601.0014.11.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 օգոստոսի 2001 թ. |
N 14 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, արտադրության և հեռարձակման լիցենզիա տալու մրցույթի կարգը» (կցվում է):
Նախագահ |
Գ. Ամալյան |
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ
Կ Ա Ր Գ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման, արտադրության և հեռարձակման լիցենզիա ստանալու համար հաճախություն(ներ), կապուղի(ներ), հաճախությունների շերտ(եր) (այսուհետ` հաճախություն) մրցույթով հատկացնելու պայմանները:
2. Մրցույթն անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
3. Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները համապատասխանաբար սահմանվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման կարգով և Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման լիցենզավորման կարգով:
4. Հանձնաժողովը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը:
5. Ցանկում ազատ հաճախության առկայության դեպքում կամ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, արտադրության և հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է մրցույթ: Մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները սահմանում է Հանձնաժողովը:
6. Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ հայտարարված մրցույթում հաճախության օգտագործման պայմանները մնում են անփոփոխ:
7. Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, այնպես էլ արտադրության և հեռարձակման լիցենզիա ստանալու հավակնող իրավաբանական անձինք:
8. Մրցույթին մասնակցելու համար Հանձնաժողովը կարող է սահմանել նախավճար, որը չի կարող գերազանցել լիցենզային վճարի հինգ տոկոսը:
9. Մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` հրապարակային կարգով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
10. Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն մրցույթի անցկացման և պայմանների մասին, նշելով`
ա) տվյալներ հաճախության վերաբերյալ, հաճախության օգտագործման պայմանները, հեռուստառադիոհաղորդումների սփռման տարածքը (գոտին).
բ) մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը.
գ) դիմումի ընդունման ժամկետը.
դ) լիցենզային վճարի, նախավճարի չափը և մուծման ձևը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը ժամանակին և սահմանված կարգով ներկայացրել է դիմում, անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև մրցութային առաջարկ (մրցութային առաջարկը ներկայացվում է իրավաբանական անձի կողմից կնքված փակ ծրարով):
12. Մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելուց ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում Հանձնաժողովն իր նիստում քննարկում է ներկայացված հայտերը և կատարում կազմակերպության ընտրություն:
13. Մասնակիցների հայտերը քննարկվում են ըստ դիմումների գրանցման հերթականության:
14. Մասնակիցը հրավիրվում է նիստին, նրա ներկայությամբ բացվում է մրցութային առաջարկը և նրան հնարավորություն է տրվում ներկայացնել այն:
15. Պատշաճ տեղեկացված մասնակցի չներկայանալը հիմք չէ հայտը չքննարկելու համար:
16. Ներկա մասնակիցների ելույթներից հետո Հանձնաժողովը ծանոթանում է բացակա մասնակիցների հայտերին և կատարում կազմակերպության ընտրություն: Կազմակերպության ընտրությունը կարող է իրականացվել բաց, գաղտնի կամ վարկանիշային քվեարկությամբ: Քվեարկության տեսակը որոշում է Հանձնաժողովը բաց քվեարկությամբ: Գաղտնի քվեարկության դեպքում ձայների հաշվումն իրականացնում է նախագահողը` Հանձնաժողովի անդամների ներկայությամբ:
17. Հեռարձակման լիցենզիա ստանալու համար մասնակիցների միջև ընտրությունը կատարվում է, հաշվի առնելով`
ա) մասնակցի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
բ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
գ) մասնակցի առաջարկած պայմանները:
18. Արտադրության և հեռարձակման լիցենզիա ստանալու մրցույթի մասնակիցների միջև ընտրությունը կատարվում է, հաշվի առնելով`
ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
գ) մասնակցի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
ե) մասնակցի առաջարկած պայմանները:
19. Մրցույթի մասնակիցներից, սույն կարգի 17-րդ կետի համաձայն, քվեարկությամբ ընտրվում է հեռարձակման լիցենզիա ստանալու հավակնորդներից լավագույնը, իսկ 18-րդ կետի համաձայն` արտադրության և հեռարձակման լիցենզիա ստանալու հավակնորդներից լավագույնը, որոնցից, սույն կարգի 17-րդ կետի համաձայն, քվեարկությամբ ընտրվում է մրցույթի լավագույն մասնակիցը:
IV. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
20. Հանձնաժողովն իր նիստում որոշում է ընդունում մրցույթում հաղթող ճանաչելու և հաղթող կազմակերպությանը հայցվող գործունեության լիցենզիա տալու մասին:
21. Որոշում ընդունելուց անմիջապես հետո Հանձնաժողովը նիստերի դահլիճ է հրավիրում մասնակիցներին և հրապարակում որոշումը:
22. Նիստը նախագահողը և հաղթողը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է մրցույթի հաղթողին: Արձանագրությունում նշվում են`
ա) Հանձնաժողովի կազմը.
բ) մրցույթի անցկացման վայրը և ժամանակը.
գ) տեղեկություններ հաղթողի և մրցույթի մյուս մասնակիցների մասին.
դ) հատկացվող հաճախության բնութագիրը:
23. Որոշում ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում Հանձնաժողովը որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկում է մրցույթի բոլոր մասնակիցներին:
24. Մրցույթի արդյունքները տասնհինգօրյա ժամկետում հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցով:
25. Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության նախավճարը հաշվանցվում է լիցենզային վճարի հաշվին: Սահմանված ժամկետում անհրաժեշտ մուծումները չկատարելու դեպքում մրցույթի արդյունքները համարվում են չեղյալ, և մրցույթում հաղթողի մուծած նախավճարը չի վերադարձվում: Մրցույթում չհաղթած կազմակերպության մուծած նախավճարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով: 26. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
V. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
27. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
ա) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի տրվել.
բ) դիմողներից ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60201147