Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 623/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Исходный акт (24.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.04.2023
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
24.01.2023
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
24.01.2023
Дата вступления в силу
24.01.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՈՍԿԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 623/13)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

24 հունվարի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս, [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության դեմ գանգատը (թիվ 623/13), որը Դատարան է ներկայացրել 1982 թվականին ծնված և Վանաձորում բնակվող Հայաստանի քաղաքացի տկն Շուշանիկ Ոսկանյանը (դիմումատու), որին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը,

Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի և հետագայում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, դիմումատուի ամուսնու մահվան վերաբերյալ բողոքների մասով ծանուցում ներկայացնելու և գանգատի մնացած մասն անընդունելի ճանաչելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2022 թվականի դեկտեմբերի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. 2010 թվականի հոկտեմբերի 7-ին դիմումատուի ամուսինը՝ Ս. Ոսկանյանը, ձերբակալվել է սպանության և զինված հարձակման կասկածանքով: Այնուհետև նրա նկատմամբ կիրառվել է մինչդատական կալանք Վանաձորի կալանավայրում:

2. 2010 թվականի հոկտեմբերի 18-ին Ոսկանյանը գանգատվել է ձախ սրունքի ցավից, այտուցից և հիպերեմիայից (գերարյունություն)՝ նշելով, որ մաշկի տակ թուք է ներարկել: Կալանավայրի բուժկետի բժիշկ Մ.-ն զննել է նրան, նշանակել է դեղորայքային բուժում (հակաբիոտիկներ, ցավազրկող դեղանյութեր) և վիրակապել է:

3. Հաջորդ օրը բժիշկ Մ.-ն արձանագրել է, որ շոշափելիս նկատվում է ճարճատյուն, և որ կտրվածքի (վերքի մաքրման) արդյունքում տհաճ հոտով շագանակագույն թարախ է (մոտավորապես 10-15 մլ) դուրս բերվել: Բժիշկ Մ.-ն վիրակապ է դրել՝ արձանագրելով, որ նախորդ վիրակապը բացակայում է:

4. 2010 թվականի հոկտեմբերի 20-ին բժիշկ Մ.-ն նկատել է նույն գանգատները, և որ վերքից շագանակագույն թարախային արտադրություն է հոսում, որը մաքրվել և վիրակապվել է:

5. 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Կալանավայրի բուժկետի բժիշկ Ն.-ն կալանավայրի պետին հաղորդել է վերքից արյան և թարախի առատ արտադրության մասին: Վերքը մաքրվել է և ստերիլ վիրակապ է դրվել, սակայն, ըստ բժշկի, այդ գործողությունները բավարար չեն եղել: Սուր ցավը հուշել է բժշկին, որ կա վտանգ, որ բորբոքային օջախը կարող է տարածվել: Հետագա բարդություններից խուսափելու համար բժիշկը խնդրել է, որ իրեն համապատասխան ցուցումներ տան:

6. Նույն օրը քաղաքացիական հիվանդանոցից հրավիրվել է վիրաբույժ՝ բժիշկ Ա.-ն: Այդ այցի արձանագրության մեջ նշված է հետևյալը՝ «Համաձայն եմ ընթացող բուժման հետ»:

7. Ս. Ոսկանյանը, որը դեռ բողոքում էր ձախ սրունքի ցավից և ընդհանուր թուլությունից, շարունակել է ստանալ նույն բուժումը 2010 թվականի հոկտեմբերի 22-ին և 23-ին: Բժշկական փաստաթղթերում նշված է եղել վերքից շագանակագույն թարախի արտադրության հանգամանքը:

8. 2010 թվականի հոկտեմբերի 24-ին Ս. Ոսկանյանը, որն արդեն անկարող է եղել շարժվել առանց օգնության, իր երկու խցակիցների կողմից առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է կալանավայրի բուժկետ: Որոշում է կայացվել նրան տեղափոխել «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ՝ շտապ վիրահատություն կատարելու համար: Նա մահացել է նույն օրը կալանավայրում:

9. Նույն օրը քննիչը հարցաքննել է բժիշկ Մ.-ին և Ս. Ոսկանյանի խցակիցներին, կատարել է դեպքի վայրի, դիակի զննություն, առգրավել է նրա անձնական և բժշկական փաստաթղթերը և նշանակել դիահերձում:

10. Իր ցուցմունքում բժիշկ Մ.-ն հայտնել է, որ նա բանավոր հաղորդել է իր վերադասներին կալանավորված անձի առողջական վիճակի մասին՝ խնդրելով նրան տեղափոխել հիվանդանոց ստացիոնար բուժում ստանալու համար, սակայն ապարդյուն:

11. 2010 թվականի դեկտեմբերի 13-ի դիահերձման արձանագրության համաձայն՝ Ս. Ոսկանյանի մահը վրա է հասել ոտնաթաթից մինչև վերին ազդր հյուսվածքի էրոզիայով ձախ սրունքի վարակված վերքի պատճառով ձախ ստորին վերջույթի մակերևույթի մաշկի, ենթամաշկային շերտի և դրա տակ գտնվող հյուսվածքների մեռուկացմամբ պայմանավորված մարմնի ընդհանուր թունավորման արդյունքում:

12. 2010 թվականի դեկտեմբերի 30-ին բժիշկ Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ բժշկական անփութության հատկանիշներով:

13. Դատաբժշկական փորձագիտական խմբի կողմից 2011 թվականի մարտի 31-ին ներկայացված զեկույցի համաձայն՝ Ս. Ոսկանյանի ախտորոշումը հիմնականում սխալ է եղել. ախտորոշվել է միայն ձախ սրունքի վարակված վերքն այն դեպքում, երբ արդեն իսկ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին ճարճատյունը վկայել է ավելի լուրջ ախտահարման՝ գազային փտախտի առկայության մասին: Այդ ժամանակ բժիշկը պարտավոր է եղել հիվանդին տեղափոխել հիվանդանոց: Եթե այդ օրվանից սկսած Ս. Ոսկանյանը ստանար անօդակյաց վարակի դեմ բուժում, անհապաղ տեղափոխվեր հիվանդանոց և այնտեղ համապատասխան/կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում անցներ, հնարավոր կլիներ կանխել բացասական ելքը:

14. 2011 թվականի ապրիլին դիմումատուի՝ վարույթ ներգրավվելուց հետո՝ 2011 թվականի հունիսին քննիչը նշանակել է փորձագիտական խմբի կողմից կատարման ենթակա լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն այն հիմքով, որ փորձագիտական զեկույցներում հայտնաբերվել են արյան և մեզի նմուշներում էթիլային սպիրտի առկայության մասով անհամապատասխանություններ: Այդ փորձաքննության արդյունքներով կազմված փորձագիտական զեկույցի համաձայն՝ ալկոհոլային թունավորման հարցի շուրջ որևէ կոնկրետ եզրակացություն չի կարող արվել: Զեկույցում այնուհետև նշվում է, որ չի կարելի միանշանակ պնդել, որ հնարավոր կլիներ փրկել Ս. Ոսկանյանի կյանքը, եթե նա ստանար լիարժեք, նպատակային ամբուլատոր կամ ստացիոնար բուժում: Այսպիսի ծանր վարակի դեպքում նույնիսկ ստացիոնար բուժումը երբեմն կարող է անարդյունավետ լինել, հատկապես, երբ հիվանդը պարբերաբար քաշում-հանում է վիրակապը, ինչն ավելի է բարդացնում վարակի ընթացքը: Հիվանդությունը կանխելու և ապաքինման գործընթացը բարելավելու համար անհրաժեշտ է եղել հիվանդին տեղափոխել հիվանդանոց, քանի որ անհրաժեշտ բուժումը գլխավորապես կրել է վիրաբուժական բնույթ:

15. 2011 թվականի օգոստոսի 30-ին քննիչը որոշել է կարճել քրեական գործով վարույթը և դադարեցնել բժիշկ Մ.-ի նկատմամբ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով: Համապատասխան որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվել է, որ վարակի հետևանքով վերքը պատճառվել, և վիճակը սրվել է ինքնավնասման հետևանքով, և որ առկա չեն բավարար այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեին, որ Ս. Ոսկանյանը մահացել է բժիշկ Մ.-ի կողմից իր մասնագիտական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու պատճառով:

16. Մարզային դատարանը և Վերաքննիչ քրեական դատարանը մերժել են այդ որոշման վերաբերյալ դիմումատուի բողոքները՝ նշելով, որ նրա իրավունքները չեն ոտնահարվել: Նրա հետագա բողոքը վերջին ատյանում մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունիսի 22-ին:

17. Հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա՝ դիմումատուն բողոքել է, որ իր ամուսինը մահացել է ներպետական մարմինների կողմից նրան պատշաճ և ժամանակին բժշկական օգնություն չցուցաբերելու և այդ գործով արդյունավետ քննություն չանցկացնելու արդյունքում:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

18. Դատարանը նշում է, որ դիմումն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության «ա» կետի իմաստով կամ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

19. Առողջական խնդրի պատճառով կալանավորված անձի մահվան համար պետության պատասխանատվության և գործով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության վերաբերյալ գործող ընդհանուր սկզբունքները ամփոփված են Դատարանի վճիռներում՝ Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի [Slimani v. France] (թիվ 57671/00, §§ 27 և 29-30, ՄԻԵԴ 2004-IX (քաղվածքներ)), և Մախարաձեն և Սիխարուլիձեն ընդդեմ Վրաստանի [Makharadze and Sikharulidze v. Georgia], թիվ 35254/07, § 71-73, 2011 թվականի նոյեմբերի 22 գործերով):

20. 2010 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև իր մահվան օրը՝ 2010 թվականի հոկտեմբերի 24-ը, Ոսկանյանը եղել է կալանավորված և հետևաբար գտնվել է Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Կողմերը չեն վիճարկում այն փաստը, որ նրա մահվանը հանգեցրած վարակն առաջացել է մաշկի տակ թուք ինքնաներարկելու պատճառով: Անկախ դրանից՝ հաշվի առնելով, որ Ս. Ոսկանյանը այդ ժամանակ գտնվել է ներպետական մարմինների հսկողության տակ, Դատարանը կոչված է քննելու, թե արդյոք իշխանություններն ամեն բան արել են ողջամտության սահմաններում, բարեխղճորեն և ժամանակին՝ փորձելու համար կանխել մահացու ելքը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մախարաձեի և Սիխարուլիձեի գործով վճիռը, § 74):

21. Ս. Ոսկանյանի բժշկական քարտի համաձայն՝ նա առաջին անգամ բժշկական օժանդակություն է խնդրել 2010 թվականի հոկտեմբերի 18-ին (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրան հիվանդանոց տեղափոխելու որոշումը կայացվել է միայն 2010 թվականի հոկտեմբերի 24-ին, բայց նրա կյանքը փրկելու համար արդեն շատ ուշ է եղել (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը):

22. Բժշկական փաստաթղթերից պարզվել է, որ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին բժիշկ Ն.-ն կալանավայրի ղեկավարությանն ահազանգել է Ս. Ոսկանյանի վատթարացող առողջական վիճակի մասին, և նույն օրը քաղաքացիական հիվանդանոցից հրավիրվել է վիրաբույժ՝ բժիշկ Ա.-ն (տե՛ս վերևում հիշատակված՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, ի տարբերություն Ս. Ոսկանյանի բժշկական քարտում առկա այլ բժշկական գրառումների, որոնք պարունակում են բողոքների մանրամասն նկարագրությունը, օբյեկտիվ ուսումնասիրությունը և նշանակված բուժումը՝ բժիշկ Ա.-ի այցի վերաբերյալ գրառումը որևէ նման նկարագրություն չի պարունակում, ինչը կասկած է հարուցում, թե արդյոք նա իրապես զննել է Ս. Ոսկանյանին այդ այցի ընթացքում, թե՝ ոչ: Այդ կասկածները վերահաստատվել են այն ժամանակ, երբ հետագայում բոլոր դատաբժշկական փորձագետները հաստատել են, որ անհրաժեշտ բուժումը հիմնականում վիրաբուժական բնույթ է կրել, և որ նույնիսկ թերապևտը պետք է անհրաժեշտ համարեր Ս. Ոսկանյանի փոխադրումը հիվանդանոց՝ հաշվի առնելով նրա կլինիկական վիճակը (տե՛ս վերևում՝ 13-րդ և 14-րդ պարբերությունները), հետևապես վիրաբույժը՝ առավել ևս: Հետևաբար չի կարելի համարել, որ անհրաժեշտ վիրաբուժական միջամտության նպատակով Ս. Ոսկանյանին հիվանդանոց փոխադրելը փոխհատուցվել է կալանավայրի ղեկավարության կողմից կազմակերպված այս այցով (ի հակադրություն դրա տե՛ս mutatis mutandis, Գոգինաշվիլին ընդդեմ Վրաստանի, [Goginashvili v. Georgia] գործով վճիռը, թիվ 47729/08, § 76, 2011 թվականի հոկտեմբերի 4):

23. Քննության ընթացքում պարզվել է, որ արդեն իսկ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին առկա են եղել ավելի լուրջ ախտահարման՝ գազային փտախտի նշաններ, որն առաջացրել է վարակի բուժման համար շտապ հոսպիտալացման անհրաժեշտություն, որով հնարավոր կլիներ կանխել հիվանդության բացասական ելքը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը):

24. Չնայած հետագա փորձագիտական զեկույցում նշվել է, որ չի կարելի որոշակիորեն ասել, որ հնարավոր կլիներ փրկել Ս. Ոսկանյանի կյանքը, եթե նա ստացած լիներ անհրաժեշտ բուժումը, երկրորդ փորձագիտական խումբը նույնպես եզրակացրել է, որ Ս. Ոսկանյանի առողջական վիճակը պահանջում է հոսպիտալացում և վիրաբուժական միջամտություն (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Ամեն դեպքում նախորդ փորձագիտական խմբի զեկույցի հիմնավորվածությունը՝ կալանքի տակ գտնվելիս Ս. Ոսկանյանի բուժման բավարար լինելու վերաբերյալ եզրահանգումների մասով, երբեք կասկածի տակ չի դրվել: Փաստորեն լրացուցիչ դատական փորձաքննություն նշանակելու միակ նպատակը եղել է հանգուցյալի մարմնից վերցված նմուշներում էթիլային սպիրտի առկայության հետ կապված անհամապատասխանությունները պարզելը (տե՛ս վերևում՝ 11-րդ, 13-րդ և 14-րդ պարբերությունները):

25. Թեև Դատարանը պատշաճ կերպով է հաշվի առնում Կառավարության փաստարկը՝ մասամբ հիմնվելով երկրորդ փորձագիտական խմբի եզրակացության վրա այն մասին, որ Ս. Ոսկանյանի ինքնավնասման վարքագիծը և վերքերի ոչ պատշաճ հիգիենան կարող էին նպաստել վարակի անկանխատեսելի զարգացմանը և տրամադրված բուժման անարդյունավետությանը, այն չի գտնում, որ այդ հանգամանքները որոշիչ են եղել սույն գործի բուն էության համար հետևյալ պատճառներով: Վարակված վերքի մասին հաղորդման առաջին իսկ օրվանից բանտի ղեկավարությունը ըստ էության իրազեկված է եղել այդ հարցերի մասին (տե՛ս վերևում՝ վերջում՝ 3 -րդ պարբերությունը): Ավելին և որն ավելի կարևոր է, փորձագիտական զեկույցներից և համապատասխան բժշկական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերի ընթացքում Ս. Ոսկանյանի կլինիկական ծանր վիճակը պետք է որ կասկածի տակ չդներ նրա հրատապ հոսպիտալացման անհրաժեշտությունը՝ լուրջ և արագ տարածվող վարակի՝ գազային փտախտի հիմքով, որի վրա այլևս ազդեցություն չի ունեցել անցկացվող բուժումը: Այդ առումով դիահերձման արձանագրությունն ինքնին վկայում է խիստ տարածված և նկատելի վարակի և հյուսվածքի վնասվածքի մասին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը):

26. Հաշվի առնելով փորձագիտական խմբի միասնական եզրակացությունը Ս. Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության մասին՝ Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով վարակի անկառավարելիության աստիճանը՝ բանտի ղեկավարությունը պետք է գիտակցեր՝ ինչ վտանգ է սպառնում նրա կյանքին նրա ուշացած տեղափոխմամբ հիվանդանոց: Քանի որ Դատարանի քննության առարկան է պարզել, թե արդյոք ներպետական մարմինները կատարել են դիմումատուի ամուսնու կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը նրան պատշաճ և ժամանակին բուժում տրամադրելու միջոցով, վերոհիշյալ դիտարկումները Դատարանին հնարավորություն են տալիս եզրակացնել, որ ներպետական մարմինների վարքագիծը ծանր հիվանդ կալանավորված անձի նկատմամբ ենթադրում է արգելանքի տակ պահվող անձանց կյանքը պաշտպանելու պետության պարտավորության խախտում (տե՛ս Մուստաֆաևն ընդդեմ Ադրբեջանի [Mustafayev v. Azerbaijan] գործով վճիռը, թիվ 47095/09, §§ 62՝ վերջում և 66, 2017 թվականի մայիսի 4 և ի հակադրություն դրա՝ Գեպպան ընդդեմ Ռուսաստանի [Geppa v. Russia] գործով վճիռը, թիվ 8532/06, § 83, 2011 թվականի փետրվարի 3, որտեղ առկա չէ դատական փորձաքննությամբ ձեռք բերված այնպիսի ապացույց, որը ցույց կտար, որ կալանավորված անձի հիվանդության դրական ելքը կախված է ժամանակին ախտորոշումից և բուժումից):

27. Դրանից հետևում է, որ պատասխանող պետությունը չի պաշտպանել Ս. Ոսկանյանի կյանքը կալանքի տակ գտնվելու ժամանակ:

28. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական կողմի խախտում:

29. Ինչ վերաբերում է ներպետական մարմինների կողմից անցկացված քննությանը, Դատարանը նշում է, որ իշխանության մարմինները մի շարք քննչական գործողություններ են ձեռնարկել Ս. Ոսկանյանի մահվան հանգամանքները պարզելու համար (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը):

30. Այնուամենայնիվ, չնայած դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված ապացույցներին այն մասին, որ Ս. Ոսկանյանի հիվանդության մահացու ելքը կարելի էր կանխել, եթե վերջինս ստացած լիներ համապատասխան բուժում և ժամանակին տեղափոխված լիներ հիվանդանոց, քննությունը սահմանափակվել է բժիշկ Մ.-ին անձնական քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով և չի ուսումնասիրել ավելի վաղ հիվանդանոց չտեղափոխելու պատճառը և չի հայտնաբերել պատասխանատուներին, հատկապես եթե հաշվի առնենք բժիշկ Մ.-ի հայտարարություններն այն մասին, որ վերջինս հաղորդել է Ս. Ոսկանյանի առողջության անհանգստացնող վիճակի մասին կալանավայրի ղեկավարությանը և իր վերադասներին (տե՛ս վերևում՝ 10-րդ, 13-րդ և 15-րդ պարբերությունները):

31. Դատարանը, հետևաբար, գտնում է, որ քննության եզրակացությունները հիմնված չեն եղել բոլոր կարևոր տարրերի մանրամասն և օբյեկտիվ վերլուծության վրա (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia] գործով վճիռը, թիվ 11275/07, § 135, 2016 թվականի նոյեմբերի 24, Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia] գործով վճիռը, թիվ 69517/11, § 126, 2022 թվականի ապրիլի 5): Արդյունքում քննությունը լիովին չի պարզել Ս. Ոսկանյանի մահվան բոլոր հանգամանքները՝ դրանով մեղավորներին պատասխանատվության չենթարկելով (տե՛ս համապատասխան փոփոխություններով Տատարիևան ընդդեմ Ռուսաստանի [Tarariyeva v. Russia] գործով վճիռը, թիվ 4353/03, § 103, ՄԻԵԴ 2006-XV (քաղվածքներ)):

32. Հետևաբար Դատարանը գտնում է, որ իշխանության մարմինները չեն կարողացել իրականացնել Ս. Ոսկանյանի մահվան համապատասխան և արդյունավետ քննություն: Ուստի ավելորդ է քննել քննության մյուս հարցերը (տե՛ս համապատասխան փոփոխություններով Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործով վճիռը, թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7):

33. Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային կողմի խախտում:

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

34. Դիմումատուն պահանջել է 8,000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, որը կազմում է ամուսնու մահվանից հետո իրենց չորս երեխաներին մեծացնելու հետ կապված իր կրած զուտ ծախսերը: Նա նաև Դատարանից պահանջել է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 4620 եվրո՝ որպես ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:

35. Կառավարությունն այս պահանջները վիճարկել է։

36. Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց նյութական վնասի վերաբերյալ իր պահանջները հիմնավորելու համար: Ավելին, Ս. Ոսկանյանը գտնվել է կալանքի տակ ծանր մեղադրանքների հիմքով: Հետևաբար այս հոդվածով դիմումատուի պահանջն առավել քան ենթադրական բնույթ է կրում, և Դատարանը այն մերժում է: Միևնույն ժամանակ Դատարանը դիմումատուին տրամադրում է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

37. Հաշվի առնելով իր նախադեպային իրավունքը և իր տրամադրության տակ եղած փաստաթղթերում պատշաճ հիմնավորման բացակայությունը՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի պահանջը:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է հայցադիմումն ընդունելի,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային կողմի խախտում,

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 20,000 եվրո (քսան հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ,

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վալենտին Նիկոլեսկու՝

Անյա Սիբերտ Ֆուա՝

 

Բաժանմունքի քարտուղարի

 

տեղակալի պաշտոնակատար

 

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան