«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 օգոստոսի 2002 թ. |
N 10/1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածներով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիները ընդգրկվում են տվյալ համայնքի ընտրողների ցուցակում, եթե նրանց անձնագրերում, համաձայն ՀՀ կառավարության 25.12.1999 թ. թիվ 821 «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշման, կատարված է նշում բնակության վայրի մասին։ Բնակության վայրի մասին նշում կատարում են ներքին գործերի մարմինների համապատասխան բաժինները՝ քաղաքացիների դիմելուց հետո եռօրյա ժամկետում։
2. 1-ին կետում նշված քաղաքացիները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց ընդգրկելու վերաբերյալ հայտ, որում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն։ Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտի հետ ներկայացվում է անձնագրի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարից տվյալ համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկված չլինելու մասին։
3. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից երկու օր առաջ, քննարկում է տրված հայտերը, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց հայտերի քննարկման արդյունքների մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 16.03.1999թ. թիվ արձ. 5 կետ 8 «Հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.07.2005, N 29-Ն | 25.08.2005, N 10/1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|