Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 281
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (23.10.2001-11.01.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
23.10.2001
Վավերացման ամսաթից
23.10.2001
Дата вступления в силу
23.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հոկտեմբերի 2001 թվականի

թիվ 281

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5)

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

 - կանոն 15-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Կանոն 15. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրումը

 

 15.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

 ա) դիմում,

 բ) տեղեկանք արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի (աշխատակիցների)) մասին (հավելված 12),

 գ) կանոնադրություն (իրավաբանական անձանց համար),

 դ) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով (ԱՄՆ դոլար, գերմանական մարկ, ֆրանսիական ֆրանկ, անգլիական ֆունտ ստեռլինգ, հոլանդական գուլդեն, իտալական լիրա, բելգիական ֆրանկ, դանիական կրոն, իռլանդական ֆունտ, իսպանական պեսետա, ավստրիական շիլինգ, պորտուգալական էսկուդո, հունական դրահմա, լյուքսեմբուրգյան ֆրանկ և ֆիննական մարկ) ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամ, իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամ) առկայության մասին,

 ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր` գրանցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

 զ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունն ստուգող սարքի, հեռախոսի, էլեկտրոնային վահանակի, ցուցանակի, որտեղ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, աշխատանքային ժամերը) առկայության մասին,

 է) տեղեկանք աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

 ը) Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցման վկայականի պատճենը,

 թ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

 ժ) տեղեկանք ՀՀ պետական եկամուտների նախարարությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

 ժա) տեղեկանք տարածքի համապատասխանության վերաբերյալ,

 ժբ) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում ինկասացիոն պայմանագրի պատճենը (շենքերում գործող փոխանակման կետերի և արժութային դիլերների համար):

 15.2. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:

 15.3. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե`

 ա) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ,

 բ) ֆիզիկական անձ արժութային դիլերը կամ իրավաբանական անձի կողմից լիազորված անձինք չեն համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշերին:

 Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է ֆիզիկական անձ արժութային դիլերին և իրավաբանական անձի կողմից լիազորված անձանց` նրանց մասնագիտական համապատասխանությունն ստուգելու նպատակով,

 գ) գործունեության տարածքը չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,

 դ) ներկայացված փաստաթղթերն ամբողջական կամ բավարար չեն:

 15.4. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից 1-օրյա ժամկետում արժութային դիլերին տալիս է լիցենզիա (հավելված 5):

 Իրավաբանական և ֆիզիկական անձ արժութային դիլերի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնել լիցենզիայով նախատեսված գործառնություններ:

 15.5. Արժութային դիլերը պարտավոր է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում ծանուցել ՀՀ կենտրոնական բանկին:

 15.6. Սույն կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձ արժութային դիլերը մասնաճյուղ բացելու համար ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

 ա) դիմում,

 բ) տեղեկանք արժութային դիլերի մասնաճյուղի աշխատակցի (աշխատակիցների) մասին (հավելված 12),

 գ) մասնաճյուղի տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր,

 դ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունն ստուգող սարքի, հեռախոսի, ցուցանակի, որտեղ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները) առկայության մասին,

 ե) տեղեկանք բանկից (բանկերից) իրավաբանական անձի` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում սույն կանոնակարգի 18.7 ենթակետով սահմանված գումարի առկայության մասին:

 15.7. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում որոշում է կայացնում թույլտվություն տալու կամ դիմումը մերժելու մասին:

 15.8. Մասնաճյուղ բացելու թույլտվություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն արժութային դիլերին տալիս է լիցենզիային կից գրություն (հավելված 6):

 15.9. ՀՀ կենտրոնական բանկը կարող է մերժել արժութային դիլերի մասնաճյուղ բացելու դիմումը սույն կանոնի 15.3 կետով նախատեսված հիմքերով»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: