ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
02 մարտի 1999 թվականի |
թիվ 30 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. կանոն 14-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.8 կետով.
«14.8. Սույն կանոնի 14.3 կետի «ե» ենթակետով նախատեսված արժութային դիլերներն ըստ տարածքի բաժանվում են հետևյալ խմբերի.
- շենքերում գործող (I խումբ),
- կրպակ-դրամարկղային խցերում գործող (II խումբ),
- հյուրանոցներում գործող (III խումբ):
I խմբին պատկանող արժութային դիլերը պետք է ունենա վերջինիս սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և գրանցված լինի պետական լիազորված մարմնի (ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն կամ նրա տարածքային մարմիններ) կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:
Տարածքը պետք է`
- առանձնացված լինի հարակից տարածքներից,
- օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն:
Շենքերում գործող արժութային դիլերները պետք է ունենան`
- անմիջական մուտք դրսից,
- դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց:
II խմբի մեջ մտնող արժութային դիլերների կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն ավտոկայաններում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, մաքսային կետերում կամ բնակչության սպասարկում իրականացնող այն օբյեկտներում, որոնց սպասարկման սրահի մակերեսը կազմում է առնվազն 250 քառակուսի մետր:
III խմբի արժութային դիլերներին թույլատրվում է կազմակերպել արտարժույթի առք ու վաճառք հյուրանոցների ընդունարաններում կամ հյուրանոցների առաջին հարկում վարձակալված տարածքում».
1.2. կանոն 15-ի 15.1 կետի «զ» ենթակետում կատարել հետևյալ լրացումը. «կամ փաստաթուղթ` կրպակ-դրամարկղային խցի առկայության մասին».
1.3. կանոն 15-ի 15.4 կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ.
«գ) գործունեության տարածքը չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին».
1.4. կանոն 15-ի 15.6 ենթակետի երկրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող արժութային դիլերի լիցենզիային կից, առանձին նամակի տեսքով, տրվում են առնվազն երեք անձանց անուններ, ազգանուններ, որոնք սահմանված կարգով իրավունք են ստացել իրականացնելու արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ».
1.5. կանոն 16-ում ավելացնել հետևյալ բովանդակությամբ 16.3 կետ.
«16.3. Գործարքի կատարման վերաբերյալ արժութային դիլերը պարտավոր է հաճախորդին տալ անդորրագիր, որը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները.
ա) տվյալներ գործարքը կատարող արժութային դիլերի մասին (անվանումը, հասցեն և այլն).
բ) գործարքի կատարման ամսաթիվն ու ժամը.
գ) փոխանակվող արժույթի տեսակն ու գումարը.
դ) փոխանակման փոխարժեքը.
ե) կոմիսիոն վճարի չափը, եթե այն նախատեսված է գործարքի իրականացման համար.
զ) հաճախորդին տրվող արժույթի տեսակն ու գումարը.
է) արժութային դիլերի հայեցողությամբ` նաև այլ տեղեկատվություն».
1.6. կանոն 17-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.5 կետով.
«Գրանցումների մատյանների էջերը լարանցվում և համարակալվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյաններն արժութային դիլերի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի».
1.7. կանոն 19-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.3 կետով.
«19.3. Արտարժույթի փոխանակման կետերն ըստ գործունեության տարածքի բաժանվում են հետևյալ խմբերի.
- շենքերում գործող (I խումբ),
- կրպակ-դրամարկղային խցերում գործող (II խումբ),
- հյուրանոցներում գործող (III խումբ):
I խմբին պատկանող արտարժույթի փոխանակման կետը պետք է ունենա վերջինիս սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և գրանցված լինի պետական լիազորված մարմնի (ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն կամ նրա տարածքային մարմիններ) կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:
Տարածքը պետք է`
- առանձնացված լինի հարակից տարածքներից,
- օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն:
I խմբին պատկանող արտարժույթի փոխանակման կետը պետք է ունենա`
- անմիջական մուտք դրսից,
- դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց:
II խմբի արտարժույթի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն ավտոկայաններում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, մաքսային կետերում կամ բնակչության սպասարկում իրականացնող այն օբյեկտներում, որոնց սպասարկման սրահի մակերեսը կազմում է առնվազն 250 քառակուսի մետր:
III խմբի մեջ մտնող արտարժույթի փոխանակման կետերին թույլատրվում է կազմակերպել արտարժույթի առք ու վաճառք հյուրանոցների ընդունարաններում կամ հյուրանոցների առաջին հարկում վարձակալված տարածքում».
1.8. կանոն 20-ի 20.4 կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ.
«գ) գործունեության տարածքը չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին».
1.9. կանոն 20-ի 20.6 կետի երկրորդ ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող արտարժույթի փոխանակման կետի լիցենզիային կից, առանձին նամակի տեսքով, տրվում են առնվազն երկու անձանց անուններ, ազգանուններ, որոնք սահմանված կարգով իրավունք են ստացել իրականացնելու արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ».
1.10. կանոն 20-ի 20.13 կետում կատարել հետևյալ լրացումը.
«Գրանցումների մատյանների էջերը լարանցվում և համարակալվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյաններն ամբողջովին լրացվելուց հետո արտարժույթի փոխանակման կետի կողմից պահպանվում են առնվազն երեք տարի».
1.11. կանոն 20-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.16 կետով.
«20.16. Գործարքի կատարման վերաբերյալ արտարժույթի փոխանակման կետի աշխատակիցը պարտավոր է հաճախորդին տալ անդորրագիր, որը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները.
ա) տվյալներ գործարքը կատարող արտարժույթի փոխանակման կետի մասին (անվանումը, հասցեն և այլն),
բ) գործարքի կատարման ամսաթիվն ու ժամը,
գ) փոխանակվող արժույթի տեսակն ու գումարը,
դ) փոխանակման փոխարժեքը,
ե) կոմիսիոն վճարի չափը, եթե այն նախատեսված է գործարքի իրականացման համար,
զ) հաճախորդին տրվող արժույթի տեսակն ու գումարը,
է) փոխանակման կետի հայեցողությամբ` նաև այլ տեղեկատվություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`
- գործող արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի համար` 2000 թվականի հունվարի 1-ից,
- նոր ստեղծվող արժութային դիլերների և փոխանակման կետերի համար` սույն որոշման ընդունման պահից:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 8-ի (ընդունված փոփոխություններով հանդերձ) ռուսերեն թարգմանության և հայերեն, ռուսերեն հրատարակման, իսկ երկամսյա ժամկետում` անգլերեն թարգմանության և հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.11.1999, թիվ 186 | 17.11.1999, թիվ 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|