Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2003-11.09.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.83
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.01.2003
Дата вступления в силу
01.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2003 թվականի N 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ,11-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետին համապատասխան` հանրապետությունում ջրային ռեսուրսների ապակենտրոնացված կառավարումը խթանելու, գետավազանային կառավարումը կարգավորելու, ջրային ռեսուրսների օգտագործման ծրագրերը և հսկողության աշխատանքներն էապես բարելավելու նպատակով՝

1. Հաստատել`

ա) ջրավազանային կառավարման մարմինների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ջրավազանային կառավարման մարմինների գործունեության կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ջրավազանային կառավարման անցնելու ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև 2003 թվականի փետրվարի 15-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1. Սևան-Հրազդանի ջրավազանային կառավարման մարմին (ավազանի տարածքը` Սևանա լիճն իր ջրահավաքով, Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրահավաքներով)

2. Հյուսիսային ջրավազանային կառավարման մարմին (ավազանի տարածքը՝ Դեբետ, Աղստև գետերն իրենց ջրահավաքներով և Քուռ գետի վտակներն իրենց ջրահավաքներով)

3. Ախուրյանի ջրավազանային կառավարման մարմին (ավազանի տարածքը` Ախուրյան, Սելավ-Մաստարա, Մանթաշ գետերն իրենց վտակներով և ջրահավաքներով, Մանթաշ ջրամբարն իր ջրահավաքով)

4. Արարատյան ջրավազանային կառավարման մարմին (ավազանի տարածքը` Ազատ, Վեդի, Սևջուր և Արփա գետերն իրենց ջրահավաքներով, Ակնալիճն իր ջրահավաքով)

5. Հարավային ջրավազանային կառավարման մարմին (ավազանի տարածքը` Որոտան, Ողջի, Մեղրի գետերն իրենց ջրահավաքներով և Արաքս գետի վտակներն իրենց ջրահավաքներով)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ջրավազանային կառավարման մարմինները (այսուհետ` մարմիններ) իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները և կապող օղակներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ՝ գործակալություն) և ջրավազանային մարմինների կողմից սպասարկվող համայնքների համար:

2. Մարմիններն օրենքով սահմանված կարգով`

ա) ջրօգտագործողներից և լիազոր ներկայացուցիչներից ընդունում են ջրօգտագործման թույլտվության հայտեր, գրանցում ըստ ոլորտների և ներկայացնում գործակալություն` հետագա ընթացք տալու համար.

բ) գործակալության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները գրանցում և դասակարգում են ըստ ոլորտների, օգտագործման բնագավառների, ինչպես նաև իրականացնում են վերահսկողություն ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանները կատարելու և ստանդարտները չխախտելու նկատմամբ.

գ) կազմակերպում և մասնակցում են ջրավազանային պլանների աշխատանքների կատարմանը` ելնելով ջրավազանի առանձնահատկությունից.

դ) վերահսկողություն են իրականացնում ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի, ինչպես նաև ջրապահպան գոտիների պահպանության նկատմամբ.

ե) սահմանված կարգով իրենց կատարած աշխատանքների համար հաշվետվություն են ներկայացնում գործակալությանը.

զ) մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կատարում են ջրավազանները թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզներ.

է) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրերի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման ռեժիմի կազմմանը, ինչպես նաև մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագիրը` ելնելով ավազանի առանձնահատկությունից:

3. Ջրավազանային կառավարման մարմնի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել քաղաքացիները, ջրօգտագործողների ընկերությունների միությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ու համայնքների ներկայացուցիչներ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Ջրավազանային մարմնի անվանումը

Եռամսյակը

 

 

Հյուսիսային ջրավազանային մարմին

II եռամսյակ 2003 թ.

 

 

Սևան-Հրազդանի ջրավազանային մարմին

IV եռամսյակ 2003 թ.

 

 

Արարատյան ջրավազանային մարմին

II եռամսյակ 2004 թ.

 

 

Ախուրյանի ջրավազանային մարմին

IV եռամսյակ 2004 թ.

 

 

Հարավային ջրավազանային մարմին

IV եռամսյակ 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան