Գլխավոր տեղեկություն
Номер
N 309-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.674
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.07.2003
Дата вступления в силу
26.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2003 թվականի N 309-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման աշխատանքները համակարգելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 8
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2003 թ.
հուլիսի 8-ի N 309-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ՝ խումբ) հասարակական հիմունքներով գործող մարմին է:

2. Խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

II. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խմբի գործունեության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի (այսուհետ՝ համակարգ) ներդրման աշխատանքների համակարգումը և այդ համակարգի ներդրման ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ապահովումը:

4. Խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) համակարգի ներդրմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց մասին՝ սահմանված կարգով կարծիք հայտնելը.

բ) համակարգի ներդրման գործընթացում առաջացած խնդիրների վերլուծություն և դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին (այսուհետ՝ նախարար) առաջարկություններ ներկայացնելը.

գ) համակարգի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան միջոցառումների մշակում և դրանք սահմանված կարգով նախարարին ներկայացնելը.

դ) համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցների և աշխատանքային պլանների վերաբերյալ կարծիք հայտնելը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող՝ համակարգի ներդրման ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվությունների վերաբերյալ կարծիք հայտնելը.

զ) համակարգի ներդրման ընթացքի ու դրա գործունեության լուսաբանման նպատակով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հետ համագործակցությունը։

 

III. ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խմբի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խումբը կազմված է խմբի ղեկավարից և անդամներից:

7. Խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

Խմբի նիստերն արձանագրվում են:

8. Խումբն իր արտահերթ նիստերը գումարում է համակարգի ներդրման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար՝ խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ խմբի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. Խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի անդամների կեսից ավելին:

10. Խմբի նիստը վարում է խմբի ղեկավարը, իսկ ղեկավարի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խմբի անդամներից մեկը:

Խմբի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

11. Խմբի նիստի օրակարգի նախագիծը հաստատում է խմբի ղեկավարը: Խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հարց ներկայացնելու՝ օրակարգում ընդգրկելու համար: Առաջարկությունը խմբի ղեկավարին գրավոր ներկայացվում է հերթական նիստից առնվազն 5 օր առաջ՝ նշելով նաև հարցի պատրաստման պատասխանատուներին:

Օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խմբի անդամներին՝ խմբի գումարվող նիստից 3 օր առաջ:

12. Օրակարգի որևէ հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խմբի հաջորդ նիստ:

13. Խմբի նիստերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում, եթե խմբի ղեկավարը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

14. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

15. Խմբի որոշումներն ստորագրում են խմբի ղեկավարը և քարտուղարը:

16. Առանձին դեպքերում խմբի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչություն ունեցող կազմակերպությունների կամ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

17. Խմբի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը, այդ թվում` օրակարգի նախագծի տրամադրումը, խմբի նիստի օրակարգում ներառված` քննարկման ենթակա հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստա-թղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչությունը:

 

IV. ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

18. Խմբի ղեկավարը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է խմբի աշխատանքները,

բ) պատասխանատու է խմբի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար:

 

V. ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

19. Խմբի անդամը՝

ա) մասնակցում է խմբի նիստերին, հանդես է գալիս որպես իրեն ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչ.

բ) խմբի ընդունած որոշումների մասին տեղեկացնում է իր վերադասին, նախապատրաստում ու ներկայացնում է առաջարկություններ իր ներկայացրած կազմակերպության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու և դրանք իրականացնելու վերաբերյալ.

գ) իր կազմակերպությունում պատասխանատու է համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների համար և խմբին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին:

20. Խմբի անդամ` մարզպետարանի ներկայացուցիչը՝

ա) կազմակերպում և իրականացնում է մարզի տարածքում գործող՝ համակարգի ներդրման գործընթացին մասնակից սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

բ) վերլուծում է մարզի տարածքում համակարգի ներդրման ընթացքում առաջացած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման համար, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում խմբին.

գ) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում գործող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների կողմից՝ համակարգի ներդրմանն առնչվող իրավական ակտերի պատշաճ կիրառումն ապահովելու համար:

21. Խմբի այն անդամը, որը համաձայն չէ խմբի ընդունած որոշման հետ, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որի մասին նաև գրավոր զեկուցում է իր վերադասին:

Անհամաձայնության մասին գրավոր հատուկ կարծիքը կցվում է որոշմանը և գրառվում խմբի նիստի արձանագրության մեջ:

22. Խմբի անդամների թեկնածություններն առաջադրում է համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:

23. Խմբի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խմբի անդամ լինելուց:

24. Խմբի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

25. Խմբի քարտուղարին նշանակում է խմբի ղեկավարը` խմբի անդամներից:

26. Խմբի քարտուղարը՝

ա) արձանագրում է խմբի նիստը և դրա հիման վրա կազմում որոշման նախագիծը,

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խմբի անդամներին,

գ) հետևում է խմբի որոշումների կատարմանը և խմբի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին,

դ) վարում է խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը,

ե) գրանցում է խմբի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները,

զ) կազմակերպում է խմբի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խմբի անդամներին,

է) խմբի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

27. Խմբի կանոնադրության մեջ փոփոխությունների կամ լրացումների կատարման վերաբերյալ առաջարկությունները խմբի որոշմամբ ներկայացվում են նախարարին` անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար:

 

VIII. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

28. Խմբի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2003 թ.
հուլիսի 8-ի N 309-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Պետրոսյան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)

   

Գ. Գևորգյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

   

Շ. Հարությունյան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պետ

   

Տ. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ

   

Ա. Ասատրյան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ

   

Հ. Մատինյան

- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական

   

Ն. Մուրադխանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ

   

Ս. Պատուրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության տվյալների մշակման և ամփոփման բաժնի պետ

   

Ռ. Զաքարյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ

   

Ա. Սարատիկյան

- «Նեմրութ» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

   

Գ. Ավետիսյան

- ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Խ. Գևորգյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Ռ. Դիլբարյան

- ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Կ. Դովլաթբեկյան

- ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Ռ. Խաչատրյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Ա. Ծատրյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Ա. Մելքոնյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Լ. Մուրադյան

- ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Ս. Մուրադյան

- ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

   

Ա. Վերանյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան