Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 37
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.1996-30.06.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
23.02.1996
Дата подписания
23.02.1996
Дата вступления в силу
23.02.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1996 թվականի թիվ 37

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ բացի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում նշված վճարային փաստաթղթերի թողարկման, վաճառքի, հաշվառման, հաճախորդների հանձնարարությամբ հաշվարկների կատարման, հաճախորդների հաշիվների բացման և վարման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործառնությունները կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտոնագրված, սահմանափակ պատասխանատվությամբ կամ փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևերով ստեղծված և Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցման ենթակա այն կազմակերպությունները, որոնք ստացել են վերոհիշյալ գործառնությունների իրականացման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան արտոնագիրը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունները չեն կարող իրականացնել արտոնագրով սահմանված կամ սույն որոշմամբ հաստատված գործառնություններից բացի այլ բանկային կամ ոչ բանկային կամ ոչ բանկային գործառնություններ:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունները կարող են զբաղվել նաև գործող վճարային համակարգերի էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման, տարածման, նույնականացման, ծրագրային ապահովման և սպասարկման գործունեությամբ, ինչպես նաև պրոցեսինգով:

4. Հաստատել «Էլեկտրոնային պլաստիկ քարտերով վճարահաշվարկային գործառնություններ իրականացնող կազմակերպություններին արտոնագրի տրամադրման» կարգը, պայմանները և արտոնագրի ձևը (կցվում են):

 

քաղ. Երևան

թիվ 37

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի փետրվարի 23-ի թիվ 37 որոշմամբ

 

Կ ա ր գ  եվ  պ ա յ մ ա ն ն ե ր

 

Էլեկտրոնային պլաստիկ քարտերով վճարահաշվարկային գործառնություններ իրականացնող կազմակերպություններին արտոնագրի տրամադրման

 

1. Կազմակերպության փայատերեր (բաժնետերեր) կարող են լինել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերը, այս բնագավառում մասնագիտացած այլ կազմակերպությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող կազմակերպությունները, ֆիզիկական անձինք: Ընդ որում, արտոնագիր կարող է տրամադրվել միայն այն կազմակերպություններին, որոնց կանոնադրական հիմնադրամի մեջ ՀՀ ռեզիդենտ բանկերի, մասնագիտացված այլ կազմակերպությունների բաժինը կազմում է առնվազն 2/3-ը:

2. Արտոնագիր ստանալու համար կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- դիմում արտոնագիր ստանալու համար.

- հիմնադիր փաստաթղթեր (հիմնադիր ժողովի արձանագրությունը, հիմնադիր պայմանագիրը և կանոնադրությունը).

- համապատասխան կարգով վավերացված տեղեկանք հիմնադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերի և օտարերկրյա մասնագիտացված այլ կազմակերպությունների ֆինանսական գործունեության, ինչպես նաև դրանց ղեկավարների մասին:

3. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա արտոնագրի տրամադրումը կամ մերժումը կատարվում է դրանց ընդունման պահից մեկամսյա ժամկետում:

4. Արտոնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում կազմակերպության գրանցման վկայական ստանալու պահից:

5. Արտոնագիր տալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպությունից գանձում է վճար, որի չափը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից:

6. Արտոնագիրը կարող է անվավեր ճանաչվել`

ա. Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) համապատասխան չափանիշներին և պահանջներին թողարկվող վճարային պլաստիկ քարտերի տեխնիկական անհամապատասխանության.

բ. սույն կարգի պահանջների չապահովման.

գ. այլ դեպքերում ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի փետրվարի 23-ի թիվ 37 որոշմամբ

 

Էլեկտրոնային պլաստիկ քարտերով վճարահաշվարկային գործառնություններ իրականացնելու արտոնագիր ______

 

Սույն արտոնագիրը տրվում է _________________________

կազմակերպության անվանումը


իրավաբանական հասցե


 

իր անունից կամ ՀՀ ռեզիդենտ բանկերի հանձնարարությամբ ՀՀ դրամով և արտարժույթով իրականացնելու վճարման օրինական միջոց հանդիսացող արժույթի շրջանառությանը վերաբերող գործառնությունները`

թողարկել, վաճառել, հաշվառել (սպասարկել) վճարահաշվարկային գործառնությունների արդյունավետ իրականացումն ապահովող վճարային փաստաթղթեր (VISA, EUROCARD/MASTERCARD, AMERICAN EXPRESS, DINERS CLUB, JCB միջազգային մասնագիտացված կազմակերպությունների էլեկտրոնային պլաստիկ քարտեր), ինչպես նաև բացառապես սույն նպատակի իրագործման համար բացել և վարել հաճախորդների հաշիվներ:

Արտոնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում կազմակերպության գրանցման վկայական ստանալու պահից:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

«__»_________ 199 _ թ.

Կ.Տ.

Բ. Ասատրյան