ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1994 թվականի N 118
Վճարումների հերթականության ԵՎ անակցեպտ կարգով վճարումների իրականացման դադարեցման մասին
Ելնելով ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից կատարվող վճարումների կարգավորման կարևորությունից և դրանք Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Չեղյալ համարել նախկին ԽՍՀՄ պետբանկի 1987 թվականի սեպտեմբերի 30-ի «Ժողտնտեսության մեջ անկանխիկ հաշվարկների» թիվ 2 կանոններով (բաժին 3-րդ) սահմանված վճարողների հաշիվներից միջոցները անակցեպտ (առանց հոժարագրման) դուրս գրելու կարգը, այդ թվում նաև` գազի, ջրի, էլեկտրական, ջերմային էներգիայի, կոյուղու, հեռախոսահեռագրական ծառայությունների դիմաց ներկայացվող վճարման պահանջագրերի հիման վրա:
2. Վճարողների հաշիվներից միջոցները անակցեպտ կարգով կարող են դուրս գրվել միայն կողմերի միջև կնքված տնտեսական պայմանագրերում դրա վերաբերյալ համապատասխան կետի առկայության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
3. Բոլոր այլ դեպքերում նախկինում վճարողների հաշիվներից անակցեպտ կարգով դուրսգրման ենթակա միջոցները բանկերի կողմից վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության մասին» թիվ 9 որոշման «դ» ենթակետի պահանջներին համապատասխան` ըստ վճարման փաստաթղթերը բանկ ներկայացնելու օրացուցային հերթականության:
4. Հանձնարարել հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչությանը` երկու ամսվա ընթացքում մշակել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության մասին» թիվ 9 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ու գործառնական վարչությունների վրա:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |