ստորագրություն)      

_________  

(ամսաթիվը)